Փնտրել կայքում
Արխիվ

2015/07-ի արխիվ

Կարողանալ չլինել ղեկավար, բայց ունենալ աշխատելու, ստեղծագործելու և ապրելու ազատություն

2015/07/25

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին (23ը հուլիսի 2015թ.) տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:

-Պարոն Մարգարյան, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ ձեր կուսակցության ներկայացրած առաջարկներում, մեջբերեմ, պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը: Նախագծում, սակայն, որ ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ առաջին փուլում այդ մեծամասնության չձևավորվելու դեպքում նախատեսվում է երկրորդ փուլ անցկացնել: Սա, արդյոք անհաղթահարելի խոչընդոտ չէ՞ ձեր ներկայացրածի և ձեր ծրագրերի իրականացման առումով:

-Ոչ, կայուն մեծամասնություն՝ չի նշանակում արհեստական մեծամասնություն: Պետք է ստեղծվի նոր կոալիցիա: Եթե առաջին փուլով կոալիցիա չի ստեղծվում խորհրդարանում, պետք է գործընթացը գնա երկրորդ փուլ: Այդ դեպքում կստեղծվի նախընտրական կոալիցիա: Ըստ էության կոալիցա ձևավորելու սկզբունքը նույնն է մնում, ստեղծվում է կոալիցիայի կազմության հնարավորություն: Երկրորդ փուլը, եթե նույնիսկ անպատեհություն ունի, ապա այդ անպատեհությունն ավելի շատ զգում է այն ուժը, որը ընտրությունների ժամանակ համեմատական մեծամասնություն է ստացել, այսինքն՝ 45 տոկոս է բերել, 40 տոկոս է բերել: Դա կարող է պատճառ դառնալ, որ երկրորդ փուլում մյուս բոլոր ուժերը կարողանան համախմբվել, և գործընթացը վերածել սև ու ճերմակի ընտրության: Այդ դեպքում արդեն հավանական է նաև, որ հաղթանակը լինի այսպես ասած՝ ընդդիմությանը:

Այնպես որ, կայուն կոալիցիա ասվածը ոչ մի դեպքում մտահոգիչ չէ, կայուն կոալիցիան երկրի համար նույնիսկ անհրաժեշտություն է, բայց այդ կայունությունը պետք է լինի իրական՝ բացառելով մեկ ուժի կողմից,՝ առանձնաբար, երկրի ղեկավաություն ստանձնելու հավականությունը: Իմ կարծիքով՝ բոնուս երբ տրվում է, դա արդեն արհեստական է, իսկ եթե գործընթացն անցնում է երկրորդ փուլ, ես արդեն ասացի, համեմատաբար մեծամասնություն բերած ուժը ավելի դժվար պայմանների մեջ է հայտնվում, քան մյուսները, որոնք 5, 10, 15 տոկոս են բերում: (more…)