RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Ընդդէմը կարող Է քանդել, բայց ոչ երբեք՝ երկիր կառուցել

Posted on April 4, 2008, by , under Հարցազրույցներ.

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Ռատիօ Ա.Ֆ.ի (Փարիզ) հարցերին պատասխանում է Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը:

– Նախ եւ առաջ, սկսենք նախընտրական քարոզարշաւով, եւ տեսնենք, թէ ինչո՞ւ էին բացակայում ծրագրերը, իսկ եթէ տեղ-տեղ կային ծրագրեր, ինչո՞ւ չլսուեցին, եւ ի՞նչ պատահեց, որ մենք ունեցանք այս որակի քարոզարշաւ, եւ որքանո՞վ Դաշնակցութիւնը կարողացաւ իր խօսքը հասցնել, լսելի դարձնել ժողովրդին:

– Նախ շնորհակալ եմ ինձ ընձեռած առիթի համար: Վստահ եմ, որ այսօր ողջ հայութիւնը տագնապով, սրտի ցաւով է հետեւում Հայաստանում կատարուող իրադարձութիւններին: Մտահոգութիւնը տիրական է բոլոր հայերի մէջ: Պէտք է ասեմ, որ ցանկացած նախագահական ընտրութիւն Հայաստանում միշտ էլ անցել է լարուած իրավիճակում: Սա ինչ-որ առումով հասկանալի է եւ բացատրելի. ունենք երկիր, որտեղ կան խնդիրներ, որտեղ վերջին 18 տարում կատարուել է մեծ փոփոխութիւն, այսպէս ասած՝ խորհրդային կարգերից անցում է կատարուել դէպի ազատական տնտեսական համակարգ:

Այդ անցումը իր հետ բերել է նաեւ մի շարք անպատեհութիւններ, համատարած կոռուպցիա, աղքատութիւն եւ անարդարութիւններ: Որքան մենք առաջ ենք գնում եւ որքան յաղթահարում ենք այդ դժուարութիւնները, այդուամենայնիւ, դեռ հեռու ենք ցանկալի վիճակից, եւ բնական է, որ երկրի մէջ կը լինեն լուրջ դժգոհութիւններ՝ ընդհանուր վիճակից, սոցիալ-տնտեսական պայմաններից, սոցիալական յարաբերութիւններից: Ընդհանրապէս, երկրում անարդարութեան նկատմամբ բողոք կայ: Նշածս հարցերը, ի հարկէ, միայն Հայաստանին յատուկ չեն: Դրանք առկայ են նաեւ բոլոր այն երկրներում, որոնք այս տեսակի փոփոխութիւն են ապրել: Պէտք է ասեմ, որ Հայաստանը դեռ ունի համեմատաբար աւելի լաւ վիճակ, որովհետեւ մեզ մօտ զգալի է առաջընթացը, զգալի է նաեւ կեանքի բարելաւումը: Բայց այս բառերի տակ միշտ պէտք է հասկանալ «համեմատական» հասկացութիւնը, ոչ այն իտէալական վիճակը, որ կարող էր ժողովրդին պահել ինքնաբաւարարուած մակարդակում:

Լարուածութիւնը նախագահական ընտրութիւններում ես համարում եմ բնական, սակայն անցեալում գրեթէ բոլոր քաղաքական հոսանքների, ուժերի մօտ եղել է զսպանակող մի ուժ, մի գիտակցութիւն, թէ կան սահմաններ, որոնք չպէտք է խախտել: Մենք շատ լաւ գիտակցել ենք, որ անցած 18 տարիների ընթացքում եթէ Ղարաբաղում ունեցել ենք յաղթանակ, դա ոչ միայն մեր ազատամարտիկների, մեր բանակի, մեր ժողովրդի զոհաբերութեան, քաջութեան, կազմակերպուածութեան արդիւնք է եղել, այլ նաեւ հետեւանք է եղել Ատրպէյճանի անկազմակերպուածութեան ու Ատրպէյճանում տիրող իրավիճակի՝ բանակի քայքայման, քաղաքական անկայուն վիճակի:

Մենք շատ լաւ ենք հասկացել, որ մեր յաջողութիւնների գրաւականը եղել է նաեւ երկրի կայունութիւնը, երկրի մէջ աւելի կազմակերպուած վիճակը, եւ այդ գիտակցութիւնը, հաւանաբար, միշտ պատճառ է հանդիսացել, որ խուսափենք այն բոլոր քայլերից, որոնք կարող էին ցնցումների պատճառ դառնալ: Նախընտրական այս շրջանը, նախագահական այս ընտրութիւնները մի քանի առումով իւրայատուկ էին. բացակայում էր գաղափարական պայքարը, ծրագրերի պայքարը, մրցակցութիւնը, թեկնածուների ծրագրերը չէին, որ բախւում էին իրար, ծրագրերի մէջ չէր, որ մրցակցութիւն տեղի ունեցաւ:

-Թէեւ սպասւում էր, որ Լեւոն Տէր Պետրոսեանի քաղաքական դաշտ մուտքով այդ քաղաքական-գաղափարախօսական պայքարը ընթանար ազգայինի եւ, այսպէս ասած, կոսմոպոլիտի մէջ:

– Իրականութիւնն այն է, որ նոր մեր հետեւում թողած Ազգային ժողովի ընտրութիւններում ունեցել էինք շատ տարբեր իրականութիւն: Խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ տիրական էր ծրագրային, գաղափարական բանավէճը: Տարբեր ծրագրեր բախւում էին իրար, եւ ստեղծուել էր համեմատաբար աւելի առողջ մթնոլորտ: Ժողովուրդը փորձում էր ընտրութիւն կատարել կուսակցութիւնների, ծրագրերի, տուած խոստումների միջեւ եւ փորձում էր նաեւ հասկանալ, թէ խոստումները որքանով կարող են իրական լինել, որքանով՝ կեղծ:

Նախագահական ընտրութիւններին Դաշնակցութիւնը վերջապէս վերջին մի քանի նախագահական ընտրութիւններից յետոյ մասնակցելու էր սեփական թեկնածուով: Յոյս ունէինք, որ պէտք է կրկնուի խորհրդարանական ընտրութիւնների մթնոլորտը, եւ համարում էինք, որ մեր դէմ ունենք երկու հիմնական մրցակից, որոնց հետ պիտի ունենանք գաղափարական, ծրագրային բախումներ: Այդ թեկնածուներից մէկը իշխող ուժն էր՝ Սերժ Սարգսեանը, եւ մենք կարծում էինք, որ ախտաճանաչումներ ու լուծումներ պարունակող մեր ծրագիրը պէտք է բախուի Սերժ Սարգսեանի՝ գործող վարչապետի ծրագրի եւ այդ ծրագրի տրամաբանութիւնների հետ:

Իսկ միւս կողմից՝ մեր ծրագիրը պէտք է կարողանար բախուել նաեւ երկրորդ թեկնածուի՝ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ: Վերջին հաշուով, մէկը ներկայացնում էր ներկայ, իսկ միւսը՝ նախկին իշխանութիւնը:

Մեր ընտրապայքարի նշանախօսքը բաւականին խօսուն էր՝ «Բացառենք նախկինի վերադարձը եւ փոխենք ներկան»: Մենք պատրաստուել էինք, այսպէս ասած, լուրջ բանավէճերի, որի ընթացքում մենք պէտք է կարողանայինք բացայայտել, քօղազերծել այն ամէնը, ինչ որ սխալ էր տեղի ունեցել Հայաստանում, եւ միաժամանակ նաեւ պաշտպանէինք, բացատրէինք այն լուծումները, որոնցով, մենք կարծում էինք, թէ Հայաստանը կարող ենք դուրս բերել այդ վիճակից:

– Բայց չտեսանք այդ բանավէճերը՝ ո՛չ Դաշնակցութեան եւ ո՛չ էլ այլոց կողմից:

– Հետաքրքիրն այն է, որ տեղի ունեցաւ երկու երեւոյթ. մի կողմից իշխանութիւնը փակեց եթերը, հեռուստաալիքները գրեթէ հասանելի չէին քաղաքական ուժերին, որպէսզի տեղի ունենային այդ բանավէճերը, իսկ միւս կողմից՝ Լեւոն Տէր Պետրոսեանը հրաժարուեց որեւէ բանավէճից: Նա նախընտրեց ոչ թէ ծրագիր ներկայացնել, ոչ թէ իրապէս ախտաճանաչումից բխած ծրագրեր, լուծումներ առաջարկել եւ այդ ձեւով հոսանք ստեղծել, այլ նախընտրեց տարբեր շերտերի միջեւ կուտակուած ատելութեան, դժգոհութեան տրամադրութիւնները մոպիլիզացնել եւ դրանց տալ ակրեսիւ բնոյթ:

Մենք փաստօրէն չունեցանք բանավէճի այդ հնարաւորութիւնը: Սա առաջին երեւոյթն էր, որը, կարծում եմ, բացասականօրէն ազդեց մթնոլորտի վրայ ընդհանրապէս: Երկրորդ՝ մենք ի սկզբանէ տեսանք օրէցօր թափ առնող արհեստական լարուածութիւն, հեռանկարում տեսանք Մարտի 1ը, տեսանք բախումների գնացող ընթացքը: Միայն Դաշնակցութիւնը չէր, որ դա նկատում էր, բայց մենք, պէտք է ասել, բաւականին լրջօրէն եւ ակտիւօրէն հէնց առաջին օրուանից փորձեցինք զգաստացնել բոլորին, որպէսզի խուսափենք այդպիսի բախումից, առճակատումից, որովհետեւ պարզ էր, որ այդ առճակատումը պէտք է վերջանար ի վնաս երկրի եւ ժողովրդի: Այստեղ կար մի մեթոդիկա, որը մեզ համար անընդունելի էր՝ «ընդդէմ»ի հասկացողութեամբ շարժում ձեւաւորելը, որը, կարծում եմ, անշնորհակալ գործ էր, որովհետեւ «ընդդէմ»ը ի վիճակի է քանդել, բայց ի վիճակի չէ ստեղծել: Քանդելու տրամադրուածութեամբ ստեղծուած շարժումը ատելութեան հիմքի վրայ փորձեց ալիք բարձրացնել:

– Բայց այդ «ընդդէմ»ը, եւ ընդհանրապէս ինչ որ տեսանք, Դաշնակցութեան դէմ չէր, այսինքն՝ մի կողմից Սերժ Սարգսեան-Լեւոն Տէր Պետրոսեան, Լեւոն Տէր Պետրոսեան-Սերժ Սարգսեան կամ Լեւոն Տէր-Պետրոսեան-Արթուր Բաղդասարեանի դէմ էր, իսկ Դաշնակցութիւնը դրանից զերծ մնաց:

– Ճիշդն ասած, մենք մեր տակտիկայով փորձեցինք այդ մթնոլորտը վերացնել, մենք մեր որդեգրած քաղաքական տակտիկայով խուսափեցինք բախման մթնոլորտի ստեղծումից: Մենք պայքարեցինք՝ ընտրապայքարը տեղափոխել դրական դաշտ: Փորձեցինք դրական դաշտում մրցակցութիւն, բանավէճեր ստեղծել, որպէսզի ժողովրդին հնարաւորութիւն տրուի ճիշդ ընտրութիւն կատարելու: Դա մեր կեցուածքն էր, եւ մենք մեր կեցուածքով այնքան առանձնացանք ընտրապայքարի մթնոլորտից, որ գրեթէ եղաւ մի պահ, որ մենք մոռացանք նաեւ բուն ընտրապայքարը: Բախումի վտանգը նախազգալով՝ աւելի շատ սկսեցինք դերակատար դառնալ վտանգը չէզոքացնելու, քան մեր բուն մրցապայքարը առաջ տանելու առումով:

Ինչ վերաբերում է իրենց հակայութեանը, ես չեմ կարող ասել, որ Լեւոնի հակայութիւնը ուղղուած էր միայն Սերժի դէմ. այդպէս չէր: Եթէ հետեւել էք, եւ վստահ եմ, որ հետեւել էք, կը նկատէք, թէ Լեւոն Տէր Պետրոսեանը ինչպէս էր զարգացնում տրամաբանութիւնը. ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, ով ինձ հետ չէ՝ նա դաւաճան է, ով ինձ հետ չէ՝ տականք է (ներեցէք այդ բառի համար, բայց դա նախկին նախագահի արտայայտութիւնն է), ով ինձ հետ չէ՝ նա դրածոյ է: Այս արտայայտութիւնները նշանակում էին, որ նրա կռիւը բոլորի հետ է: Նա պայքարի մի այնպիսի ալիքի վրայ էր իրեն կարծում, որտեղից կարող է փորձել ահաբեկել, մոլորեցնել բոլորին: Ի վերջոյ, ի՞նչ է նշանակում՝ ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, դաւաճան է, տականք. վերջ ի վերջոյ, նրա այս արտայայտութիւններն ազդեցին ամբողջ մթնոլորտի վրայ:

– Փորձենք տեսնել, թէ ի՞նչ կայ այս բոլորի հետեւում: Առաջին օրից արդէն խօսւում էր, որ եթէ Լեւոն Տէր Պետրոսեանը վերադարձել է, ուրեմն, որպէս փորձառու քաղաքական գործիչ, նախկին նախագահ եւ Արեւմուտքի որոշ ուժերի թիկունքը, նեցուկը վայելող՝ պէտք է յաղթանակի տրամաբանութեամբ գար ընտրապայքարի. իսկ եթէ կայ նման տրամաբանութիւն, ուրեմն կայ իսկական նեցուկ՝ լինի դա ֆինանսական, արտաքին ուժերի եւ այլն եւ այլն: Ո՞վ շահ ունի Լեւոն Տէր Պետրոսեանի քաղաքական դաշտ վերամուտի մէջ եւ այդ շահի մէջ այդ ուժերը ի՞նչ են հետապնդում:

– Կարծում եմ՝ այդ ամբողջն էլ կար: Կար ֆինանսական թիկունք, քաղաքական թիկունք, այդ ամէնը կար, միայն մի բան չկար: Չկար ժողովրդի գիտակցական համակրանքը: Եւ ինքը փորձեց այդ պակասը լրացնել ատելութեան չափաբաժինը օգտագործելով: Այսինքն՝ վերջին հաշուով, Հայաստանում կար իշխանութիւն, որ յաճախ նաեւ իր ոչ ճիշտ քաղաքականութեան պատճառով դժգոհութիւնների պատճառ էր դարձել, եւ կար արդարացուած դժգոհների մի զանգուած:

Լեւոն Տէր Պետրոսեանը փորձեց այդ դժգոհութիւնը ուղղորդել: Եւ այդ առումով նա հասկացաւ, որ ինքը չի կարող գիտակցութեան ֆոնի վրայ, քաղաքական աշխատանքով, բացատրական աշխատանքով գիտակից համակիրների համախմբում ստեղծել իր շուրջ: Նա փորձեց այդ ատելութեան, դժգոհութեան խորհրդանիշը դառնալ եւ միւս հարցերը համարեց երկրորդական, տասներորդական: Պէտք է ասեմ, ցաւօք սրտի, նա յաջողեց: Իսկ եղածը պայմանաւորուած չէր որեւէ անձի տրամադրութեամբ, որովհետեւ մենք գտնւում ենք մի աշխարհում, որտեղ հարցերը յաճախ տարբեր երկրների ժողովուրդների մօտ նոյնանում են:

Այն, ինչ ժամանակին տեղի ունեցաւ Սերպիայում, Ուքրաինայում, Վրաստանում շատ տարբեր չէր այն ամէն ինչից, որ տեղի ունեցաւ Հայաստանում: Սա արդէն ընթացիկ երեւոյթ է, որ Արեւմուտք հասկացութիւնը, այսպէս ասած, երկրների համար գունաւոր յեղափոխութիւնների մի մոտել ունի, որ փորձում է ամէն տեղ կազմակերպել եւ յաջողեցնել: Պարզօրէն դրա փորձն էր, որ եղաւ Հայաստանում: Այդ տարբերակն էր, որ գործադրւում էր ԼՏՊի միջոցով:

– Այսինքն՝ խօսքը Ամերիկայի ջանքերի մասին է, որ կիրարկուեց այն երկրներում, որոնց անունը Դուք տուեցիք: Ուրեմն՝ նաեւ Ամերիկայի եւ Ռուսաստանի բախումն էր, որ թերեւս պատահեց Հայաստանում:

– Հաստատ չեմ կարող ասել, որ Ամերիկայի եւ Ռուսաստանի բախումն էր, ես կասեմ՝ օտար պետութեան եւ ազգային պետութեան բախումն էր: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետութիւնը ոչ մի առումով Ամերիկայի համար վատ պետութիւն չէ որովհետեւ հակաամերիկեան պետութիւն չի, եւ չի էլ կարող լինել, ու նման յաւակնութիւն էլ չունի: Հակառակը՝ ունի բաւական սերտ յարաբերութիւններ եւ համագործակցութիւններ: Բայց ցանկացած օտար պետութիւն՝ Ռուսաստանը լինի թէ Ամերիկան եւ կամ որեւէ այլ երկիր, չի կարող հանդուրժել մի երկրի մէջ մի իշխանութիւն, որի համար վերեւում Աստուած է, ներքեւում՝ իր ազգը, իր հայրենիքը եւ պետական շահը:

Որքան պետութիւնները ուղղորդուող են, ղեկավարուող, այնքան ընդունելի են օտար պետութիւնների համար, որքան նրանք ազգային են, ինքնուրոյն, այնքան նրանք անընդունելի են այդ պետութիւնների կողմից: Օրինակ՝ նոյն Արեւմուտքը Սահակաշւիլու օգնութեամբ «վարդերի» յեղափոխութիւն կազմակերպեց Վրաստանում: Սահակաշւիլին, ընտրուեց 81 տոկոսով: Եւ պէտք է ասել՝ անցած երկու տարուայ ընթացքում շատ վատ փաստեր չի տուել, բայց, բնականօրէն, չի կարողացել Վրաստանում տասնեակ տարիների կուտակուած խնդիրները լուծել մէկ-երկու տարում: Բայց այդ նոյն Սահակաշւիլին, երբ սկսեց փորձել իրեն դրսեւորել իբրեւ Վրաստանի նախագահ եւ ինքնուրոյն նախագահ, այդ նոյն Սահակաշւիլուն այս անգամ խեղճացրին մէկ այլ ընդդիմութեան միջոցով: Եւ, փաստօրէն, 81 տոկոսով ընտրուած Սահակաշուիլին այս ընտրութիւններում չյաջողեց, կամ գրեթէ չյաջողեց: Թոյլ ղեկավարներ, թոյլ նախագահներ. դա է փնտռուածը այլ պետութիւնների կողմից:

Ցանկացած այլ պետութիւն ուրիշ երկրում կը ցանկանայ տեսնել ամբողջութեամբ իր կողմից ղեկավարուող եւ ուղղորդուող նախագահ, չի ցանկանայ տեսնել ազգային նախագահ:

– Եթէ խօսում ենք թոյլ նախագահի ստեղծած իրավիճակի մասին, կարելի է ասել, որ այսօր Սերժ Սարգսեանը նախագահութեան է գալիս 8 զոհով, բախումներով, արտակարգ դրութիւնից յետոյ եւ ուրեմն արդէն տկարացած է ներքնապէս, ու թերեւս, Ատրպէյճանի այդ յարձակումը սահմանային գծի վրայ կարելի է հասկանալ նաեւ այդ շրջագծից ներս: Արդեօ՞ք Ղարաբաղեան հարցում եւ Ատրպէյճանի հետ մեր ունեցած բանակցութիւններում եւ լռելեայն բախումներում մենք այսօր արդէն թուլացած պետութիւն ենք:

– Բնականաբար, այն, ինչ տեղի ունեցաւ, յատկապէս՝ մարդկային զոհերը, ոչ միայն ցաւ եւ ընդվզում առաջացրին իւրաքանչիւր հայի մէջ, այլեւ պէտք է ընդունենք, որ այդ ամէնի հետեւանքով մենք այսօր թուլացանք: Սա փաստ է: Մենք այսօր աւելի խոցելի ենք, քան Մարտի 1ի դէպքերից առաջ: Ես սա ցաւով եմ ասում: Չեմ ուզում արհեստականօրէն տագնապալի վիճակ ներկայացնել, բայց հէնց այն փաստը, որ Ղարաբաղում այսօր սահմանային վիճակը գերլարուած է եւ 94 թուականից յետոյ, փաստօրէն, առաջին անգամը լինելով՝ ունեցանք «տարածքի կորուստ»:

Ի հարկէ, փառք ու պատիւ մեր բանակին, որ կարողացաւ ժամերի ընթացքում վերատիրանալ այդ տարածքին, եւ այսօր խնդիր չունենք՝ վերականգնուած են նախկին դիրքերը, բայց դա խօսում է այն բանի մասին, որ մենք աւելի թոյլ ենք, քան առաջ: Եւ ասեմ, որ այն մթնոլորտը, ինչ այսօր Հայաստանում ստեղծուել է, պարարտ հող կարող է լինել արտաքին ցանկացած միջամտութեան համար: Սա ունեցել է նաեւ այլ հետեւանքներ: Արտաքին ներդրողները սկսել են վախուորած մօտենալ Հայաստանին: Թուրիզմը, նոյնիսկ ազգային թուրիզմը շատ յոյսեր չի ներշնչում այս տարի: Այս ամէնը, ինչ ասում եմ, յուսով եմ՝ ժամանակաւոր է, կը վերանայ, եւ մենք լուրջ հետեւանքներ չենք կրի, բայց փաստը մնում է փաստ:

– Բացի արտաքին միջամտութիւններից, որոնք աւելի հեշտացած պէտք է լինեն այս վիճակից յետոյ, մենք արդէն գիտենք, որ միջազգային ոչ կառավարական կազմակերպութիւններ (NGO) կան, որոնք արդէն թափանցել են հայաստանեան հասարակութիւն. այս իրավիճակը ի՞նչ նորութիւն կամ յաւելեալ դրութիւն պէտք է ստեղծի նրանց առջեւ, որովհետեւ իրենք արդէն երկրի ներսում են:

– Գիտէք, թուարկածս բոլոր երկրներում՝ Ուքրանիա, Վրաստան, Սերպիայ նաեւ Հայաստան, սա նոր, այսպէս ասած՝ յեղափոխութիւնների տարածման մեթոտիկայի մաս է կազմում: Կան NGO-ներ, որոնք ղեկավարւում են միջազգային կազմակերպութիւնների կողմից, յատուկ ծրագրերով, յատուկ նպատակներով, եւ այս երեք-չորս երկրների մէջ, այսպէս կոչուած, գունաւոր յեղափոխութիւնների ժամանակ ունեցել են յստակ դերակատարութիւն: Այդ փորձն արուել է նաեւ Հայաստանում, սակայն մի յստակ տարբերութիւն կայ:

Ո՞րն է այդ տարբերութիւնը Հայաստանի եւ միւս երկրների միջեւ: Նախ՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուքրաինան կայուն իշխանութիւն ունենալու առումով չեն կարող համեմատուել Հայաստանի հետ: Վերջինս շատ աւելի կայուն իշխանութիւն, պետականութիւն ունի, քան նրանք: Մեր կայացման աստիճանը շատ աւելի բարձր մակարդակի է, քան նրանցը: Երկրորդ, որքան էլ որ մենք տեսնում ենք, թէ մեր հանդէպ կայ բացասական, վերապահումներով մօտեցում, այնուամենայնիւ, ես շատ բարձր կարծիքի եմ մեր ժողովրդի, ազգի մասին եւ հաւատացած եմ՝ այսօր, երբ մեր երկիրը, մեր պետականութիւնը, անկախութիւնը վտանգի մէջ են, այսօր վտանգի մէջ են մեր տարած յաղթանակները, Ղարաբաղը վտանգի մէջ է, ոչ ոք իրաւունք չունի յապաղելու, եւ եթէ մենք այսօր քաղաքական միւս ուժերի հետ շուտափոյթ ստորագրեցինք համաձայնութիւն, դրա հիմնական պատճառն այն էր, որ մենք դրանով քաղաքական պատգամ փոխանցենք ամբողջ աշխարհին՝ ասելով, որ պատահած դէպքերը չեն կարող առիթ հանդիսանալ, պատրուակ ծառայել մեր երկիրը, մեր պետականութիւնը խեղճացնելու, ազգային առումով մեզանից զիջումներ պահանջելու:

Քաղաքական համաձայնութիւն ժամանակից շուտ է կայացուել, եւ հիմնական պատճառն ու արժէքը սա էր: Հիմնական նպատակը սա էր՝ որքան կարելի է շուտ այս պատգամը փոխանցել բոլորին, որ մենք կարող ենք կողք կողքի կանգնել, մենք կարող ենք թիկունք թիկունքի կանգնել եւ չթողնել, որ պետականութիւնը վտանգուի: Սա յանուն մեր ժողովրդի է, մեր պետականութեան:

– Յետընտրական այս մթնոլորտում յետադարձ ակնարկով՝ այսօր, երբ փորձում ես մտածել, թէ արդեօք կա՞ր պահ կամ արարք, որ պէտք է կատարուէր, որպէսզի այս ամէնը տեղի չունենար, այդ վիճակը Հայաստանում չստեղծուէր…

– Անշուշտ կային: Ես չեմ կարող ասել որ եթէ այդ բաները լինէին, ապա դա չէր լինի, բայց դա տրամաբանօրէն մենք ասում էինք, այսինքն՝ նախորդ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ՝ 2007 Մայիս-2008 Մարտի 1, այս ամբողջ ընթացքում մենք փորձել ենք իշխանութիւններին բացատրել, խորհուրդ տալ, պահանջել, խնդրել, ստիպել, որ, այսպէս ասած, սեղմելով հնարաւոր չէ իշխանութեան շարունակականութիւնը ապահովել:

Հակառակը՝ որքան ժողովրդավարութիւն, որքան ազատութիւն, որքան բանավէճ, որքան հանգիստ մթնոլորտ՝ այնքան ընտրութիւնները կÿանցնեն առանց ցնցումների, որովհետեւ մեզ համար հիմնականն այն էր, որ այս ընտրութիւնները ցնցումներով տեղի չունենան: Ո՛չ նրա համար, որ մենք ցնցումներից տագնապում ենք, եւ դա մեզ համար մահ է, ո՛չ, այդ առումով չէ: Մենք հասկանում էինք, շրջանային քաղաքականութիւնը, միջազգային քաղաքականութիւնը. Վրաստանը յայտնուել էր Արեւմուտքի գօտում, Ատրպէյճանը արդէն իսկ յայտնուած էր այդ գօտու մէջ, այսպէս ասած կղզեակ Հայաստանը արեւմտամէտ Վրաստանի, Ատրպէյճանի եւ Թուրքիայի կենտրոնում չի կարող ուշադրութեան կենտրոնում չմնալ եւ չի կարող արտաքին ուժերի ծրագրման թիրախ չհանդիսանալ:

Մենք ասում էինք՝ այդ բախումը, լարումը շրջանցելու համար ամենաճիշդ ուղին ամէն գնով այդ ընտրութիւնները առաջին փուլով անցկացնելը չէ, ամէն գնով որեւէ թեկնածուի յաջողութիւնը ապահովելը չէ, այլ ազատ, հանգիստ ընտրապայքարն է, որում մենք համոզուած էինք, որ կը յաղթի մեր քաղաքական գիծը: Իսկ միւս կողմից այդ ողջ ընտրապայքարի ընթացքում մենք զգաստութեան կոչ ենք արել բոլորին ասել, որ լարումի ուղին տանելու է առճակատման, այդ ուղին տանելու է ցնցումների, այդ ուղին ուրիշի ծրագիր է իրականացնում, այդ ուղին հայկական ծրագիր չէ: Եւ մենք այդ առումով եղել ենք ամբողջութեամբ անկեղծ: Ամէն մի քայլի մէջ մենք ազգային համերաշխութեան, ազգային հանդուրժողականութեան մթնոլորտ ստեղծելուն ենք նպաստել:

Նպաստել ենք ոչ թէ մէկ-երկու յայտարարութեամբ, այլ գրեթէ մէկ տարի տեւած կուսակցական փոխյարաբերութիւնների, կոչերի հասկացողութեամբ: Մենք այդ հարցը այնքան ենք առաջ տարել, որ նոյնիսկ մի առիթով Հայ օգնութեան միութեան կանանց խումբը ցոյց կազմակերպեց: Կարծում եմ՝ շատ տիպիկ էր. կանայք գնացին մինչեւ Լեւոն Տէր Պետրոսեանի շտաբ, աղաւնիներ բաց թողեցին, յետոյ քայլեցին Հանրապետական կուսակցութեան՝ Սերժ Սարգսեանի շտաբ, կոչ արեցին հեռու մնալ առճակատումից: Ո՞ւր էք գնում մենք ահազանգ ենք բարձրացնում, զգաստութեան եւ զգուշութեան կոչ ենք անում:

Բայց, ցաւօք սրտի, դա չօգնեց եւ պատահեց այն, ինչ որ չպէտք է պատահէր, բայց այն, ինչ որ պատահեց, անկանխատեսելի չէր: Մենք ամբողջ պայքարի ընթացքում դա կանխատեսում էինք: Թոյնի չափն այնքան շատ էր ներարկուած քաղաքական դաշտ, անհանդուրժողական կոչերն այնքան ծայրայեղ ձեւով էին հնչում, որ պարզ էր, որ ամէն ինչ տանելու էր դրան:

– Իսկ երբ ատակարգ իրավիճակ հաստատուեց երկրում, իր յայտարարութիւններից մէկում Դաշնակցութիւնն ասաց, թէ այստեղ տեսնում են պետական հարուածի նշաններ: Փաստացի ի՞նչ երեւոյթ կայ, որը ձեզ հասցրեց այս արտայայտութեանը:

– Հաւատում եմ, որ մենք վտանգն ամբողջութեամբ չենք շրջանցել եւ դրա համար էլ մինչեւ օրս ուզում եմ զգուշաւոր լինել խօսքերիս մէջ:

Չեմ ուզում անտեղի գնահատականներով գրգռել մթնոլորտը: Մենք որպէս քաղաքական ուժ ենք փորձում գնահատականներ տալ: Եւ մեր գնահատականները չեն կարող նոյնանալ դատախազի, ոստիկանապետի կամ դատարանի գնահատականներին: Մարտի 1-ին ծրագրուած էր իշխանափոխութիւն, բռնի իշխանափոխութիւն:

Թէպէտ այս շարժումը, որ ձեւաւորուել է թէ՛ Ուքրանիայում, թէ՛ Վրաստանում, թէ՛ Հայաստանում ունի նշանախօսք՝ «ոչ բռնի յեղափոխութիւն», բայց այն, ինչ որ մենք տեսանք վերջին տասն օրում, մինչեւ Մարտի 1-ը (ցաւօք սրտի, զինուած խմբաւորումների ներկայութիւնը, կազմակերպուածութիւնը անընդհատ հնչող սպառնալիքները) տանում էին դէպի բռնի իշխանափոխութեան:

– Բայց երկրի մէջ կար բանակ, ոստիկանութիւն, իշխանութիւն, որի մասին ասում էիք, թէ կայուն իշխանութիւն է…

– Այո, կայ: Եւ ճիշդ այդ պատճառով տեղի ունեցաւ այն, ինչ տեղի չպէտք է ունենար: Եւ ճիշդ այդ պատճառով հաւատում եմ, որ վտանգն արդէն շրջանցուած է, լարուածութիւնն իջել է իր գագաթնակէտից: Բայց ընդդիմութիւնը փորձ արեց, յենուելով իրենց այն մարդկանց վրայ, ովքեր դեռեւս մնացել էին պետական համակարգում (1998 թուականին, երբ տեղի ունեցաւ իշխանափոխութիւն, նրանք չմաքրուեցին պետական համակարգից. կը ներէք, որ ուրիշ բառ չգտայ ասելու), իշխանութեան մէջ, բանակում, ճեղք բացել պետութեան մէջ, բանակի մէջ, ոստիկանութեան մէջ:

– Իսկ այդ ուժը այսօր կա՞յ, գոյութիւն ունի՞:

– Ինձ թւում է՝ այսօր այդ ուժն ամբողջութեամբ վերահսկելի է դարձել: Ասեմ. այդ օրերին յաճախ էին հնչում խօսքեր, որ «երկրապահը թոյլ չի տայ, որ պետութիւնը ուժ գործադրի ժողովրդի նկատմամբ»: Սա ճիշդ նշանախօսք է, բայց նաեւ ճիշդ է, որ ոչ-ոք իրաւունք չունի, ժողովրդի անունն օգտագործելով, ուժ գործադրել պետութեան վրայ:

Այսինքն՝ դժուար վիճակ, շատ լուրջ վիճակ էր, եւ այս մթնոլորտից դուրս գալու համար պէտք է իւրաքանչիւրը ցուցաբերի առաւելագոյն զսպուածութիւն: Վստահ եմ, որ դուրս կը գանք նաեւ այս վիճակից, նման բաներ մեր գլխով շատ են անցել: Էս երկիրը շատ-շատ բաներ է տեսել, տեսել է Հոկտեմբերի 27: Կարծում էինք՝ դա վերջինն է, բայց ես վստահ եմ, որ այս ամէնը կÿանցնի եւ մեր երկիրը առաջ կը գնայ, որովհետեւ այսօրուայ այն պայմանաւորուածութիւնները, որ մենք ձեռք ենք բերել նորընտիր նախագահի հետ, որը, ես պատճառ չունեմ հաւատալու, որ չի գործադրուի, իսկ եթէ իրականացուի, իսկապէս մենք թռիչքային առաջընթաց կունենանք, իսկ եթէ պատահի, որ չիրականացուի, եւ այս ծրագրերը մնան թղթի վրայ, մենք վճռական ենք, ինքնանպատակ կերպով չենք մնալու կառավարութեան մէջ, յատկապէս որ մեր մասնակցութեամբ արդէն իսկ մեր նպաստը բերեցինք ի խնդիր երկրի կայունութեան ու ազգային միասնականութեան:

Leave a Comment