RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Պետականությունը բացարձակ արժեք է: Սխալը սրբագրելու ժամանակը

Posted on April 11, 2010, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լոնդոնում

2009թ ապրիլի 22-ից առաջ, երբ դեռ չէր ստորագրվել «ճանապարհային քարտեզ՚ կոչվող հայտարարությունը, ասել եմ, որ հայկական ցեղասպանության հարցը հայ ժողովրդի բաց նյարդն է, պետք չէ դիպչել այդ նյրադին, այլապես հակազդեցությունը լինելու է անխուսափելի: «Արձանագրությունների ստորագրումով դիպան այդ նյարդին, եւ ալեկոծվեց ողջ հայությունը:

Հայկական իրականության մեջ առաջանում էր փոթորիկ, ցունամի: Ցունամի, որ կործանարար լինելու չափ վտանգավոր էր, որովհետեւ այն չէր հարվածելու օտար ափերին: Հարվածելու էր հայկական ափերին: Այլ խոսքով` այդ արձանագրությունների հրապարակումը այնքան հանկարծակի ու անակնկալ էր, որ կարող էր տարերային շարժում ստեղծվել, կարող էր դառնալ քանդիչ, պառակտիչ, կարող էր ավելի վտանգավոր լինել, քան բուն արձանագրությունները: Առաջին իսկ օրից մենք փորձեցինք կազմակերպել այդ ընդվզումը, այդ տարերային ընթացքը, կազմակերպելով` այն դնել նպատակադրվածª ազդու, բայց ոչ քանդիչ ուղղության մեջ, այն վերածելով ՈՉ-ի շարժման:
Որպեսզի խուսափենք ծայահեղություններից, որպեսզի կարողանանաք ինքներս մեզ ճիշտ հասկանալ, նախ փորձենք ըմբռնել` ինչո՞ւ կազմակերպվեց “ֆուտբոլային դիվանագիտությունը“: Փորձենք հասկանալ` ինչո՞ւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց այս “խաղը“: Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ եւ ի՞նչ նպատակ էր հետապնդում: Մակերեսային մոտեցում կլինի, եթե մտածենք, թե ՀՀ իշխանությունները լավ հայ չեն, դավաճան են եւ այլն: Այդպես չէ: Ճիշտ չենք լինի, անարդար կլիենք, եթե այդպես մտածենք:

Ֆուտբոլային դիվանագիտուիթյունը կազմակերպելիս Հայաստանի իշխանությունը հետապնդել էր երեք նպատակ:

Առաջին` Հայաստանը այնպիսի աշխարհաքաղաքական դիրքում է , որ աշխարհի հետ հարաբերվելու երկու կիսատ սահման ունի, մեկը` հարավից` դեպի Իրան բացվող, մյուսը` հյուսիսից` դեպի Վրաստան: Իրան տանող ճանապարհները խիստ են ու աննպաստ: Իրանի հետ չունենք երկաթուղային կապ: Աշխարհը չի ուզում մեզ հետ հարաբերվել այդ սահմանով: Վրաստանի հետ սահմանը նույնպես կիսատ է: Ինչո՞ւ որովհետեւ Վրաստանը առճակատման մեջ է Ռուսաստանի հետ եւ փակել է նրա հետ իր սահմանը: Իսկ Հայաստանի համար Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է, որից ստանում է կարեւորագույն նշանակության ապրանքներ, նրա հետ ցամաքային կապը անցնում է Վրաստանով:
Հետեւաբար` իշխանությունների առաջին նպատակը Հայաստանի համար մի նոր սահման ապահովելն էր դեպի ազատ աշխարհ: Բայց Թուրքիայի սահմանը այդպիսին կարո՞ղ էր համարվել: Անշուշտ` ոչ: Չնայած դրան` երեք կիսատ սահմանը, վերջիվերջո, ավելի լավ է, քան երկու կիսատ սահմանը: Հիմնական նպատակը այդ սահմանի բացումն էր, որպեսզի Հայաստանը կարողանար շնչել:

Երկրորդ նպատակըª հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, Թուրքիայի չեզոքացումն էր: Հայ-ադրբեջանական պատերազմից առաջ եւ հետո, հայ-ադրբեջանական առճակատման պայմաններում, Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է եղել: Չմոռանանք, որ հենց Ադրբեջանին զորակցելու համար էր Թուրքիան փակել սահմանը: Հայաստանի իշխանությունները ունեին այն միամտությունը, որ եթե կարողանան Թուրքիային քաշել խաղի, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու սահման բացել, ապա Թուրքիային կմեկուսացնեն, եւ Ադրբեջանի դիրքերը կտկարանան բանակցությունների սեղանի շուրջ:

Երրորդ նպատակը: Բոլորս հիշում ենք, թե ինչ պայմաններում Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ: Մարտի 1 էր տեղի ունեցել, Հայաստանում հուզումներ կային, առճակատումներ, կարծիք կար, թե Արեւմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել, Արեւմուտքը ներքին լծակ ունի Հայաստանում` ի դեմս ձեզ ծանոթ ընդդիմության: Հաշվի առնելով այս իրավիճակը` Հայաստանի իշխանությունները, հավանաբար, մտածեցին, որ, նախաձեռնելով այս քաղաքականությունը, կկարողանան ներքին գործընթացը ստվերի մեջ պահել, ձեռք բերել Արեւմուտքի հետ շփվելու հնարավորություն, ընդունելի դառնալ Արեւմուտքի կողմից:

Հետապնդվող նպատակները բխում էին առարկայական անհրաժեշտությունից հանուն երկրի անվտանգության ու զարգացման, ինչ- որ տեղ բխում էին նաեւ քաղաքական անփորձառությունից, միամտությունից, սխալ մոտեցումներից ու հաշվարկից, բայց եւ` միայն այսքան£

Հետապնդվող նպատակները չիրագործվեցին: Ինչու՞:

Նման ծրագիր սկսելուց առաջ պետք է լինեին նվազագույն երաշխիքներ: Հայ-թուրքական հարաբերությունները Սերժ Սարգսյանով չեն սկսվել: Շուրջ տասը տարվա անցյալ ունեն: Ամերիկայում ձեւավորված ընդհանուր ծրագիրը` հայ-թուրք բարեկամության հանձնաժողովի ստեղծում TRAC 1, TRAC 2, որոնց մեջ ընդգրկվում էին հիմնականում Սփյուռքից, նաեւ Հայաստանից մտավորականներ, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բանակցում էին թուրքերի հետ: Հիմնական նպատակը հայ-թուրք հարաբերությունների ստեղծման համապատասխան մթնոլորտ ձեւավորելն էր: Այսինքն` կար ընդհանուր ծրագիր: Եվ եթե կար ընդհանուր ծրագիր, ու Սերժ Սարգսյանը հրավիրում էր Գյուլին Հայաստան, ուրեմն պետք է լինեին սկզբնական ինչ-որ երաշխիքներ: Սկզբնական շրջանում այդպիսին էր ընդհանուր տպավորությունը: Սակայն փաստերը ցույց տվեցին, որ այդպես չէ:

Նման լուրջ, քաղաքական ու ժողովրդային հոգեբանության առումով զգայուն նախաձեռնությունը առանց սկզբնական որոշակի տվյալների գոյության պարզորեն համարձակ, ռիսկային քայլ էր, որ կարող էր ավարտվել իբրեւ քաղաքական արկածախնդրություն£

Հայաստանի իշխանությունները ի սկզբանե ճշտել եւ բազում անգամներ հայտատարել էին, թե սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունները պետք է տեղի ունենան առանց որեւէ նախապայմանի: Եթէ հայկական կողմը հետեւողական, հաստատակամ եւ անզիջող լիներ հայտարարված սկզբունքի հարցում, եւ ոչ թէ երկիմաստ արձանագրությունների ստորագրումով հարցականի տակ դներ մեր իսկ կողմից ճշտվածն ու հայտարարվածը, մենք անվնաս էինք դուրս գալու այս գործընթացից:

Սահմանների փակումը Թուրքիայի կողմից անընդունելի էր Միջազգային հանրության համար: Եվրամիության անդամակցության ձգտող Թուրքիան ճնշման էր ենթակա ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու հարցով£ Իսկ մեր հայտարարած սկզբունքը, որ առանց նախապայմանի պետք է լինեն այդ հարաբերությունները, ընդունելի ու արդարացված էր աշխարհի կողմից:

Առանց նախապայմանների սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը կարելի էր ձեւակերպել երկու պարբերությամբ մի փաստաթղթում եւ վերջ: Միջազգային հանրային կարծիքը պատրաստ էր ընդունելու նման տրամաբանական պայմանավորվածություն, եւ Թուրքիայի մերժումը մնալու էր անհասկանալի եւ շարունակվելու էր ճնշումը նրա նկատմամբ: Ուշ, թե շուտ մենք հաջողելու էինք առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ£ Սակայն ստորագրելով խնդրահարույց այդ արձանագրությունները` միջազգային հանրության համար ստեղծեցինք սխալ մեկ հիմք` այս պարագային երկու երկրների թե մեր, թե Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար:

Վերջապես` եթե այդպիսին լինեին արձանագրությունները, առանց նախապայմանների, ՈՉ-ի շարժում չէր լինի, չէր կարողանա գոյություն ունենալ եւ ազդեցիկ լինել: Եվ, բնականաբար, կհաջողվեր ֆուտբոլային դիվանագիտության այդ ծրագիրը: Սակայն նշածս պատճառներով այդ հաջողությունը մենք չունեցանք: Արդյունքում ի՞նչ ստացվեց` սահմանը մինչ օրս փակ է եւ հեռանկարում էլ չի երեւում որեւէ թվական, երբ կարելի է տեսնել սահմանը բացված: Իսկ, նախկին խոցելի դիրքերի համեմատությամբ, այսօր Թուրքիայի մոտ առկա է մեր ստորագրությունը կրող փաստաթուղթ, որը ուժեղացրել է Թուրքիայի դիրքերը:

Որքան էլ փորձեն Հայաստանի իշխանությունները մերժել ու հերքել, աշխարհը ընկալել է, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Հայկական ցեղասպանության հարցը քննության նյութ դարձնել: Այսօր լավ ենք զգում, երբ Սերժ Սարգսյանը բացեիբաց, ի լուր աշխարհի հայտարարում է, որ նման բան չկա, բայց նաեւ կույր պետք է լինել չտեսնելու, որ ինչ-որ բան կա. այդ մասին խոսել է Օբաման, խոսել է Քլինթոնը, Շվեյցարիայի արտգործնախարարը, Եվրոմիության արտգործնախարարը, բոլորը խոսում են, որ այդ արձանագրություններով Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Ցեղասպանության հարցը քննության նյութ դարձնել: Հայկական կողմը, բարեբախտաբար, այսօր ասում է` ոչ: Գիտե՞ք ինչու է այդպես: Դա նրանից է, որ փաստաթղթերը երկիմաստ են փաստաթղթերի վտանգավորությունը հենց այդ երկիմաստության մեջ է: Դա տալիս է հնարավորություն ամեն կողմին` մեկնաբանել դրանք ըստ իրցանկության: Եւ որովհետեւ Հայաստանի Հանարապետության հնարավորությունները նույնքան չեն, որքան Թուրքիայինը, ապա մենք մեկնաբանություններն ընկալելի դարձնելու հարցում միշտ պարտված ենք:

Հաջորդ բացասական արդյունքը, որ ստացել ենք. Թուրքիան, այս քսան տարիների ընթացքում, ըստ էության, խորքում, վարագույրի հետեւում եղել է հայ-ադրբեջանական առճակատման հարցում Ադրբեջանին կողմ, բայց գործել է, կրկնում եմ, միշտ թիկունքում, միշտ վարագույրի հետեւում, ոչ երբեք հրապարակավ, հաչս աշխարհի: Թուրքիան մինչ օրս Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական առճակատման բուն գործընթացի կողմ չի համարվել: Այս սխալ քաղաքականությունը պատճառ դարձավ, որ այսօր Թուրքիան Ղարաբաղի հարցով հավակնում է կողմ ներկայանալ, իր հավակնությունը պաշտոնականցնող գործունեություն է ծավալել: Սա ամենաբացասական արդյունքներից մեկն է, որ մենք ունենք:

Դեռ 2008թ վերջերին տեղի ունեցավ առաջին սխալը. Վաշինգտոնում Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում ունեցան: Հայկական իրականության մեջ միայն մենք էինք, որ ընդվզեցինք սրա դեմ: Այդ օրվանից արդեն պարզ էր, որ քաղաքականությունը սխալ ուղղությամբ է գնում: Եվ այսօր մենք եւս մի բացասական արդյունք ունենք մեր դատի, մեր պայքարի մեջ, որովհետեւ Ղարաբաղի հարցով Թուրքիան արդեն համարվում է կողմ:

Չորրորդ` այս արձանագրությունների արդյունքում Թուրքիան ստացել էր այն, ինչ իրեն պետք է: Եվ որովհետեւ ստացել է, չի շտապում արձանագրությունները վավերացնել: Փորձում է վերջին` Ադրբեջանի հարցով ապառիկ մնացած խնդիրը կանխիկի վերածել: Փորձում է ստիպել, որ Ղարաբաղի հարցով մենք տեղի տանք, էական նահանջ արձանագրենք: Ի՞նչ ստացվեց: Ստացվեց, որ թուրքական բոլոր նախապայմանները, որոնք 1993 թվականից սկսած նա կրկնում էր, եւ որի դիմաց հայկական ոչ մի իշխանություն տեղի չէր տվել, չէր ենթարկվել, չէր ընդունել, այսօր իրագործելու փորձ է արվում:

Հինգերորդ` ասացինք, ֆուտբոլային դիվանագիտության նպատակներից մեկն էլ այն էր, որ Հայաստանի ներքին իրավիճակը ղեկավարելի դառնար եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորվեին: Ինչ եղավ արդյունքում: Դա հասկանալու համար նախ նայենք տեսնենք, թե այդ ընթացքում ինչ կեցվածք է ունեցել ԼՏՊ-ի գլխավորությամբ Հայաստանում գործող ընդիմությունը: Այդ առճակատվող ընդդիմությունը, որ բացի Սերժ Սարգսյանի տապալումը, բացի իշխանության անկումը ուրիշ որեւէ բան չէր տեսնում եւ 24 ժամ, առավոտից գիշեր, փողոցում էր, պայքարի դիրքերում, երբ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Հայաստան, անմիջապես դադարեցրեց միտինգները, նստացույցերը, լքեց փողոցը, գնա տուն ու հայտարարեց, որ չի ուզում խանգարել այդ գործընթացին: Մի՞թե պարզ չէ, թե ինչ եղավ: Մեկը դրսից ԼՏՊ-ին ասաց` բավական է, հիմա դու պետք է կանգ առնես, որովհետեւ Հայաստանի իշխանությունների ընթացքը մեր ուզած ուղղությամբ է: Հետո հասավ մի պահ, որ բանակցությունները տեղի էին ունեցել, բայց ստորագրության պահն էր ուշանում, նորից հրապարակի վրա ակտիվացավ Լեւոնը` միտինգներ, ցույցեր, երթեր, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ: Իսկ երբ ստորագրվեցին արձանագրությունները, եւ ընդվզեց ժողովուրդը, փողոց դուրս եկավ, մենք էլ նրանց հետ միասին, թվում էր` ակամա, առանց պայմանավորված լինելու, պետք է ԼՏՊ-ն մի հրապարակում, Դաշնակցությունը մեկ այլ հրապարակում պայքարեր Հայաստանի իշխանության դեմ: Սակայն ԼՏՊ-ն այդ պահին նույնպես դադարեցրեց իր միտինգները, հայատարարեց, որ դարձյալ չի ուզում խանգարել, հրապարակը թողնում է ուրիշ ուժի եւ դարձյալ գնաց տուն: Այս վերջին շրջանում ի տես ՀՀ նախգահի կեցվածքի դրական առումով փոփոխության, կարծրացման, դարձյալ փողոց դուրս եկավ ԼՏՊ-ն: Այսինքն` մեր քաղաքական դաշտում իր հաստատուն տեղը գտավ Արեւմուտք-ընդդիմություն համակարգված աշխատանքը: Կարծում եմ` սա իշխանության մեծ ձախողումն է: Արտաքին ճնշումը չեզոքացնելու ճիշտ ճանապարհը ճնշողի հետ լեզու գտնելը չէ, երբ ներքին ընդդիմությունը դադարում է աշխատել: Ճիշտ ճանապարհն այն է, որ վերացվեն ներքին առճակատման պատճառները, ընդդիմությունը չհայտնվի օտար ուժի ազդեցության տիրույթում:

Ինչեւէ, ստորագրվեցին արձանագրությունները, այսօր դրանք կան: Մենք կամ պետք է ցունամի ունենայինք, կամ կազմակերպված պայքար: Մենք նախընտրեցինք երկրորդը` սկսեցինք ՈՉ-ի շարժումը: Այդ շարժումը ուներ մի շարք սկզբունքներ եւ առաջադրանքներ: Սա ուզում եմ հատուկ շեշտել, որովհետեւ մեր պայքարը չի վերջացել, այն շարունակվում է, դեռ վերջնական արդյունքի չենք հասել:

Առաջին. մենք հասկացանք` այս արձանագրությունների ամենագլխավոր վտանգը, որ կարող է լուրջ հետեւանք ունենալ, ազգի պառակտումն է: Մինչեւ այսօր էլ կրկնվում է` Սփյուռքն այսպես է մտածում, Սփյուռքը չի ուզում, Հայաստանն ուզում է, Սփյուռքը ճնշում է բանեցնում Հայաստանի վրա: Փորձեցին բաժանարար գիծ անցկացնել մեր ժողովրդի մէջ Հայրենիք-Սփյուռք կտրվածքով: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` սա դավ է, ավելի մեծ դավ, քան արձանագրությունների ստորագրումը: Որովհետեւ արձանագրությունները թե Սփյուռքում, թե Հայաստանում որոշ պաշտպաններ ունեն, բայց թե Սփյուռքում, թե Հայասատանում ընդունելի չեն մեր ժողովրդի կողմից: Եւ ով փորձում է այդ ընդունելի-անընդունելիի սահմանն անցկացնել արեւմտահայ-արեւելահայ, Սփյուռք-հայրենիք բաժանումների սահմանով, նա ուզում է պաշտոնականացնել մեր ազգի ողբերգությունը, փորձում է մեր ազգը պառակտել, մասերի բաժանել: Ցավոք սրտի, այս ջրաղացին նաեւ ջուր են լցնում մարդիկ, որ ակամա, առանց հասկանալու, տուրք տալով ինչ-որ տեղայնական մտածողության, փորձում են կրկնել այն քարոզչությունը, թե այո, Սփյուռքը դեմ է, իսկ Հայաստանը` կողմ: Կարծում են` լավ բան են անում: Լավ բան չեն անում: Այս արձանագրություններին դեմ է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, որ հավատում է ազգային արժեքներին, որ ազգային է: Ապազգայինն ամեն տեղ էլ անտարբեր է, նրա հոգը չէ, թե ինչ են ստորագրում:

Այս ֆոնի վրա փորձ է արվում խոսել նաեւ Սփյուռքը առանձնաբար կազմակերպելու մասին, արեւմտահայերի համագումար ստեղծել, զանազան կազմակերպական ձեւեր են հորինում: Խոսքս բոլորի մասին չէ, խոսքս չարամիտների մասին է, որոնք փորձում են վերջնականորեն մեր ժողովրդի մեջ երկվություն մտցնել, նրա առանձին հատվածները լարել իրար դեմ: Մենք մի՞ ազգ ենք, թե՞ տարբեր ժողովուրդների հավաքածու: Այս քարոզչությունը վտանգավոր է, եւ ես ուզում եմ, որ ամեն մարդ մասնավոր ճիգ գործադրի ինքնազսպման, խուսափի բոլոր այն արտահայտություններից, որոնք կարող են ժամանակի ընթացքում էլ ավելի խորացնել մեր ժողովրդի այս բաժան-բաժան եղած վիճակը: Ամենակարեւորը մեր ազգի մեկության պահպանումն է:

ՈՉ-ի շարժումը կազմակերպվեց այնպես, որ համընթաց, համաչափ ընթանա մեր ժողովրդի բոլոր հատվածների համար: Քսան տարի է` ես ապրում եմ Երեւանում: Այս քսան տարվա մեջ չի եղել հանրահավաք, որին մասնակից եղած չլինեմ, եթե ոչ ուղղակի, առնվազն հեռվից, դիտորդի կարգավիճակում: Սա ասում եմ առանց չափազանցության. այն ցույցը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին Երեւանում, աննախադեպ էր: 88 թվականի Ղարաբաղյան շարժման հայտնի հանրահավաքներից հետո այդչափ ժողովուրդ դուրս չէր եկել փողոց: Եվ սա վկայությունն է այն բանի, որ մեր ժողովուրդը իսկապես տարբեր հատվածներով նույն կեցվածքն է ցուցաբերել: Այսօր Հայաստանում ստորագրահավաք է` ուղղված ազգային ժողովի պատգամավորներին: Մենք նրանց կոչ ենք անում դեմ քվեարկել արձանագրությունների վավերացմանը: Էլեկտրոնային փոստով դիմել ենք բոլորին, իրենց մերժումն ուղարկեն: Այսօր Հայաստանում, վերջին զեկույցը, որ լսել եմ, շուրջ 250 հազար ստորագրություն է հավաքվել: Բոլորի անձնական տվյալները ստույգ գրանցված են: Այսինքն` դրանք մարդիկ են, ովքեր առանց վախենալու, հրապարակավ իրենց ստորագրությունն են փոխանցել: Սա ապացույցն է այն բանի, որ մեր ժողովուրդը հստակ կեցվածք ունի, եւ որեւէ մեկը թող չփորձի մեզ մասնատել: Ձեզանից ոչ մեկը չպետք է ընկնի այդ ծուղակը: Դրա համար ցունամի չպիտի լիներ, այլ կազմակերպված շարժում:

Երկրորդ` ինը դար շարունակ հայկական հողի վրա, հայկական լեռնաշխարհում մենք պետություն չենք ունեցել: Ինը դար հետո մենք պետություն ենք ստեղծել եւ այդ պետության ստեղծման առաջին օրվանից, ինը դար անց, առաջին անգամ սկսել ենք հաղթանակներ ունենալ: Ինը դար հետո մենք հող ենք ազատագրել, ոչ թե հող կորցրել: Ինը դար հետո մենք քաղաք ենք ազատագրել, մինչ ինը դար շարունակ միայն քաղաքների կործանման պատմություն ենք ունեցել: Մենք պետություն ենք ստեղծել, պետություն, որն ազգային է, որովհետեւ Ղարաբաղյան շարժման հիմքի վրա ձեւավորված պետություն է: Պետություն, որ Հայ դատի լուծման հիմնական կռվանն է: Եթե չլինի այդ պետականությունը, եթե չլինի Հայաստանի Հանրապետության մեջ ապրող մեր ժողովրդի առանցքը, մեր ազգը հեռանկար չի ունենա: Մենք ենք ստեղծել այդ առանցքը: 1918 թվականին ավերակների վրա ծննունդ ենք տվել պետականության, որպեսզի կանխենք հայ ժողովրդի անկման ընթացքը: Պետք է փայփայել, գուրգուրել այդ պետականությունը, որովհետեւ նա մեր համար ամեն ինչ է` մեր այսօրն է, մեր վաղն է, մեր սերունդների երկիրն է: Այդ պետականությունը պետք է սիրել, այդ պետականությանը պետք է ծառայել: Այդ պետականությունը բացարձակ արժեք է, այդ պետականության անվտանգությունը մեզ համար ամենագլխավորն է: Այդ պետականության ինքնիշխանության պահպանումը մեզ համար գերխնդիր է: Եթե դրանք վտանգում են արտաքին ուժերը, մենք պետք է կանգնենք այդ ուժերի դեմ: Եթե մեր իշխանությունն է վտանգում, այդ իշխանությանը պետք է կեցվածք ցույց տանք:

Մենք 70 տարի ունեցել ենք Խորհրդային Հայաստան Խորհրդային Միության կազմում: Այդ միությունը, իր բացասական բոլոր կողմերով հանդերձ, մի բան առնվազն մեզ համար նշանակում էր. մեր երկիրն ու ժողովուրդը, գոյության հարց չուներ, ապահով էր: Եվ սովորեցինք չմտահոգվել մեր երկրի անվտանգության հարցերով, ռազմավարական կարիքների հարցերով, զարգանալու իրական պայմաններ ունենալու հարցով: Այսօր մեր երկիրը նորաստեղծ է, հեշտ խոցելի: Մենք պետք է միս ու արյուն տանք այդ պետությանը: Գիտեմ` շատ նուրբ է հակաիշխանական լինելու եւ հակապետական դառնալու սահմանը: Սայթաքում չպետք է ունենաք, որովհետեւ մենք ենք մեր պետության իսկական տերը: Մենք ենք այդ երկրի վաղվա առաջնորդը: Մենք ենք տերը մեր երկրի, իշխանությունները ժամանակվոր են:

Երրորդ` Արցախի հարցն էր նաեւ այն պատճառը, որ այս պոռթկումը չպետք է ցունամիի վերածվեր, այլ մնար որպես ՈՉ-ի նպատակային շարժում: Վրաստան-Ռուսաստան պատերազմից հետո Հայաստանը ենթակա էր մեծ կաշկանդումների: Գիտե՞ք, թե մենք Ղարաբաղում ինչու հաղթեցինք: Մի պատճառով միայն հաջողեցինք, որովհետեւ Ադրբեջանը գրեթէ քայքայված էրª ներքին առճակատման մեջ: Իսկ Հայաստանը քաղաքական իմաստով կայուն էր: Ինը դար հետո մեր ժողովուրդը մի հարցում կարողացավ դրսեւորել միասնական կեցվածք. Ղարաբաղի հարցում, որովհետեւ բոլորն ունեցան մեկ կեցվածք` ղարաբաղցի, ջավախքցի, հայաստանցի, սփյուռքահայ: Այսօր եւս, երբ կա պատերազմի վտանգ, մենք մեր քայլերը այնպես պետք է անենք, որ եթե դարձյալ խնդիր առաջանա, կարողանանք կողք-կողքի կանգնել: Այսօր չպետք է անենք մի բան, որը մեզ վաղը խանգարի կանգնելու կողք-կողքի:

Չորրորդ` մեծ պետությունները, Թուրքիան հաճախ մտածում են` այս Ցեղասպանության հարցը որտեղից ծագեց: Ո՞վ է շահագրգռված այս հարցով: Եվ սկսում են պատկերացնել, թե ինչ-որ տեղ կա ինչ-որ կենտրոն, որը ծրագրում, հրահրում, ֆինանսավորում, հրահանգավորում է այդ ամենը: Եւ եթե այդ կենտրոնի հետ իրենք կարողանան լեզու գտնել, կձերբազատվեն Ցեղասպանության հարցի միջազգային հետապնդումից: Մենք պետք է ապացուցենք, որ Ցեղասպանության հարցը մեր ժողովրդի հարցն է, եւ չկա որեւէ կենտրոն, ոչ աշխարհում, ոչ էլ հայկական իրականության մեջ, որ կարողանա Ցեղասպանության հարցը առեւտրի նյութ դարձնել: Պետք է կարողանանք ապացուցել, որ Հայաստանի իշխանությունը ի վիճակի չէ Ցեղասպանության հարցը առեւտրի նյութ դարձնել: Պետք է կարողանանք ապացուցել, որ Ցեղասպանության հարցից ձերբազատվելու ճանապարհը ոչ Հայաստանի իշխանության հետ բանակցելն է, ոչ Սփյուռքի հետ բանակցելը: Այդ հարցից ձերբազատվելու ճանապարհը միջազգային ճանաչումը, ընդունումն է եւ հատուցումը:

Մենք հաջողեցինք: Շատ դժվար էր հատկապես արձանագրությունների ստորագրումից հետո: Հայ դատի հետապնդման պայքարը շատ էր դժվարացել: Հաճախ զեկուցում էին շրջաններից, թե այլեւս անկարելի է, ոչ ոք չի համաձայնվում, ամեն մարդ պատճառաբանում է, թե չի ուզում վնասել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Բայց ի պատիվ Հայ Դատի հանձնախմբերի, մեր ժողովրդի զանազան հատվածների, մենք կարողացանք այդ նպատակը եւս նվաճել: Եվ այսօր մեկ այլ իրականության առջեւ ենք կանգնած: Թուրքիան համոզվեց, որ Ցեղասպանության ճանաչումը անկասելի ընթացք է, այն հնարավոր չէ կասեցնել:

Հինգերորդ` ինչպես ասացինք` ֆուտբոլային դիվանագիտություն հետապնդած նպատակները հակահայկական չէին: Ցավն այն էր, որ այդ նպատակների իրագործման համար ճիշտ բանակցություններ տեղի չունեցան: Մենք ի սկզբանե համոզված էինք, որ մեր մեջ մենք թշնամիներ չունենք, դավաճաններ չունենք եւ պետք է պահենք իշխանության միջից իշխանության վրա ազդելու հնարավորությունը: Պետք է պահենք ներքին երկխսության հնարավորությունը: Եվ այսօր նաեւ մեր այդ կեցվածքն է պտուղներ տվել: Եթե այսօր մենք ունենք նախագահի դրական ուղերձը, եթե այսօր մենք ունենք Սահմանադրական Դատարանի որոշումը, դա նաեւ այդ աշխատանքի արդյունքն է: Մենք պայքարել ենք վճռակամ, բայց առանց թշնամանալու: Սակայն բոլորը մեր շնչի հետեւում տեսել են ցունամիի վտանգ եւ դա զգաստ է պահել բոլորին:
Ինչ ենք այսօր ստացել: Այսօր Թուրքիան իր վերջին ճիգն է թափում հայկական կողմին զիջումներ պարտադրելու Ղարաբաղի հարցում: Թվում է, թե հայկական կողմը այլեւս հասկացել է, որ Թուրքիան այն երկրը չէ, որ ինքն էր պատկերացնում, այլ այն երկիրն է, որ Դաշնակցությունն էր ներկայացնում: Եվ փորձ է արվում, կարծես, գնալ ինքնասրբագրման: Փորձ է արվում առնվազն Ցեղասպանության հարցով մաքրել թյուրիմացությունները: Բայց մենք չպետք է հանգստանանք: Այս քայլերը, կատարված վերջին հայտարարությունները նվազ արժեք ունեն, քան արդեն իսկ ստորագրված փաստաթուղթը: Եվ այս հայտարարությունները չպետք է փափուկ բարձ դառնան մեզ համար: Մենք պետք է շարունակենք պայքարը մինչեւ այն պահը, երբ Հայաստանի իշխանությունը հետ կքաշի իր ստորագրությունը այդ փաստաթղթից եւ նոր բանակցություններ կսկսի Թուրքիայի հետ: Այս հայտարարությունները մեզ ինչ-որ չափով գոհացնում են, բայց, բավարար չեն, չպետք է օրորվենք այդ հատարարություններով: Մենք պետք է հասկանանք` վտանգն առկա է, վտանգը կախված է մեր գլխին մինչեւ այն պահը, քանի դեռ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք չեն դրսեւորել եւ ետ չեն վերցրել իրենց ստորագրությունը այդ չարաբաստիկ արձանագրություններից:

Leave a Comment