RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան.Ցուցակը գլխավորելու ցանկություն չունեմ

Posted on February 27, 2012, by , under Լուրեր.

«Երկիր»-Խորհրդարանը պետք է լինի քաղաքական ուժերի, քաղաքական դեմքերի համար, որոնք խորհրդարանական ամբիոնը չեն ծառայեցնում այլ նպատակների, այլ խորհրդարանական գործունեությամբ նպաստում են այս երկրի զարգացման ընթացքին. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ-ում գործարար պատգամավորների լինել-չլինելու մասին հարցին, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

ՀՅԴ գործիչն անդրադարձավ նաեւ Դաշնակցության համամասնական ցուցակին` նշելով, որ կուսակցությունում շատ կան մարդիկ, ովքեր կարող են գլխավորել ցուցակը: Ինքը նման ցանկություն չունի: Հարցին` հնարավո՞ր է, որ նա գլխավորի ՀՅԴ համամասնական ցուցակը, Հ. Մարգարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, չէ: Իմ ցանկությունը չմասնակցելն է, եւ իրական է ցանկությունս: Իմ գործն էնքան շատ է: Թող խորհրդարան ուրիշները գնան, ամեն գործ ե՞ս անեմ»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաեւ հավելեց, որ կուսակցության համամասնական ցուցակը կհրապարակվի այն ժամանակ, երբ կպահանջի ժամանակացույցը, իսկ թե ի՞նչ սկզբունքով կկազմվի այն, դեռ չեն որոշել. «Օրենքով դա պետք է որոշի մարմինը կամ համագումարը. մի երկու ժամվա մեջ ժողով կանենք, կորոշենք»:

Լրագրողների հարցին` հնարավո՞ր է, որ ապագա խորհրդարանում Դաշնակցությունը կրկին կոալիցիա կազմի Հանրապետականի հետ, Հ. Մարգարյանը պատասխանեց, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելու պատճառ Դաշնակցությունը չունի, իսկ չկազմելու պատճառները շատ են. «Ես ավելի շատ հավանական եմ համարում, որ մեր առանցքի շուրջ ուրիշները փորձեն ձեւավորել կոալիցիա: Չեմ կարծում, որ մենք կոալիցիա կկազմենք: Բայց որեւէ բան այս կյանքում բացառված չէ. եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, կարծում եմ, որ բոլորս պետք է համախմբվենք: Իսկ այսօրվա պայմաններից ելնելով` ոչ մի պատճառ չկա նման բանի, իսկ հակառակն անելու շատ պատճառներ կան»:

Հարցին` որքանո՞վ է այսօր շահեկան Դաշնակցության վիճակը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ այսօր ոչ մի քաղաքական ուժի համար էլ վիճակը նպաստավոր չէ: «Մենք կեղծ իրավիճակի մեջ ենք հայտնված, որտեղ կուսակցությունները, հազվադեպ բացառությամբ կամ համեմատական տարբերություններով, չեն վայելում ժողովրդի իրական համակրանքը, համակրանք, որն ուղղված կլինի նրանց գաղափարախոսությանը, նրանց ծրագրին, նրանց քաղաքական ուղղությանը: Գուցե մենք ենք տարբեր, որ մեզ ինչ-որ առումով ճանաչում են` առնվազն ազգային հարցերում գիտեն` Դաշնակցությունն ինչ է, բայց մյուսների դեպքում կուսակցության գաղափարախոսությունը չէ, որ ժողովրդական հենարան ունի, ավելի շատ առանձին դեմքեր, առանձին անձինք են, որ ունեն, որը, ես կարծում եմ, լավ բան չէ, նույնիսկ վտանգավոր է»,- նշեց Հրանտ Մարգարյանը:

Leave a Comment