RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Նոր առասպելի իմաստունը ՀՅԴ-ն է

Posted on April 10, 2012, by , under Ելույթներ, Լուրեր.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության Ապրիլի 10-ի հանրահավաքին

Սիրելի’ ժողովուրդ

Այն ամենը, ինչ կասեմ ձեզ այսօր, խնդրում եմ չընկալել զուտ նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Այն պարզ պատճառով, որ նոր բան չեմ ասելու, ասելու եմ այն, ինչ մենք ասում ենք վաղուց, ասում ենք անընդհատ: Եվ հենց դա է նաեւ մեր հիմնական տարբերությունն ուրիշներից:

Մենք չենք խոսում եւ չենք գործում ընդամենը քարոզարշավից քարոզարշավ, ընտրությունից ընտրություն: Մենք գործում ենք ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան, ինչպես` զարկերակը: Հիմա ես ուզում եմ, որ դուք դնեք ձեր մատն այդ զարկերակին, սիրելի’ ժողովուրդ:

Գուցե տարբեր լինեն խոսքիս շեշտադրումները, բայց անփոփոխ է բովանդակությունը, ինչպես, ցավոք, չի փոխվում մեր կյանքը: Հոգնել ենք, խռովվում է մեր հոգին` տեսնելով շուրջը տիրող անարդարությունը: Անկախությունից 20 տարի հետո հայ մարդը չի կարողանում իր աշխատանքով պահել իր ընտանիքը: Մի՞թե սա լինելու բան էր: Ինչպե՞ս մենք հասանք այս հանգրվանին:

Բացարձակապես ոչ չարախոսելով, այլ դժգոհությամբ, ափսոսանքով եւ մեծ անհանգստությամբ ենք արձանագրում, որ մարդիկ, աշխատանքի, ապրելու նվազագույն պայմանների փնտրտուքով, հանուն իրենց ընտանիքների, լքում են նույն այդ ընտանիքները, թողնում են իրենց հայրենիքը: Դատարկվում են համայնքները, գյուղերը, սահմանամերձ շրջանները: Երիտասարդներ, որոնք մեծ հույսերով դպրոց են գնացել, համալսարան են հաճախել, զինվորական ծառայություն են անցել, հետո հայտնվում են անօգնական վիճակում` չեն կարողանում կյանքի ասպարեզ մտնել, չեն կարողանում սեփական ոտքերի վրա կանգնել եւ թողնում են ու հեռանում իրենց երկրից, անպաշտպան թողնում սահմանները, վտանգում հայրենիքը:

Սրտի կսկիծով, պատասխանատվության գիտակցությամբ ու ընդվզումով ենք արձանագրում նաեւ, որ մեր երկրում ոչ միայն չի պակասում, այլեւ աճում է աղքատությունը: Այնինչ` մենք այլեւս չպետք է ունենայինք աղքատություն երեւույթն ընդհանրապես: Ո՞վ պետք է զբաղվի մեր քաղաքացիների համար աշխատանք ապահովելու հարցով, ո՞վ պետք է աշխատող մարդու համար բարօր կյանքի պայմաններ ապահովի, ո՞վ պետք է վերացնի մասսայական արտագաղթի պատճառները, ո՞վ պետք է ծրագրի եւ աշխատանք տանի, որպեսզի մեր երկրում չունենանք աղքատություն: Թվում է, թե պատասխանը միանշանակ է` մարդկային հասարակությունը հավաքական իր կյանքը կազմակերպելու, ուղղություն տալու, ներքին համերաշխություն ստեղծելու, զարգացման պայմաններ ստեղծելու համար կերտել է պետականությունը, սակայն պետականության ուժ ու բովանդակություն են տալիս պետական ղեկը ստանձնած իշխանությունները, իրենց գաղափարականությամբ, հստակ արժեքային համակարգով ու ձեռներեցությամբ: Մենք մինչ այժմ այդպիսի իշխանություններ չենք ունեցել:

Մի՞թե լինելու բան է, որ մի երկրում իշխանությունը ավելի շատ վերցնի ժողովրդից, քան տա: Մինչդեռ մեզանում հենց այդ պատկերն է: Քեզանից միայն վերցնում են, սիրելի’ ժողովուրդ, վերցնում են անընդհատ, վերցնում են աջուձախ, վերցնում են անխնա: Վերստին ցավով ենք արձանագրում, որ մինչ այժմ մենք չենք ունեցել իշխանություն, որ հոգատար լիներ իր ժողովրդի հանդեպ, որի համար նպատակ լիներ, պատասխանատվություն զգար, պարտավորվածություն զգար, իր քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծել: Իշխանություն, որն ամեն ճիգ ի գործ դներ արտագաղթի պատճառները վերացնելու: Իշխանություն, որն, անհրաժեշտություն զգար, պարտականություն զգար, հանձնառություն վերցներ կյանքի նոր ասպարեզ մտած երիտասարդի համար աշխատանք ստեղծել, բնակարանով ապահովել, օգնել նրանց հասարակական կյանքը կազմակերպելու համար, զարգացման պայմաններ ապահովեր: Իշխանություն, որն ամոթ զգար, որ մեր երկրում աղքատություն կա, եւ իր առաքելությունը համարեր այդ երեւույթը վերացնելը:

Մենք չենք ունեցել այդպիսի իշխանություններ, որովհետեւ բացակայել է արժեքային համակարգը: Մեր իշխանությունները, ցավոք, ձգտել են մեր նորանկախ հայրենիքում ձեւավորել հարուստների դասակարգ, դրամատերերի դասակարգ, նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այդ դասակարգը ավելի ու ավելի հարստանա, հերն էլ անիծած, թե աղքատներն էլ ավելի չեն աղքատանա, հերն էլ անիծած, թե միջին խավ մեզանում այդպես էլ չի ձեւավորվի: Արդյունքում, այսօր ունենք այն, ինչ ունենք` բեւեռացած հասարակարգ, ուր մի կողմում մեծ հարստությունն իր մոտ կենտրոնացրած փոքրամասնությունն է, մյուս կողմում` աղքատության շեմը չհաղթահարած մեծամասնությունը: Ուր մի կողմում անօրինական մենատերներն են, մյուս կողմում` միջոցներից զուրկ սպառող հասարակությունը, ուր գերիշխում է չարչիական տնտեսությունը, ուր չկա ներքին արդյունաբերություն, իսկ երբ կա, այն պաշտպանված չէ չարչիական ոտնձգություններից:

Հրապարակի վրա առկա ուժերը, մասնակի բացառություններով, այս տնտեսական քաղաքականության հեղինակներն են, այս արժեքային համակարգի կրողները, նրանք իշխանության գալու դեպքում կարող են մի քիչ լավ կամ վատ աշխատել, բայց մեր կյանքում, ժողովրդի կյանքի պայմաններում բան չի փոխվելու:

Եվ ուրեմն այս անելանելիության մեջ ո՞րն է ելքը: Հին առասպելներում անելանելի վիճակում հայտնված մարդիկ գնում էին իմաստունի մոտ: Մեր նոր առասպելում եւս եկել է իմաստունի մոտ գնալու ժամանակը: Նոր առասպելի իմաստունը հենց Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, սիրելի’ ժողովուրդ: Մեզ իմաստնացրել է մեր երկար կենսագրությունն ու փորձը, մեր անսասան նպատակասլացությունն ու սկզբունքայնությունը, մեր հանդուրժելու ու չհանդուրժելու կարողությունը, մեր հարատեւ պայքարը` վերջապես:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ կարող է փոխել մեր կյանքը, մենք ենք, որ վերջ ենք դնելու այսօրվա ապիկար տնտեսական քաղաքականությանը: Դաշնակցությունն է, որ կարող է բեկանել մեր կյանքում առկա անարդարությունները: Դաշնակցությունն է, որ կարող է տեր կանգնել անգործներին, վերջ դնել աղքատությանը` մեր երիտասարդներին ամուր կապելով այս երկրի եւ այս երկրի ճակատագրի հետ, նրանց համար ապահովելով բարօրություն եւ զարգացում: Դաշնակցությունն է, որ կարող է մեր հասարակության մեջ ապահովել համերաշխություն: Դաշնակցությունն է այդ ուժը, որովհետեւ հավատում է այլ արժեքային համակարգի, ուր տիրական է արդարությունն ու ազատությունը, իսկ ազգային արժանապատվության հիմքում ընկած է հայ մարդու անհատական արժանապատվությունը: Դաշնակցությունն է այդ կազմակերպությունը, որովհետեւ ազգային եւ սոցիալիստական կուսակցություն է: Սոցիալիզմը բխում է մեր արժեքային համակարգից ու ազգային էությունից:

Մենք հավատում ենք, որ ազգային հեռանկար ունեցող եւ այդ հեռանկարին իրապես ձգտող ազգի մեջ պետք է տիրի արդարություն, բարօրություն ու համերաշխություն: Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք հզոր կազմակերպված պետություն, որի շուրջ համախմբված լինի ժողովուրդը եւ ձգտի իր ազգային հեռանկարին, եւ դա չի կարելի իրականացած տեսնել, եթե պետությունը իրական պատասխանատվություն չի կրում իր ժողողվրդի աշխատանքի, բարօրության եւ զարգացման համար: Խոցելի է մեր պետականությունը, քանի դեռ մեզ մոտ կա անարդարություն, քանի դեռ կանգ չի առել արտագաղթի հոսքը, քանի դեռ առկա է աղքատությունը, քանի դեռ մեր երիտասարդությունը հնարավորություն չունի նույնացնելու իր ճակատագիրը հայ ժողովրդի ճակատագրի հետ: Խոցելի ենք, որովհետեւ այնտեղ, ուր կա անարդարություն, աղքատություն եւ թշվառություն, անխուսափելի են քաղաքական, հասարակական ցնցումները, ներքին առճակատումները, արտաքին միջամտությունները, թշնամական սպառնալիքները:

Համատարած անարդարության, աղքատության, անգործության պայմաններում որեւէ իշխանություն չի կարող ժողովրդական հենարան ունենալ, եւ ինչպես մեզ մոտ է պատահում, իշխանությունները պարտավորված են լինում իրենց ինքնանպատակ իշխանությունը պահելու համար մի կողմից` ներքին կյանքում հենվել օլիգարխների, հանցագործ տարրերի եւ կեղծիքների վրա, իսկ մյուս կողմից` արտաքին ճակատում զիջել մեր ինքնիշխանությունից ու նահանջել որդեգրված ազգային ուղեգծից: Արդյունքում մի կողմից խորանում են հակասությունները հասարակության մեջ, օլիգարխներն ու հանցագործ տարրերը դառնում են ավելի ու ավելի սանձարձակ, ընտրությունները վերածվում են քվեահավաքի, իսկ քաղաքական իշխանությունները` օլիգարխների ու հանցագործների սպասարկող ապարատի: Իսկ մյուս կողմից` օրըստօրե մեծանում է արտաքին ուժերի, դեսպանատների դերակատարությունը մեր երկրում, որոնք իրենց թույլ են տալիս միջամտել մեր ներքին հարցերին, իսկ շատ ու շատ քաղաքական ուժերի համար, ավաղ, նրանց քծնելն ու սպասարկելը դառնում է սովորական երեւույթ ու սպառնալիք մեր ազգային անվտանգության համար:

Եվ դեռ ավելին, իշխանությունները անզոր ու անճարակ ներքին դժգոհության պատճառները վերացնելու հարցում, փորձում են սիրաշահել, բավարարել օտար պահանջները, որպեսզի ունենան հնարավորություն` զսպելու ներքին դժգոհությունն ու խռովությունը ու այսպիսով արտաքին քաղաքականության ասպարեզում որդեգրում են պարտվողական, արկածախնդրական քաղաքականություն: Ես այլկերպ չեմ կարող կոչել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունների ստորագրումը, որը միաժամանակ թե’ ազգային անվտանգության տարրական սկզբունքների անտեսում էր, թե’ ազգային արժանապատվության ոտնահարում եւ թե’ սերունդների իրավունքի վրա բռնացում:

Մի՞թե չենք կարողանում հասկանալ, երբ նույնիսկ իրենց է ապացուցված, որ այդ արձանագրությունները սխալ էին: Մի՞թե, տեսնելով Թուրքիայի նորանոր թշնամական դրսեւորումները, կարելի է այդքան համառել եւ հետ չվերցնել ստորագրությունը այդ չարաբաստիկ արձանագրություններից: Մենք խոստանում ենք` ձեր վստահության քվեն ունենալու դեպքում մեր առաջին քայլերից մեկը այդ արձանագրությունները պատմության աղբարկղ նետելն է լինելու: Մենք պետք է վերջ դնենք այս իրողություններին, մենք պետք է փոխենք մեր կյանքը, այս ընտրությունների միջոցով ու արդյունքում` հանձին Հայ Յեղափոխական Դաշնակցության, բովանդակությամբ նոր իշխանություններ ձեւավորենք մեր երկրում:

Իմաստունին վստահելու ժամանակն է, սիրելի’ ժողովուրդ:

Leave a Comment