RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մեզ համար հեղափոխականությունը ինքնանպատակ արժեք չէ

Posted on February 2, 2001, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը ՀՅԴ 110-ամեակի հանդիսութեան

Սիրելի ժողովուրդ,

Ավանդույթ է՝ տասնամյակներով կայուն ավանդույթ. յուրաքանչյուր տարվա մեջ մի օր մեր կազմակերպությունը տարբեր երկրներում Դաշնակցության օրն է նշում: Բնականաբար՝ ոչ իբրև ինքնագովերգում, ինքնափառաբանում, այլ սթափ ու զգոն հայացքով անցյալը քննելու, առաջին հերթին չարածը տեսնելու, սխալները գիտակցելու, անելիքները ճշգրտելու, առաջ ընթանալու մե՛ր օրն է այդ:
Ահա մեր այդ օրն է, և դաշնակցական ամբողջ ընտանիքի անունից ես շնորհակալ եմ, որ մեզ հետ եք այսօր: Կարծում եմ՝ մեր հասարակությունը նաև այս օրվա միջոցով իր կուսակցություններից մեկին, իր Դաշնակցությանը ավելի լավ ճանաչելու առիթ կունենա:
Քաղաքական պատմության մեջ դար ու 10-ը տարի: Առանձնացված այս տասը տարին է շեշտվում՝ իբրև հայրենիքում, հայոց անկախ պետականության մեջ գործելու շրջան, և սա մեզ համար բնութագիր է՝ ներկա ու ապագա մարտահրավերներին պատրաստ լինելու կենսակերպ:
Սա հաստատում է, որ մենք անցյալում չենք. ժամանակին համընթաց վերամարմնավորվելով՝ փորձում ենք անխաթար պահել մեր էությունը, վճռականորեն հավատում ենք մեր պետության ու ժողովրդի ապագային և այդ ապագայում էլ անմնացորդ ծառայելու ենք պետական, ազգային ու համամարդկային արժեքներին:
Ա՛յս է օրվա խորհուրդը: Եվ միշտ «Դաշնակցության օրը» ամփոփվել է պարզ մի գիտակցությամբ. իբրև քաղաքական կազմակերպություն դեռ որքան շատ բան ունենք անելու: Այսօր էլ նախապես շեշտում եմ. մենք շատ գործ ունենք:

Հայաստանն ու հայ ժողովուրդն են Հ.Յ.Դաշնակցության ալֆան ու օմեգան:
Այդպես եղել է, ադպես է և լինելու է այդպես: Ցանկացած հավաքական երեւույթ, հիմնահարց, ցանկացած իրադրություն մենք գնահատել ենք՝ մեկնակետ ունենալով հայության հավաքական շահերը. ու այդ ոսպնյակով ենք նայել աշխարհին:
Մեր գոյության պատճառը Հայաստանն է ու հայ ժողովուրդը:
Դաշնակցությունը եկավ՝ հնարավոր դարձնելու Հայաստանի, հայ ժողովրդի գոյությունը, նրա ազատ ու բազմակողմանի զարգացումը:
Մեր ուժի միակ աղբյուրը բխում է հայ ժողովրդի կենսափորձից: Այսքան տարի մենք ապավինել ենք մեր ժողովրդի գիտակից համակրանքին միայն:
Դաշնակցական շարքայիններիս անմնացորդ նվիրվածությամբ ու անսակարկ սկզբունքայնությամբ է պայմանավորվել մեր կենսունակությունը, մեր պայքարի թափը:
Մեր հարատևության պատճառը դարի հրամայականները, քաղաքական իրավիճակները, Հայաստանի, հայ ժողովրդի առարկայական ու ենթակայական պայմանները սթափ հաշվի առնելու, դրանց համաքայլ ընթանալու, բայց նաև դրանց գերին չդառնալու, ծնկի չգալու, ելք գտնելու, դժվարությունները հաղթահարելու, մեր ճամփան հարթելու, մեզ՝ մեր չափով, աշխարհին պարտադրելու մեջ է կայացել:
Եվ այսօր, Մեկ դար ու տասը տարվա պատմությամբ, մեր հաղթանակներով, որ մասն են հայ ժողովրդի պատմության, մեր պարտություններով, որ դարձել են փորձ ու փորձառություն, որ ամեն ժամ ու պահ զգաստության, զգոնության մղող պարտավորեցնող ահազանգերի են վերածվել մեզ համար, մենք ներկայանում ենք ձեզ Հ.Յ.Դաշնակցության այս տոնակատարությամբ:
Մեկ դար ու տասը տարվա մաքառումի, պայքարի պատմությանը չեմ անդրադառնալու այսօր, ոչ էլ հավակնում եմ Հ.Յ.Դ.-ի գործունեության ու դերի ամբողջական գնահատականը տալ: Կփորձեմ պահի ու խոսքիս տրամաբանության սահմաններում շեշտել առավել ցայտունը, էականը:
Դաշնակցության պատմությունը երեք փուլով է պատկերանում այսօր: Առաջինը 1890-1923 թվականներն են:
Դաշնակցությունը ծնունդ առավ, երբ վտանգված էր հայ ժողովրդի գույությունը, երբ դարեր շարունակ ժողովրդի միմիանցից բաժանված առանձին հատվածները ապրում էին տարբեր քաղաքական պայմաններում, տարբեր կայսրությունների սահմաններում: Երբ Օսմանական Թուրքիայում հետևողականորեն իրագործվում էր հայ ժողովրդի բնաջնջումը, երբ Ցարական Ռուսաստանը որդեգրել էր þհայաստան առանց հայերիþþ նշանաբանը:
Երբ Հայոց աշխարհից դարեր շարունակ բացակայում էր հայկական պետականությունը: Երբ հայ նախարարական տները հեռացել էին օտար աշխարհներ, երբ դարերի վրա երկարող ազգի բաժանումն ու օտարի լուծը իշխում էր այլեւս հոգիների վրա, երբ տարածաշրջանային ու տեղական քաղաքական միջավայրում իսպառ բացակայում էինք իբրև ինքնուրույն ուժ ու ներկայություն: Ահա այս օրհասական փուլում հայ ժողովուրդը ծնունդ տվեց Հ.Յ.Դ.-ին:
Կազմակերպված մակարդակի բարձրացավ Հայ ազգային ազատագրական պայքարը, ինչի շնորհիվ պայքարի դաշտում վերամիավորվեցին մեր ժողովրդի երկու հատվածների՝ արեւելահայ-արեւմտահայ ընտրանիները: Կովկասյան՝ համեմատաբար ապահով պայմաններից հրաժարվեցին հազարավոր հայորդիներ ու դեպի երկիր, դեպի Արեւմտահայաստան ուղղվեցին՝ սեփական ժողովրդի առավել վտանգված մասի հետ կիսելու մեզ բաժին ընկած ճակատագիրը: Իսկ երբ կովկասում վտանգված էր Արեւելահայ հատվածը, Արեւմտահայաստանից՝ արդեն կազմավորված մարտական խմբերը եկան նույն ժողովրդի ճակատագրին տեր կանգնելու: Հազարավոր հայորդիներ ընկան, մեկ ազգի զավակները՝ մեկ, միացյալ ազգի ու հայրենիքի պաշտպանությանն ի խնդիր: Արյամբ վերականգվեց ազգի միությունը՝ ի հեճուկս հայ ժողովրդի թշնամինների:
Ազգային ազատագրական պայքարի շնորհիվ վերակերտվեց նաեւ հայ մարտական ուժը: Մարտական այն ուժը, որ առաջին հերթին նպատակ ուներ մաքրել հայի հոգում նստվածք թողած ստրկության փոշին, ստրկամտությունը: Այդ ուժն էր, որ փորձեց դիմակայել թշնամու սանձարձակ անիրավություններին: Այդ ուժն էր, որ կարողացավ քաղաքական մակարդակի բարձրացնել անկազմակերպ, սպառվող ժողովրդին:
Եվ վերջապես, նույն կազմակերպված, արդեն քաղաքական-մարտական ուժն էր, որ առաջին աշխարհամարտի թոհ ու բոհում կարողացավ փրկել Հայաստանն ու հայ ժողովուրդը վերջնական ոչնչացումից, որ ծնուննդ տվեց Հայկական անկախ պետականությանը մի պետականություն, որ հիմնական երաշխիքն ու ապավենն էր վաղվա Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի:

Երկրորդ փուլը 1923-ից 1988 երկարող շրջանն էր:
Հայությունը դիմագրավում էր քաղաքական մի նոր երեւույթ. ձևավորվում էր հայկական սփյուռքը, հսկա աշխատանք կար, տեր, կազմակերպված ուժ էր պետք, և Դաշնակցությունը կարելին ու անկարելին արեց՝ ի խնդիր հայապահպանության ու Սփյուռքի կազմակերպ գոյության:
Սփյուռքը քաղաքական երեւույթ էր, ու հունավորվեց քաղաքական պայքարը: Այն, ինչ ի վիճակի չէր անելու Խորհրդային Հայաստանը, արեց Սփյուռքը: Արդյունքում քաղաքական ասպարեզում արծարծված մնաց Հայ դատը, անկախ, ինքնուրույն հայ քաղաքական ուժը գոյառեց:

Եվ վերջապես երրորդ՝ ամենքիս համար ճակատագրական փուլը՝ 1988-ից այսու:
Ավելի քան տասը տարի է, հավատարիմ իր սկզբնական նպատակներին ու էությանը, Դաշնակցությունը կանգնած է հայրենի հողում: Եթե նույնիսկ փորձենք միայն վերջին տասնամյակի գործունեությամբ ներկայանալ մեր ժողովրդին, վստահ եմ՝ դարձյալ կընկալվենք իբրեւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն:

Մասնակցություն Ղարաբաղյան ազատագրական պայքարին:

Իշխող ապազգային, նաև՝ ապապետական ուղղությանը հակադրվելով՝ ազգային պետական քաղաքականության, ազգային գաղափարախոսության արմատավորում եւ հաստատում:

Պայքար երկրում ձեւավորված բռնապետության դեմ:

Հետեւողականություն քաղաքական ուղղության, սկզբունքայնության, բարոյական դիմագծի պահպանման հարցերում:

Անհրաժեշտ վսահություն՝ չկորցնելու համար սեփական ինքնուրույնությունը, անկախությունը՝ չտրվելով որեւէ գայթակղության, պահպանելով մեր կեցվածքների, գործունեության ազատությունը:

Հավատարիմ ՙմեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պայքար՚ նշանախոսքին, ի հեճուկս բոլոր ճնշումների, Դաշնակցությունը տեղի չտվեց, չդարձավ զուտ երկրային կուսակցություն, պահեց իր էությանը, համազգային իրողությանը համարժեք կազմակերպական դրվածք:

Նախքան մեր այսօրվա եւ վաղվա հարցերին անդրադառնալը, փակագիծ բացեմ ու անդրադառնամ մի երեւույթի, որ միշտ ընկերակցել է մեզ:

Մենք ընդհանրապես փորձում ենք քիչ արձագանքել մեր դեմ եղած չարախոսություններին, ինքնանպատակ հակադաշնակցական պայքարին: Հակադաշնակցական պայքարը մեզ ներկայացնում է իբրեւ օրվա իշխանություն, իբրեւ սփյուռքյան կուսակցություն, մեր հեղափոխականությունը՝ արկածախնդրություն, մեր ընկերվարությունը, սոցիալիզմը՝ կոմունիզմ, մեր ազգայնականությունը՝ ազգայնամոլություն:
Դար ու տաս տարի…Ու ողջ ուղու ընթացքում պայքար Դաշնակցության դեմ թե՝ ներազգային, թե միջազգային ճակատներում: Վերլուծելով այդ ամենի տրամաբանությունը՝ հանգում ես մի եզրակացության. անմիջական թիրախը Դաշնակցությունն է՝ իր ազգային գաղափարախոսությամբ, իր անկախություն-ինքնուրույնությամբ, բայց բուն նշանակետը հայության ու հայկական պետականության ինքնուրույնությունն է:

Նախ՝ արդյո՞ք Հ.Յ.Դ.-ն օրվա իշխանություն է:

Կարծում եմ՝ կույրը նույնիսկ տեսնում է, թե ո՛վ է իշխանություն: Ոչ էլ մեկ-երկու դաշնակցականի պետական պարտականություն ստանձնելը նրանց թյուրիմացության է մատնել: Նրանք պարզապես քաջ գիտակցում են Հ.Յ.Դ.-ի իրական ներուժը, օրավուր ընդարձակվող ժողովրդականության հնարավորությունները: Նրանք գիտեն, որ վաղվա օրը մերն է, մեր արժեքներինն ու մտածողությանը, եւ այսօրվանից փորձում են, այլոց թերություն-ձախողումները մեզ վերագրելով, կանխել մեր երթը:

Վերջին տասը տարիներին նաեւ շրջանառության մեջ դրվեց, թե Դաշնակցությունը սփյուռքյան կուսակցություն է: Որոշներն էլ շեշտելով, թե Դաշնակցությունը ազգային արժեք է, միաժամանակ ուզում էին, որ Դաշնակցությունը մնա իրենցից հեռու, մնա սփյուռքյան կուսակցություն:

Կարծում եմ՝ նման զրույցների ժամանակն անցել է. Դաշնակցությունը այլեւս կայացած կուսակցություն է՝ ի հեճուկս հակառակորդների, ի ուրախություն մեր ժողովրդի: Իսկ եթե կան շրջանակներ, որ կարծում են, թե Հ.Յ.Դ. -ն զբաղեցրել է իրենց տեղը, հայտարարում ենք՝ մեր դռները բաց են յուրաքանչյուր հայի առջեւ, եթե նա լրացնում է մեր կանոնագրով սահմանված չափանիշները:

Արկածախնդրությո՞ւն է մեր հեղափոխականությունը:

Նախ՝ հեղափոխականությունը մենք որդեգրել ենք իբրեւ ազգային ազատագրական պայքարի գործելակերպ: Մեզ համար հեղափոխականությունը ինքնանպատակ արժեք չէ: Վկա հայրենի երկրում անցյալ տասը տարինների մեր գործունեությունը՝ թե՛ ղարաբաղյան, թե՛ ներազգային ճակատներում:

Այո, մենք չենք կարող հաշտվել բռնության հետ, մենք չենք կարող համակերպվել անարդարության հետ, մենք չենք կարող լռել, երբ փորձում են մեզ իբրեւ ազգ կոտրել, մեր իրավունքները մեզանից խլել:

Ամենավառ ապացույցը Ղարաբաղի ազատագրական պայքարին մեր մասնակցությունն է: Մեր կուսակցության հանդուգն նկարագիրը, հեղափոխական գործելակերպի նկատմամբ հավատքն էր, որ մեզ մղեց կանգ չառնել դժվարությունների, հալածանքների, մանավանդ՝ ապօրինաբար ստեղծված արգելքների դեմ: Բայց չէ՞ որ ամբողջ ազգը հեղափոխական էր այդ առումով: Գիտեմ՝ հենց դրանից էին դժգոհ…

Եվ, երբ Դաշնակցության գործունեությունը արգելվեց սեփական Հայրենիքում, երբ շղթայազերծվեց դաշնակցականների, դաշնակցական մտքի դեմ պետականորեն կազմակերպված համընդհանուր հալածանք. Հ.Յ.Դ.-ն, հավատարիմ իր հեղափոխական նկարագրին, ծունկի չեկավ, չհամակերպվեց բռնությանը, չնահանջեց: Եվ որովհետեւ Դաշնակցության հեղափոխականությունը ինքնանպատա չէ, արկածախնդրություն չէ, հանուն ավելի բարձր արժեքների, նույնիսկ սեփական կուսակցության արժանապատվության հաշվին, սեղմելով ատամները, դիմացավ, դիմանալով պայքարեց ու շարունակեց մնալ երկրի ազատության, ժողովրդավարականացման դրոշակակիրը, այդուամենայնիվ մնաց զուսպ ու հավասարակշռած: Եվ չենք էլ զղջում այդ ամենի համար:

Այսօր չկան այդ իշխանությունները, սակայն կա ու կմնա հայրենի երկրին փաստացի վերամիավորված, ազատագրված Արցախը:

Մեր Ընկերվարության մասին:

Նախ՝ ընկերվարությունը մեզ համար ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսության անբաժանելի մասն է: Մենք ձգտում ենք սոցիալական արդարության, գտնում ենք, որ մեր պետականության մեջ պետք երաշխավորված լինի ազգային միասնականության իրական հիմքը. պետությունը պետք է անապահով խավերի տերն ու պաշտպանը լինի:

Սեփական երկրում անարդարության ենթակա ժողովուրդը չի կարող ազգային, պետական, համամարդկային խնդիրներ առաջադրել ու լուծել: Ներազգային ճակատում մենք ձգտում ենք համերաշխության, այլ խոսքով՝ սոցիալական բոլոր շերտերի համերաշխ գոյակցության:

Ազգայնամո՞լ ենք մենք: Ազգային՝ այո: Այգայնամոլ չենք եղել երբեք: Նախ՝ մեր ժողովուրդն իր բնույթով, հոգեկերտվածքով այդպիսին չէ: Ապացույց՝ նրա աշխարհասփյուռ հատվածների խաղաղ, համերաշխ կենսակերպը տարբեր դավանանք, արժեքներ ունեցող երկրներում: Ի՞նչ ազգայնամոլության մասին է խոսքը, երբ Դաշնակցությունը դեռևս 1902թ.-ին է անդամագրվել սոցիալիստական ինտերնացիոնալին: Մենք ատելություն, թշնամանք չենք տածում որևէ ազգության հանդեպ: Մենք պարզապես հարգում ենք մեզ, նույնը պահանջում ենք ուրիշներից և հարատև պայքարելու ենք, որ մեր ժողովուրդը՝ իր արարող աշխատանքով, մեր պետությունը՝ իր կազմակերպվածությամբ, իր ինքնուրույնությամբ, քաղաքացիական հասարակությամբ առավել կարևորվի աշխարհում և առավել հարգանքի արժանի դառնա:

Ներկա քաղաքական դաշտում Դաշնակցության տեղի ու դերի մասին.
իշխանամե՞տ է Դաշնակցությունը, թե՞ ընդդիմադիր: Որոշ շրջանակների ՙլրջորեն՚ մտահոգում է այս հարցը: Բանն այն է, որ այդ մարդիկ գրքերում կարդացել են. կուսակցությունները կամ իշխանամետ են լինում, կամ ընդիմադիր: Կաղապարված՝ նրանք գլուխ չեն հանում Դաշնակցությունից: Նախ՝ մենք գրքային կուսակցություն չենք: Մենք կողմնորոշվում ենք մեր իրականությամբ ու մեր երկրի շահերով. ճիշտ այդ պատճառով է, որ ոմանք չեն կարողանում հասկանալ մեզ, ավելի ստույգ՝ չեն ուզում հասկանալ: Իրենց պրոբլեմն է:

Այսօր տարածաշրջանային մեր երկրի իրողությունները մեզ թելադրում են օրվա ամենակարեւոր հարցը համարել Հայաստանի քաղաքական կայունությունը: Այսքանը բավարար է արդեն մեր կեցվածքը հասկանալու համար:
Սակայն հստակեցնեմ մեր մոտեցումներն, ընդհանրապես:

Հայրենի նոր իշխանությունները, գոնե մինչ այժմ, արտաքին քաղաքականության մեջ որդեգրած ազգային ուղղուածությամբ էականորեն տարբերվում են ՀՀՇ-ական վարչակազմից, իսկ ներազգային-ներպետական կյանքում դրսևորված հանդուրժողականությամբ, խոհեմությամբ հեռանում են ՀՀՇ-ական ժամանակաշրջանի բռնությունների քաղաքականությունից:

Սոցիալ¬տնտեսական կադրային քաղաքականության եւ երկրում համակարգային փոփոխությունների առումով կիրառած քաղաքականությամբ, ցավոք, շարունակում են մնալ նախորդ իշխանությունների օրոք ստեղծված ընդհանուր կացության մէջ:

Հասկանալով հանդերձ, որ այսօրվա սոցիալ-տնտեսական դժվարությունները նաև անցյալի ժառանգությունն են,
Գիտակցելով հանդերձ, որ Հայաստանում դեռևս բացակայում է ամբողջական քաղաքական պատասխանատվություն կրող, ռէալ՝ իշխանություն ունեցող որեւէ ուժ,
Չանտեսելով հանդերձ ՀՀՇական մտածողության, ռևանշիստական ուժերի վերադարձի վտանգը, հասկանալով նրանց կողմից իշխանություններին պատեհապաշտորեն դատապարտող կեղծ արշավի հետ նույնացվելու անպատեհությունը,
Հաշվի առնելով Հոկտեմբեր 27ից հետո երկրում՝ թե՛ իշխանությունների մակարդակում, թե՛ ժողովրդային¬հոգեբանական ընկալման առումով ստեղծված վտանգավոր, զգայուն, դյուրաբեկ վիճակը,
Այդուամենայնիվ՝ մեզ համար անընդունելի է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, որին զոհ են գնում միջին, անապահով խավերը՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը:

Մեզ համար անընդունելի՛ են երկրում գործադրվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքները, համատարած կոռուպցիան, տնտեսական բնագավառում առկա մենաշնորհները, արտաքին-տնտեսական հարաբերություններում սեփական տնտեսության ինքնուրույնության եւ հզորության վտանգումը, ժողովուրդ-պետություն փոխհարաբերություններում անարդարության աչք ծակող գոյությունը:

Արտագաղթի հարցում. չնսեմացնելով արտաքին որոշ ուժերի քաջալերող, դյուրություններ ընձեռող քայլերը, ինչպէս նաեւ՝ ծայր աստիճան խուճապ ստեղծելու նպատակադրումով չափազանցված քարոզչության դերը, չարդարացնելով ընդհանրապես արտագաղթը, պետք է հաստատել, որ մեր ժողովրդի հուսահատությունը, բարոյալքումը հետեւանք են ոչ այնքան արտաքին ճնշումների, որքան ներազգային կյանքում համեցող անարդարության: Պետականությունը պարտավոր է հստակ ծրագրով պայքարել արտագաղթի պատճառների, այն քաջալերող ու դյուրացնող ուժերի դեմ: Արտագաղթը այսօր հոգեբանական պայքարի միջոց է, որով փորձում են ընկճել մեր ժողովրդին: Մեր պետականությունը չի կարող ձեռնածալ մնալ, չի կարող դիտորդի դեր ստանձնել:

Մեր նորաստեղծ պետականությունը պետք է ազգային անվտանգության երաշխիքներ ձևավորի, պետք է առաջնորդվի ազգային անվտանգության հրամայականներով: Այդ առումով անհրաժեշտություն է ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը: Եվ վերջապես մեզ անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրակայված Անվտանգության Խորհուրդ՝ համապատասխան աշխատող մեխանիզմներով:

Հարկ է վերանայել երկրում առկա սոցիալ-տնտեսական ուղղուածությունը: Այն պետք է ունենա էականորէն սոցիալական կողմնորոշոմ՝ հետամուտ ընկերային արդարության, ժողովրդի բոլոր խավերի միջեւ համերաշխության պահպանմանը:

Հարկ է վերջ տալ ներքին դասավորումներով շարունակվող տնտեսական մենաշնորհներին:

Անհրաժեշտ պայման է երեկ ու այսօր կատարված տնտեսական անօրինականությունների, չարաշահումների, թալանի արդյունքում երկրի ու ժողովրդի կրած վնասների վերականգնումը, մեղավորներին օրենքով պատասխանատվության կանչելը՝ անկախ հանգամանքներից, դիրքից ու կապերից:

Երկիրը քայքայող կոռուպցիայի դեմ համակարգված պետական պայքարը առաջիկա տարիների հրամայականն է:

Վերջ պետք է տալ իրավիճակային քաղաքականությանը, քաղաքական պատեհապաշտությանը, հիմնական արժէքների ու սկզբունքների հաշվին կատարվող քաղաքական սակարկություններին ու խաղերին, չարդարացվող զիջողականությանը:

Չխուսափելով ամբողջական պատասխանատուություն վերցնելու մարտահրավերից, հայտարարում ենք, որ իշխանություն դառնալը մեզ համար չի եղել, չի կարող լինել ինքնանպատակ: Այո, մենք պատրաստ ենք հարկ եղած դեպքում ամբողջական պատասխանատվություն ստանձնել, բայց մենք նաև բաց ենք երկխոսության առջև, քաղաքական ու հասարակական առողջ բոլոր ուժերի հետ պատրաստ գործակցության:

Մեր իսկ կողմից ժամանակին պաշտպանված հանրապետության նախագահից մենք ակնկալում ենք առավել ակտիվություն, սկզբունքայնություն, վճռականություն՝ իր նախընտրական խոստումների ու ծրագրերի գործադրման ուղղությամբ: Միայն այդ պարագայում նա կարող է վստահ լինել, որ վայելելու է մեր ամբողջական համագործակցությունն ու զորակցությունը:

Այլապէս՝ մեր երթը շարունակվելու է: Մեր երթը շարունակվում է ընդհանրապե՛ս, հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության համար մղվող մեր պայքարով:

Ղարաբաղյան ճակատում մենք ընտրել ենք Արցախի հայկականությունից ոչ մի զիջում ուղին: Ո՛չ մի զիջում Արցախի ինքնորոշման, մայր հայրենիքին վերամիավորման իրավունքից: Ո՛չ մի զիջում Արցախը մայր հայրենիքին միացնող սահմաններից: Ո՛չ մի զիջում Արցախի անվտանգութեան երաշխիքներից: Ո՛չ մի զիջում բռնագրավյալ Շահումյանին ու Գետաշենին, Մարտակերտի դաշտային մասերին վերատիրանալու մեր իրավունքից: Արցախի փաստացի ազատագրման չափ մեծ, զգոն, բոլորանվեր, համազգային ճիգ ու ջանքի, հետևողական ուշադրության կարիք ունի Արցախի ազատագրումը հավերժացնելու հրամայականը, նրա իրավական ամրագրումը:

Արցախի հայության կողքին մեր Հայրենիքի, մեր սրտի ու հոգու մեկ այլ բեկորն է՝ Ջավախքը՝ ծանր ու դժվարին իր ներկայով: Կացություն, որ հետևանք է Վրաստանում տիրող քաղաքական բարդ իրավիճակի եւ տարածաշրջանում վրացական իշխանությունների վարած ոչ հեռատես քաղաքականության:

Մենք բարձր ենք գնահատում դարավոր հարեւան երկրի՝ Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Միաժամանակ Վրաստանի իշխանություններից ակնկալում ենք, որ բարյացակամ, հոգատար վերաբերմունք ցուցաբերեն իրենց իսկ քաղաքացիների՝ մեր հայրենակիցների հանդեպ: Թե՛ Վրաստանի բարօրության, թե՛ նրա պետական կայունության, նաեւ հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար կարևոր է, որ Սահմանադրության համապատասխան կետի հաստատման պահին չանտեսվի, չարհամարհվի Ջավախքին ազգային առանձին վարչատարածքային կարգավիճակ շնորհելու հարցը՝ Ջավախքի ինքնավարության իրավունքը:

Ինչքան էլ թանկ լինի մեզ համար Հայաստան-Վրաստան լավ հարաբերությունների պահպանումը, այդ բարեկամության զոհ չի կարող լինել հայկական Ջավախքը, որտեղ հայության մարդկային, ազգային եւ մշակութային տարրական իրավունքները հաճախ ոտնահարվում են, իսկ սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի խորացումով հայաթափման վտանգ է սպառնում շրջանին: Ժամանակն է համազգային ճիգ ու ջանքով, կազմակերպվածությամբ աջակցել Ջավախքի արդեն հրատապ այդ կարիքներին՝ կյանք ու ոգի տալով հայ եկեղեցու, դպրոցի, մշակութային օջախների եւ ընդհանրապէս մարդկային-ազգային իրավաունքների պաշտպանությանը կոչված կառույցներին:

Սփյուռքի մասին.

Հ.Յ.Դաշնակցությունը, հայկական պետականության վերականգման զուգընթաց, արտերկրի իր բոլոր կարելիությունները հայրենի իշխանության տրամադրության տակ դնելով, փորձեց հայկական սփյուռքի ուշադրության, գուրգուրանքի կիզակետը դարձնել երկրաշարժի հետեւանքները կրող, պատերազմի ծանրությունը դիմագրավող, նորաստեղծ պետականության դժվարությունները հաղթահարող հայրենիքը:
Եվ սփյուռքը եկավ իր կարելին տալու, նվիրաբերելու իր հայրենիքին, իր իրականացած երազին՝ անկախ Հայաստանին: Ցավոք, այն մնաց կես ճանապարհին, այն հանդիպեց ժամանակի իշխանությունների տեղայնամտությանը, մերժողական վերաբերմունքին:

ՀՀՇական վարչակազմը հետեւողականորեն հետապնդեց ազգը պառակտելու, տեղայնամտորեն ազգի առանձին մասեր իրար դեմ հանելու կործանարար կեցվածք: Սա օրենքի տեսք ստացավ՝ Սահմանադրության մեջ ներառնելով երկ-քաղաքացիությունը արգելող դրույթը: Վստահ ենք, որ նոր Սահմանադրության ընդունումով օրենքի ուժ կստանա երկ-քաղաքացիությունը, այլ խոսքով՝ սփյուռքահայերի հայրենի քաղաքացիություն ստանալու բնական իրավունքը:

Վերջին տասնամյակի փորձով Սփյուռքը ապացուցեց, որ օժտված է ոչ միայն բարեգործական, գթասիրական կարելիություններով ու հայրենիքին հասնելու պատրաստակամությամբ, այլ նաեւ քաղաքական ուժ է, որ լավագույնս կազմակերպելու, ուժեղանալու պարագայում՝ կարող է եղանակ ստեղծել թե՛ Հայ Դատի պայքարի, թե՛ հայկական պետականության ամրապնդման ու պաշտպանության առումով:

Այսօր փաստ է, որ քանդված է հայ ժողովրդի իրավունքների վերատիրացման պայքարի դեմ ցցված լռության պատը: Արդ ժամանակնէ, որ հայկական սփյուռքը իրական, ուղղակի մասնակցություն ունենա ընդհանրապես հայ ժողովրդի հիմնախնդիրների լուծման գործում, որի ծանրութեան կենտրոնը հայրենի պետականության հզորացումն ու ամրապնդումն է: Հզորացնելով հայկական պետականությունը՝ կուժեղանա ինքը՝ Սփյուռքը եւ գաղթօջախներում իր դիմագրաված օտարացման, ձուլման, սեփական ուժերի արտահոսքին լուծում կգտնի՝ վերածվելով կազմակերպ մեծ ուժի: Հզորացնենք սփյուռքը, որպեսզի հզորանա Հայրեհիքը, հզորացնենք հայկական պետականությունը, որպեսզի հզորանա սփյուռքը:

Ավարտելով խոսքս, մեկ անգամ ևս հայտարարում ենք.

Ազատության, արդարության, հայրենիքի ազատագրության համար մեր պայքարը սրբազան պայքար է, այն ի վերուստ տրված իրավունք է, եւ ոչ ոք չի կարող մեր երթը խոչընդոտել: Մենք՝ դաշնակցականներս, իբրեւ հայրենիքի ու ազգի գաղափարական մարտիկներ, մեր կյանքի գնով երաշխավորում ենք, որ մեր հայրենիքի վերամիավորման, մեր ազգային պետականության պահպանման ու հզորացման, մեր ժողովրդի ազատության ու արդարության համար մղվող երթը շարունակվելու է մինչեւ վերջնական հաղթանակ:

Մեր պետականությունը մեր ազգի գերագույն կազմակերպվածությունն է: Այն պետք է լինի ազգային պետություն, համայն հայության պետականություն:

Ցավոք, դժվար ու տևական եղավ Դաշնակցության կայացումը Հայաստանում: Մեզ խանգարեցին ու այսօր էլ փորձում են խանգարել, բայց սրանց մասին խոսելն այլևս ժամանակի վատնում է՝ մեր բուն անելիքներից մեզ շեղող:

Առարկայական, ենթակայական պատճառներով գոյացած մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծանրագոյն վիճակն է մեր բուն խնդիրը: Այդ վիճակն է նրա մեծ մասին հեռացրել է քաղաքական մտածողությունից: Իր քաղաքական ուժերին, նաև իր Դաշնակցությանը նա դեռ չի հասցրել ամբողջովին ճանաչել ու ընդունել: Սա առաջին հերթին նաև մեր բացթողումն է, մեր թերությունը, մեր լուծելիք խնդիրը:

Դաշնակցությունը արժեքներ ունի, հավատարիմ է այդ արժեքներին: Մեր ազգային գաղափարախոսությունը այլ բան չէ, քան մեր ժողովրդի պատմական ու հոգևոր-մշակութային խտացված կենսափորձը, ապագայում այն լավագույնս կենսագործելու ձգտումը:

Դաշնակցության համար գերագույն արժեք է անկախ պետականությունը, մեր գերնպատակը առավելագույնս ինքնուրույն, կազմակերպ, ուժեղ Հայաստանի կայացումն է:

Դաշնակցության համար գերագույն արժեք է ազատությունը՝ մարդու ազատությունն ու իրավունքները, ազգի ազատությունն ու իրավունքները:
Դաշնակցության համար գերագույն արժեք է սոցիալական արդարությունը՝ իբրև պետության հզորացման, ժողովրդի արժանապատիվ, բարեկեցիկ գոյության նախապայման:

Դաշնակցության համար գերագույն արժեք է քաղաքական ուժի պատասխանատվության գիտակցությունը իր երկրի ու ժողովրդի առջև:
Արժեքային ահա այս համակարգն է Դաշնակցության ներկա գործունեությունն ու վարքագիծը հասկանալու բանալին: Մենք որևէ բան հաստատում ենք կամ մերժում՝ այս արժեքներից մեկնելով: Մենք գործում ենք այս մեկնակետով: Սխալվո՞ւմ ենք երբեմն, բայց չի սխալվում միայն չգործողը:

Մենք հրաշալի հասկանում ենք, որ կուսակցությունը ընդամենը միջոց է՝ պետությանն ու ազգին ծառայության միջոց: Բայց նաև հասկանում ենք՝ որքան ուժեղ, կազմակերպված, որքան ժողովրդի համար ընդունելի է այդ միջոցը, այնքան տեսանելի ու իրագործելի են նպատակները:

Նայեք Դաշնակցությանը այս տեսանկյունով, և մեր գործունեությունը, մեր այսօրվա վարքագիծը, մեր վաղվա անելիքը բացատրելի, հասկանալի և ընդունելի կլինի:
Մենք նայում ենք Դաշնակցությանն այս տեսանկյունով, նայում ենք մեր պետականության ներկա վիճակին, հայության կազմակերպվածության ներկա մակարդակին և կրկին համոզվում ենք. Մենք շատ գործ ունենք:

Leave a Comment