RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան.«Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում»

Posted on July 23, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Ա1+»- Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։ Հալեպից վերադարձած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տպավորությունն է։ Այնուամենայնիվ, նա տեղեկություններ ունի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհեր կան նաեւ հայերի մեջ։

«Մի 6 հոգի զոհվել են, ոչ իբրեւ հայ, մի երկուսը պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-նշեց պարոն Մարգարյանը։

Ինչու՞ Հայաստանը չպետք է ակտիվորեն միջամտի հալեպահայ 60 հազարանոց համայնքի ճակատագրին։ Նախ դա, ըստ պարոն Մարգարյանի, կարող է խուճապ առաջացնել համայնքի մեջ, երկրորդ, հակամարտող կողմերին կարող է լարել հայության դեմ եւ երրորդ, Հայաստանը սիրիահայերին առաջարկելու շատ բան չունի:

«Մենք չենք կարող սիրիահայության աշխատանքի հարցը ամբողջությամբ լուծել, եթե չասեմ ընդհանրապես չենք կարող լուծել, բնակարանային հարցը եւ մի շարք ուրիշ հարցեր»,-ասաց Հրանտ Մարգարյանը։

Իբրեւ ցեղասպանության արդյունքում ձեւավորված համայնք, հայերն, ըստ Հրանտ Մարգարյանի, բարգավաճել են այդ երկրի հետ, վայելել նրա հյուրընկալությունը. «Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում եւ կիսի ճակատագիրը Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին»։

Այնուամենայնիվ, եթե հայերը պետք է արտագաղթեն Սիրիայից, Հրանտ Մարգարյանը կգերադասի, որ գան Հայաստան։ Իսկ քանի դեռ նրանք Սիրիայում են, պետք է Հայաստանն օգնի, որ նրանք դիմանան, իսկ սիրիահայերն էլ չպետք է դառնան ներքին հակամարտության կողմ

«Իբրեւ համայնք նրանք պետք է ունենան այնպիսի կողմնորոշում, որ թիրախ չդառնան»,-համոզված է պարոն Մարգարյանը։

Իսկ ովքե՞ր են հակամարտողները։ Հրանտ Մարգարյանն ասում է՝ խայտաբղետ ընդդիմություն է՝ ժողովրդավարներից մինչեւ Թուրքիայի կողմից հովանավորվողներ։ Հակամարտության իրական շարժառիթներից խոսել չի ուզում։ Կարող է ասել, որ հայերն առայժմ տագնապելու քիչ պատճառ ունեն. «Հակահայկական դիմագիծ ունեցող, շեշտադրում ունեցող որեւէ շարժում առայժմ չկա Սիրիայում եւ հուսով եմ, չի լինի»։

Leave a Comment