RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Դաշնակցութեան յաղթանակը հայ ժողովրդի յաղթանակն է

Posted on November 20, 2001, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարեանի խօսքը
Արեւելեան Ամերիկայի ՀՅԴ Օրուայ ձեռնարկներին

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ 111-ամեակին նուիրուած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը, արտասանուած՝ Արեւելեան Ամերիկայում կազմակերպուած ՀՅԴ Օրուայ ձեռնարկներին:

Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի՛ ընկերներ,

ՀՅԴ 110-ամեակին նուիրուած իմ խօսքը ես աւարտեցի պարզ ձեւակերպումով՝ մենք շատ գործ ունենք: Այսօր եւս կրկնում եմ նոյնը՝ ի տես մեր անկախ պետականութեան, մեր ժողովրդի Հայրենի եւ Արտերկրի հատուածների առջեւ ծառացած խնդիրների, ի տես աշխարհում ու մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների, ի տես 21-րդ դարի մարտահրաւէրների:

Այսօրուայ իմ խօսքը, խօսք չէ, ճառ չէ, այլ՝ զեկոյց ու հաշուետուութիւն: Հաշուետուութեան իմ խօսքը պէտք է լինի պարզ, անկեղծ եւ հեռու չափազանցութիւններից: Դուք արժանի էք իմանալու ճշմարիտը, իրականը՝ ՀՅԴ-ի, հայկական իրականութեան եւ մեր հայրենիքի մասին:

Այսօր բազմապատկուած են մեր հոգատարութեան, մեր պայքարի սահմաններն ու ճակատները: Մենք շատ գործ ունենք: Մենք մեզ պատասխանատու ենք զգում մեր ողջ ժողովրդի համար, նրա հոգսերը, դժուարութիւնները յաղթահարելու համար: Մեր ժողովուրդը ուր էլ որ լինի մեր ժողովուրդն է:

Մենք միակ հայկական կուսակցութիւնն ենք, որ չենք սահմանափակւում որեւէ երկրի սահմաններով: Մենք միակ հայկական կուսակցութիւնն ենք, որ ներկայ ենք թէ՛ հայրենի երկրում, թէ՛ Ղարաբաղում, թէ՛ Ջաւախքում եւ թէ՝ ամենուր, որտեղ հայ կայ, որտեղ հայ ժողովրդի մի մասնիկը հարց ունի, հոգս ունի, խնդիր ունի:

Միակը լինելու իրողութիւնը մեզ չի ոգեւորում, սակայն փաստը մնում է փաստ՝ մենք միակն ենք եւ ճիշտ այդ պատճառով մեր գործը շատ է, մեծ է, պատասխանատու է ու պարտաւորեցնող:

Մենք փաստօրէն կամայ-ակամայ հայոց իրականութիւնը ղեկավարելու ենք պարտաւորուած, սակայն մենք այդ ղեկավարման գործին ձգտում ենք նուիրումով, աշխատանքով. մենք ծառայելով ենք ձգտում ղեկավարել մեր ժողովրդին:

Փոխուած է հայկական իրականութիւնը: Հայոց անկախ պետականութեան իրողութեամբ իսկ փոխուած է մեր իրականութիւնը:
Անկախ պետականութեան բացակայութիւնն առարկայօրէն ստիպել էր մեզ մտածելու միայն գոյատեւման մասին. ընդ որում, թէ՛ Հայրենիքում եւ թէ՝ Արտերկրում: Անկախ պետականութեան առկայութիւնը մեզ թոյլ է տալիս եւ հնարաւորութիւն է ընձեռում ոչ միայն գոյատեւելու, այլ նաեւ՝ մեր ներուժը զարգացման պայքարի վերածելու, մեր համազգային ներուժը ուղղորդելու դէպի զարգացմանը, համազգային ծրագրերի իրականացմանը:

Հայկական պետականութիւնը հայոց կազմակերպուածութեան բարձրագոյն մակարդակն է, պէտք է լինի այդպիսին: Այն մեր այսօրուայ գոյութեան ու մեր վաղուայ՝ հզօր ու Միացեալ Հայաստանի երաշխիքն է: Հայոց պետականութիւնը ամենազօրեղ գրաւականն է մեր համազգային իղձերի իրականացման համար:

Այժմ անդրադառնամ Հայրենիքում տիրող իրավիճակին:

Մեր երկրում ժամանակից շուտ է սկսուել ընտրապայքարը: Քաղաքական դաշտը բաժանուած է երկու մեծ խմբերի: Մի կողմում առճակատման գնացող ընդդիմութիւնն է, իսկ միւս կողմում՝ իշխանական ճակատը, նախագահ Ռոպերթ Քոչարեանի գլխաւորութեամբ:

Առճակատուող ընդդիմութիւնը բաղկացած է տարաբնոյթ ուժերից, որոնք իրարու միջեւ անտագոնիստական հակադրութեան մէջ լինելով հանդերձ, ունեն որոշ նմանութիւններ, ընդհանրութիւններ:

Առաջին. առճակատուող այսպէս կոչուած ընդդիմութիւնը բաղկացած է բացառապէս նախկին իշխանութիւններից: Բոլորն էլ ինչ-որ մօտ ու քիչ¬հեռու անցեալում եղել են իշխանութեան դիրքերում: Այլ խօսքով, առճակատումը տեղի է ունենում նախկին ու ներկայ իշխանութիւնների միջեւ:
Երկրորդ. առճակատման գնացող այսպէս կոչուած ընդդիմութիւնը, կամ նախկին իշխանութիւնները ներկայացնող ուժերը, անցած 10-12 տարիների ընթացքում իրենց օրակարգի, իրենց առաջնահերթութիւնների շարքում չեն ունեցել ազգային հարցեր:

Նախկին իշխանաւորներից բաղկացած այդ համախումբը շարունակում է իր քննադատութիւնների գլխաւոր թիրախը դարձնել նաեւ ՀՅԴ-ին: Այսօր ՀՅԴ-ն քննադատութիւնների թիրախ է իր չգործած մեղքերի համար: Նրանք ՀՅԴ-ին փորձում են ներկայացնել իբրեւ իշխանութեան ղեկին եղող կուսակցութիւն եւ որպէս այդպիսին փորձում են իշխանութիւնների գործած ու չգործած մեղքերը վերագրել Դաշնակցութեանը:

Դա պարզ թիւրիմացութեան հետեւանք չէ: Նրանք քաջ գիտակցում են՝ թէ ո՛րն է իշխանութեան ղեկին եղող կուսակցութիւնը, վարչապետն ո՛վ է, կառավարութիւնն ինչպէ՛ս է կազմուել, Ազգային Ժողովում ո՛վ ունի համեմատական մեծամասնութիւն եւ այլն: Սակայն նրանք այլ նկատառումներով է, որ իրականութիւնը ծուռ հայելու մէջ են ներկայացնում:
Նրանք Դաշնակցութեան ուժի ճշգրիտ գնահատականը ունեն եւ լաւապէս գիտակցում են, որ վաղուայ օրը մերն է լինելու: Նրանց անհանգստացնում է ՀՅԴ- ի գրաւած տեղն ու դիրքը հայ հասարարկական կեանքում, նրանց մտահոգում է ՀՅԴ-ի հեղինակութիւնն ու ծանրակշիռ տեղը հայոց իրականութեան մէջ ու Հայաստանի քաղաքական դաշտում: Այդ իսկ պատճառով օր առաջ փորձում են հեղինակազրկել Դաշնակցութեանը, նրան վերագրել խնդիրներ ու երեւոյթներ, որոնք Դաշնակցութեան ու իրականութեան հետ ոչ մի առնչութիւն չունեն:

Նրանք նաեւ կարծում են, որ ստի վրայ հիմնուած քննադատութիւններով պիտի կարողանան ճնշում բանացնել Հ.Յ.Դ.-ի վրայ, սին յոյսեր փայփայելով, որ ՀՅԴ-ն վերջապէս տեղի է տալու եւ միանալու է ընդդիմութեանը:

Նրանք փորձում են մեզ ստիպել՝ իշխանութիւնների այս կռուի մէջ դիրքորոշուել նախկինի կամ ներկայի կողքին: Եթէ խօսքը անցեալի ու ներկայի միջեւ ընտրութեան է վերաբերում, ապա, մենք նախընտրում ենք ներկան:

– Անցեալում հայոց պետականութեան ղեկին կանգնած ուժերը մշտական դասալիքներ էին Հայ Դատի, Ցեղասպանութեան հարցի արծարծման պայքարում: Այսօր նոր ուժ ու ուժականութիւն է ստացել մեր պայքարը, սփիւռքեան մեր ճիգերին գումարուել են Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների ճիգերը:

– Անցեալում, մօտ անցեալում մեզ համոզում էին, որ այլ ելք չկայ Արցախի հարցում, պէտք է հաշտուել պարտութեան հետ, պէտք է ընդունել պարտուողական պայմանները, թէ ոչ՝ աշխարհը ոտքի է կանգնել մեզ ոտքի տակ առնելու համար: Իսկ այսօր Արցախի հարցով արձանագրուել են յաջողութիւններ. հենց այն փաստը, որ երկու առիթներով Ադրբեջանն է մերժել Արցախեան հարցի կարգաւորման տարբերակները, խօսում է այդ փաստի մասին:

– Անցեալը՝ ազգը պառակտող, ազգի մէջ հրէի ու հեթանոսի տարբերակում մտցնող անցեալ էր: Անցեալը՝ երեւանցու ու ղարաբաղցու, հայաստանցու ու սփիւռքահայի մէջ արհեստական խորթացում ու հակադրութիւններ ստեղծող քաղաքական շրջան էր:

– Անցեալը՝ ներքաղաքական կեանքում թշնամանք ու հալածանք սերմանող, այլամերժութեան, հակադրութիւնների, բռնութիւնների, անիրաւութիւնների ժամանակաշրջան էր: Այսօրը, հակառակ մեր կեանքում պատահած ցաւալի ու ողբերգական դէպքերի՝ Հոկտեմբերի 27-ի, այդուհանդերձ, առանց ցնցումների, չծաւալուող հալածանքների ու բռնութիւնների ներկան է:

– Անցալը՝ ազգային-պետական հարստութիւնների փոշիացման ժամանակաշրջան էր: Պետական հարստութիւնների փոշիացման գնով մի շարք ՙընտրեալների՚ հարստութեան կուտակման շրջան էր: Այսօրը, հակառակ շարունակուող սխալ տնտեսական քաղաքականութեան, այդուամենայնիւ, նոր աշխատատեղերի ստեղծման, արդիւնաբերութեան վերականգման ճիգերի, յոյսի՝ գէթ յոյսի նշոյլ ստեղծող ներկան է:

Երբ առկայ են վերոնշեալ երեւոյթները, մենք կանգնած ենք Հայաստանի այսօրուայ նախագահի կողքին: Երբ զուտ ամբոխավարական նկատառումներով ժողովրդի հազար ու մի պահանջները չարաշահելով փորձ է արւում ապակայունացնել երկրի վիճակը, երբ նաեւ՝ ամպոտ է տարածաշրջանի քաղաքական հորիզոնը ընդհանրապէս, մենք չենք կարող թոյլ տալ ետդարձ, նահանջ մեր այսօրուայ դիրքերից:

Այս դատողութիւններով չեմ ցանկանում թոզ փչել մեր իրականութեան թերի կողմերի վրայ:

Իդեալական չէ Հայաստանի այսօրուայ վիճակը: Մենք, գեթ մենք, Հայաստանի այսօրը ծափահարողների մէջ չենք տեսնում մեզ: Սակայն նաեւ քաջ գիտակցում ենք, որ այսօրը մենք ժառանգել ենք հենց այն իշխանութիւններից, որոնք այսօր արմատական ընդդիմութեան դրօշ են պարզել: Հասկանում ենք, որ այսօրը դեռ 99թ. Հոկտեմբեր 27-ի հետեւանքները հազիւ թոթափած, անիշխանութեան կամ երկիշխանութեան ժամանակաշրջանը իր ետին թողած երկիրն է:

Եւ անմիջապէս պէտք է աւելացնեմ, որ մեր խնդիրն է՝ ներկայ ներքաղաքական դաշտում առկայ առճակատումը մեղմելով այն հասցնել բնականոն յարաբերութիւնների աստիճանին, որը երաշխիք կը դառնայ 2003 թուականի նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններում կուսակցութիւնների պայքարը վերածելու քաղաքական ուժերի եւ գաղափարների, ծրագրերի միջեւ մրցակցութեան:

Բոլորին է յստակ, ու նաեւ նոյն ընդդիմութեանը եւ նախկիններին, որ ներկայ պայմաններում եւս, մենք մեր էութեամբ դրսեւորած դիրքորոշումներով եւ պահուածքով չենք կարող հաշտուողական, հանդուրժողական վերաբերում ցուցաբերել երկրում համեցող կոռուպցիայի, անարդարութիւնների եւ պետական համակարգի մէջ առկայ թերութիւնների նկատմամբ:

Այո՛, այսօր իշխանափոխութիւնից երեք ու կէս տարի անց, Հայաստանում յաղթահարուած չեն սոցիալական դժուարին եւ ծանր կացութիւնը, հասարակութեան ծայրահեղ բեւեռացումը, բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, տնտեսութեան մէջ հաւասար մրցակցային պայմանների երաշխաւորումը, օրէնքի առաջ իւրաքանչիւրի հաւասարութեան սկզբունքի իրագործումը:

Այո՛, այսօր էլ պետական կառավարման համակարգը անկատար է, իշխանութեան օղակների համատարած կոռուպացուածութիւնը սասանում է բնակչութեան հաւատը ապագայի հանդէպ:

Բնականաբար, այս ընդհանուր խորապատկերի վրայ, նոյնիսկ տնտեսական կեանքի որոշ տեղաշարժը, նոր աշխատատեղերի ստեղծումը, վերջապէս աղէտի գօտում կատարուող հիմնարար աշխատանքները չեն կարող էապէս թուլացնել ներքաղաքական մթնոլորտը:

Եւ հենց այստեղ է, որ հսկայական աշխատանքի դաշտ է բացւում ուժեղ, սոցիալական արդարութեան հաւատացող, իրաւական ու ժողովրդավարական պետութիւն ունենալու մէջ ամէնից աւելի նախանձախնդիր Դաշնակցութեան համար: Մենք ուղղակի պարտադրուած ենք պատրաստ լինելու այդօրինակ որոշակի յանձնառութեան: Այդ պատասխանատուութիւնը մերն է եւ մենք գնալու ենք դրան:

Դաշնակցութիւնը իբրեւ ինքնուրոյն, անկախ կուսակցութիւն եւ ազգային ուժ, շարունակելու է իր պայքարը երկրում առկայ անարդարութեան եւ ամէն տեսակի յոռի երեւոյթների դէմ, սակայն երբեք այդ չի լինելու ի գին մեր ազգային արժէքների պահպանման համար անչափ կենսական պայմանի՝ երկրի կայունութեան խախտմանը:

Գիտեմ, որ Ձեզ նաեւ հետաքրքրում է՝ թէ ՀՅԴ-ն ինչպէ՛ս եւ ո՛ւր է կանգնած հայրենի երկրում:

Չտարուելով կուսակցական էժան քարոզչութեամբ, տուրք չվճարելով կուսակցական էգոիզմին, գիտակցելով հաստատումիս պատասխանատուութեան ամբողջական ծանրութիւնը, այդուամենայնիւ, պէտք է հաստատել, որ այսօր հայկական իրականութեան մէջ՝ հայրենի երկրում, թէ ի Սփիւռս աշխարհի, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մնում է ամենակազմակերպուած, ամենասկզբունքային, ամենամարտունակ, ամենապատասխանատու հայ քաղաքական կուսակցութիւն-կազմակերպութիւնը:

Այս հաստատումը եթէ մի կողմից փաստն է այն իրողութեան, որ հայ քաղաքական կեանքու դեռեւս կայացած չէ քաղաքական համակարգը, միւս կողմից՝ վառ ապացոյցն է Դաշնակցութեան կենսունակութեան, որը պարտաւորեցնող է, լրջութիւն եւ պատասխանատուութիւն պարտադրող:

Մենք Հայաստանում կայացանք յար ու նման մեր իսկ էութեան: Յար ու նման ժողովրդի մօտ Դաշնակցութեան մասին եղած պատկերացումներին ու ակնկալիքներին:

Եթէ ժողովուրդը գիտէր մեզ իբրեւ ազատագրական պայքարի կուսակցութիւն, իբրեւ Սերոբ Աղբիւրների, Նիկոլ Դումանների, Գէորգ Չաւուշների կուսակցութիւն, ապա՝ Դաշնակցութիւնը Հայաստանում իր վերընձիւղման առաջին իսկ քայլերով նետուեց Արցախեան պայքարի մէջ, իր կարելին չխնայեց՝ իր բաժին մասնակցութիւնը բերելու Արցախի ազատագրական պայքարի կազմակերպման ու ղեկավարման գործին: Սերոբ Աղբիւրների շարքը եկաւ համալրուելու Թաթուլ Կրպէյաններով, Աշոտ Ղուլեաններով, Պետօ Ղեւոնդեաններով եւ միւս դաշնակցական ազատամարտիկներով: Եթէ մեր ժողովուրդը Դաշնակցութեանը գիտէր իբրեւ քաջերի, ըմբոստների, խիզախների կուսակցութիւն, նա մեզ կարողացաւ տեսնել նաեւ լեւոնտէրպետրոսեանական բռնութեան ու հալածանքների օրերին, ուր հակառակ ի գործ դրուած բոլոր միջոցերին, Դաշնակցութիւնը չընկճուեց, չնահանջեց իր սկզբունքային դիրքերից, չյարմարուեց ու չկոտրուեց:

Սակայն այս պատկերը ամբողջական չէր լինի, եթէ չլինէր Դաշնակցութեան վերջին շրջանի գործունէութիւնը:

Այո, 1998թ-ից Դաշնակցութեան գործունէութեան առջեւ որակապէս նոր ասպարէզ բացուեց: Հայաստանի քաղաքական կեանքում քայլ առ քայլ մեր լիարժէք մասնակցութեան հնարաւորութիւններն ընդլայնուեցին ու դրանով իսկ մեծացաւ մեր պատասխանատուութիւնն ու նորանոր հիմնահարցերի լուծում գտնելու անհրաժեշտութիւնը:

Յատկապէս վերջին երեք ու կէս տարիներին է, որ Դաշնակցութիւնը Հայաստանում հնարաւորութիւն ունեցաւ եւ կարողացաւ իրեն լիովին դրսեւորել թէ՛ որպէս Հայ Դատի ու ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, թէ՛ որպէս քաղաքական կազմակերպութիւն, որն անմիջականօրէն մասնակցում եւ ունակ է լուծել հայոց պետականութեան առջեւ ծառացած կարեւոր ու բարդ հիմնախնդիրներ՝ լինեն դրանք տնտեսական, քաղաքական, հասարակական, թէ պետականութեան շինարարութեան հետ կապուած:

Այս առումով գնահատելով Հայաստանում վերջին տարիներին ՀՅԴ գործունէութեան արդիւնքները, կարող ենք արձանագրել էական ձեռքբերումների ու նուաճուների զգալի պաշար:

Հարկ եմ համարում յատուկ ընդգծել. մենք ձեռքբերում ու նուաճում ենք համարում մեր բոլոր այն յաջողուած քայլերը, որոնք ուղղուած են եղել եւ ուղղուած են մի կողմից երկրի կայունութեան պահպանմանն ու զօրացմանը, իսկ միւս կողմից՝ նպաստել ու նպաստում են Հայաստանի զարգացմանն ու բարգաւաճմանը:

Մեր յաջողութիւնները եւ դրանց համարժէք՝ հանրութեան մէջ մեր հեղինակութեան ու ազդեցութեան աճը պայմանաւորուած են եղել ՀՅԴ սկզբունքային կեցուածքով: Այդ սկզբունքայնութեամբ էր պայմանաւորուած նաեւ մեր չմասնակցելը, կամ՝ մասնակցութիւնը իրերայաջորդ կառավարութիւններին:

Մեր սկզբունքային պահուածքի շնորհիւ է, որ մենք այսօր կարող ենք արձանագրել վերջին երեք ու կէս տարիների ընթացքում մեր ձեռքբերումներից թերեւս կարեւորագոյնը. ժողովրդի գիտակցութեան մէջ ազատամարտիկ, Հայ Դատի ու Պահանջատիրութեան զինուոր դաշնակցականի կերպարը փոխլրացուել ու հարստացուել է նաեւ պետականութեան շինարարութեան անմիջական մասնակցի, ժողովրդի առօրեական, կենսական խնդիրները վեր հանողի, դրանց լուծման ճանապարհները նշող եւ դրանք իրականացնելու կարողականութիւնն ու կամքն ունեցող դաշնակցականի կերպարով: Այս նուաճումը կարեւորագոյն նախապայմանն է՝ ժողովրդի վստահութիւնն ու քուէն ստանալու ճանապարհով մեր ազգային նպատակներին հասնելու համար:

Հարկ եմ համարում շեշտել, որ միւս կուսակցութիւնների յարաբերութեամբ թէեւ Դաշնակցութիւնը ուժեղ է ու աւելի կազմակերպուած, սակայն այն դեռես ճանապարհ ունի անցնելիք, որպէսզի մեր պատկերացրած, մեր ակնկալած Հայրենի երկրում համընդհանուր ընկալում ու համակրանք ձեռք բերած կուսակցութիւն դառնայ:
Մենք դեռ շատ անելիք ունենք:

Սիրելի՛ Հայրենակիցներ,

Դաշնակցութիւնը պարզ գիտակցում է, թէ ինչ լարուած յարաբերութիւնների, ինչպիսի հզօր շահերի խաչաձեւման կենտրոնում է փորձում ոտքի կանգնել եւ զարգացման կայուն հիմքեր ստեղծել դարերով փայփայած մեր անկախ պետականութիւնը:

Այո, մեր ժողովուրդը անասելի զրկանքների, հազարաւոր զոհերի ու անքննելի տոկունութեան գնով կարողացաւ յաղթանակով դուրս գալ նախայարձակ Ադրբեջանի հետ հակամարտութիւնից: Բայց այդ յաղթանակը դեռ պէտք է վերջնականապէս ամրագրուի:

Արցախի անվտանգութիւնը նաեւ Հայաստանի անվտանգութիւնն է: Մենք չենք կարող զիջել Արցախի անվտանգութեան երաշխիքները, մենք չենք կարող զիջենք այն՝ ինչ արեամբ ենք ձեռք բերել:

Ու մենք կրկնում ու դարձեալ կրկնում ենք. Ղարաբաղեան ճակատում մենք ընտրել ենք Արցախի հայկականութիւնից ոչ մի զիջումի ուղին:

Ո՛չ մի զիջում Արցախի ինքնորոշման, մայր հայրենիքին վերամիաւորման իրաւունքից:

Ո՛չ մի զիջում Արցախը մայր հայրենիքին միացնող սահմաններից:

Ո՛չ մի զիջում Արցախի անվտանգութեան երաշխիքներից:
Ո՛չ մի զիջում բռնագրաւեալ Շահումեանին ու Գետաշէնին, Մարտակերտի դաշտային մասերին վերատիրանալու մեր իրաւունքից:

Արցախի փաստացի ազատագրման չափ մեծ, զգօն, բոլորանուէր, համազգային ճիգ ու ջանքի, հետեւողական ուշադրութեան կարիք ունի Արցախի ազատագրումը յաւերժացնելու հրամայականը, նրա իրաւական ամրագրումը:

Այսօր Ղարաբաղեան ազատամարտը պէտք է շարունակել ազատագրուած տարածքները երկրորդ անգամ ազատագրելով: Ազատագրուած տարածքները վերաբնակեցնելով մենք երկրորդ անգամ ու մշտապէս ազատագրած կը լինենք հայապատկան այդ հողերը:

Վերջապէս ի պատասխան ադրբեջանական ռազմատենչ յոխորտանքների, պէտք է յայտարարել, որ հայ ժողովուրդը՝ ի Սփիւռս աշխարհի եւ ի Հայաստան՝ պատրաստ է զինուորագրուելու Արցախի դատին, հայոց պետականութեան դրօշի ներքոյ, որպէսզի արեամբ ձեռք բերուածը չվտանգուի, որպէսզի մեր յաղթանակը յաւերժական յաղթանակի վրածուի:

Ջաւախքի խնդրով.
Դեռ մէկ տարին չի լրացել Ջաւախքի հարցով Հ.Յ.Դ.-ի յայտարարութիւնից, սակայն, այսօր ակնյայտ է որոշ տեղաշարժ նաեւ այդ հարցում:

Ու դարձեալ մեր աշխատանքով, այսօր, արդէն միջազգային շատ ու շատ հասարակական կազմակերպութինների ուշադրութիւնը սեւեռուել է ջաւախքահայութեան մարդկային, ազգային իրաւունքների պաշտպանութեան վրայ: Նոյնիքն Վրաստանի նախագահը ընդունեց, որ Ջաւախքում կան լուծման կարօտ ընկերային¬տնտեսական հարցեր եւ այդ ուղղութեամբ էլ յանձնարարեց իր պաշտօնատարներին՝ մշակել Ջաւախքի զարգացման համար յատուկ ծրագիր: Այլ հարց, որ մինչեւ այսօր այդ ծրագիրը չի մշակուել:

Վրաստանի ապագայով մտահոգ միջազգային ուժերը եւս գիտակցում են, որ չի լինելու կայուն Վրաստան, քանի դեռ Վրաստանի պետութեան ուշադրութեան-գուրգուրանքի առարկայ չեն ենթակայ ժողովուրդների, այդ թւում նաեւ ջաւախքահայութեան իրաւունքները:

Մենք նոյնպէս նախանձախնդիր ենք Հայաստան-Վրաստան յարաբերութիւնների սերտացմանը եւ Վրաստանում ներքին կայունութեան պահպանմանը. բայց ոչ՝ ի գին շրջանի մեր հայրենակիցների տարրական իրաւունքների ոտնահարմանը: Թէ՛ Հայաստան-Վրաստան սերտ յարաբերութիւնների, թէ՛ Վրաստանի բարօրութեան, թէ՛ նրա պետական կայունութեան իսկ շահերից է բխում վիրահայութեան մարդկային եւ ազգային իրաւունքների յարգումը՝ Վրաստանի իշխանութիւնների կողմից:

Մեր մօտեցումը, ուզում ենք հաւատալ, նաեւ հասկանալի է լինելու Վրաստանի պետութեան ու ժողովուրդների կողմից եւ ապագայ Վրաստանում տիրելու է կայուն խաղաղութիւն եւ զարգացում:

Արդէն իսկ աշխատում է նաեւ Հ.Օ.Մ.-ի Ջաւախքի Օժանդակութեան ծրագրի վարչութիւնը, որը մեր տեղեկութեան համաձայն, արդէն կրթական-մշակութային ու ընկերային աշխուժ գործունէութիւն է ծաւալել Ջաւախքում:

Այո՛, մենք հաւատում ենք նաեւ, որ տարածաշրջանային կայուն զարգացման նախադրեալներ ստեղծելով ու համագործակցութեամբ հնարաւոր է մօտ ապագայում Հարաւային Կովկասում երեք երկրների ու պետութիւնների լիարժէք զարգացումն ու համարկումը քաղաքակիրթ աշխարհին:

Բայց նաեւ հաւատում ու յայտարարում ենք, որ այդ հեռանկարը չի կարող իրականութիւն դառնալ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ինքնուրոյնութեան ու անվտանգութեան հաշուին:

Ով ինչպէս ցանկանում է թող մեկնաբանի, բայց մենք համոզուած ենք, որ տարածաշրջանի կայունութեան ու զարգացման գործում հիմնական դերակատարութիւն է վերապահուած հայ ժողովրդին:

Ինչպէս խօսքիս սկզբում ասացի, նոր իրավիճակ է տիրում հայկական իրականութեան մէջ: Ով չի տենում այս իրողութիւնը, ով փորձում է կառչել միայն անցեալին, մի այլ իրողութեան եւ իրականութեան, ով սովորամոլութեամբ է փորձում առաջնորդուել, ով ինքնանպատակ կերպով է գնահատում անցեալի փոխյարաբերութիւններն ու դասաւորութիւնները, ով անհատական իր շահի, դիրքի յաւերժացման համար փորձում է շահարկել տեղայնական-հատուածական էգոիզմները, տրամադրութիւնները, ով փորձում է արհեստական հակադրութիւնների ստեղծման ճանապարհով, այլ՝ նեղ-անձնական, հատուածական նպատակներ հետապնդել, ուշ թէ շուտ, դատապարտուած է լուսանցքի վրայ մղուելու, բացակայելո՛ւ հայկական իրականութիւնից:

Ամէնից կարեւրը՝ անկախ պետականութեան առկայութիւնը հնարաւորութիւն է ընձեռում զարգացման հոլովոյթի մէջ նոր իմաստ ու որակ հաղորդել Հայրենիքի եւ Սփիւռքի փոխլրացնող ու համակարգող միասնականութեանը միտուած ծրագրերին: Քանզի հզօր եւ զարգացող Հայաստանն է նպաստելու Սփիւռքի հզօրացմանն ու զարգացմանը՝ որպէս Հայաստանի հզօրացման ու զարգացման կարեւոր երաշխիքի: Իսկ միւս կողմից՝ զօրեղ ու զարգացող Սփիւռքն է, որ ներկայ աշխարհի գիտական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հոգեւոր գործընթացներին իր ակտիւ մասնակցութեամբ ձեռք բերած ներուժով, նպաստելու է Հայրենիքի հզօրացմանն ու զարգացմանը՝ որպէս Սփիւռքի զարգացման եւ զօրացման կարեւորագոյն երաշխիքի:

Նոր իրավիճակ է տիրում նաեւ Արտերկրում: Բոլոր ժամանակներից աւելի, այսօր, մեզ պէտք է հզօր Սփիւռք. կազմակերպուած Սփիւռք: Այսպէս կոչուած դասական Սփիւռքի կողքին, ՙմեր վատ օր՚ի իբրեւ հետեւանք, հասունանում է նոր Սփիւռքը, բաղկացած՝ Հայաստանի Հանրապետութիւնը ու Արեւմտահայաստանի մեր բռնագրաւեալ տարածքները լքող հայորդիներից:

Մենք իրաւունք չունենք կաշկանդուելու, սահմանափակուելու ու սովորամոլութեամբ տարուելու: Իւրաքանչիւր հայորդի, ուր էլ որ լինի նա, մաս է կազմում հայկական ուժին: Մենք է, որ մեր կազմակերպուածութեամբ պէտք է մղենք, հնարաւորութիւն ստեղծենք, որպէսզի այդ տարտղնուած ուժերը միանան, մաս կազմեն մեր հաւաքակա՛ն ուժին:

Ո՛չ կենցաղային հարցերը, ո՛չ տեղայնամտութիւնը եւ ոչ էլ սովորամոլութիւնն ու ծոյլութիւնը չեն կարող եւ պէտք չէ պատճառ դառնան մեր ուժերի կորստին: Սփիւռքում մենք պարտաւոր ենք վերանայել մեր կազմակերպուածութեան սահմաններն ու հնարաւորութիւնները, պէտք է նոր լիցք ու ուղղութիւն, նոր թափ հաղորդենք մեր կազմակերպուածութեանը: Մենք պէտք է կարողանանք իրականացնել ուժի այդ կուտակումը: Ոչ մի հայի ուժ եւ կարողութիւն չպէտք է դուրս մնայ մեր հաւաքական ուժի ու կարողութեան սահմաններից: Իւրաքանչիւրս միւսով պէտք է ուժ ստանանք, բազմապատկենք մեր ուժերը եւ միասին ձեւաւորենք հայկական ուժը:

Սփիւռքի կազմակերպուածութիւնը արժէք է ինքնին, սակայն այն պէտք է ունենայ նաեւ քաղաքական ուղղուածութիւն՝ համահայկական քաղաականութեան, հայրենասիրութեան ու քաղաքական իրատեսութեան, նախանձախնդիր նախաձեռնութեան էութիւն ունեցող բնոյթ:

Հայկական պահանջատիրութեան, Հայ Դատի պայքարի, նաեւ ու անպայման հայկական պետականութեան հզօրացման ճանապարհին, հայկական ուժի անբաժանելի, անքակտելի եւ նրա էական ու անփոխարինելի մասն է կազմում Հայկական Սփիւռքի ուժը:

Հզօրացնե՛նք Հայ Սփիւռքը, որպէսզի աւելի ուժականութիւն ստանայ Հայոց ուժը:

Այսօր, թէ՛ ներազգային եւ թէ միջազգային կեանքում ականատես ենք նաեւ մի այլ գործընթացի՝ սկսուել է հայ-թուրքական յարաբերութիւնները օրակարգային հարց դարձնելու նոր գործընթաց:

Մենք դատապարտում ենք Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը կասեցնելու ակնյայտ միտումով այդ գործընթացը ու որեւէ հեռանկարից զուրկ ենք համարում այդ ծրագիրը յղացող ու հովանաւորող պետութիւնների ջանքերը: Դա չի կարող լինել երկու հարեւան ժողովուրդների ու պետութիւնների միջեւ բնականոն յարաբերութիւններ հաստատելու ճանապարհ:

Այսպէս կոչուած ՙԹուրք-հայ հաշտութեան յանձնաժողով՚ի ինքնակոչ չորս հայ անհատներին չեմ էլ անդրադառնալու, քանզի այդպիսիք միշտ էլ եղել են ու կը լինեն, նրանք զուրկ են հայութիւնը կամ Հայաստանը ներկայացնելու որեւէ հանգամանքից: Իսկ ՙՀաշտութեան յանձնաժողով՚ը ոչ մէկ կապ չունի ո՛չ հայ իրականութեան եւ ոչ էլ Հայաստանի շահերի հետ. դրա անհրաժեշտութիւնը չի տեսնում ո՛չ Հայաստանը եւ ոչ էլ հայ ժողովուրդը: Դա դաւադրութի՛ւն է Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ: Դա միջոց է՝ Ցեղասպանութեան հարցը իր քաղաքական բովանդակութիւնից պարպելու համար: Դա միջոց եւ կարելիութիւն է՝ Թուրքիային տարածաշրջանին ու Հայաստանին պարտադրելու համար: Ով հետաքրքրուած է հայ ժողովրդի ու Հայաստանի ապագայով, վաղուայ օրով, ով ձգտում է Հայաստանի եւ հայութեան բարօրութեան, նա չի կարող հաշտ աչքով նայել այդ ծրագրին:

Դարձեալ այստեղ է, որ մեր հաւաքական դիմադրութիւնն ու կազմակերպուած աշխատանքն է անհրաժեշտ: Հայ ժողովուրդը պէ՛տք է շարունակի ընդվզել, ոտքի կանգնել այդ երեւոյթի դէմ, պէ՛տք է կեցուածք ցոյց տայ այդ ամէնի դէմ, որպէսզի նուազագոյն վնասով ձերբազատուի այդ չարիքից: Յոյսով ենք, որ հայ ժողովուրդը կը կարողանայ դիմագրաւել նաեւ այս փորձութիւնը, այս նոր վտանգը:

Յիշեալ յանձնաժողովի կազմութիւնը արժանացաւ հայ ժողովրդի տարբեր շրջանակների քննադատութեանը, Երեւանից մինչեւ Մոսկուա, Փարիզ եւ անշուշտ Ամերիկա: Ամերիկայի Հայկական Համագումարի (կամ` Ամերիկայի Արմինիըն Ասէմպլիի) մասնակցութիւնը այս նախաձեռնութեանը, հաստատեց այն իրողութիւնը, որ այդ գործին լծուածները, ինչ-ինչ պատճառներով եղել ու շարունակում են լինել Միացեալ Նահանգների Պետքարտուղարութեան հլու-հնազանդ կամակատարները: Այդ իրողութիւնը հաստատուեց նաեւ վերջերս, 907 բանաձեւի նկատմամբ Ասէմպլիի որդեգրած պարտուողական կեցուածքի եւ պառակտիչ գործունէութեան փաստով:

Ասէմպլին ազատ է Ամերիկայի Պետքարտուղարութեան ծառայելու իր գործում, ինչպէս ասում են «Աստուած իր հետ», սակայն մենք թոյլ չենք տալու որ նման ուժեր փորձեն թիւրիմացութեան մէջ գցել, խաբել մեր ժողովրդին, մեր հասարակութեանը:

Իսկ մեզ համար յստակ է Ամերիկայի շահերը իւրովի պատկերացնելու Պետքարտուղարութեան մօտեցումը: Պետքարտուղարութեան քաղաքականութեան հակառակ լինել, անպայման չի նշանակում Ամերիկայի դէմ լինել, ինչպէս ուզում են ներկայացնել ոմանք:

Մեր հարեւանների հետ հաշտ ապրելը նաեւ մեր ցանկութիւնն է. Հաշտութիւնը ցանկալի է յատկապէս այն կուսակցութեան համար, որ 111 տարի պայքարել է առաջին գծում, յաճախ առաջնորդելով այդ պայքարը, ու տալով անթիւ զոհեր: Բայց նաեւ, մենք էլ գիտենք, որ հաշտութիւնը իրական է լինելու այն ժամանակ, երբ այն հիմնուած է լինում ճշմարտութեան վրայ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա այս պատասխանատուութեամբ ենք մօտենում տարածաշրջանային, համաշխարհային, Հայաստանեան ու ներազգային առաջիկայ հնարաւոր զարգացումներին ու իրադարձութիւններին: Մեր երկրի կեանքում գալիք երկու տարին վճռորոշ են լինելու ե՛ւ պետութեան սոցիալ-տնտեսական, քաղաքական հիմքերն ամրապնդելու, ե՛ւ Հայաստան-Սփիւռք միասնական համակարգ ձեւաւորելու, ե՛ւ այդ գործընթացներում Դաշնակցութեան դերն ու կշիռը էապէս բարձրացնելու մեր առջեւ կանգնած մարտահրաւէրների առումով:

Ներհայաստանեան կեանքում մեզ առնուազն չորս կարեւորագոյն իրադարձութիւն է սպասում: Սահմանադրութեան նոր հանրաքուէ, Տեղական ինքնակառավարման մարմինների, Հանրապետութեան նախագահի եւ Ազգային Ժողովի ընտրութիւններ: Մեր կուսակցութեան համար լրջագոյն փորձառութիւններ են լինելու սրանք: Եւ մենք ամէն ինչ անում եւ անելու ենք, որ պատուով դուրս գանք: Անելու ենք բոլորս միասին, եւ պատիւն լինելու է բոլորինս, որովհետեւ նպատակն է միասնական ու պատուաբեր՝ հզօր, ինքնուրոյն, կազմակերպուած Հայրենիքի կառուցում, հայութեան բոլոր հատուածների առաւելագոյնս համախմբում, մեր ժողովրդի համար արժանապատիւ կեանքի ապահովում:

Դժուար է մեր պայքարը, բայց միշտ էլ դժուար է եղել: Սակայն քանի դեռ կայ պայքար, կայ նաեւ յոյս, հաւատ եւ անպայման յաղթանակ:

Ես հաւատում եմ Դաշնակցութեան յաղթանակին, որովհետեւ համոզուած եմ, որ Դաշնակցութեան յաղթանակը հայ ժողովրդի յաղթանակն է:

Կեցցէ՛ հայ ժողովուրդը,
Կեցցէ՛ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանը:

Leave a Comment