RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին

Posted on May 3, 2013, by , under Ելույթներ, Լուրեր.

 

 

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպեցին ընտրական հանձնաժողովների անդամների հետ:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը. «Մենք ձեզ այսօր հրավիրել ենք գուցե ավելորդ անգամ խնդրելու, որ ձեզ պահեք Դաշնակցականի պես: Ձեր պարտականությունները ճիշտ կատարեք: Այն, ինչ օրենքը պահանջում է, ընկերները ձեզ հանձնարարել են, կատարեք ամենայն պատասխանատվությամբ»:

Նա պատմեց մի դեպք՝ դավաճանի մասին: Նրան ահաբեկման հանձնարարություն են տալիս, որ պետք է երկաթուղու մեջ ահաբեկեր դավաճանին եւ հեռանար: Իրեն հանձնարարում են, որ՝ նագանով պիտի հարձակվի, տասնոցով պաշտպանվի: Սակայն երբ մոտենում է, տասնոցով է կրակում: Հետո հիշում է, որ սխալ է կատարել, վերադառնում է երկաթուղու մեջ, կրակում է նագանով եւ հեռանում: Հրանտ Մարգարյանի խոսքերով՝ պետք է ունենալ դաշնակցական կարգապահություն. «Ես ուզում եմ, որ այդ օրը գնաք ընտրատեղամաս ՀՅԴ-ականի կարգապահությամբ:

Դուք ընտրատեղամասի մեջ օրենքը պահպանելով, ժողովրդի քվեն պաշտպանելով՝ պիտի վերահաստատեք ՀՅԴ-ականի կարգապահությունը: Սա է մեր ուզածը: Սա կույր կարգապահություն չի, ոչ էլ վտանգավոր գործերի հետ է կապված: Այս կարգապահության մեջ բարոյականություն կա: Խոսվում է, որ համատարած ճնշումներ կան, վախի մթնոլորտ կա, ընտրակաշառք կա, պետք չէ կաշառվել: Ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա շեշտ դնել: Ընկերներ, մեր երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է: Մի կողմում սա է, մյուս կողմում մենք ենք՝ ՀՅԴ-ն: Մի կողմում այս ամբողջ աղբն է, մյուս կողմում փրկությունը՝ ընտրության միջոցով: Եթե պետք է ազատվենք այս զուլումից, այս աղբից՝ մեկ միջոց կա՝ ընտրության միջոցով փրկությունը: Սրա առջեւ ենք մենք կանգնած: Կամ այս վիճակը պետք է շարունակվի, կամ մենք պետք է տղամարդու պես գնանք կիրակի օրը եւ չթողնենք ոչ մի խախտում»:

Ըստ Հրանտ Մարգարյանի, եթե հանձնաժողովի անդամի աչքի առաջ խախտում անեն եւ չբռնեն, ուրեմն տկար են եւ ունակ չեն հասկանալու. «Մենք ամեն մեկս մեզ ավելի լավ գիտենք: Եթե գիտենք որ մեր կամքը, մեր տեղեկացվածությունը բավարար չի, որ գիտակցենք, թե ով է մեր ներկայությամբ խախտում, ուրեմն թող հիմա կանգնի ասի: Ընկերներ, ասեք, որ հավելյալ վստահված անձինք դնենք ձեր կողքին, որ ակամա չթերանաք: Վախկոտ մարդը ոչ միայն հանձնաժողովներում տեղ չունի, այլ ընդհանրապես ՀՅԴ-ի շարքերում տեղ չունի: Ոչ ոք թող չվախենա, որ իր գլխին կխփեն: Որ խփեն՝ այդ ձեռքը անպայման կկոտրվի, չվախենա՛ք: Սա ամենակարեւոր հարցն է»: Նա խոսեց նաեւ կաշառվելու մասին. «Սա այս երկրում հարցերի հարցն է: Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին»:

Leave a Comment