RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մենք հավատում ենք, որ գործ ունենք անելու` անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանություն

Posted on September 17, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ժողովուրդ» օրաթերթին տված ամբողջական հարցազրույցը

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի փոփոխությանը, ասաց. «Վերջին շրջանում դրա անհրաժեշտությունը շատ կար, և կարծում եմ` վարչապետի փոփոխությունը տեղին էր»:

– Պարոն Մարգարյան, մեր երկրում որևէ անգամ ընդդիմությանը չի հաջողվել ընտրություններում հաղթել և այդպիսով երկրում իշխանափոխություն իրականացնել: Եվ հանրության կողմից այնքան պահանջված փոփոխություններն ամեն անգամ իշխանությունները փորձել են անել` վարչապետներին փոխելով: Նախորդ վարչապետը իշխանության եկավ նաև «հրաշալի քառյակում» Ձեր ղեկաված ուժի անմիջական ջանքերի արդյունքում, սակայն ընդամենը երկուսուկես տարի անց պարզ դարձավ, որ նա էլ ի զորու չեղավ որևէ բան շտկելու: Ինչ եք կարծում` հնարավոր է երկրում գլոբալ փոփոխություններ իրականացնելվարչապետների փոփոխությամբ:

– Ընդհանրապես փոփոխությունները լավ բան են, չեմ էլ կարծում, որ այդքան հաճախ են տեղի ունենում: Բայց հավատում եմ, որ անհրաժեշտություն կար մեկ նոր մոտեցումի, մեկ նոր ղեկավարման մշակույթի, և հուսով եմ, ուզում եմ հավատալ, որ այս նոր վարչապետի նշանակումով դա կունենանք:

– Ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը, այլ թեկնածու չկա՞ր:

– Հիմա ցանկացած մարդու պարագայում կարելի է ասել` ինչու այս մեկը, ոչ այն մեկը: Համենայնդեպս, որոշողը ես չեմ եղել, որոշողը նախագահն է եղել: Կարծում եմ, հնարավոր թեկնածուների մեջ ինքը լավագույններից էր:

– Իսկ եթե նա նորից նեղանա ու գնա ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի, ինչպես որ եղավ, երբ նա Երևանի քաղաքապետն էր:

– Կարծում եմ, որ դա շատ պրիմիտիվ, պարզունակ բացատրություն է, թե ինչու Կարեն Կարապետյանը քաղաքապետության հանգամանքը թողեց: Չեմ կարծում, որ ավելի լավ աշխատավարձով աշխատանքի համար թողեց: Չեմ հավատում, ավելի լուրջ պատճառ կար: Մանրամասնություններին տեղյակ չեմ, բայց կարող եմ ինչ-որ բաներ ենթադրել:

– Նաև որպես իշխող կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժի ղեկավար` ի՞նչ եք կարծում` ի՞նչ քայլեր պետք է անի նոր կառավարությունը` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որպեսզի մեր երկրի` 5 միլիարդից ավել պետական պարտքը աստիճանաբար ոչ թե ավելանա, այլ նվազի, որպեսզի արտագաղթի տեմպերը պակասեն, և, վերջապես, աղքատության 35 տոկոսանոց ցուցանիշը նվազի:

– Գիտեք քայլերը մեկ չեն: Վստահության ինստիտուտի վերականգնում, արդար մրցակցության, կայունության ապահովում և դրսի ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում, նաև` սոցիալական արդարության ուղղությամբ քայլեր, սրանք հերթական քայլերն են, որոնք կարծում եմ, ով որ ուզում է` երկրի վիճակը դեպի լավը փոխվի, պարտավոր է այս ճանապարհներով ընթանալ:

– Երբ մամուլը գրում էր Հովիկ Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն տեղյակ չէ կառավարության փոփոխության մասին: Հետաքրքիր է` կոալիցիոն գործընկերները ձեզ տեղյակ չէին պահել կառավարության փոփոխության մասին:

– Ոչ, երկար ժամանակ էր, որ փոփոխությունների անհրաժեշտությունը քննության նյութ էր: Դեռ նախքան մեր կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը, դեռ նախքան այդ էլ մենք քննել ենք այդ հարցերը նախագահի հետ, և նախագահն ունեցել է տրամադրություն փոփոխությունների: Այլ հարց է, թե այդ փոփոխությունները կոնկրետ ինչպես պետք է լինեին: Թե դա կոնկրետ ինչպես պետք է լիներ, բնականաբար, դրանք ամեն մեկ հանգրվանում են պարզվում, հստականում, հղկվում, բայց այս փոփոխությունների ծրագիրը դեռ նախքան մեր` Հանրապետականի հետ համաձյնագրի ստորագրումը քննության նյութ է եղել, իսկ համաձայնագիրն արդեն փաստն է, որ անհրաժեշտ է փոփոխություն, քանի որ այն, ինչ-որ մենք համաձայնում էինք անել, դա արդեն փոփոխություն է:

– Իսկ կոնկրետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին Դուք ե՞րբ եք իմացել:

– Դե, հիմա ինչ կարևոր է…բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք:

– Տեղեկություններ կան, որ Կարեն Կարապետյանը դաշնակցական նախարարներից միայն Լևոն Մկրտչյանի հետ է ցանկանում աշխատել:
Խոսե՞լ եք նոր վարչապետի հետ այս թեմայով:

– Միայն չէ: Այդ արտահայտությունը աղավաղված եք ներկայացնում, լսել եմ, որ բոլոր նախարարներից ավելի շատ կուզեր Լևոն Մկրտչյանի հետ աշխատել, ոչ թե դաշնակցական նախարարներից: Կարծում եմ, որ ինքը նախարարների հետ պրոբլեմ չունի, ուղղակի այս 20 օրվա աշխատանքային ժամանակաշրջանում ինքը պետք է եզրակացությունների հանգի, ինչպես է տեսնում կառավարության կառուցվածքն ու ձևավորումը, տնտեսական ինչ քաղաքականություն է ուզում կիրառի երկրում, և բնական է, որ այստեղ կարող են հարցեր ստեղծվել: Բայց այս պահին առարկություն կամ վերապահություն չունի մեր նախարարների նկատմամբ:

– Դուք այդ թեմայով խոսել եք իր հետ :

– Բնականաբար:

– Հիմա բոլոր նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, ե՞րբ են դաշնակցական նախարարները վերանշանակվելու և արդյո՞ք վերանշանակվելու են:

– Սկզբունքային կա, որ մեր նախարարները մնալու են, այսքանը, բայց սա ընդհանուր ձևով: Ինչպես ասում են` ինքը 20 օր դեռ ժամանակ ունի:

– Տեղեկություններ կան, որ 2017թ. ԱԺ ընտրություններում Դաշնակցությունը Հանրապետական կուսակցության հետ դաշինքով է մասնակցելու: Կա՞ նման ծրագիր, քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ:

– Չգիտեմ, հանկարծ մամուլը երբեմն բաներ է մոգոնում, որ մարդու երևակայությունից դուրս է: Այդպիսի բան չկա, մենք գնալու ենք մեր ծրագրով և անհրաժեշտություն չկա որևէ մեկի հետ դաշինք կազմելու: Ես նման բան առաջին անգամ եմ լսում:

– Իսկ քաղաքական ո՞ր ուժի հետ եք տեսնում ձեր հետագա համագործակցությունը:

– Ճիշտն ասած, բոլորի հետ էլ տեսնում եմ, եթե կա նպատակների մեջ ընդհանրություն: Իսկ եթե մոտեցումները համընկնում են, ես չեմ տեսնում պատճառ չհամագործակցելու: Կարծում եմ, որ մենք արդեն համագործակցության մեջ ենք Հանրապետական կուսակցության հետ, և դա ամեն ինչ ասում է, բայց դա չի նշանակում, որ մեզ համար բացառված է մյուսների հետ համագործակցելը:

– Դաշնակցությունը, լինելով իշխանության ներսում, մշտապես հռչակել է իրեն իշխանության ներսի ընդդիմություն և բարձրաձայնել է իշխանության թերությունների մասին, սակայն տարիների ընթացքում այդ թերությունները ոչ թե նվազել են, այլ ավելի են խորացել:

– Նախ ես համոզված չեմ, որ ավելի խորանում են, մեր երկիրը այն չի այսօր, ինչ որ 20 տարի առաջ էր:

– Այո’, այսօր ավելի մեծ է անվստահությունը, մարդկանց հուսահատությունը, ինչի դրսևորումները մենք տեսանք հուլիսյան դեպքերի ժամանակ:

– Այո, այսօր դա կա, բայց ամեն մի երևույթ, որ դու գնահատում ես, համեմատական հասկացողություն է: Մեկ կողմից դու քեզ պետք է գնահատես քո նման ուժերի հետ, բայց որպեսզի ինքնասիրահարվածությամբ չտարվես, ինքնագոհություն չապրես, քեզ պետք է համեմատես զարգացած երկրների հետ, որին ձգտում ես հասնել: Այս առումով մենք զգացել ենք, որ միշտ էլ առաջ ենք գնում, բայց միշտ էլ գոհ չենք եղել: Ես Հայաստանում եմ 1990 թավականից, և բոլոր օրերը ժապավենի նման իմ աչքի առաջով անցնում են: Այսինքն` Հայաստանը ամենավատ երկիրը չէ, սա մեր մտքից պետք է հանենք: Ժողովրդավարության առումով մենք շատ-շատ բարձր ենք բոլորից: Թերություններ ունենք անշուշտ, Դուք ասում եք` մենք կառավարության մեջ ինչ-որ իմաստով բացասական երևույթները փորձել ենք մատնանշել, չեմ կարծում, որ Դաշնակցության կեցվածքի մեջ բան է փոխվել այն առումով, որ մի ժամանակ ընդդիմություն էինք կամ իշխանություն, քանի որ մեր մոտեցումները կուսակցական շահից ելնելով մոտեցումներ չեն: Մեր դիրքորոշումները մեր երկրի համար են, մենք չենք կարող ասել, որ երբ ընդդիմություն էինք, երկրում կոռուպցիա կար, իսկ երբ իշխանություն ենք, կոռուպցիա չկա, այդպիսի բան չենք կարող ասել: Իբրև ընդդիմություն` այլ բան ունեինք և անում էինք, իբրև իշխանություն` մենք հավատում ենք, որ գործ ունենք անելու և անում ենք:

Տղերքը խաբվեցին

Սասնա Ծռերի համար գրել էին այդ տեքստը ու թաքնվել

Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ասաց. «Տղերքը գնացին, քանի որ ես կարծում եմ, որ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին, իրենք խաբվեցին»:

-Պարոն Մարգարյան, հատկապես այս ամառ առավել ակնառու դարձավ, թե ինչքոն խորն է հանրության մի զգալի մասի հուսահատությունը: «Սասնա Ծռեր»-ի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրամանը հաջոդած իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկանց դժգոհությունն այնքան է մեծացել, որ պատրաստ են անգամ զենքի ուժով հարց լուծելու տարբերակը ողջունել: Ինչպես հայտնի է Սասնա ծռեր խմբի անդամների մեջ կային դաշնակցության նախկին անդամներ: Ըստ ձեզ ինչո՞ւ նրանք դիմեցին այս ծայրահեղ քայլին եւ ինչի հասան ի վերջո :

– Ես այս հարցով առաջին անգամ եմ խոսում: Պատճառները շատ են: Հայաստանի այդ օրերի չէի համակրում, քանի որ ինձ նեղացրել է, տագնապեցրել է, որովհետեւ ես այն անձերից եմ, եթե մի բան ասում եմ, ճիշտ է, բրավո, գնում եմ, մասնակցում եմ ու փորձում եմ այդ հարցի մեջ լինել առաջին գծում: Ես չէի կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են բրավո, ապրեք ասել, բայց իրենց գործը չշարունակեն, իրենց կողքը չկանգնեն, իրենց դիրքորոշումների մեջ հետեւողական չլինեն: Ի՞նչ ստացվեց արդյունքում: Արդյունքում ստացվեց, որ ճիշտէ նրանք նախկին դաշնակցականներ են, բայց ինչ-որտեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյո՞ք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որչ փորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց հետ ես տեսնում էի հեռուստատեսությամբ, կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին: Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր: Եթե դա ճիշտ ուղին էր թող մի շենք էլ իրենք գրավեին, երկրոդը գրավեին, 4-րդը գրավեին, իսկ եթե դա դա ճիշտ չէր, ինչպես ասեցին բրավո: Ախր դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են: Ես իսկապես դրա համար ափսոսանքի զգացում ունեմ: Նույնիսկ բարկության տրամադրություններ են ստեղծվում, երբ ամեն անգամ մտածում եմ:

-Ամեն դեպքում ինչի՞ հասան «Սասնա ծռեր»-ը:

-Չի կարելի որեւէ բան ղեկավարել առանց առաջին գծումլինելու, դա մի քիչ անպարկեշտություն է, մարդկանց հայրենասիրությունը մարդկանց զգացական ապրումները օգտագործես կրակի մեջ գցես եւ դու մի կողմ կանգնես, դա մարդկային չէ: Դա գաղափարական մարդու պահվածք ու կեցվածք չէ: Ես իսկապես վատ եմ զգում այն քաղաքական գործիչների համար, այսպես կոչված քաղաքական գործիչների համար, որոնք ասեցին բրավո, բայց նույնը չարեցին: Եթե ճիշտ էր թող անեին, եթե ճիշտ չէր, ինչո՞ւ այդ մթնոլորտըստեղծեցին :

-Իսկ ո՞րն է Ձեր գնահատականը «Սասնա ծռեր»-ի այդ քայլին:

-Տղերքը գնացին, քանի որ ես կարծում եմ, որ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին, իրենք խաբվեցին: Իրենք կարծեցին, որ հարույր հազարավոր ժողովուրդ դուրս կգա իրենց կպաշտպանի: Իրենք խաբվեցին, քանի որ կարծեցին, թե դրանով ինչ-որ բան կարող էին փոխել, բայց հոկտեմբերի 27-ն էլ ապացուցեց, որ այդ ճանապարհով հնարավոր չի բան փոխել, ոչ թե հնարավոր չի փոխել, դրանից մենք չենք շահում, ավելի վնասվում ենք: Վերջիվերջո, եթե կա պայքարելու օրինական ձեւ առնվազն այդ օրինական ձեւը դու պիտի սպառես:

– Բայց տղաներն ասում էին, որ օրինական բոլոր ճանապարհները սպառված են:Ըստ ձեզ,որն էր օրինական ճանապարհը, որով նրանք կարող էին պայքարել, բայց չարեցին:

-Ընտրություններ, ժողովրդին կազմակերպել: Նայեք, որ կուսակցությունը Հայաստանում ունի կազմակերպված շարքեր: Ինչու չունեն, որովհետեւ չեն աշխատել, չէ՞: Այնտեղ ոչ ոքի ձեռքը չեն բռնում, կոկորդը չեն սեղմում, բայց տքնաջան աշխատանք է պետք ժոովրդին քաղաքականորեն կազմակերպելու համար, դա է միջոցը փոփոխությունների: Ես կարող եմ կռվել, պոռթկալ, երբ երկրում անարդարություն կա, սոցիալական ծանր վիճակ կա, բայց եթե ես կռվում եմ, պոռթկում եմ, ասում եմ, որ ռուսական բազաները Հայաստանից պետք է դուրս գան, որովհետեւ դա ինչ-որ այլ պետությունների պահանջն է, դա այս ժողովրդի դարդ ու ցավի հետ ին՞չ կապ ունի, դա արդեն լրիվ ուրիշ բան է: ժողովրդի բողոքի, անարդարության սոցիալական վատ վիճակի հետ ինչ առնչություն ունի, թե հայ -թուրքական սահմանը ռուսական ուժե՞րն են պահում, թե հայկական: Ոչ էլ այդ տղաներն են դրանում համոզված: Ես վստահ եմ, որ իրենք էլ այդ համոզումները չունեն, ես վստահ եմ, որ մեկ ուրիշը իրենց համար գրել է այդ տեքստը եւ հետո թաքնվել :

-Այսինքն ինչ-որ ուժեր տղաներին ուղղորդել էին:

-Դե վերջիվերջո, ես այդ տղաներին շատ լավ գիտեմ, ես այդ տղաների մի մասին առնվազն շատ -շատ լավ գիտեմ, վատ իմաստով չեմ ասում, բայց նրանք ղեկավարվող անձինք են: Իրենց համոզումներն էլ, նրանց ներաշխարհն էլ գիտեմ: Այն պահանջները, որոնք ներկայացվեցին, առնվազն այս մասով, իրենց հետ առնչություն չունեին:

Զրուցեց Քնար Մանուկյանը

«Ժողովուրդ»

armlur.am

Leave a Comment