RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Քաղաքական միտքը լուրջ պատճառներ ունի անհանգիստ ու մտահոգ լինելու համար

Posted on April 26, 2010, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը

«7 ՕՐ» կայքէջին:

«Այսօր երկրում արդարության, սոցիալական անարդարության, տնտեսական իրավիճակի առումով իսկապես տագնապ գոյություն ունի»

 

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի ուղերձը։

-Առաջին հերթին պետք է դրական գնահատեմ, բայց’ ոչ բավարար, ոչ ամբողջական։ Հարցն այն է, որ վավերացման գործընթացի կասեցումը չի նշանակում հրաժարվել արձանագրություններից։ Դա կարող է երկու նպատակով լինել։ Առաջին՝ սա կասեցնում ենք, որ հետո կարողանանք ստորագրությունը հետ քաշել։ Այդ առումով դրական է։ Երկրորդ՝ կարող է լինել իբրև հերթական քայլ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար, որ Թուրքիան հաստատի արձանագրությունները, որից հետո մենք հաստատենք։ Այդ պարագայում մենք չենք կարող կողմ լինել, չենք կարող արդարացնել և կհամարենք վտանգավոր քայլ, որովհետև հիմնական հարցն արձանագրություններից ձերբազատվելն է՝ նոր հարաբերություններ ստեղծելու, նոր բանակցության դիմելու, որ այդ արձանագրությունների երկիմաստությունը, արձանագրություններում պարունակվող քողարկված ու բացահայտ նախապայմաններն իսպառ վերանան, և մենք կարողանանք արժանապատիվ հարաբերություններ նախաձեռնել։ Ես հույս ունեմ, որ իշխանության նպատակը դա է։ Համենայնդեպս, քանի դեռ փաստը չի արձանագրվել, այսինքն արձանագրությունները չեղյալ չեն հայտարարվել, մենք մեր պայքարը պետք է շարունակենք։ Մենք իրավունք չունենք այս տեսակի մարտավարությունների դիմաց նահանջել կամ տատանվել։ Մենք պետք է շարունակենք, մինչև հասնենք վերջնական արդյունքի։

-Այսպիսի մի տեսակետ է հնչում, թե այժմ ողջ ուշադրությունը սևեռվելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, այսինքն՝ ԼՂ հարցում «առաջընթաց» արձանագրել, այնուհետև անցում կատարել հայ-թուրքական գործընթացին։ Համամի՞տ եք այդ տեսակետին։

-Ղարաբաղի հարցի գործընթացի մեջ վտանավորն այն է, որ Թուրքիան դարձավ ոչ պաշտոնական, ոչ բացահայտ կողմ։ Սա ամենավատ, ամենաբացասական «ձեռքբերումն» էր։ Այս երկու տարվա ֆուտբոլային դիվանագիտության ամենաբացասական ձեռքբերումն էր, որ Թուրքիան հետզհետե կարողացավ Ղարաբաղի հարցով իր տեսակետն արտահայտել, իր տեսակետը լսելի դարձնել, մարդիկ սկսեցին դա քննության նյութ դարձնել, և սա ամենավտանգավորն էր։ Համենայնդեպս կարծում եմ, որ այդպես չի կարելի մոտենալ, որովհետև, ինչպես նշեցի, վտանգավորությունը Թուրքիայի դերակատարությամբ ղարաբաղյան հարցի լուծումն է, ոչ թե Ղարաբաղի հարցի լուծումն առանձնաբար։ Այդ դերակատարությունն է, որ մենք պետք է բացառենք, այդ դերը չպետք է տանք։ Այս իմաստով մի տեսակ նվազ հավանական եմ գտնում, համենայնդեպս չեմ կարողանում այդ առումով կապել իրար։ Միշտ էլ կարելի է այդպես մտածել, բայց ենթադրում եմ, որ այս ամենի մեջ մի դրական բան կար՝ մի նահանջ արձանագրվեց զիջողական տրամադրությունների մեջ, և դա հենց Ղարաբաղի հարցով ավելի ամուր կեցվածք ունենալն էր, առնվազն Ղարաբաղի հարցով Թուրքիայի նախապայմանները կտրուկ ձևով մերժելն էր։ Դա պետք է կարողանանք գնահատել։

-Լեռնային Ղարաբաղի հարցում ընդհանուր առմամբ «առաջընթաց» ակնկալո՞ւմ եք։

-Ես կարծում եմ՝ հետընթաց կար։ Ղարաբաղի հարցում նորացված մադրիդյան սկզբունքներ արձանագրվեցին, ինչը բնականաբար հետընթաց էր։ Դա էլ մեր երկրորդ վատ ձեռքբերումն էր, բայց համանախագահների առնվազն վերջին հայտարարություններին հետևելով՝ մի եզրակացության ես գալիս. որ այլևս չի խոսվում նորացված մադրիդյան սկզբունքների մասին, ինչը դրական երևույթ է։

-Դուք բավական հաճախ եք հանդիպում Սփյուռքի ներկայացուցիչների հետ, վերջերս էլ բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել։ Ի՞նչ մթնոլորտ է Սփյուռքում։ Տրամադրությունները փոփոխություն կրե՞լ են, թե՞ ոչ։

-Մտահոգություններն առկա են։ Չէի ասի, թե փոփոխություններ կան։ Ուշի-ուշով հետևում են։ Ժողովրդական մակարդակի վրա հաճախ շփոթներ են լինում, չեն կարողանում ճիշտ հասկանալ տեղի ունցածը, հաճախ երևում են զգացական մոտեցումներ, բայց դրանք բոլորը ժամանակավոր են։ Վերջապես քաղաքական միտքը կարողանում է ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել, և այդ քաղաքական միտքը լուրջ պատճառներ ունի անհանգիստ ու մտահոգ լինելու համար։

-Պարո՛ն Մարգարյան, արտաքին և ներքին քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Կարծում եմ՝ մի բան պարզ էր։ Իշխանություններն անդրադարձան, որ այդքան դյուրին չէ, իշխանական լծակներ ունենալով, իշխանության հնարավորություններն ունենալով, նաև ունենալով արտաքին օժանդակություն, հովանավորություն, զորակցություն, խաղալ սեփական ժողովրդի զգացումների, շահերի և ազգային տրամադրությունների հետ։ Անդրադարձան, և այս նահանջը նաև այդ առումով է, որ արձանագրվել է։ Անդրադարձան, որ սա խաղալու բան չէ։ Ես ելույթներիցս մեկում ասացի, որ շատ հավանական էր հայկական իրականության մեջ ցունամիի ձևավորումը։ Անշուշտ, դրանից ոչ մեկս չէինք շահի, բայց որ ցունամիի պատճառ դառնալու չափ լուրջ էր այդ ամենը, դա այդպես էր։ Իշխանությունները նաև տեսան, որ խոսքը կույր հակադրության մասին չէ։ Այսինքն այն ուժերը, որոնք այս հարցերով կարողացան հակադրվել և շարժում ձևավորել, ինքնանպատակ և կույր շարժման կողմնակից չէին և փորձեցին նաև օգնել իշխանությանը այս իրավիճակից դուրս գալու համար։ Բայց դա ոչ մի անգամ չէր նշանակում, որ այդ ուժերի շրջանում վճռականությունը պակասում է։ Դա, կարծում եմ, իշխանությունները կարողացան ճիշտ հասկանալ։ Ներքին առումով շատ լուրջ խնդիրներ ունենք։ Այսօր երկրում արդարության, սոցիալական անարդարության, տնտեսական իրավիճակի առումով իսկապես տագնապ գոյություն ունի, և եթե իշխանությունները չկարողանան համապատասխան կամք դրսևորել և փոխել իրավիճակը, կարծում եմ, որ դժվար ժամանակներ ենք ապրելու։ Համենայնդեպս, այսօր դժվար է ապրում ժողովուրդը, և չի կարելի այս փաստը չտեսնել ու դրա հետ հաշվի չնստել։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Leave a Comment