RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Թուրքիան շարունակում է պատերազմել Հայաստանի դեմ

Posted on December 21, 2009, by , under Լուրեր.

«ԱՐՄԱՐ».– Դաշնակցությունը ավանդաբար տարին ամփոփում է ժողովրդի առջեւ հաշվետվությամբ: Այն անցկացվում է մայրաքաղաքում ու մարզերում: Այսօր կուսակցության 119-ամյակը եւ տարվա ամփոփումը կատարվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Զեկույցով հանդես եկած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ասել է. «Նոր օրակարգ է հայտնվել մեր կյանքում. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչ ենք անում, ուր ենք գնում»:
«Համազգային զարթոնքից հետո վճռական, ծանր ու դժվար տարիներ շատ ենք ապրել. երկրաշարժ, տնտեսական տագնապներ, պատերազմ, անկախություն: Եվ այդ տարիներից արդեն հարեւան Թուրքիան թշնամական վերաբերմունք է ունեցել մեր հանդեպ: Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, մեր դեմ պատերազմի է դուրս եկել: Նա ընտրել է պատերազմի այլ տարբերակ` շրջափակումը»:

Նա նկատել է, թե. «Մինչեւ 1998-ը, Հայաստանը փորձում էր չտեսնելու տալ Թուրքիայի թշնամական կեցվածքը: 1998-ից սկսյալ Հայաստանը իր արտաքին քաղաքականության օրակարգ բերեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Արդյունքում բազմապատկվեց մինչ այդ միայն Սփյուռքի ճիգերով Ցեղասպանության հարցի արծարծումը, նորանոր պետություններ ճանաչեցին Ցեղասպանությունը: Թուրքիան, որ փորձում է իր տեղն ունենալ Եվրոպայում, հանդիպեց համընդհանուր վերաբերմունքի:

Ցեղասպանության ուրացման քաղաքականությանը զուգահեռ` Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, ավելի էր բացահայտում իր հակահայ, ցեղասպան պետություն լինելու իրողությունը: Թուրքիան ճնշման էր ենթակա հատկապես շրջափակմանը վերջ տալու հարցում: Նրա համար սա Եվրոպա մուտքի նախապայման էր»:

Անդրադառնալով սահմանի բացման խնդրին` Հ. Մարգարյանն ասել է. «Սահմանի բացումը, ինչպես ցանկացած պետության, մեզ համար նույնպես կարեւոր էր: Սակայն մենք պետք է կարողանայինք սպասել, մինչեւ ճնշումները արդյունավորվեին, եւ հարցի լուծման նախանշաներ տեսնեինք թուրքական կողմիցե: Իսկ այդպիսի նախանշան, ըստ Մարգարյանի կլիներ այն, որ սահմանները բացելու դիմաց թուրքական կողմը հրաժարվեր իր հայտարարած նախապայմաններից:

«Մենք պետք է նաեւ գիտակցեինք` քաղաքական այն շահագրգռությունը, որ մեզ մղում կամ ստիպում էր շուտափույթ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, անիմաստ էր, եթե անլուծելի էր մնում Ղարաբաղի հարցը: Եթե ոչ ամբողջությամբ, գեթ` ազատագրված տարածքների կտրվածքով, ինչը հնարավորություն պետք է տար Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երկաթուղու վերականգման եւ էներգետիկ հաղորդամիջոցների ստեղծման: Մինչդեռ Հայաստանը օրն ի բուն խոսում էր ազատագրված տարածքները զիջելու իր պատրաստակամության մասին»,-ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
«Ինչ ստացվեց: Մենք ընդունեցինք թուրքական նախապայմանները, սակայն Թուրքիան նույնիսկ այս արձանագրությունները հապաղում է վավերացնել, որովհետեւ իր եւ Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ ավարտված չէ, ցանկանում է ամբողջական պարտություն մատնել մեզ ու շարունակվում է ճնշումը, նորանոր զիջումներ է պահանջում:

Այսինքն` շարունակում է պատերազմել Հայաստանի դեմ, փակ է պահում սահմանը, չի վավերացնում արձանագրությունները, որպեսզի Ղարաբաղի հարցով եւս հասնի արդյունքի, եւ հաջողում է: Եթե ճնշվող կա, ճնշող միշտ լինելու է»:
Եզրափակելով իր ելույթը Հ.Մարգարյանն ասել է.«Մենք հակաթուրք չենք, եւ մյուս կողմն էլ թրքամետ չենք: Մենք դեմ ենք Թուրքիայի ուրացման քաղաքականության, Թուրքիայի հակահայ քաղաքականության, սակայն մենք կողմ ենք հայ-թուրք հարաբերությունների վերականգման, սահմանի բացման: Մենք դեմ ենք ստորացուցիչ պայմաններին, դեմ ենք որեւէ նախապայմանի ընդունման»:
ArmAr.am

Leave a Comment