RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Սերժ Սարգսյանը նորմալ է վերաբերվում ՀՅԴ քննադատությանը

Posted on February 6, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ» օրաթերթին:

– «Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը բացահայտել է, թե իրենց բանակցությունները ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի հետ «որեւէ լուրջ արդյունքի չեն հանգեցրել, քանի որ իրենք չեն որոշակիացնում, թե ով է լինելու այն թեկնածուն, որն իր թեկնածությունը հանելու է»: Մեր ունեցած տեղեկություններով, Ձեզ հետ հանդիպման ընթացքում ԱԺՄ նախագահն իր թեկնածությունը չհանելը փաստարկել է այսպես, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում իր դեմ է առաջադրվել, այլ ոչ Սերժ Սարգսյանի:

– Նման հարցերում շտապելն ու արագ եզրակացություններ անելը, կարծում եմ, ընդհանրապես ճիշտ չէ, քանի որ ամեն ինչ միշտ հնարավոր է: Ասեմ, որ այդ բանակցությունները միայն զուտ միանալ-չմիանալու նպատակ չեն հետապնդում: Սրանք նաեւ խորհրդակցություններ են, մտքերի փոխանակություն՝ համագործակցության այլ ձեւեր փնտրելու, մթնոլորտի վրա ազդելու դերակատարության մասին: Եվ վերջապես՝ կա փետրվարի 19-ից հետոյի իրականություն. փետրվարի 19-ով կյանքը չի վերջանում: Ու կարծում եմ, որ այդ խորհրդակցությունների իմաստն ավելի մեծ է: Բայց որոշակի արդյունքի առումով՝ ես դեռ հույսս չեմ կտրել:

– «Ժառանգությունե կուսակցության վարչությունը կոչ էր արել 4 թեկնածուների, որ նրանցից նվազագույնը 2-ը միավորվեն՝ որպես նախապայման իր աջակցության համար: Կարծես թե նման միավորում ուրվագծվում է Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում: Այս իմաստով ՀՅԴ-ն արդեն իսկ բաց չի՞ թողել իր հնարավորությունը՝ ձեւավորելու միասնական առանցք:

– Ես կարդացի Րաֆֆի Հովհաննիսյանի հաղորդագրությունը՝ այդքան պարզ ու հստակ գրված չէ ամեն ինչ: Մի քիչ տարբեր ձեւով է գրված: Համենայնդեպս, ամեն մարդ գիտի իր անելիքը, բայց հույս ունեմ, որ կկատարեն ճիշտ ընտրություն: Եվ կարծում եմ, որ միացումն ինքնըստինքյան նպատակ չի: Մարդ միանում է իրեն նմանողին, իրեն ավելի հարազատին, իրեն ավելի ընկալողին, մեկի հետ, որի հետ ունի նաեւ բարոյական հասկացությունների ընդհանրություն: Այդ առումով, կարծում եմ, ճիշտ որոշումը մեզ միանալն է:

– Տեղեկություններ կան, որ քարոզարշավի սկսվելուց հետո Դուք հանդիպել էիք նաեւ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

– Հաճախ եմ հանդիպում նրա հետ:

Այդ մի հանդիպման ընթացքում, ՀՀԿ-ականներից մեր ստացած տեղեկությամբ, քննարկել եք կառավարությունում ՀՅԴ նախարարների հետագա ներկայացվածության հարցը, եւ Սերժ Սարգսյանն ասել է, թե իր համար միեւնույն է՝ նախարարները կարող են շարունակել պաշտոնավարել, կարող են դուրս գալ փուլ առ փուլ կամ միանգամից:

– Ասում են՝ ցանկացած սուտ մի քիչ ճշմարտություն պարունակում է, բայց այս պարագայում դա՛ էլ չկա, նույնիսկ փոքրիկ ճշմարտություն չկա: Գուցե ձեզ համար հավատալի չլինի, բայց կառավարությունում աթոռների հարցը մեզ համար ոչ մի ժամանակ չի եղել համաձայնություններ, պայմանավորվածություններ կայացնելու նախապայման: Դա չի եղել 2003-ին, երբ 2-րդ փուլում «կուրծքներս բացե պաշտպանեցինք Ռոբերտ Քոչարյանին: Դա չի եղել նաեւ կոալիցիայի հետ համաձայնագիր ստորագրելու պարագայում: Դա մեզ համար միշտ եղել է տասներորդական հարց: Եվ պահանջը, որ մենք ունենանք նախարարներ՝ ավելի շատ եղել է իրենց կողմից: Մենք ավելի շատ նախընտրել ենք միշտ այն օղակները, որոնք առավել վերահսկողական դերակատարություն ունեն, այն դիրքերը, որտեղ ավելի շատ են քննարկվում երկրի անվտանգության հարցերը: Նախարարական աթոռը մեզ համար ոչ մի անգամ չի ունեցել մեծ կարեւորություն:

– Հարցն առավել այն մասին է, թե որքանո՞վ է նպատակահարմար շարունակել դաշնակցական նախարարների պաշտոնավարումը, երբ ՀՅԴ թեկնածուն հանդիպումների ընթացքում քննադատում է նաեւ գործող իշխանությանը:

– Մենք ոչ մեկի հանկարծակիի չենք բերել: Եթե հիշեք կոալիցիայի հետ մեր ստորագրած համաձայնագիրը՝ այդտեղ մի քանի կարեւոր կետ կա: Առաջինը՝ մենք չմտանք կոալիցիայի մեջ եւ պահպանեցինք իրավունքը՝ սեփական թեկնածուով մասնակցելու նախագահական ընտրություններին: Երկրորդ պայմանը, որ այս առումով կարեւոր է՝ այն է, որ ասել ենք, թե պատասխանատվություն չենք կրում կառավարության այն գործունեության համար, որին մենք մասնակից, դերակատար չենք եղել: Այսինքն՝ մենք պահել ենք կառավարությանը քննադատելու իրավունքը՝ ըստ այս համաձայնագրի: Եվ դա է, որ անում ենք: Այսինքն՝ մենք մնացել ենք մեր պայմանավորվածությունների սահմաններում: Հիմա՝ այս իրականության մասին ՀՀԿ մինչեւ ո՞ր մակարդակն են տեղյակ՝ չգիտեմ: Ես գիտեմ, որ կա սեւով ճերմակի վրա գրված փաստաթուղթ՝ ստորագրված եռակողմ ներկայացուցիչների կողմից:

– ՀՀԿ-ի մի քանի ներկայացուցիչներ՝ Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, այնուամենայնիվ, դժգոհություններ հայտնեցին ՀՅԴ պահվածքից: Եվ նշեցին, թե ՀՅԴ-ն կարծես այրում է հետագա համագործակցության կամուրջները: Մինչդեռ ՀՅԴ թեկնածուն միշտ ընդգծել է, թե շարունակելու եք ՀՀԿ-ի հետ համագործակցել: Այս առումով՝ ՀՀԿ-ն ձեզ «դեղին քարտե է արդեն ցույց տվել:

– Ո՛չ: Արմեն Աշոտյանն ու Գալուստ Սահակյանն այն մարդիկ չեն, որ «դեղին քարտե ցույց տան մեզ: Եվ ընդհանրապես՝ մենք ոչ մեկի հետ այն տեսակի հարաբերությունների մեջ չենք, որ իրեն իրավունք վերապահի մեզ ցույց տալ «դեղին քարտե: Ես ուղղակի կարծում եմ, որ նրանք լավատեղյակ չեն՝ այդ փաստաթուղթը չեն կարդացել կամ լավ չեն կարդացել ու մանրամասներին տեղյակ չեն:

– Հայտնեցիք, որ հաճախ եք հանդիպում Սերժ Սարգսյանին: Ինչպե՞ս է նա վերաբերվում ՀՅԴ գործիչների այս քննադատությանը:

– Կարծում եմ՝ նորմալ: Քանի որ մեր քննադատության մեջ թույն չկա, թշնամանք չկա: Մեր քննադատության մեջ կա դեպի ապագան նայող մոտեցում: Հետեւում եմ Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին՝ նա էլ է խոսում երկրում աղքատության, կոռուպցիայի մասին, դրանք վերացնելու անհրաժեշտության մասին: Կարծում եմ, չկա այն տեսակ հարց, որ թշնամանք ստեղծի: Համենայնդեպս, մենք բոլորի նկատմամբ դրական ֆոնի վրա ենք փորձում տանել նախընտրական պայքարը: Մենք չարությամբ լցված չենք ոչ մեկի նկատմամբ եւ չենք ուզում թշնամանք սերմանել: Մենք քաջ գիտակցում ենք, որ փետրվարի 19-ից հետո այս երկիրը պետք է ապրի, այս քաղաքական ուժերը պետք է համագործակցեն իրար հետ: Վերջին հաշվով՝ կան շատ ավելի էական ու հիմնական հարցեր, եւ այսօր չպետք է անենք մի բան, որի համար վաղը կարող ենք զղջալ:

– Եթե ՀՅԴ ընտրապայքարը դրական ֆոնի վրա է՝ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ տեղական իշխանությունների մակարդակով շարունակաբար խոչընդոտում են ՀՅԴ թեկնածուի հանդիպումներին:

– Ես խոսում եմ մե՛ր դրական գործելաոճի մասին: Ես չեմ խոսում մյուսների գործելաոճի մասին: Ես այսօր տեսնում եմ մի անառողջ մթնոլորտ ընտրապայքարում: Հիշում եմ՝ երբ ընտրության նախօրեին տարբեր ուժերի հետ պայմանավորվում էինք, որ գաղափարաքաղաքական, դրական ֆոնով տանենք այս պայքարը, չլինեն փոխադարձ ցեխարձակումներ, հայհոյախառն արտահայտություններ՝ բոլորը մեզ հետ համաձայն էին: Բայց այսօր մթնոլորտը տարբեր է՝ բավական թունավորված: Այնքան անառողջ է այս վիճակը, որ ակամա վիճակներ են ստեղծվում քեզ համար. քննադատում ես նախկինին՝ կա ներկան պաշտպանելու, ծառայելու, դրածո լինելու պիտակավորման վտանգը: Քննադատում ես ներկային՝ նախկինն է շփանում եւ ճամփա հարթում իր համար: Ոչ ոք չունի համարձակություն ասելու այն, ինչն ինքն իսկապես հետապնդում է: Նախկինը չի համարձակվում ասել՝ ես գալիս եմ կուրսի փոփոխություն մտցնելու, քննադատության նյութ է դարձնում կոռուպցիան, անարդարությունը եւ այլ բաներ, որոնք երկրում կային իր ժամանակ էլ, որոնց հեղինակն է նաեւ ինքը:
Այս մթնոլորտը երկու բանով է հղի՝ կա՛մ առճակատումներ ու բախումներ, որոնցից մեր երկիրը չի շահի, կա՛մ համատարած ահավոր ընտրակաշառքի երեւույթ, որին այսօր բոլո՛րն են նախապատրաստվում: Ոչ միայն մի թեկնածուն՝ բոլո՛րն են զբաղված ընտրակաշառքներ բաժանելով: Այսինքն՝ նույնն ենք կրկնում, վատը փոխարինելով վատագույնով, վատագույնը՝ վատով: Այսպիսով այս երկիրն ո՞ւր կգնա: Եվ կոչ եմ անում բոլորին ինքնազսպումի եւ երկիրը չտանել ուրիշ տեղ: Քանի որ այսօրվա իրական պայքարը զուտ իշխանափոխությունը չէ՝ նոր իշխանություն ձեւավորելն է: Այն պետք է ասպարեզ գա, փորձի ժողովրդի վստահության քվեն ապահովել՝ սեփական ծրագրերը բացատրելով, այլ ոչ ընդդեմի ֆոնի վրա:

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Leave a Comment