RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Իսկ մեզ վստահեցրել էին…

Posted on May 1, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ» շաբաթաթերթին:

 

– Երբ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարեւորվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հարցը, սկզբից եւեթ անհանագստություն արտահայտվեց, որ գործընթացները կարող են Հայաստանի համար անկանախատեսելի հունով զարգանալ: Սակայն այս ողջ ընթացքում ՀՅԴ-ն նախընտրեց չարձագանքել այդ ամենին, իսկ ուշ արձագանքը եղավ շատ կտրուկ եւ այն էլ այն պահին, երբ ձնագունդը բավական գլորվել է` ստորագրվեց կոնկրետ փաստաթուղթ:

– Մենք չենք լռել եւ միշտ արտահայտել ենք մեր անհանգստությունը նախագահին: Բանն այն է, որ ՀՅԴ-ն դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Բայց հայ-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են եւ նրանում առաջընթաց հնարավոր է գրանցել միայն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման դեպքում: Սրան է, որ մենք կողմ ենք արտահայտվել: Այս հարցում վստահել ենք նաեւ մեր երկրի նախագահին, նրանից ստացել հստակ երաշխիքներ, որ հայկական կողմից չի կարող թուրքական նախապայմաններն ընդունվել: Բայց ուշի-ուշով հետեւելով զարգացումներին, եկավ մի պահ, որ սկսեցինք լուրջ մտահոգվել: Վերջին ամիսներին մեզ համար պարզ դարձավ, թե իրականում որոնք են թուրքերի ակնկալիքները, եւ որ հայկական կողմն ընդունակ է «այլ» բնույթի բանաձեւեր ստորագրել: Դա են ապացուցում հնչած ելույթներն ու հարցազրույցները: Ելույթ ունենալով Թուրքիայում Օբաման, չնայած ասաց, որ հայոց ցեղասպանության հարցում չի փոխել իր տեսակետը, բայց նաեւ ընդգծեց, թե ուրախ է, որ հայ-թուրքական հարաբերություններում այսօր շատ հարցեր են քննարկվում` ներառյալ ցեղասպանության հարցը: Ուշադրություն դարձրեք, այդ մասին խոսում է Օբաման եւ ոչ թե Էրդողանը կամ էլ թուրքական ինչ-որ մի թերթ: Իսկ հայկական կողմի հակադարձող արձագանքն այդպես էլ չլսվեց: Ավելին. Ուոլ Սթրիթ Ջոռնալ-ին տված հրացազրույցում լրագրողի հարցին, թե կարո՞ղ է ցեղասպանության հարցը քննության առարկա դառնալ, Սերժ Սարգսյանը պատասխանել էր` թուրքերը կարող են ցանկացած հարց բարձրացնել, եւ մենք չենք կարող նրանց արգելել այդ հարցում: Նրա խոսքից կարելի է եզրակացնել, որ ցեղասպանության հարցը քննության առնելը մեր նախագահը ընդունելի է համարում, մի բան, որը հայության համար անսակարկելի իրողություն է: Նկատենք, որ պատմաբանների հանաձնաժողովի ստեղծումը Թուրքիայի նախապայմաններից է, ինչը, փաստորեն հայկական կողմն ընդունում է:

– Իսկ կոալիցիայից դուրս գալու վերջին կաթիլը հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին` Հայաստանի, Թուրքիայի ԱԳ նախարարների եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության ստորագրումը եղավ:

– Անշուշտ: Ապրիլի 23-ին, Երեւանի ժամանակով 01-15-ին ստորագրվեց Հայաստան-Թուրքիա համաձայնագիրը, որը ներկայացվեց որպես առաջընթաց երկու երկրների հարաբերություններում: Մինչդեռ նույն պահին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հարցազրույց տալով հիշեցնում էր Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանը զիջումների գնա ԼՂՀ-ի խնդրում, եւ նկատում. ՙԵս այն գնահատում եմ որպես ձեռքբերված պայմանավորվածություններից հետընթաց եւ նախապայմանի առաջադրում՚: Այդ դեպքում ինչո՞ւ ստորագրեցինք որպես ՙառաջընթաց՚ որակվող համաձայնագիրը, եթե իրականում հետընթաց է գրանցվել, ո՞ւմ էր այն ձեռնտու, իհարկե` թուրքերին եւ Օբամային, որով վերջինս հնարավորություն ստացավ առավել քան հանգիստ մերժել իր խոստումը` ապրիլ 24-ին չարտասանելով հայոց ցեղասպանություն բառը:

Դաշնակցությանը դեռ հայտնի չէ՞ «ճանապարհային քարտեզի» իրական բովանդակությունը, իհարկե, ոչ թե այն, ինչ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

– Ո’չ,

-Այդ դեպքում ի՞նչ պատճառ ունեք չհավատալու երկրի նախագահի հավաստիացումներին, թե հայ-թուրքական հարաբերություններում չի քննարկվել Արցախի հարցը, որ այդ համաձայնագիրը չի նշանակում հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքից: Նախագահը նույնիսկ համոզմունք հայտնեց, թե ճանապարհային քարտեզի քողազերծումից հետո, այն անպայման դուր կգա հայ ժողովրդին:

-Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, որ մենք սխալված լինեինք… Ազգային հարցերում մեր` զիջումների գնալու քաղաքկանությունը Թուրքիային թույլ կտա բռնել մեր կոկորդից եւ գործընթացներն ուղղորդել իր համար ցանկալի ուղղությամբ:

– Խոսեցիք նախապայմաններից, բայց եւ նախագահը, եւ ԱԳ նախարարը հայտարարեցին, որ առաջին անգամ ստորագրվեց մի համաձայնագիր, ուր Թուրքիան զերծ մնաց իր հայտնի նախապայմանների առաջադրումից:

– Այդպես չէ. ՀՀ ղեկավարությունը մեզ հավաստիացնում էր, որ մինչեւ ապրիլի վերջը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, բայց ստորագրվեց, եւ դա եղել է Թուրքիայի նախապայմանը: Սա արդեն իսկ նախանշան է, որ մենք հետայսու կարող է տեղի տանք թուրքական նախապայամաններ առջեւ, որոնք են` Թուրքիայի սահմանների ճանաչում (Կարսի պայմանագրի վավերացում-Ա.Ս.), ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացի դադարեցում, հայկական զորքերի դուրսբերում ԼՂՀ-ից` վերջինս Ադրբեջանի մաս հայտարարելով: Այս բոլորը մտահոգիչ են. Էրդողանը հայտարարում է` մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի` որեւէ պայմանագիր չենք ստորագրի, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Բրայզան Հայաստան է շտապում` փորձելով բոլորին համոզել, որ Ղարաբաղի հարցն ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը փոխկապակցված են: Ի՞նչ են սրանք, եթե ոչ թուրքական նախապայմանների իրականացում: Մեր քաղաքականությունը սխալ ընթացքի մեջ է,ինչը եւ պատճառ դարձավ կոալիցիայից մեր դուրս գալու:

– Նախարար Նալբանդյանն ի պատասխան ՀՅԴ-ի կտրուկ քայլի` նկատել էր, թե այն, ինչ տեղի ունեցավ չպետք է անակնկալի բերեր, քանի որ 7 ամիս շարունակ խոսվում է այդ մասին:

– Ո՞ւմ է փորձում խաբել ԱԳ նախարարաը, գուցե իրե՞ն: Իրականությունն այն է, որ 7 ամիս շարունակ խոսվել է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին: Նալբանդյանն ինչու չի ասում, որ իրենք ամիսներ շարունակ հավաստիացնում էին, որ ապրիլին որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, մոռացել է՞ այս մասին: Բայց ապրիլի 23-ին մենք կուլ տվեցինք թուրքական խայծը, 1-ին նախապայմանը` ստորագրվեց համաձայնագիր: Գիտեք, պետության ղեկավարն էլ կարող է սխալվել, բայց պետք է քաջություն ունենալ սխալը խոստովանել ու զերծ մնալ հետագա վտանգավոր քայլերից: Այ, սա է, որ մեզ շատ է անհանգստացնում:

-ՀՅԴ-ի ընդդիմություն դառնալը փոփոխեց նաեւ ներքաղաքական ներկապնակը, նոր գործընթացների՞ ենք ականատես լինելու:

-Ընդդիմություն լինել չի նշանակում վնասել երկրին, տկարացնել նրա ուժերը: Մեր նպատակը դա չէ, հակառակը, ազգային շահերով մտահոգ մենք պետք է օգնենք իշխանությանը հետդարձ կատարել արված սխալ քայլերից, պետք է օգնենք սթափվել, ուշքի գալ: Հուսով եմ, որ այն մեզ կհաջողվի:

Արմինե Սիմոնյան

Leave a Comment