RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ 120- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Մոնրեալում

Posted on December 5, 2010, by , under Ելույթներ.


Հ.Յ.Դաշնակցության 120- ամյակի առիթով նախորդ ելույթս բացառաբար անդրադառնում էր ազգի միության մեկության պահպանմանը եւ պետականության հզորացման անհրաժեշտությանը: Ասում էի` 120-ամյակի առիթով մի քանի ելույթ պետք է ունենամ: Եւ որպեսզի չկրկնեմ պետք է առիթներն օգտագործելով փորձեմ անդրադառնալ մեզ հուզող բոլոր խնդիրներին:

Այս առիթով բացառաբար խոսելու եմ Հայաստանի Հանրապետությունում մեր կազմակերպության ունեցած դերակատարության մասին:

Մենք Հայաստանում սկսեցինք աշխատել, երբ` իբրեւ կազմակերպություն, ունեինք միայն երկու տարվա` 1918-1920 թվականների պետականության պայմաններում աշխատելու փորձ: Դրանից առաջ մեր ունեցածը, ազգային ազատագրական, հեղափոխական պայքարի փորձ էր, իսկ 1920 թվականից հետո, սփյուռքյան իրականության մեջ աշխատանքը, ամբողջությամբ այլ փորձառություն:

Բայց մենք մեր նվիրվածությամբ, մեր միս ու ոսկորով, ամբողջական պատասխանատվությամբ, որ տածում էինք մեր կուսակցության անցյալի, մեր նահատակ ընկերների, արտերկրում թողած մեր ընկերների հանդեպ աշխատեցինք ոչ մի այլ շահ ու հաշիվ չունենալով, բացի Հայրենիքի ու մեր ժողովրդի շահը:

Աշխատեցինք ու միաժամանակ սովորեցինք, թե ինչպես պետք է աշխատել պետականության պայմաններում, ինչ է պետականությունը ընդհանրապես: Ճանաչեցինք մեր ժողովրդին, փորձեցինք մեզ ներկայացնել նրան: Ու տեսանք սկզբնական ինչ-որ միֆի, անորոշ պատկերացումների խորհրդային ավերիչ հակաքարոզչությունից զատ, ինչքան բան չգիտի կամ խեղաթյուրված պատկերացումներ ունի ժողովուրդը մեր մասին:

Մենք մեզ հետ եղանք անկեղծ, հարազատ, չգայթակղվեցինք պետական հանգամանքներով, արկածախնդրությունների գիրկը չընկանք, հեշտ ճանապարհներ չփնտրեցինք, ջանացինք ճամփա հարթել, մեր կազմակերպության վաստակը չմսխեցինք, եթե նրա վրա բան չավելացրինք:

Կարո՞ղ ենք ասել այսօր` ժողովուրդը ճանաչում է մեզ ինչպես որ կանք, մենք կարողացա՞նք մեզ լսելի դարձնել բոլորին: Անշուշտ պետք է ասեմ` ոչ: Դեռ ճամփա ունենք կտրելիք:

Քաղաքական կյանքում անկեղծ լինելը, հայրենասիրությունը, անսակարկ նվիրվածությունը հասկանալի դառնալու, ընկալվելու, համակրանք շահելու համար բավարար չեն: Քաղաքական կյանքում կան ուղղություններ, ռեալ շահեր եւ կան իրականությունները խեղաթյուրելու, մթնոլորտ ստեղծելու միջոցներ: Այսօր այստեղ եմ` ձեզ հետ հասկացվելու նպատակով:

Մենք հաճախ խուսափում ենք մեր հասցեին օրն ի բուն հնչող քննադատություններին պատասխանելուց. դա մեզանից շատ է ժամանակ խլելու եւ քննադատողների վերաբերմունքն էլ միեւնույնն է չի փոխվելու: Ու նաեւ մտածում ենք` որ իրենք իրենց քաղաքական գործիչներ համարող անձինք ավելի շատ խոսում են, թե Դաշնակցությունը ինչ պետք անի, ինչ չպետք է անի, ապա էլ ինչու են այդ մարդիկ այլ կուսակցություններ ստեղծել կամ անդամագրվել այլ կուսակցությունների, եթե անվերջ մեզ պետք է խելք սովորեցնեին: Բայց այսօր պետք է անդրադառնամ մի քանի` առավել հաճախ հնչող քննադատությունների:

1. Դաշնակցության այսօրվա կեցվածքները չեն համապատասխանում նախորդ իշխանությունների նկատմամբ ունեցած կեցվածքներին£

Դաշնակցությանը մեղադրում են անհետեւողականության մեջ: Իբր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, իշխանության դեմ սանձարձակ պայքարի ենք դուրս եկել, բայց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ այսօր նույն երեւույթների ու պատճառների նկատմամբ նույնանման կեցվածք չենք ունենում: Նաեւ մեղադրվում ենք, որ նույն երեւույթների համար երբ մաս էինք կազմում Կոալիցիային, լռում էինք, իսկ այսօր չենք վարանում քննադատական կեցվածքներով հրապարակ գալ:

Մեզ համար երբեք իշխանությունների դեմ պայքարը ինքնանպատակ չի եղել, երբեք իշխանության հասնելը ինքնանպատակ չի եղել: Թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե’ Ռոբերտ Քոչարյանի եւ թե’ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանում մենք առաջնորդվել ենք երկու կարեւոր սկզբունքներով.

ա. Նկատի ունենալով, որ անկախությունից ցայսօր երկիրը դիմագրավում է արտաքին վտանգ, ուրեմն` չանել այն ամենը, ինչը կարող է վտանգել երկրի քաղաքական կայունությունը, անվտանգությունը;

բ. Արտաքին վտանգը դիմագրավելու համար կանգնել օրվա իշխանությունների կողքին:

Այդպես ենք վարվել միշտ, ունեցել ենք կարմիր գծեր, որ երբեք չենք անցել. Կուսակցության ղեկավար են արտաքսել երկրից, մենք չենք անցել սահմանը, կուսակցություն են փակել, դարձյալ նույնպես ենք վարվել: Կուսակցությունը հալածված էր, պատասխանատու ընկերներ էին բանտում, մեր զինակից ընկերները շարունակում էին կռվել առաջին դիրքերում, երկրում մենք թշնամի էինք ընկալվում, արտասահմանում մեր Հայ Դատի Հանձնախմբերը համագործակցում էին այդ հալածողների արտգործնախարարության հետ:

Եւ այս ամբողջը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, մեր անկախության ողջ ժամանակաշրջանի ամենավատ օրերին` երբ տնտեսությունը իսպառ քայքայվում էր, երբ մոլեգնում էր կոռուպցիան, սեփականաշնորհման անվան տակ թալանվում էր ազգն ու պետությունը: Երբ ամեն ինչ արվում էր օր առաջ ձերազատվելու Ղարաբաղից ու Ղարաբաղի պայքարից:

Ճիշտ վարվեցինք մենք, թե ոչ. միակ դատավորը պատմությունն է: Մենք հավատում ենք` ճիշտ ենք վարվել: Պատկերացնում եք, եթե այդպես չվարվեինք եւ արդյունքում ազգային, մնայուն հարցերում` Ղարաբաղի հարցում, մեր ազգային ինքնիշխանության հարցում ձախողումներ ունենայինք: Սերունդները մեզ չէին ների: Միշտ հիշենք առաջին Հանրապետության անկման ներքին ու արտաքին հարցերը ինչքան ճակատագրական եղան, նաեւ չմոռանանք` Ղարաբաղյան պայքարում մենք հաղթեցինք, որովհետեւ Ադրբեջանը ապրում էր ներքաղաքական անկայուն իրավիճակ:

Իսկ նախագահական երեք ժամանակաշրջանները մենք իրավունք չունենք նույն կերպ գնահատել: Եթե Լեւոն-Տեր Պետրոսյանի շրջանը բնորոշվում էր իբրեւ մի ժամանակ, երբ ոչ միայն զարգացում չկար, այլ համատարած քայքայում էր: Կորուստներ, ազգային-քաղաքական հարցերում` ընդհանրապես ապազգային քաղաքականություն, Արցախի հարցում պարտվողական տրամադրություններ, իսկ ներքաղաքական կյանքում հալածանքներ ու բռնություններ, ազգային պառակտում, ապա Ռոբերտ Քոչարյանի շրջանը բնորոշվում է ներազգային հարցերում անզիջող քաղաքականությամբ, առկա էր զարգացում: Այդ զարգացման ընթացքն էր, որ դանդաղ էր եւ ոչ բավարար: Այսօրվա ընթացքի մեջ գտնվող փուլն էլ բնորոշվում է ազգային հարցերում անորոշ, անվստահ, զիջողական քաղաքականությամբ: Տնտեսական հարցերում էլ վտանգավոր տեղատվության մեջ ենք հայտնվել: Ու համաշխարհային տնտեսական ճգնաժամով էլ ամեն ինչ բացատրելը ճիշտ մոտեցում չէ:

Հակառակ այս հստակ զանազանությունների, հակառակ այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք մենք մաս էինք կազմում իշխանություններին, այսինքն կոալիցիայի մեջ էինք, այդուամենանիվ գիտակցում էինք, որ մեր իշխանությունը սահմանափակ է եւ չէինք վարանում նաեւ հրապարակավ հնչեցնել այն բոլոր հարցերը, որոնց դեմ էինք: Որ խոսքս ուշացած ինքնարդարացման ձեւ չստանա, թույլ տվեք ընթերցեմ 2005 թվականին /երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ եւ մենք դեռեւս կուալիցիայի անդամ էինք/ Դաշնակցության 115-ամյակի տոնակատարության ընթացքում Երեւանի մեջ, ելույթիցս մի բաժին: Խոսքս հրապարակավ ուղղելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասում էի.

,,Պրն. Նախագահ, ՀՅԴ-ի համար մերժելի է անարդարությունը անկախ այն բանից, թե այն ո՛ւմ կողմից եւ ո՛ւմ դեմ է իրականանում£ Մեր ժողովուրդը 9 դարյա օտարի բռնիշխանության հետ է նույնացրել անարդարությունը եւ այսօր անկախ պետականության պայմաններում, իրավացիորեն չի կարողանում հանդուրժել անարդարության որեւէ դրսեւորում£

Իսկ այսօր մեր երկրում ազատ ու անկախ մեր հայրենիքում, որի նախագահը Դուք եք ու մենք ձեր կողքին, անարդարություն կա դրա համար մենք եւ Դուք պատասխանատու ենք:

Անարդարության պատճառ-հետեւանքներն են երկրում առկա կոռուպցիան, աղքատությունը, անպատժելիության մթնոլորտը: Այսօր կոռուպցիայի ու աղքատության դեմ իրական ծրագրված պայքար գրեթե չկա երկրում: Դուք եւ մենք մեր նախընտրական ծրագրերում շատ ենք խոսել այդ մասին, պարտավոր ենք հասարակությանը տեսանելի, լուրջ, իրական հույս ներշնչող քայլեր ձեռնարկել: Մենք միշտ պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք այդ ճանապարհին պատասխանատվություն ստանձնել:

Դաշնակցությունը արդարության համար պայքարող ազատամարտիկների կազմակերպություն է, մենք հաստատակամորեն շարունակելու ենք պայքարը աղքատության ու կոռուպցիայի դեմ:

Վաղուց ի վեր մեր հասարակությունը վերածվել է երկու անհավասար շերտերի, մի շերտը ՙարտոնյալների՚ այն խավն է, որ վայելում է իշխանությունների ամբողջական զորակցությունը, մոտ է նրանց եւ հովանավորվում է նրանց կողմից: Իսկ մյուս խավը մեծամասնության խավը, հիմնականում զուրկ է պետական հոգատարությունից, անպաշտպան է ու լքված:

Չցանկանալով ստեղծել համընդհանուր տպավորություն սակայն չեմ կարող չհիշատակել, որ այսպես կոչված, արտոնյալների շարքերը կազմում են մի շարք օլիգարխներ, թաղային հեղինակություններ, չինովնիկներ ու իշխանիկներ: ՙԱրտոնյալներ՚, որոնց համար մատչելի է պետական պաշտոնը, սեփականաշնորհման բարիքները, մաքսային ու հարկային անօրինական դյուրություններն ու կարելիությունները, ինչի շնորհիվ նրանք հայտնվում են անմրցելի դիրքերում, հասարակությունից վեր ու հասարակության դեմ կարգավիճակում:

Հովանավորչությամբ են լուծվում շատ ու շատ հարցեր, եւ առավելաբար այդ իրողություններն են, որ ստեղծում են անարդարության մթնոլորտ: Սա առավել անհանդուրժելի է, քան սոցիալական-տնտեսական դժվարությունները: Այս երեւույթները յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքն են դառնացնում: Պետք է սթափվել:

Պրն. Նախագահ, այս երեւույթները ձեր իշխանության օրոք չեն ստեղծվել, դուք ու մենք այն ժառանգել ենք անցյալից, բայց նրանք շարունակվում են նաեւ մե՛ր օրոք. մենք պարտավոր ենք ծրագրված, կազմակերպված պայքար ծավալել երկրում կարգապահություն ու օրինականություն, անաչա՛ռ կարգապահություն ու օրինականություն հաստատելու համար մեր պաշտպանության ու հոգատարության սահմանների մեջ առնելով մեր ժողովրդի բոլոր շերտերին, բոլոր-բոլոր քաղաքացիներին:

Ձեզ եմ թողնում դատողությունը` լու՞ռ ենք մնացել այդ օրերին: Այսօր երբ այդ երեւույթները շատ ավելի են բարդացել կարելի է ամբողջությամբ կրկնել այն, հոգ չէ, թե այն ժամանակ մենք իշխանության մաս էինք կազմում, իսկ այսօր ընդդիմադիր ենք:

2-րդ մեղադրանքը, որ օրն ի բուն հնչեցնում են.
Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է:

Ասում են կեղծ ընդդիմություն եք, քանի որ ըննդիմության` այսինքն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չեք համագործակցում: Իսկ մյուս ուժերը, որ միացել են Տեր-Պետրոսյանին, համագործակցո՞ւմ են, թե նրա կողմից կառավարվում են: Նրանք ընդդիմության դաշտում ընդունել են Տեր Պետրոսյանի իշխանությունը, այնտեղ այլեւս չկա ժողովրդավարություն, ի չիք է դարձել կուսակցությունների ինքնուրույնությունն ու արժանապատվությունը: Այնտեղ կռապաշտություն ու բռնատիրություն է: Ասում են` եթե կեղծ չեք, եկեք ընդունեք այս իշխանությունը, կամ այլ խոսքով` եկեք մեր հասկացած ձեւով համագործակցենք: Իհարկե զարմանալի է` եթե մենք կեղծ ենք ինչո՞ւ են ուզում մեզ հետ համագործակցել, միթե՞ ցանկալի է կեղծ ուժի հետ համագորակցություն:

Մենք 10 տարի իշխանությունների հետ եղանք, բայց չկորցրինք մեր ինքնուրույնությունն ու ինքնաղեկավարումը, իսկ շանտաժով համագործակցության հրավերները կարող են միայն ծիծաղելի լինել:

Մյուս մեղադրականը, որ հնչեցնում են նաեւ բարյացակամ մարդիկ.Դաշնակցությունը ինչո՞ւ չի հաջողում:

Ասում են` Հայաստանի Հանրապետությունում 20 տարվա անցյալ ունեք, ինչո՞ւ դեռ իշխանություն չեք, ինչո՞ւ ընտրություններում այդքան քիչ են ձեր քվեները: Ինչո՞ւ չեք կարողանում վերացնել երկրում առկա դժվարությունները: Մի խոսքով` ինչո՞ւ այն չեք, ինչ պետք է լինեիք:

Ակնկալիքները մեզնից մեծ են: Չեմ ուզում պաշտպանվեմ, չեմ ուզում ինքնարդարացման ավելորդ ճիգ թափեմ, որովհետեւ ակնկալիքները պարտավորեցնող են, եւ լավ է, որ դրանք լինեն: Մենք եւս մեզանից գոհ չենք: Երբ մենք մեզանից գոհ լինենք ու դուք էլ դադարեք մեզանից ակնկալիքներ ունենալ, նշանակում է` մենք էլ ենք դարձել հերթական կուսակցություն, մի օր լավ, մի օր վատ` կանցնի կգնա:

Ամեն ինչ համեմատական է: Մենք մեզ ում հետ ենք համեմատում: Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը խաբուսիկ է, եղել են քաղաքական ուժեր` կուսակցություններ, քաղաքական գործիչներ, նախագահի թեկնածուններ, ասուպի պես հայտնվել են ասպարեզում, ստացել 40%-50% քվեններ, ու հաջորդ ընտրություններին կամ արդեն քաղաքական գործով չեն զբաղվել կամ ունեցած քվեները բառացիորեն մի քանի տոկոս են կազմել: Հիմա մենք մեզ համեմատենք դրանց հետ, դրանց ո՞ր վիճակի հետ:

Իսկ անկախությունից հետո այդ ո՞ր քաղաքական ուժն է իշխանության հասել, միշտ էլ իշխանությունն է վերարտադրվել, բայց որ այդպես չի մնալու եւ մենք փոխելու ենք կյանքը մեր երկրում, վայրկյան իսկ չեմ կասկածում, սակայն այսօր ինչպես ենք դիրքորոշվում:

Թվում է, թե հարցերը նույն են, դուք էլ շատ անգամներ կարդացել ու լսել եք այդ մասին. մեր երկրում կա կոռուպցիա, մոնոպոլիաներ, հասարակությունը բեւեռացված է թույլ չեն տալիս տնտեսությունը, մասնավորաբար մանր ու միջին բիզնեսը շնչի, զարգանա, կա անարդարություն, օրենքի առաջ բոլորը հավասար չեն, կա խտրական վերաբերմունք, կան արտոնյալներ, որոնք անպատժելի են, իսկ մեծամասնությունը անպաշտպան է, զրկված պետական հոգատարությունից;

Մենք էլ ուզում ենք վերացնել կոռուպցիային տոն տվող պատճառները, կազմակերպված պայքար ծավալել դրա դեմ, վերացնել տնտեսական մենաշնորհները, իսկապես ստեղծել մրցակցության հավասար դաշտ, աջակցել մանր ու միջին բիզնեսին, օժանդակել ներքին արտադրողին, ստեղծել արդարություն, օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն, հասարակական կարգապահություն ապահովել, պաշտպանել քաղաքացուն, պետական հոգատարության տակ առնել բոլորին: Այս ամբողջը դուք գիտեք եւ ես հարկ չեմ համարում ավելի շատ անդրադառնալ այս ամենին:

Եթե բոլորս գիտենք այս ամենը, նաեւ գիտենք` ինչպես պետք է փոխենք մեր կյանքը, ապա ինչի՞ ենք սպասում: Ինչպե՞ս է լինում շատ ու շատ երկրնեում. ծրագիր ես ներկայացնում, ժողովուրդը ընտրում է քեզ, դու էլ փորձում ես ծրագիրդ իրագործել: Եթե ժողվրդավարական չի երկիրդ, թույլ չեն տալիս ժողովուրդը իր կամքը արտահայտի, դիմում ես հեղափոխության եւ ոչ օրինական իշխանության հետ վարվում ես ոչ օրինական մեթոդներով: Սակայն հարցը այդքան պարզ չէ: Կան խնդիրներ, որ պետք է հաշվի առնել, եթե չես ուզում ,,հոնքը սարքելու տեղ աչքն էլ հանես,,:

Ժողովրդավարություն մեր երկրում բավարար չափով չկա, սակայն այնքան կա, որ քեզ չհաջողվի անօրինական միջոցներով գործելու բարոյական իրավունքն ունենալ: Մենք դեռ կայացած ժողովրդավարական երկիր չենք ոչ միայն այն պատճառով, որ մեր իշխանությունները դա չեն ուզում, այլ նաեւ այն պատճառով, որ ժողովուրդը դեռեւս քաղաքականորեն կազմակերպված չէ, ընտրություններում դեռեւս քաղաքական ծրագիրն ու կենսագրությունները չեն, որ վճռորոշ են: Քաղաքական աճապարարություններն ու ամբոխավարությունը գերակշռում է տրամաբանությանն ու ծրագրին, հիշողությանը, նույնիսկ մոտ անցյալի հիշողություններին, հաճախ վատը փոխարինվում է ավելի վատով, հաճախ ընտրողը, գյուղապետի, թաղային ինչ-որ հեղինակության խոսքից չանցնելու համար, քվեարկում է իր ցանկությանը հակառակ, իր շահերին դեմ, որովհետեւ քաղաքական ուժերը դեռ չեն կազմակերպվել հասարակական լայն մասշտաբով: Քաղաքական կուսակցությունները հաճախ չունեն անհրաժեշտ, վստահելի, կարող մարդուժը ընտրություններին օրենքով ճշտված կերպով իրենց իրավունքներին տեր կանգնելու համար: Միայն ընտրակեղծիքները չեն, որ վիճակ են ստեղծում, մենք` քաղաքական կուսակցություններս էլ հաճախ ի վիճակի չենք մեր արդարությունը պաշտպանելու:

Մենք մեր նկատմամբ ազնիվ ու խիստ պետք է լինենք:

Ապրում ենք կենդանի ու փոփոխվող, քաղաքական ազդեցությունների աշխահում: Աշխարհից անջատված չենք ապրում, եւ իրավունք չունենք տեսնել մինչեւ մեր քթի ծայրը: Ունենք Ղարաբաղի հարց: Ճիշտ է ունեցել ենք հաղթանակ, սակայն դեռ պատերազմը չի ավարտվել: Առկա են արտաքին ճնշումներ£ Արտաքին ճնշումները խնդրո առարկա են դարձնում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ընտրությունների թափանցիկությունը, բայց իրականում այդ բոլորը նաեւ պատրվակ են մեր քաղաքական կողմնորոշումը, մեր ինքնիշխանությունը, ազգային հարցերը ուղղորդելու, ղեկավարելի դարձնելու, իրենց ազդեցության սահմանների մեջ առնելու համար: Ինչպես ժամանակին Խորհրդային մեծապետության համար սոցիալիզմը զենք էր ազդեցության նոր տարածքներ նվաճելու, բայց երբեք արդարությունը արժեք, նույնպես էլ այսօր մեծապետական ուժերի համար ժողովրդավարությունը զենք է, բայց երբեք ժողովուրդներն ու նրանց իրավունքները արժեք:

Սոցիալական արդարությունն ու ժողովրդավարությունը արժեք են եւ դրան հետամուտ պետք է լինենք իբրեւ պետականություն, դրան պետք է հետամուտ լինենք նաեւ ներքին համերաշխություն, զարգացման կարելիություն ու միասնականություն ու քաղաքական կայունություն ունենալու համար, բայց երբեք չպետք է տրվենք օտարի կեղծ խաղերին:

Այս պայմաններում բռնի միջոցներով որեւէ իշխանափոխություն քաղաքական անկայունության պատճառ է, ուստի ցանկացած նման քայլ, եթե նաեւ ճիշտ չեն հաշվարկել սեփական ուժերդ, աններելի արկածախնդրություն է:

Իշխանությունը մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել եւ չպետք է լինի: Ամեն գնով իշխանության հասնելու այլոց փորձերը մեզ համար անընդունելի են: Մենք մերժել ենք` նպատակը արդարացնում է միջոցը’’ նշանախոսքը: Պետք հիմնվել սեփական ուժերի վրա եւ հաշվարկված առաջ գնալ: Շտապելը հեղափոխականություն չէ, սխալվելը` մեզ համար ավելորդ ու վտանգավոր ճոխություն է: Մենք սխալվելու իրավունք չունենք:

Մեզ համար մեժելի են թե անբարոյականությունը, թե ամբոխավարությունը, թե արկածախնդրությունը: Մենք գնում ենք իշխանափոխության հաստատակամ համոզումով, գնում ենք` ապավինելով մեր ժողովրդի գիտակցական ընտրությանը, գնում ենք հերթական ընտրությունների միջոցով իշխանափոխության, գնում ենք չթշնամանալով մեր ժողովրդի որեւէ հատվածի հետ, գնում ենք իշխանափոխության չտկարացնելով մեր պայքարը, կռիվը Ղարաբաղի խրամատներում եւ միջազգային բեմերի վրա: Եվ այս բարդ պայքարում ակնկալում ենք մեր բովանդակ կազմակեպության գուրգուրանքը հայաստանյան կառույցի հանդեպ: Ակնկալում ենք ազնիվ եւ պատասխանատու բոլոր հայորդիների զորակցությունը:

Գնում ենք մեր ժողովրդի հետ աշխատելու, կազմակերպվելու: Մեր ուժի միակ աղբյուրը մեր ժողովուրդն է: Գնում ենք նրա հետ աշխատելու, աշխատելու եւ կրկին աշխատելու:

Leave a Comment