RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ 120 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Տորոնտոյում

Posted on December 4, 2010, by , under Ելույթներ.

Հ.Յ.Դաշնակցության 120-ամյակի առիթով ասվելիք խոսքը հնարավորինս պետք է ամբողջական լինի, յուրաքանչյուր առիթ առանձնաբար բավարար չէ ամբողջական խոսք ասելու համար։ 120-ամյակի տոնակատարությունների շարքում մի քանի առիթով ելույթ պետք է ունենամ: Ելույթներս չեն կրկնվելու: Փորձելու եմ այդ մի քանի առիթը օգտագործելով, անդրադառնալ մեզ հուզող բոլոր խնդիրներին: Պակասն էլ կլրացնեն մեր ընկերները, ովքեր նույնպես այս առիթով խոսք ասելու հնարավորություն կունենան: Ահա եւ հենց սկզբից հայցում եմ ձեր ներողամտությունը եթե յուրաքանչյուր առիթով արտասանած խոսքիս մեջ չգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանը:

Մի բան եւս խոսքս անպայման ուղղված չէ միայն Կանադահայությանը: Այս պարագային դիմում եմ մասնավորաբար արտերկրի մեր ժողովրդին: Կանդրադառնամ երեւույթների, որ անպայման ձեզ մոտ մտահոգիչ հարցեր չեն, բայց հարցեր են ընդհանրապես:

Երբ փորձում ենք գնահատել ՀՅ Դաշնակցության անցած ուղին եւ նրա ավանդը հայ ժողովրդի պատմության մեջ, անշուշտ կարելի է շատ բան ասել, սակայն ես կփորձեմ անդրադառնալ երկու երեւույթների, որոնք այսօր եւս կարեւոր են եւ հուզում են մեր իրականությունը:

Ի՞նչ պատկեր էր ներկայացնում հայկական իրակա- նությունը նախքան Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը:

Երկու մեծ` Օսմանյան եւ Ցարական կայսրությունների միջեւ բաժան-բաժան դարձած մի ազգ: 9-ը դարյա ստրկատիրական, բռնատիրական պայմանները ոչ միայն գալիս էին վերջնականապես խորթացնելու ազգի երկու մեծ հատվածները միմյանցից, այլեւ սպառնում էին ուծացման, ոչնչացման, սպառման:

ՀՅ Դաշնակցության ծնունդով սկիզբ առավ մեր ժողովրդի երկու մեծ հատվածների ընտրյալների ժողովումը մեկ միացյալ կազմակերպության մեջ, մեկ ընդհանուր նպատակի համար ծավալվեց մեկ ընդհանուր պայքար: Ու շարունակվեց պայքարը, եւ շարունակվելով էլեկտրականացավ հայկական իրականությունը: Ի տես ծավալված միասնական պայքարի անհետացան նույն ազգը բաժանող 9-ը դարյա արգելքները, խոչընդոտող սահմանները: Մի քանի տասնամյակ երկարող պայքարից հետո հրի ու սրի, մոխիրների միջից ծնունդ առավ Հայկական պետականությունը` իբրեւ հիմնական գրավական ազգի մեկության ու հավերժացման: Հայկական Պետականություն, որ վերջ դրեց մեր ժողովրդի 9-ը դարյա կործանման ընթացքին: Մոխիրների միջից հառնեց մեր պետությունը եւ սկիզբ առավ հայ ժողովրդի վերելքը, հզորացումը: Քաղաքական գործոն դարձանք ու ապահովեցինք մեր ազգի գույությունն ու զարգացումը:

Դաշնակցության ամենամեծ ձեռքբերումը ազգի մեկության ապահովումն էր եւ հայկական պետականության վերականգնումը:

Այդպիսով բաժան-բաժան ժողովրդից վերածվեցինք ազգի, կործանվող, սպառվող ժողովրդից դարձանք պետականություն, քաղաքական ինքնուրույն գործոն£ Մենք փրկվեցինք ազգի մեկության պահպանմամբ ու անկախ պետականության վերականգնումով:

Ազգային Անկախ Պետականությունը այսօր մեր հիմնական գրավականն է ազգի անվտանգ գոյության ու համընդհանուր զարգացման. արդեն իսկ Արցախով մասամբ իրականացած, բայց վստահ` վաղը նորանոր հաղթանակներով Միացյալ Հայաստանի իրականացմամբ:

Մենք ունեցանք վերջին 9-10 դարերի ամենամեծ հաղթանակը, նվաճումը, մենք ձեռք բերեցինք զարգանալու, վերականգվելու, նորանոր հաղթանակներ ունենալու հիմնական հնարավորությունը: Մենք ձեւավորեցինք հայ ժողովրդի առանցքը, մենք փրկվեցինք:

Եւ այսօր, մենք պետք է մեր Անկախ Պետականության փաստը, ինչպես կասեր մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանը, ընդունենք իբրեւ սրբություն, դավանանք` անկախ այն բանից, թե այնտեղ ով է իշխանություն, ով նախագահ, եւ ով վարչապետ:

Մեր անկախ Պետականության կարեւորության փաստը մենք ոչ մի բանի հետ համեմատելու իրավունքը չունենք, նունիսկ մեզ հետ, մեր 120-ամյա մաքառումի, նահատակ ընկերների տառապանքի հետ, որովհետեւ ինչ- որ արեցինք ու անում ենք այդ մի կտոր հայրենիք կոչվող հողի համար արեցինք: Անկախ այն բանից թէ այդ փոքրիկ Հայրենիքը մեր հայրենիքի որ մասն է ներկայացնում: Անկախ այդ բանից` այն չի դադարում Հայրենիք լինելու եւ հիմնական երաշխիքն է ամբողջական Հայրենիք ունենալու մեր ծրագրային նպատակի իրականացման£ Ազգային Անկախ Պետականությունը մերն է եւ առաջինը նախ մենք իրավունք չունենք նույնիսկ ակամա խորթացնել այն մեր ժողովրդից, եւ ապա թույլ չպետք է տանք, որ ուրիշները զրկեն այդ պետությունը իր ազգային բովանդակությունից:

Ազգի մեկությունը եւ ազգային անկախ պետականությունը, ասացի, սրբություն են ու դավանանք: Ասացի գիտակցելով, որ ծայրահեղացնում եմ խոսքս, բայց անհրաժեշտ է այն ընկալենք հենց իբրեւ սրբություն ու դավանանք, որպեսզի թշնամու պարտադրանքով բաժան-բաժան, աշխարհացրիվ դարձած մեր ազգը չդառնա իրականում պառակտված ժողովուրդ, որպեսզի մեր պետականությունը մնա մերը, մեզ հարազատ եւ մենք տիրոջ եւ միաժամանակ ծառայի հոգեբանությամբ նվիրվենք նրան, անենք մեր կարելին ու անկարելին, որպեսզի այն զարգացող, անվտանգ երկիր դառնա` իբրեւ հիմնական կռվան Հայ Դատի լուծման:

Անցած 20 տարում, նորօրյա Անկախ Հայաստանում, մենք նպատակ չդրեցինք իշխանություն դառնալ եւ չձեւավորեցինք ընտրություններ հաջողեցնող կազմակերպություն կամ ընտրական մեքենա, այլ առաջացրինք իրական կազմակերպություն, ստեղծեցինք գաղափարական շարժում, մտածողության հոսանք, քաղաքական մի ուժ, որը նպատակ դրեց պայքարելու նրանց դեմ, ովքեր փորձում էին ու փորձում են մեր պետությունը զրկել իր ազգային բովանդակությունից: Ղարաբաղյան պայքարով էություն ստացած, Անկախության Հռչակագրով բանաձեւած մեր Անկախ Պետականությունը պետք է ունենար ազգային բովանդակություն: Որոշ շրջանակներ փորձեցին ու այսօր էլ փորձում են այն տեսնել բովանդակությունից զուրկ ինչ-որ վարչատարածքային միավոր:

Մենք թե իշխանության, թե մտավորականության եւ թե հասարակության շարքերում առկա ազգային բոլոր ուժերի հետ միասին հաջողեցինք.

Մեր անկախ պետականությանը մղել տեր կանգնելու Ղարաբաղի ազատագրական պայքարին:

Մենք հաջողեցինք կատարել իշխանափոխություն, երբ այդ իշխանությունը համարձակվեց ցուցադրել ղարաբաղյան հարցում զիջողական տրամադրություններ:

Մենք հաջողեցինք ազգային պառակտման ճիգերին դեմ կանգնել եւ կատարել հայրենիքի բարոյական պարտքը ակամա արտերկրում հայտնված մեր ժողովրդի կարեւոր հատվածի հանդեպ` հաստատելով երկքաղաքացիության օրենքը:

Մենք հաջողեցինք Սփյուռք-Հայրենիք կապերի կարգավորման համար ստեղծել Սփյուռքի նախարարություն:

Մենք հաջողեցինք պաշտոնական Երեւանին մղել միանալու Սփյուռքի ճիգերին Հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Մենք հաջողեցինք մղել Հայաստանի այսօրվա իշխանություններին նահանջելու իրենց բռնած ուղղուց հայ-թրքական արձանագրությունների ստորագրման ու վավերացման հարցում: Վկա ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշումը եւ ՀՀ նախագահի վերջին շրջանի ելույթները: Սակայն շտապեմ ավելացնել, որ ձեռք բերած հաջողությունները բավարար չեն եւ պետք է շարունակել պայքարը մինչեւ այն պահը, որ ՀՀ հետ քաշի իր ստորագրությունը այդ չարաբաստիկ արձանագրություններից:

Սակայն պետք է ասեմ նաեւ հետեւյալը. Սփյուռքում այսօր լսվող Սփյուռքը առանձնաբար կազմակերպելու, Արեւմտահայաստանի դատին առանձնաբար տեր կանգնելու, Ցեղասպանության հարցը առանձնաբար հետապնդելու ձայները, կոչերը ուրախացնում, քաջալերում է նույն ապազգային տարրերին, որոնք օր առաջ փորձում են ձեռբազատվել համահայկական հարցերից:

Խնդիր բարձրաձայնում եմ, բայց նպատակ չունեմ հարցերը սրել: Իմ նպատակն է` սթափեցնել եւ համահայկական հարցերի լուծմանն ի խնդիր միասնականություն ստեղծել:

Սփյուռքի առանձնաբար կազմակերպական կառույց ստեղծելու, անմեղ թվացող մտորումները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հավատում եմ, ուզում եմ հավատալ անգիտակցաբար, ծառայում են նույն նպատակին մասնատել ազգը կամ ազգային ճիգերը, հեռացնել հայկական պետականությունը հայկական Սփյուռքից, ստեղծել կեղծ մրցակցություն ազգային հատվածների միջեւ եւ տկարացնել մեզ ընդհանրապես:

Նախ` Սփյուռք հասկացությունը իբրեւ մեկ ամբողջական միավոր գոյություն չունի: Կան Սփյուռքյան տարբեր գաղթօջախներ: Առանձին կառույց ձեւավորել ի՞նչ անելու համար, նման կառույցը կամ պետք է ունենա զուտ սփյուռքյան հարցեր իր օրակարգի վրա կամ` համահայկական հարցեր£ Սփյուռքյան այդ ի՞նչ հարցեր են, որոնց համար առանձին կառույց է անհրաժեշտ, որքա՞ն նմանություն ունեն իրանահայության հարցերը օրինակ Կանադահայության հարցերի հետ, կամ սիրիահայության հարցերը ֆրանսահայության հարցերի հետ, կամ լիբանահայության հարցերը արգենտինահայության հարցերի հետ: Իսկ եթե խոսքը վերաբերում է համահայկական հարցերին, ապա դրանց համար անհրաժեշտ է համահայկական կառույց:

Առանձին կառույց ձեւավորելով` մենք մեր մեջ կստեղծենք հարցեր եւ կհեռանանք համահայկական հարցերից, իսկ ինչպե՞ս պետք է պատկերացնել համահայական նույնանման հարցերի վերաբերյալ առանձնաբար ցուցաբերված կեցվածքները: Կարո՞ղ են լինել տրամագծորեն տարբեր մոտեցումներ, քաղաքականություն, գործունեություն ազգի տարբեր հատվածների կողմից ազգին վերաբերող միեւնույն հարցերի նկատմամբ: Չի կարելի նաեւ մտածել, թե համահայկական հարցերը մեր պետականության հարցերը չեն, կամ մեր ժողովրդի մեկ մասի, կարեւոր մեկ մասի հարցերն են: Մենք մեկ ազգ ենք եւ միասնաբար ունենք խոցված ընդհանուր արժանապատվություն, միասնաբար ժառանգներն ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության: Մենք մեկ ազգ ենք եւ միասնաբար ունենք կորուսյալ Հայրենիք, ոտնահարված իրավունքներ, մենք մեկ ազգ ենք եւ ունենք մեկ դատ, մեկ միասնական պայքար:

Անըդունելի են նաեւ խոհեմության քողի տակ թաքնված այն կարծիքները, թե կա պետական շահ եւ ազգային շահ, եւ պետությունը միշտ չէ, որ կարող է ազգային շահերին հետամուտ լինել: Ճիշտ չէ, անընդունելի է այս մոտեցումը: Եթե խոսքը մեր պետականության մասին է, այն ազգային պետականություն է եւ երբ պետականությունը կշեղվի իր էությունից մեր հարցը այն իր ճիշտ հունի մեջ դնելն է, այլապեսª այն ինչ պետք է ազգին, պետք է մեր պետականությանը, այն ինչ պետք է մեր պետականությանը պետք է նաեւ մեր ազգին:

Այդուամենայնիվ ընդունում ենք, որ խնդիրը գոյություն ունի: Այո կա համահայկական կառույցի անհրաժեշտություն եւ այդ կառույցը մեր պետականությունն է: Ընդլայնենք Ազգային Ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համահայկական որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն Արտերկրից: Ճիշտ կլինի որ այն ընտրվի համամասնական ցուցակով շրջանային կամ համսփյուռքյան մակարդակով, թող նրանք մասնակից լինեն Ազգային Ժողովի բոլոր քննարկումներին, սակայն նրանց վերապահենք համահայկական օրակարգերով վճռական ձայնի իրավունք£ Առաջարկությունս դեռ լուրջ քննարկում ու մշակում է պահանջում, բայց այն նոր գյուտ չէ, այդպես են վարվել նաեւ այն պետությունները, որոնք ունեն մեծ սփյուռք:

Ի՞նչ կտա մեզ համահայկական Ազգային ժողովը.

1. Մեր պետությունը իրապես կդառնա համայն հայության պետություն, արտերկրի հայության ուղղակի մասնակից կդառնա պետականության գործին: Այդպիսով ամբողջական կդարձնենք այն գործընթացը, որ սկսեցինք երկքաղացիության օրենքի ընդունումով:

2. Նոր կառույց ու տարանջատման առիթ չի ստեղծվի:

3. Սփյուռքը ուղղակի ընտրված պատամավորներիմիջոցով մասնակից կդառնա համահայկական եւ երկրին վերաբերող հարցերի վճռահատման եւ որոշումների գործադրմանը վերահսկելու մեջ:

4. Սփյուռքում եւս համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպումը լուրջ խթան կհանդիսանա սփյուռքյան կազմակերպական կառույցների համար զբաղվելու անկազմակերպ համայնքներով եւ մեր հայկական կազմակերպական ցանցի մեջ առնելով բոլոր այն հայորդիներին, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով հեռու են մնում մեզանից եւ մենք եւս չենք զբաղվում նրանցով: Սփյուռքյան կյանքում կվերականգվեն մրցակցությունը, ինչը անհրաժեշտ է զարգացման եւ կենսունակության համար:

5. Երիտասարդությունը, որ այս դարում ընդհանրապես անտարբեր է գաղութային կազմակերպական հարցերի նկատմամբ եւ ավելի հետաքրքրված է ընդհանուր հարցերով, հավելյալ խթան կունենա հայկական կյանքի հետ կապվելու, երբ նրանց համահայկական-պետական գործերին մասնակցելու ասպարեզ տրվի:

Փաստորեն սկսվում է մի նոր ժամանակաշրջան, հայությունը կազմակերպվում է ոչ միայն իր ինքնությունը պահպանելու, այլ համահայկական հարցերի մեջ դերակատար դառնալու համար:

Կարծում եմ` ավելորդ է այլեւս անդրադառնալ, որոշների առանձնանալու հիմնավորումներին, բարձրացած աղմուկին, բամբասանքներին, անմակարդակ խոսակցություններին, թե մենք այսպիսին ենք, նրանք այնպիսին, թե մեր հայրենիքը Արեւմտահայաստանն է, նրանցը Արեւելահայաստանը, կամ նույնիսկ Արեւելահայաստանի մի մասը, թե այնտեղ կոռուպցիա կա, մաֆիա, եւ ամեն ինչ օտար է, անհուսալի ու անիմաստ: Չեմ ուզում անդրադառնալ այս ամենին, մեր մակարդակին հարիր չէ:

Մեր երկրում, ցավոք, շատ բան լավ չէ£ Ասում եմ` լավ չէ ու սրտիցս արյուն է գնում, բայց հենց այսպես, այս սրտցավությամբ պետք է վերաբերվել այդ փաստին: Իսկ որովհետեւ այնտեղ շատ բան լավ չէ, մեր Հայրենիքը պետք ունի մեզ, մեր հայրենասիրության, մեր բարյացակամ վերաբերմունքին, մեր զոհաբերություններին: Եթե այնտեղ ամեն ինչ լավ ու հրաշալի լիներ, գուցե այդքան մեր հայրենասիրությունը անհրաժեշտ չլիներ, գուցե շատերս մեզ այլեւս մեր հայրենիքի համար ավելորդ զգայինք:

Բայց այսօր ահռելի գործ ունենք: Ե’վ Հայաստանում, ե’ւ Արցախում, ե’ւ Սփյուռքում ու աշխարհում:

120-ամյա մեր կազմակերպության նվիրումը, փորձառությունը, մեր հաղթանակներն ու թերացումները մեզ միայն մի ճանապարհ, մի ընտրանք են թողել. հանուն հայ պետականության հավիտենության, հայ ժողովրդի միասնականության ու իրավունքների վերականգնման, հանուն նոր հաղթանակների միշտ լինել առաջին շարքերում եւ մեր օրինակով վարակել յուրաքանչյուր հայի:

Դաշնակցության օր է: Կարողանանք այդ օրն էլ ընծայաբերել Հայաստանի ու հայ ժողովրդին:

Leave a Comment