RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Դաշնակցությունը հիմնարար փոփոխությունների կողմնակից է

Posted on July 9, 2011, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հունիսի 24-ին Ծաղկաձորում գումարեց 31-րդ Ընդհանուր ժողովը, իսկ օրակարգային բոլոր հարցերը քննարկելուց հետո քառամյա լիազորությունների ժամկետով ընտրեց ՀՅԴ Բյուրո` Վիգեն Բաղումյան, Դավիթ Լոքյան, Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան, Լեւոն Մկրտչյան, Մկրտիչ Մկրտիչյան, Մարիո Նալպանտյան, Գեորգի Պետրոսյան, Հակոբ Տեր-Խաչատուրյան կազմով: Նորընտիր Բյուրոն իր առաջին լիագումար նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին: Երեկ Հրանտ Մարգարյանը հանդիպեց լրագրողների հետ:

-Պարոն Մարգարյան, Դաշնակցությանը միշտ մեղադրում են, թե իր ժողովները փակ է անցկացնում։ Ի՞նչ հարցեր են քննարկվել այս անգամ։

-ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը մոտ ութ ամիս շուտ գումարվեց , քանի որ ճիշտ ժամանակին գումարելու դեպքում այն կզուգադիպեր Հայաստանում 2012 թվականի գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:

Դաշնակցության ժողովների ժամանակ քննարկվում են կազմակերպական, նաեւ բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են հայությանն ու Դաշնակցությանը: Այս ժողովները փակ համարելը խիստ հարաբերական է: Դաշնակցության ժողովները ոչ թե փակ են, այլ շատ լուրջ միջոցառումներ են, որոնք շոուի չեն վերածվում, որ հրապարակային լինեն: Վերջին Ընդհանուր ժողովի բացումը եղել է հրապարակային, եւ օրակարգն էլ բոլոր ցանկացողներին հայտնի էր: Մենք մեկ շաբաթ բոլոր այդ հարցերը հանգամանորեն քննարկել ենք` առանց որեւէ ջանք գործադրելու, որ քննարկումները գաղտնի լինեն:

-Ընդհանուր ժողովը առաջնահերթություն է հայտարարել առաջիկա համապետական ընտրություններին նախապատրաստվելը: Ինչպե՞ս եք իրագործելու ձեր նպատակները:

-Դաշնակցության համար ընտրությունները ինչպես որ կանք` ժողովրդին ներկայանալու եւ հաշվետվություն տալու, մեր ծրագրերի ու գաղափարների շուրջ կազմակերպելու, համախմբելու միջոց է: Այս ամենը պետք է ծառայեցվի ժողովրդի քաղաքական կազմակերպվածության գործին, որպեսզի ժողովուրդն իրապես դառնա իր ճակատագրի տերը: Երբ ընտրողը գիտի, թե ինչ ու ինչպես անելու համար որ ծրագիրն է ընտրում, ապա նա տերն է իր ճակատագրի եւ դերակատար` երկրի ապագան ընտրելու ժամանակ:

Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր ընտրող քվեարկի համոզումով, գիտակցված: Իսկ համակարգված, արմատական, որակական իշխանափոխությունը մենք անհրաժեշտ ենք տեսնում, քանի որ մեր քաղաքական ու հասարակական կյանքում եղած շատ ու շատ թերություններ պատահականորեն չեն առաջացել եւ չեն կարող փոխվել անհատների փոփոխությամբ:

Հիմնարար փոփոխություններ պետք է լինեն: Օրինակ. մենք հավատացած ենք, որ Հայաստանը պետք է դառնա խորհրդարանական երկիր, դադարի նախագահական երկիր լինել: Սա միանգամայն արմատական փոփոխություն կլինի: Հավատացած ենք, որ Հայաստանը պետք է դառնա իրավական, սոցիալական պետություն: Պետք է փոխվի տնտեսական քաղաքականությունը, պետական համակարգը: Մեզ համար նույնքան կարեւոր է, որ Ազգային ժողովը ձեւավորվի բացարձակ` 100% համամասնական ընտրակարգով:
Այս եւ բազում այլ խնդիրների լուծումը մեզ կտանի շատ ավելի լուրջ, էական փոփոխությունների, քան ալիք բարձրացնելու, տպավորություն ստեղծելու, ամբոխավարության միջոցները, որոնց նպատակը միայն ու միայն քվե շահելն է: Սրանք մեր գործելաձեւերը չեն: Մենք ուզում ենք արմատական փոփոխություններ եւ այդ նպատակին պետք է հասնենք ժողովրդի հետ միասին: Մենք մեր հույսը դրել ենք ժողովրդի համոզումով մեզ տրվող քվեի վրա: Այս արդյունքին հասնելու համար մենք պետք է տքնաջան աշխատենք:

-Պարոն Մարգարյան, ՀՅԴ Ընդհանուր ժողովն ի՞նչ հաստատումներ արեց Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ:

-Ընդհանուր ժողովը գրեթե ամբողջությամբ հաստատեց նախորդած շրջանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որդեգրած քաղաքական ուղեգիծը: Արձանագրվեց երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այս հանգամանքները նկատի առնելով` շեշտադրումներն առավել ամրացան, շեշտվեցին:
Հաստատագրեցինք, որ այսօր վարվող տնտեսական քաղաքականությունը բավարարում է միայն մեկ նեղ սոցիալական շերտի պահանջները, իսկ ժողովուրդը թավալգլոր աղքատանում է: Այս վիճակը կարող է փոխվել միայն տնտեսական քաղաքականությունը փոխելու միջոցով:

Փոփոխությունն ինքնին նպատակ չէ: Շատ կարեւոր է, թե փոփոխելով` ինչ պետք է ստեղծել: Վերջին քսան տարիներին մենք մի քանի փոփոխություններ արդեն տեսել ենք, բայց դրանից մեր կյանքը իրական ու էական փոփոխություն չի ունեցել, քանի որ մենք ոչ թե հանուն, այլ ընդդեմ ենք համախմբվել: Այսօրվա տնտեսական քաղաքականությունը կարող է փոխվել այլ` նոր մտածողությամբ, եւ մենք հավատացած ենք, որ այդ մտածողությունը Դաշնակցության մեջ է մարմնավորված:

Մենք սոցիալական համոզումներ ունենք, մենք սոցիալական արդարության կողմնակից ուժ ենք եւ անցած քսան տարիներին այս ուղեգիծը հետեւողականորեն հետապնդել ենք: Հավատացած ենք, որ առաջիկա ընտրություններին ժողովուրդը կքվեարկի այս մտածողությամբ, գիտակցելով, որ ծայրահեղ լիբերալիզմը այս վիճակն է ստեղծել մեր երկրում: Հավատացած ենք, որ Դաշնակցության դավանած սոցիալիզմը շատ ու շատ խնդիրների լուծումը կարող է տալ:

-Ի՞նչ է պետք անել արդար ընտրություններ անցկացնելու համար։

-Ընտրական օրենսգիրքը եւ ընտրությունները կազմակերպելու մեխանիզմները պետք է փոփոխվեն: Իշխանությունը մեծ ճիգ պետք է գործադրի արդար, ճիշտ ընտրություններ անցկացնելու համար: Այս առումով մեծ հույսեր չունեմ, բայց մինչեւ իշխանությունը չուզի, բավարար կամք չցուցաբերի, դժվար թե մեր երկիրը ընթանա ժողովրդավարության ուղիով:

Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ: Դաշնակցության համար գլխավորը ժողովուրդն է: Ժողովուրդը պետք է հավատա, համոզվի, որ ժողովրդավարությամբ կարող է իր կյանքում փոփոխություն կատարել: Պետք է վստահ լինի, որ իր քվեն արժեք է:

Մեր քաղաքացին իր քվեն պետք է արժեւորի, քանի որ դա իր բարոյականությունն է, իր երեխաների ապագան է, բոլորիս արժանապատվությունն է: Մենք պետք է հասնենք այն գիտակցությանը, որ քվեն վաճառելը, առանց համոզումի ու գիտակցության քվեարկելը, վախից դրդված քվե տալը անբարոյականություն է: Բոլոր ժողովուրդներն են այս ուղիով առաջ ընթացել: Մենք պետք է մեր քվեով պարտադրենք մեր կամքը: Մեր մասնակցությամբ սահմանափակենք ընտրությունները կեղծելու ռեսուրսը, ապահովենք ընտրությունների ճշմարտացիությունը: Այլ ճանապարհ չունենք:

Ընտրություններ կազմակերպելու հստակ, կոնկրետ, հասցեական պատասխանատուներ պետք է լինեն: Երբ ընտրությունների ընթացքը խախտվում է, կամ արդյունքները կողծվում են, պետք է հստակ լինի, թե ումից պետք է պահանջենք: Նախկինում ընտրական հանձնաժողովները իբր կուսակցությունների ներկայացուցիչներից էին կազմավորված, հիմա պետք է քաղաքացիական ծառայողներից ձեւավորվի: Նախկինում էլ, հիմա էլ պատասխանատուները հայտնի չեն, չկա կոնկրետ պատասխանատու: Սա ամենավտանգավոր երեւույթն է: Մեզ համար միակ պայմանն այն է, որ ընտրությունները ճշմարտացի լինեն: Եվ եթե այդպես չէ` պատասխանատուն իշխանությունն է:

-Ընդհանուր ժողովից հետո դուք անմիջապես մեկնեցիք Արցախ: Կազանի եռակողմ հանդիպումից հետո առաջացած վիճա՞կն էր պատճառը, թե՞ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրված ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետագա գործունեությունը համաձայնեցնելու անհրաժեշտություն կար:

-Հերթական այցելությունս Արցախ փոքր-ինչ ուշացել էր: Արցախում լինելու եւս մեկ անհրաժեշտություն առաջացրել էր Կազանի հանդիպումը, որ տեղի ունեցավ ճիշտ Ընդհանուր ժողովի օրերին: Պատճառներից մեկն էլ Գեորգի Պետրոսյանի ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրվելն էր:

Արցախում ԼՂՀ նախագահի հետ հանդիպել ու քննարկել ենք Կազանից հետո առաջացած իրավիճակը: Ե՛վ մենք, ե՛ւ Արցախի իշխանությունները որոշակի մտահոգություններ ունենք Արցախի հիմնախնդիրը կարգավորող բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այս բանակցությունները արդեն 17 տարի է ընթանում են, բայց բանակցությունների հիմքը սխալ է դրվել:

Բանակցությունների հիմքում ԼՂԻՄ-ն է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, երբ Արցախի` ԼՂՀ-ի առկայությունը փաստական իրողություն է: ԼՂՀ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման արդյունքն է: Արցախի ժողովուրդն ինքնորոշված է, եւ մեզ համար բանակցությունների հիմք չի կարող լինել ԼՂԻՄ-ը, քանի որ այդ հանգրվանը մենք վաղուց անցել ենք:

Բանակցությունների ընթացքն այնքան է լրջացել, որ, կարծում եմ, կարող է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը քննարկելու անհրաժեշտություն առաջանա: Մենք համոզված ենք, որ, նախ, որպես նախաքայլ, Հայաստանը եւ Արցախը պետք է ռազմաքաղաքական դաշնագիր ստորագրեն: Եթե ճնշումները ավելանան, մենք չպետք է վարանենք:

Ողջ հայությունը պետք է կեցվածք ցուցաբերի, քանի որ անցած ինը դարերի մեր այս միակ հաղթանակը մսխելու իրավունքը չունենք: Մենք պարտավոր ենք հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստի հետ, չենք կարող չընդունել այս իրողությունը: Իսկ մեր հաղթանակը հավիտենականացնելու համար պետք է ունենանք զարգացող Հայաստան ու Արցախ: Հայստանի զարգացման, սոցիալական արդարության, ներքին համերաշխության աստիճանով է պայմանավորված Արցախի հաղթանակը:

Իսկ այն փաստը, որ այսօր արդեն Գեորգի Պետրոսյանը ԼՂՀ նախագահի խորհրդականն է, հաստատում է, որ այս խնդիրը հակասությունների վրա չի լուծվել, եւ հարաբերություններում որեւէ խզում չկա: Արտգործնախարարի պաշտոնից հրաժարվելը զուտ կազմակերպական խնդիրներով է պայմանավորված եւ չունի քաղաքական բովանդակություն:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Leave a Comment