RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն չի կարող շրջանցել իր սկզբունքները՝ հանուն քվեներ հավաքելու

Posted on November 22, 2011, by , under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.

ՀՅԴ 121-ամյակին նվիրված միջոցառում Նոր Ջուղայում…

Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին հայ հանրությունը նշում է ՀՅԴ 121-ամյակը: Միջոցառումը է կայացել նաեւ Նոր Ջուղայի “Արարատ” միության սրահում։  Հանդիսությանը մասնակցել են կուսակցական, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի անկախ հանրապետության 20-ամյա ընթացքին` նշելով, որ այս տարիներին թեեւ կային ձեռքբերումներ, սակայն թերությունների պակաս չզգացինք: Հայաստանում կան բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացին կարողանա լավ ապրել, սակայն այդպես էլ մարդկանց կյանքը չի բարելավվում: Իշխանությունն էլ, Հրանտ Մարգարյանի կարծիքով, մեղադրում է բոլորին՝ բացի իրենից:

“Ես չեմ ուզում մեղքի առյուծի բաժինը դնել միջազգային տնտեսական տագնապի, երկրաշարժի, պատերազմի վրա: Անշուշտ, այս բոլորն էլ ինչ-որ չափով դերակատար են եղել մեր երկրի զարգացման գործի մեջ, բայց գլխավոր մեղավորը երկրում իշխող սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է”,- նշել է Հ. Մանրգարյանը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը չի մեղադրում անձերին, քանի որ մեղավորն այս դեպքում առավելապես սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է, որ որդեգրել է մեր երկիրը: Երկրի չզարգանալու պատճառը Հրանտ Մարգարյանը համարում է վայրենի նեոլիբերալիզմը: Հրանտ Մարգարյանի խոսքերով, “Դաշնակցությունն” այլընտրանք է Հայաստանում` գործող ուժերին. իրական պայքար երկրում գոյություն ունի ՀՅԴ-ի եւ մյուս ուժերի միջեւ: Այդ պայքարն ինչ-որ ժամանակ ունեցել է սուր առճակատման բնույթ, եղել է նաեւ կոալիցիոն համաձայնագրի տեսքով եւ կոալիցիայի ներսում, իսկ հիմա, արդեն, կոլիցիայից դուրս պայքար է:

2011-ը նախընտրական տարի է, եւ այս շրջանում պատրաստվում են ընտրությունների՝ բոլորը: “Դաշնակցությունը” եւս, Հրանտ Մարգարյանի խոսքերով, պատրաստվում է ընտրությունների: Այս ողջ ընթացքում արծարծվում է երեք հարց, որոնք անցնում են կարմիր գծի պես, որոնց շուրջ ՀՅԴ-ն երեբեք չի նահանջի եւ թույլ չի տա, որ մյուսները շրջանցեն:

“Չանել ոչ մի բան, որ երկրի կայունությունը վտանգվի, չանել ոչ մի բան, որ եթե Ղարաբաղում պատերազմ լինի, մենք դժվարանանք. մենք կարողանանք քով-քովի կանգնել` Ղարաբաղը պաշտպանելու: Եվ երրորդ` Հայաստանն այլ միջազգային գործակալությունների գործադաշտ չդարձնել”,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Այս տարիներին շատերն են քաղաքական ասպարեզում ի հայտ եկել, հավաքել ձայներ` ապավինելով ամբոխահաճությանը: Իսկ ո՞ւր են նրանք այժմ:

“Այսօր նրանք գոյություն չունեն, մի ինչ-որ ալիքի վրա հաջողել են բարձրանալ, ամբոխավարական մթնոլորտ ստեղծել, ժողովրդի ինչ-որ քվե արձանագրել իրենց անվան շուրջ: Բայց արդեն երեք տարվա կյանք չեն ունեցել, չորս տարվա կյանք չեն ունեցել, հաջորդ ընտրություններին արդեն գոյություն չեն ունեցել կամ եթե մասնակից են եղել՝ 0.8, 0.7 տոկոս են բերել”,- նշել է Հրանտ Մարգարյանը։

Դաշնակցությունը, ըստ Հրանտ Մարգարյանի, չի կարող շրջանցել իր սկզբունքները` հանուն քվեներ հավաքելու:

Leave a Comment