RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ-ն կնախաձեռնի արդար ընտրությունների կամավորական շարժումը

Posted on February 28, 2012, by , under Արձագանք, Լուրեր.

«Հայոց Աշխարհ»-Ընտրական գործընթացներում հանրային վերահսկողության հարցերին նվիրված Հայաստանի քաղաքագետների միության

«Պոլիտլոգոս» ակումբում երեկ տեղի ունեցած լսումներում ՀՅԴ դիրքորոշումը ներկայացրեց կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հանրային վերահսկողությունն ընտրական գործընթացներում չի ուղղված միայն այս կամ այն կուսակցության համակիրների քվեների պաշտպանությանը:

«Ընտրական ինստիտուտի կայացումը ավելի կարեւոր է, քան մեր սեփական քվեն ապահովելու հարցը, որպեսզի երկիրը փոփոխությունների ձգտի ընտրությունների միջոցով»,- նշեց բանախոսը, բերելով անհրաժեշտ մի քանի պայման, որոնք կարող են նպաստել արդար ընտրությունների կայացմանը:

Նախ՝ կուսակցությունները պետք է հանրության շրջանում լուրջ աշխատանք տանեն հասարակության քաղաքական կազմակերպվածության աստիճանը բարձրացնելու համար.

«Հաճախ կազմակերպությունների, անհատների նկատմամբ ապաքաղաքականացած հասարակության համակրանքը որպես մեկնակետ չի ունենում գաղափարական հարցերը, ծրագրերը, քաղաքական ուղղվածությունը: Դժվար թե, ասենք, կայացած ժողովրդավարական երկրներում գյուղապետը կարողանա գյուղին համոզել այս կամ այն կերպ քվեարկել:

Դա անհնարին է, սակայն մեզ մոտ հաճախ է այդպես լինում: Եվ լինում է ոչ անպայման բռնության կամ կեղծիքի միջոցով, այլ պարզապես գյուղապետի խաթրի համար: Սա վկայում է մեր հասարակության քաղաքական անկազմակերպության մասին, որի պատասխանատուներն առաջին հերթին հենց քաղաքական ուժերն են: Այսինքն՝ եթե մեր ժողովուրդը քաղաքականապես կազմակերպված չէ, պատճառն այն է, որ կուսակցությունները անհրաժեշտ աշխատանք չեն տարել»:

Ընտրական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ պարզ լինի, թե ով է ընտրությունների համար պատասխանատվություն կրում, մինչդեռ. «Իրականում ընտրությունների արդարացիության համար ոչ ոք պատասխանատու չէ: Ընդ որում, պատասխանատու չեն իշխանությունը, այն կազմակերպությունները, որոնք մասնակցում են այդ ընտրությունների կազմակերպման գործընթացին, քանի որ իրականում այդ պատասխանատվությունը կրելու հնարավորությունն ու լծակները չունեն»:

Անհրաժեշտ է նաեւ, որ կուսակցությունները ընտրությունները դիտեն որպես սեփական վարկանիշը գնահատելու միջոց. «Բայց հաճախ մենք արհեստական, անբարոյական, կեղծ միջոցներով փորձում ենք այդ պատկերը շատ ավելի ուռճացված տեսնել»:

Քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ ընտրությունների հետեւանքով կարող են իշխանությունը կորցնել. «Այն քաղաքական ուժը, որը չի կարողացել իրեն համոզել, որ ընտրության միջոցով կարող է իշխանություն կորցնել, չի կարող նաեւ ժողովրդավարության սկիզբը դնել` ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել:

Անհրաժեշտ է, որ քաղաքական ուժը, այս պարագայում իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը, համոզվի, որ ողբերգություն չի լինի, աղետ տեղի չի ունենա, եթե ընտրության միջոցով նա իր իշխանությունը կորցնի: Պետք է հասկանա, որ ընտրության միջոցով պարտությունը, ձախողումը ժամանակավոր են: Պետք է կարողանալ հասկանալ, որ ընտրության միջոցով նույնիսկ սխալ արդյունքի հասնելը դարձյալ ժամանակավոր է»:

Ինչ վերաբերում է հանրային վերահսկողություն սահմանելուն, ապա միշտ էլ կարելի է գտնել ուժեր, որոնք կստանձնեն այդ գործը. «Մեր հասարակության մեջ կա, վստահաբար կա այն 2 հազար, 4 հազար կամ 10 հազար մարդը, որոնք կարող են անշահախնդրորեն ցանկանալ, որ այս ընտրություններն իրական ընտրություններ լինեն»:

Այդ համոզմունքից ելնելով` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախաձեռնել է արդար ընտրությունների կամավորական շարժումը. «Այն մարդիկ, որոնք պատրաստ են զենք վերցնել ու գնալ Հայրենիքի սահմանները պաշտպանելու, հայրենիքի պաշտպանության համար պատրաստ են զոհաբերությունների, կարծում եմ, որ նույն այդ մարդիկ պատրաստ են արդար ընտրություններ երաշխավորելու եւ պարտադրելու համար կամավոր գրվել:

Պետք է կարողանանք կամավորական այս շարժումը ձեւավորել ու արդար ընտրություններ անել, անկախ այն բանից, թե ով ինչ վարկանիշ կունենա արդյունքում: Ես 10 հազար եմ ասում, սակայն 5 հազարն էլ է բավարար, երկու հազարն էլ է բավարար: Մենք շուտով սկսելու ենք կամավորների գրանցումը»:

Մինչեւ հիմա հիմնականում ուշադրության կենտրոնում են պահվել ընտրատեղամասերում հնարավոր ընտակեղծիքները. «Սակայն նույնքան կարեւոր է նաեւ ընտրատեղամասերից դուրս ծավալվող գործընթացը: Կարծում եմ, որ մենք բոլորս ընտրությունների ինստիտուտը կայացնելու հարցում պետք է շահախնդիր լինենք, պետք է քարոզենք, որ փոփոխությունների միակ ճանապարհն ընտրությունն է, որ ժողովուրդը սկսի հավատալ, որ ընտրության միջոցով կարող է վիճակ փոխել ու չկաշառվի»:

Հրանտ Մարգարյանը համոզված է, որ պետք է խուսափել ընտրությունների ելքը կասկածի տակ դնող, արդարացի ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին խոսակցություններից. «Եթե մենք անընդհատ ասում ենք, որ ընտրությունն անիմաստ է, ընտրության մեջ կեղծիք կա, ընտրությունը կեղծված է, սուտ է ամեն ինչ, բնականաբար անուղղակիորեն ժողովրդին ասում ենք, որ անիմաստ է ընտրել ու այդ հինգ հազար դրամը դիր գրպանդ»:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Leave a Comment