RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Անցած ուղիդ լուսաւորող եւ ուսուցանող փարոս է

Posted on September 28, 2001, by , under Ելույթներ.

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարեանի դամբանական խօսքը

Ընկ. Խաժակ Տէր-Գրիգորեանի Մահուան Առթիւ

Հրաժեշտի այս խօսքերը, ինչքան էլ ծանր ու անցանկալի, այդուամենայնիւ, ընկեր Խաժակ, կուզէի այն լինէր մեր նման, մեր հերթական զրոյցներից մէկը, բայց չկայացած զրոյց:

Ընկեր Խաժակ  չեմ կարողանում այս երկու բառը համեմել այլ ածանցով, որեւէ այլ բանով պարզ, բայց միաժամանակ մի ամբողջ իմաստ, խորհուրդ, ապրումներ պարունակող երկու բառ՝  Ընկեր խաժակ :

Դու եղար իմ եւ իմ նմանների ուսուցիչը, դաստիարակը, օրինակելի մարդը, հայը, իրաւ դաշնակցականը, սկզբունքային իդիալիստը, դաշնակցականութիւնը ամենօրեայ կեանքի, ապրումի ու կեցուածքի վերածած օրինակելի մարտիկը:

Եղար մեր ուսուցիչն ու դաստիարակիչը, բայց ոչ մի պահ մեզ զգացնել չտուիր, որ ինչ-որ մի բան ես մեզ սովորացնում, ինչ-որ դաստիարակչական խրատական աշխատանք, ճիգ ու ջանք ես թափում: Այդ ամէնը անում էիր առանց ձեւի, խրատների, դա քեզ մօտ կեանք էր, ապրելու ձեւ, ապրում՝ մեզ հետ ապրելով: Կենդանի օրինակով ու գործով մեր մէջ համոզում ու նուիրում էիր ստեղծում, իսկ մենք, այդ օրերին՝ պատանեկան տարիներին, չէինք գիտակցում, չէինք զգում որ դաստիարակւում ենք, մենք ունէինք ընկեր խաժակ, որի հետ վիճում, որի հետ աշխատում, որի հետ ապրում էինք:

Եւ մենք չեղանք քո կոյր երկրպագուն, չեղանք քեզանով հիացածներ, քեզանով հմայուածներ ինքդ թոյլ չէիր տայ, որ այդպէս լինենք. դու ցանկանում էիր ինքնուրոյն, ինքնավստահ, գաղափարներով առաջնորդուող եւ կարգ ու կանոնին ենթակայ մարդիկ տեսնել քո շուրջը ու քո թիկունքում:

Միայն տարիներ յետոյ, այսօր է, որ գիտակցում ենք, թէ որքան բան ենք սովորել քեզանից եւ դա այսօր ճնշող է ու պարտադրող, պարտաւորեցնող: Ամէն քայլի, ամէն մի կեցուածքի, ամէն մի գործի մէջ ակամայ մենք մեզ բռնում ենք մի մտքի վրայ՝ արդեօք ինչպէս կը գնահատէր ընկեր Խաժակը մեր կեցուածքը, մեր պահուածքը, մեր գործը: Ակնածանք կայ, վախ ու յարգանք, ամէն մի կեցուածք, պահուածք ու գործ մի քննութիւն է մեզ համար եւ սպասում ենք, անհամբերութեամբ, թէ ինչպէս այն կը գնահատի ընկեր խաժակը: Վստահ եմ որ յետայսու եւս այս զգացումը մեզ չի լքելու:

Օրերը այլ էին, Սփիւռքը ձերբազատուած էր իր առօրեայ հոգս ու ցաւից, ապրելու, գոյատեւելու մտահոգութիւններից՝ Ցեղասպանութեան հետեւանքներից, հայը արթնանում էր իր թմբիրից ու պայքարի, ազգային արժանապատուութեան վերականգնման, իբրեւ ազգային ինքնուրոյնութիւն, որ իրաւազրկուած էր ու անտէր, ինքնապարտադրման օրեր էին եւ դու, ընկեր խաժակ, մեզ մօտ էիր՝ անսակարկ, պատճառաբանուած համոզումներով, սահմանափակումներ չճանաչող մտքի թռիչքներով, քո սկզբունքայնութեամբ ու մարտունակութեամբ:

Մտաւորական մարդ, որ ոչ մի ժամանակ չսահմանափակուեց գրասենեակային աշխատանքով, կենդանի գործը խլեց իրեն զուտ մտաւորական կեանքից ու աշխատանքից: Կենդանի գործը միշտ գերակշռեց ակադեմական աշխատնքին: Այո՛, ընկեր խաժակ, դու յեղափոխական-մարտական էիր ու մարտական-պայքարող կեանքի, քո ժողովրդի ու հայրենիքի համար մարտական էիր եւ ոչ մի բան քեզ համար ինքնանպատակ չէր:

Մարտականութիւն, որ անպայման չէր նշանակում եւ չէր կարղ սահմանափակուել, նսեմանալ արկածախնդրութեամբ: Դու մարտիկ էիր ու մարտական: Բայց աւելի ճիշտ ու բնորոշ՝ դու Դաշնակցական Ասպետ էիր, բառիս ամբողջական ու Դաշնակցութեան հարազատ ըմբռնումով:

Դու չէիր ապրում տարբեր կեանքով, դու չէիր ճառում, խօսում, գրում մի այլ կեանքի մասին բայց ապրում մի այլ կեանք: Դու ապրում էիր այնպէ՛ս ինչպէս ներկայացնում էիր կեանքը, այնպէս՝ ինչպէս գտնում էիր, որ մարդը պէտք է լինի, ինչպէս բացատրում ու ներկայացնում էիր այն իդէալական հասարակութիւնը, ապրելաձեւը՝ որ պէտք է կառուցենք մենք, որով պէտք է ապրի դաշնակցականը:

Չկայ մէկը, որ կարողանայ մատնանշել մի դէպք, երբ դուք անարդար եղած լինէք, եսասէր պահուածք ցուցաբերած լինէք՝ Ձեր նմանի, մարդկանց եւ թոյլերի նկատմամբ:

Ժամանակի յոռի բարքերի ու բռնացող երեւոյթների, ընդհանրացած մարդկային թիւր բարոյական, քաղաքական-գաղափարական ըմբռնումների, կեանքի, հայկական կեանքի ամէն մի երեւոյթի դէմ քո ցուցաբերած ինքնուրոյն, սկզբունքային, անսակարգ ըմբռնումներն ու դատողութիւնները, պահուածքն ու կեցուածքը, ընկեր Խաժակ, սովորական մարդու իւրայատուկ դրսեւորում չէր, դա սեփական յամոզմունքով, իդեալներով, գաղափարներով եւ սկզբունքներով առաջնորդուող, ինքն իր նկատմամբ խստապահանջ մարդու, պայքարող մարդու պահուածք էր ու ապրում:

Եւ սա էր քո դաստիարակչական մեթոդիկայի հիմնական գաղտնիքը:

Չեմ անդրադառնամ այն կարեւոր ներդրումի մասին, որ դու՝ ընկեր Խաժակ, ունեցար 70ական թուականներում համակուսակցական ուսանողական-երիտասարդական, մեր կազմակերպութեան քաղաքական-ազգային պայքարի զարթօնքի մէջ, ՀՅԴ-ի ծրագրային գաղափարական հարցերի յստակեցման ու նորօրեայ ձեւաւորման գործին քո բերած ներդրումի, աւանդի մասին: Սահմանափակւում եմ յիշատակելով միայն, որ դժուար է յիշատակել վերջին երեսնամեակի Դաշնակցութեան կեանքին ու գործին առնչուող որեւէ մարզ կամ շրջադարձ, որին կապուած չլինի քո անունը՝ գաղափարական կեցուածքի, կազմակերպական դիրքորոշումի կամ բարոյական վերաբերումի առումներով:

Դու եղար Դաշնակցութեան «Դէպի Երկիր»շրջադարձի գաղափարական ենթահողը նախապատրաստելու գործի երախտաւորներից մէկը: Այս պահին շուրջդ հաւաքուածներից իւրաքանչիւրը վստահաբար մտովի վերյիշում է այն բոլորը, որ քեզանից սովորեց՝ իբրեւ Դաշնակցութեան մեծ աւանդի վաւերական փոխանցողը, ուսուցանողը, անձնական վարքով ու բարքով ապրեցնողը:

Գաղափարապաշտութեան եւ մարտունակութեան, կարգապահութեան եւ բարոյականութեան այն սաղմերը, որոնք քեզանով վերադարձուեցին հայրենի հողին ու մեր ժողովրդին, ծլարձակեցին եւ ծաղկեցին Արցախեան ազգային-ազատագրական պայքարով եւ իրենց անջնջելի դրոշմը դրին Դաշնակցութեան հայրենական կազմակերպութեան վրայ:

Ընկեր Խաժակ, հրաժեշտ ենք տալիս քեզ, երբ հայոց քաղաքական, ազգային-հասարակական, սոցիալական կեանքը գտնւում է բազում մտահոգիչ, թերի, սխալ, վտանգուած իրավիճակում:

Վերջին շրջանում երբ քեզ այցի էինք գալիս, թէպետ փորձում էինք քեզ խնայելու համար սեւը, վատը, մտահոգիչը չներկայացնել, այդուամենայնիւ չէինք կարողանում պատճառ չդառնալ քո յուզումին, որովհետեւ այս ամբողջը՝ հայութիւնն ու Հայաստանը իր ամէն մի մանրամասնութեամբ եղել է քո էութեան ու հոգու, քո առօրեայի անբաժան մասը:

Բայց, ընկեր Խաժակ, լաւի կողքին դեռ մեր երկրում սոցիալական անարդարութեան, տնտեսական ծանր վիճակի բեռը իրենց ուսերին կրողները շատ են, որոնք օրհացի կարօտ են© գիտեմ այժմ խռովք ու յուզում եմ պատճառում քեզ, բայց դու ես ասել՝ ճշմարտութեան երեսին պէտք է նայել բաց աչքերով: Ծանր է մեր վիճակը, սոցիալական ծանր բեռան տակ կքածների փաղանգին միացել են նաեւ թուլամորթները, այլասերուածները, մեր ազգի դժբախտութիւնը՝ ցրուածութիւնը նպատակային չարաշահելու օտարների վտանգաւոր փորձերը եւ շարունակուող արտագաղթը:

Ցաւ է, որ ողբալու պէտք չունի, այլ՝ լուրջ աշխատանքի, պեական կազմակերպուած աշխատանքի, որպէսզի կասեցուի այս ազգավնաս երեւոյթը: Բայց, ընկեր Խաժակ, ամէն անգամ, ամէն մի առիթով, որ կարճ հանգիստ եւ անդորր է տեսնում մեր հայրենիքը, երբ նուազագոյն դրական տեղաշարժ է նկատւում, արտագաղթին ի հակադրութիւն մեր արտերկրի հայութեան ուշադրութիւնը սեւեռւում է դէպի Հայրենիք: Հայրենիք են գալիս այցելելու, տեսնելու, փաստելու դրական տեղաշարժերը եւ համոզուած ենք, որ այսօրուայ հատուկենտ, մասնակի հայրենադարձութեան երեւոյթը ընդլայնուելու եւ մեծանալու է:

Ընկեր խաժակ, երկրի ծանր, դաժան, վտանգաւոր իրադարձութիւնները մեզ պատասխանատուութեան մղելով հանդերձ, սահմանափակեցին մեր պայքարի ուժականութիւնը, բայց կարեւորն այն է, որ պայքարը կայ, պայքար, որ մեզ թոյլ չի տալու հաշտուել երկրում դեռ առկայ անարդարութեան հետ, պայքար որ միշտ էլ մեզ մղելու է մեր ժողովրդի առջեւ ծառացած անարադարութեան դէմ ըմբոստանալու:

Երբ Պայքար կայ, յոյս կայ, երբ պայքար է՝ հաւատք է եւ անպայման յաղթանակ:

Մեծ պայքար կայ մեր առջեւում: Ղարաբաղեան յաղթանակը ամրագրելու, յաւիտենականացնելու համար, թշնամու թիկունքում աշխատում են մեծ ու փոքր միջազգային ուժեր, այն ինչ չկարողացան անել մարտի դաշտում այժմ փորձում են անել հաշտութեան կեղծ ու դաւադիր յանձնաժողովներով ու այլ հնարքներ ու ճնշումներ բանեցնելով:

Մենք պատնէշի վրա ենք, ընկեր խաժակ, մենք կուլ չենք գնալու ո՛չ ցեղասպանին, ոչ էլ ցեղասպանին արդարացողների դաւադրութիւններին:

Գնա՛ հանգիստ ու անխռով, մենք չենք դադարելու պայքարից, քո օրինակն ու անցած ուղիդ լուսաւորող եւ ուսուցանող փարոս է լինելու բոլորիս համար:

Դաշնակցութեան երթը կը շարունակուի:

Leave a Comment