RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Ամենալավ երկիրը որտեղ կուզեի ապրել` Հայաստանն է

Posted on December 6, 2013, by , under Ելույթներ, Լուրեր.

Hrant-Markarian5ՀՅԴ 123 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Բեյրությում

ՀՀ մեծարգո Պրն Դեսպան,
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Հարգելի եւ սիրելի ներկաններ,

ՀՅԴ օրվա իմ խոսքում, անխուսափելիորեն անդրադառնալու եմ մեր Հայրենիքի քաղաքական-սոցիալական իրավիճակին, իսկ որովհետեւ խոսքս հնչում է Սփյուռքում անհրաժեշտ եմ գտնում, ի սկզբանե այն սկսել այսպես․

Եթե ինձ հարցնեին, թե հանուն քո, քո ընտանիքի քո զավակների ապագայի որտեղ կուզեիր ապրել, ես համոզումով, հավատքով, առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու կպատասխանեի` Հայաստանում, այսօրվա Հայաստանում։

Այսպես սկսեցի խոսքս, որովհետեւ քիչ հետո, փոխանցելով մեր երկրի վիճակի վերաբերյալ տագնապս, անդրադառնալու եմ հայրենիքում առկա դարդերին ու ցավերին, թերություններին, սխալներին, ու անարդարություններին եվ միեւնույն ժամանակ գիտակցաբար մի կողմ եմ թողնելու այն լավը, հուսալին ու դրականը, որ, անշուշտ, զուգահեռաբար առկա է մեզանում, մի կողմ եմ թողնելու այն անհերքելի փաստը, որ այսօրվա մեր երկիրը շահեկանորեն տարբեր է երեկվանից, որ մենք առաջ ենք գնում սրբագրելով մեզ, առաջ ենք գնում զարգանալով։

Այդպես եմ վարվելու, որովհետեւ անտարակույս է` բացասականը թաքցնելով մենք այն չենք շտկի, բայց միեւնույն ժամանակ ոչ ոք իրավունք չունի մեր երկիրը այնքան անիրավացիորեն բացասական ներկայացնել, որ կամա-ակամա մեր ժողովրդին վանի իր հայրենիքից։

Միշտ պետք է հիշել՝ որքան ծանր է վիճակը Հայրենիքում այնքան ավելի մեծ պետք է լինի մեր հայրենասիրությունը։

Այնուամենայնիվ վստահ եմ ես էլ եմ ընկնելու նույն որոգայթը՝ հիմնականում անդրադառնալով թերություններին ու բաց թողումներին։ Դուք միշտ հիշեք խոսքիս սկզբում ասած միտքը․ ամենալավ երկիրը որտեղ կուզեի ապրել` Հայաստանն է, որտեղ արժի ապրել, որտեղ իմաստ ունի չարչարվել` Հայաստանն է։ Բայց սա միայն այն դեպքում, երբ առկա է հավատը. անկեղծ հավատը` հանդեպ Հայաստանի հզոր ապագայի։ Հանդեպ մեր ժողովրդի իմաստության, ուժի ու կամքի։

Ես այս ամենին հավատում եմ: Որովհետեւ գիտեմ, որ Հայաստանն ունի լուրջ զարգացման համար անհրաժեշտ մարդկային ու բնական ներուժ։ Եւ մոլախոտի պես մեր երկրին փաթաթված ու նրա ուժը կաշկանդող արատներն արմատախիլ անելու դեպքում, հնարավոր կդառնա թռիչքային զարգացման պայմաններ ստեղծել։

Կրկնում եմ` հավատում եմ դրան։

Ուստի քննադատական խոսքերս չարությունից չեն, եւ չեն վկայում այն մասին, թե այնտեղ՝ մեր հայրենիքում ամեն ինչ գորշ է ու անհուսալի։

Այսօրվա մեր հիմնական ցավը արտագաղթն է, որը ազգային-պետական կառույցի արնահոսությունն է՝ այլեւս ազգային անվտանգության սպառնալիք։ Անշուշտ արտագաղթի պատճառները բազմաշերտ են՝ միջազգային տնտեսական տագնապ, պատերազմական իրավիճակ, թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակում, անարդարություններ ու աղքատություն երկրի ներսում։ Բայց որքան էլ օբյեկտիվ ու հասկանալի լինեն պատճառները, դանակն այլեւս ոսկորին է հասել: Արտագաղթի այսօրվա չափերը վկայում են, որ մենք այլեւս գործ ունենք ոչ թե սովորական պայմաններում տեղի ունեցող ինչ-որ հատվածի արտագաղթի, այլ տարերային բնույթ կրող, հետզհետե խուճապի տպավորություն թողնող երեւույթի մասին։

Առավել վրդովեցուցիչն այն է, որ թվում է վտանգը չեն գիտակցում ՀՀ իշխանությունները, չեն գիտակցում եւ ոչ մի տեսանելի ճիգ չեն գործադրում արտագաղթի դեմն առնելու, թափը կոտրելու, առնվազն ներքին պատճառները վերացնելու ուղղությամբ։ Բացակայում են պետական հոգատարությունը, նպատակային ծրագրված աշխատանքը, իրավիճակից բխող հատուկ ծրագրերը: Ասեմ ավելին, եթե իրագործվում էլ են ինչ ինչ ծրագրեր, դրանք ծառայում են միայն ու միայն արտոնյալ հարուստ, սահմանափակ շերտերին էլ ավելի հարստացնելու նպատակին։ Այս իշխանությունները ոչ թե հետամուտ են արտագաղթի բուն պատճառները վերացնելուն, ժողովրդի համար սոցիալական տանելի պայմաններ ստեղծելուն, այլ միայն արտոնյալ որոշ հարուստ շերտի էլ ավելի հարստացմանն են հետամուտ։

Միթե մենք ի վիճակի չենք նախ սահմանել ապա հետզհետե վերացնել արտագաղթի գոնե ներքին պատճառները:

Գործազրկություն, աշխատանքի առկայության դեպքում անգամ՝ անբավարար աշխատավարձեր, երկրում առկա բնակարանային հարցի ու ընդհանրապես սոցիալական դժվարությունների հարաբերությամբ քաղաքացու անպաշտպան առանձնություն-անճարակություն, երկրում մոլեգնող անարդարություններ,՝ կոռուպցիա, տնտեսության տարբեր ոլորտներում մենաշնորհներ, հանրային փոխահարաբերություններում քաղաքացու անպաշտպանվածություն անարդարությունների դեմ, հասարակություն-օրենք, հասարակություն-իրավապահ մարմիներ հարաբերություններում խտրական վերաբերմունք: Ահա արտագաղթը խթանող այն երեւույթները, որոնց վերացման ուղղությամբ թվում է թե պիտի մտածեին իշխանությունները: Մինչդեռ պատկերը լրիվ հակառակն է, ինչի արդյունքում հասարակությունը վերածվել է արտօնյալ փոքրամասնության ու իրավազուրկ մեծամասնության ։

Ասածներս եթե նույնիսկ ինչ-որ տեղ գույները ներկայացնում են խտացված ձեւով, այդուամենայնիվ չեն դադարում իրականություն լինելուց: Միեւնույն ժամանակ ես այս ամբողջը մատնանշում եմ ճարահատված ու ցավ ապրելով։ Հասկանում եմ, որոշները հիմա մտածում են, ընդիմություն են ու փորձում են ամեն ինչ ծայրահեղացնելով քաղաքական դիվիդենտներ շահել: Սակայն մենք բարեբախտաբար հեռու ենք այն տեսակ ընդիմություն լինելուց, որն առաջնորդվում է որքան վատ այդքան լավ նշանաբանով, կամ փորձում է ամեն ինչ սեւ ներկայացնելով արդարացում գտնել իր անհատական կամ խմբակային անհանդուրժողական-բացասական պահվածքի ու կարիերայի համար։ Մեզ համար քաղաքական, պետական գործի ղեկավարումը կարիերա անել չէ, այլ գաղափարական առաջադրանք ու առաքելություն։

Բազմիցս հայտարարել ենք՝ մենք պատրաստ ենք եւ աշխատում ենք, որպեսզի ժողովրդի կամքով ստանձնենք երկրի ղեկավարման գործը։ Մենք հանդես ենք գալիս իբրեւ մի քաղաքական ուժ, որն առկա մյուս բոլոր քաղաքական ուժերից տարբերվող, հստակ, ինքնուրույն, համապարփակ գաղափարախոսություն, ռազմավարություն եւ ծրագիր ունի։ Սակայն միաժամանակ հայտարարել ենք՝ մեզ համար իշխանություն դառնալը նպատակ չի եւ մասնավորաբար միակ հետապնդվող նպատակ չի կարող լինել։ Մենք չենք կարող ընտրել իշխանության տանող այնպիսի ուղի, որը կընթանա համատարած ավերակների միջով։

Մենք գերադասում ենք պետական շահը կուսակցական շահից, մենք գերադասում ենք ժողովրդի շահը կուսակցական շահից եւ, երբ ախտորոշում ենք անում ու մատնանշում ենք հիվանդությունը, մեր նպատակը իշխանության գալը չէ, այլ հիվանդությունը բուժելը: Մենք մի կողմ չենք քաշվում, օր ու գիշեր միայն ողբ ու քննադատություն հնչեցնելով։ Մենք վճռական ենք մեր գնահատականների մեջ, սակայն նաեւ հրապարակ ենք իջեցրել ծրագիր եւ կոչ ենք անում գործող իշխանությունների եկեք ընթանանք, եկեք ընթացեք այս ճանապարհով, եղած հարցերը անլուծելի չեն եւ եղած հարցերի լրջությունն ու հրատապությունը թույլ չի տալիս մեզ, որ ժամանակ կորցնենք, որ ամեն ինչ մի կողմ դրած հետապնդենք միայն ձեր կործանումը, եկեք լուծում բերեք հարցերին, արտագաղթը ազգային արյունահոսություն է եւ ոչ դուք, ոչ էլ մենք իրավունք չունենք ձեռքներս ծալած նստենք անգործ՝ այս ժողովրդի հաշվին գերխնդիր դարձնելով, ձեր պարագային իշխանության պահպանման հարցը, մեր պարագային՝ իշխանություն դառնալու հարցը։

Արտագաղթի դեմ մեր ծրագիրը կոչվում է՝ «Մենք ուզում ենք ապրել մեր երկրում»։ Խորագիրը մերն է՝ ցանկությունն ու պահանջը ժողովրդինը։ Մենք ուզում ենք կարողանալ ապրել մեր երկրում եւ երկրի իշխանությունները, ինչ-որ տեղ նաեւ մենք՝ ընդիմությունը պարտավոր ենք ստեղծել հնարավորություն ապրելու, պատվով ապրելու, հպարտ ապրելու համար մեր երկրում։ Մենք առիթներ ու պատրվակներ չենք փնտրում ավելորդ, չափազանցված կերպով փնովելու, սեւացնելու իշխանություններին ու կացությունը, որպեսզի իշխանության հասնելու մեր ցանկության համար մթնոլորտ ստեղծենք, սրենք քաղաքական իրավիճակը։ Մենք փորձում ենք առողջացնել երկրի հասարակական, քաղաքական, պետական, ազգային մթնոլորտը։ Մենք ուզում ենք բարոյականացնել, առողջացնել մեր մթնոլորտը։ Մենք ուզում ենք պետականություն, ազգային պետակություն ստեղծել ուր իշխանություն-ընդիմություն մաս են կազմելու մեկ ամբողջական համակարգի։

Մեզ հաճախ քննադատում են մեր մոտեցումների համար։ Քննադատում են նրանք, ովքեր մեզանից ավելին ու նույնիսկ մեր չափ բան չեն հաջողեցրել։ Քննադատում են մեզ, մեզ համեմատելով այլոց հետ, մեզ համապատասխան չտեսնելով գրքային նվիրականացված տերմիններով արտահայտված երեւույթների հետ։ Մեր հասցեին հնչող անարդար քննադատությունները հաճախ ոչ թե մեր թույլ կողմերով են պայմանավորված այլ այդպիսին տեսնելու ցանկությամբ, պայմանավորված են ներքաղաքական մրցակցության մեջ վարկաբեկելը, իրողությունները խեղաթյուրելը պայքարի մարտավարություն դարձնելու մտայնությամբ։

Մեզ ասում են դուք ինչ ընդիմություն եք, ընդիմությունը ամենուր պետք է հարվածի իշխանություններին։ Մենք ասում ենք՝ հաչս օտարների եթե ստեղծվում է հնարավորություն մյուսների հետ՝ նույնիսկ մեր կողմից չընդունված իշխանությունների հետ, պաշտպանելու ազգային շահը, մենք պարտավոր ենք պաշտպանել։ Մենք ասում ենք մեր ներազգային, ներպետական հակադրությունները, տարաձայնությունները պետք է ավարտվեն այնտեղ, որտեղ անհրաժեշտություն եւ կարելիություն է ստեղծվում միասնաբար պաշտպանելու ազգային-պետական շահերը։

Մենք ասում ենք Ղարաբաղի հարցի հետապնդումը չպետք է տկարի ներքին տարաձայնությունների, հակադրությունների պատճառով, չպետք է զոհ գնա մեր եւ իշխանություններ փոխհարաբերություններին։ Մենք ասում ենք նույն հարաբերությունների զոհ չպիտի դառնա Հայոց Ցեղասպանության Միջազգային ճանաչման հարցը։ Մենք ասում ենք ճիշտ է որ ընդիմություն ենք ու լուրջ ենք ու վճռական այդ հարցում, բայց եթե կարող ենք Հայաստանի համար ապահովել արտաքին ներդրումներ, միջազգային վարկ ու հեղինակություն պետք անենք այդ, հոգ չէ որ դրանից կարող են շահել նաեւ Հայաստանի իշխանությունները, կարեւորն այն է որ մեր գործունեությունից հիմնականում շահելու է Հայաստանի ժողովուրդն ու պետականությունը։

Այսօր, մեր ազգի, մեր պետականության արտաքին ու ներքին մարտահրավերները այնքան լուրջ են, բարդ են, մեծ են, որ մեզ օդի պես անհրաժեշտ է ազգային միություն ու միասնականություն։

Անշուշտ մի միասնականություն, որ չի նշանակելու միօրինակություն, մի միասնականություն որ չի կարող լինել համակերպում վատի, ստի, ճնշումների, անարդարությունների հետ։ Միասնականություն, որ կարող է իրականանալ, երբ իշխանությունները արդարության են հետամուտ, իսկ քաղաքական ուժերը պատասխանատվություն են կրում ու դերակատար են դառնում երկրի անվտանգության ու անկախության պահպանման գործում։

Վստահ եմ, ով ճանաչում է մեզ հավատում է, մենք չենք հանդուրժելու անարդարությունը, չենք հանդուրժելու խտրականությունը, մենք հետամուտ ենք մեր ժողովրդի համար ստեղծելու զարգացման հավասար պայմաններ։ Շարունակելու ենք մեր պայքարի ճանապարհով ընթանալ՝ ամեն ինչից վեր դասելով երկրի անվտանգությունն ու անկախության պահպանումը, ընթանալու ենք բացառաբար կառչելով մեր ժողողվրդի ուժին, չենք հենվելու օտարի վրա, ունքը շտկելու տեղ աչքը չենք հանելու։ Մենք մեր շուրջը պիտի համախմբենք ժողովրդին եւ սեփական ժողովրդի ուժով ու կամքով փոխենք ներքին իրավիճակը։ Հոգ չէ, որ այդ ճամփան դժվար է ու աշխատատար՝ վատը վատով փոխելու մոլորության մեջ չենք ընկնելու։

Մենք այսպիսին ենք, մեր ծննդով, դաստիարակությամբ, արժեքային համակարգով ու դրա համար էլ կոչվում ենք Դաշնակցություն։ Կանք ավելի քան 123 տարիներ ու դեռ լինելու ենք։

Պայքարի կրքով չպետք է տարվել, հեշտ ճանապարհի ընտրությունը գայթակղիչ է, բայց այն հաճախ այլասերող է: Մենք իրավունք չունենք Դաշնակցության գաղափարական քաղաքական կապիտալը մսխելու: Մենք գնալու ենք դժվար ճանապարհով, բայց հարազատ ենք մնալու մեր էությանը, մեր ժողովրդին, մեր Հայրենիքին: Խոստովանենք` մենք դեռ մեր կազմակերպության ամբողջական կարողությամբ աշխատանք չենք ծավալել մեր երկրում: Մենք կարողացել ենք մեր գործով ու դիրքորոշումներով կերտել մեր քաղաքական-գաղափարական բարոյական ուժին համապատասխան կշիռ ու ազդեցություն մեր հայրենիքում ու ժողովրդի մեջ, սակայն նույնը չենք կարող ասել կազմակերպական առումով: Պետք է զորաշարժի մղենք մեր բովանդակ կարողությունը, պետք է շրջան առ շրջան իր բաժին մասնակցությամբ ու պատասխանատվությամբ գործնականորեն դերակատար դառնա հայրենիքում մեր վերակազմակերպման նոր արշավին:

Հայրենիքում Դաշնակցության հզորացումը հիմնական գրավականն է, որպեսզի պետականությունը ունենա ազգային ուղղություն: Որպեսզի մեր հայրենիքում տիրի արդարությունը եւ ստեղծվեն բոլորի համար զարգացման հավասար պայմաններ: Որպեսզի ոնենանք այն հայրենիքը, որը դառնա օտարության մեջ գտնվող իր զավակներին տուն կանչող արդար ու բաղձալի երկիր: Որպեսզի ունենանք հզոր ու կազմակերպված այն ազգային պետականությունը որը կդառնա իսկապես Հայ Դատի լուծման հիմնական կռվան:

Մենք նոր արշավի ենք դուրս գալիս: Կազմակերպության յուրաքանչյուր շրջան պետք է կազմակերպական, վերակազմակերպական այս կարեւոր գործը դարձնի իր գլխավոր հարցը: Կազմակերպությունը այն միջոցն է, որի հզորացումով կարող ենք լուծում բերել մեր բոլոր հարցերին:

Մեր օրակարգը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ, թեպետ այն մեր մեծ նպատակի՝ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի կերտման հարցում մեր հիմնական կռվանն ու մեր ժողովրդի ուժի, կազմակերպվածության առանցքն է։

Ամփոփ անդրադառնամ մի քանի այլ հարցերի։

Քիչ մնաց Հայկական Ցեղասպանության 100 ամյակին, որը պետք է դառանա Հայ Դատի պայքարի հարցում անկյունադարձային թվական։ Նոր հանգրվանը սկսել ենք՝ Զույգ Կաթողիկոսների Ապրիլ 24-յան պատգամով, սկիզբ դնելով հայկական պահանջատիրական պայքարի նոր հանգրվանի համար։ Թող այն մի տեղ կոչվի ցեղասպանության հետեւանքների վերացման պայքար, մեզ մոտ՝ պահանջատիրական, բայց կարեւորը այս հանգրվանը միասնաբար սկսելու, միասնական շարքերով հետապնդելու ու համահայկական կազմակերպվածություն դրսեվորելն է։

Կարեւոր թվականի մոտենալու հետ, տեսնում ենք, որ Թուրքիան կրկին աշխուժանալու տրամադրություն է դրսեւորում․ Կրկին կարող են շրջանառության մեջ դրվել տխրահռչակ արձանագրությունները։ Աշխարհի աչքին կրկին կարող են թոզ փչել, իբրեւ թե շարունակվում է հայ-թուրքական մերձեցման գործընթացը։ Մենք պետք է զգոն լինենք։ Ոչ ոք իրավունք չունի կրկին խաղի գալ, մենք թույլ չենք տալու։ Մասնավորաբար 100ամյակի շեմին մեզ ամենից շատ պետք է միասնականություն։

Արցախի հարցում այսօր մենք դիմագրավում ենք երկու մակարդակի հարցեր՝ ընթացող բանակցություններ, ԼՂՀ ամրապնդում կամ Անկախ Արցախի ամենօրյա կայացում։ Բանակցությունների նոր փուլը հերթական նոր փուլ չէ, չգիտեմ հայկական դիվանագիտության թե Ադրբեջանի ապիկարության պատճառով ստեղծվել է հնարավորություն՝ նոր սկիզբ ապահովել այս փուլում։ Սեղանի վրա չկա որեւէ փաստաթուղթ եւ մեզ ընձեռված է հնարավորություն, բանակցությունների հիմքում ոչ թե ունենաք ԼՂԻՄ-ը այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սահմանադրությամբ ամրագրված իր սահմաններով։

Արցախի պետականության ամրապնդումը, անվտանգության երաշխիքների, զարգացած տնտեսության կայացումը, ժողովրդագրական պատկերի ապահովումը սրբազան գործեր են, իրականում դրանք Արցախի ազատագրության շարունակություն են եւ պետք է համահայկական ծրագիր ու գործ դառնան։

Չեմ կարող չանդրադառնալ մեր ժողովրդի ամենավտանգված հատվածին՝ սիրիահայությանը։ Հուսանք, որ մեր հայրենակիցները, Սիրիայի ժողովրդի հետ միասին խաղաղության մեջ կդիմավորեն նոր տարին, բայց ցանկություններից այն կողմ պետք է համայն հայությունը, սկսյալ հայկական պետականությունից մինչեւ ի սփյուռս աշխարհի իր բարոյական, քաղաքական, հարաբերական աշխատանքով ու օժանդակություններով ամեն օր իր շունչը զգացնել տա սիրիահայության թիկունքին: Մենք մեծ գործ ունենք անելու, նույնիսկ երբ ավարտվի այս չարաբաստիկ պատերազմը Սիրիայում։

Մեր ուժի հիմնական եւ միակ աղբյուրը մեր ժողովուրդն է: Մեր ժողովրդի յուրաքանչյուր մաս, կտոր, բեկոր հայ ժողովրդի ուժի, մեր ուժի բաղկացուցիչ մասն է: Երբ կազմակերպված է մեր ժողովրդի որեւէ հատված, միայն այդ դեպքում այն կարող է մաս կազմել հայ ժողովրդի ուժին ու դերակատար դառնալ հայկական ռազմավարության մեջ:

Սփյուռքը եւս կազմակերպման, վերակազմակերպման անհրաժեշտություն ունի. չպետք է բավարարվել արդեն իսկ ավանդական դարձած մեր կազմակերպական շրջաններով, նախ անհրաժեշտ է յուրաքանչյուր շրջան ծրագրված աշխատանք տանի մեր կազմակերպական ցանցից օրըստօրե դուրս մնացող զանգվածները մեր մեջ առնելու, իսկ մյուս կողմից մեզ հասանելի նորանոր շրջաններում մեր կազմակերպական ցանցը տարածելու:

Սփյուռքը անխուսափելիորեն տագնապելու է Հայրենիքի վիճակով, մասնավորաբար, երբ կան տագնապելու լուրջ պատճառներ, սակայն կարեւոր է, որ այն չվերածվի ծայրահեղ վատատեսության ու անհուսության` հայրենիքից հեռավորություն պահելու ազգավնաս երեւույթի: Պետք է կրթել ու դաստիարակել սերունդները Հայրենիքի ցավով, թերությունների վերացման հանձնառությամբ, բայց նաեւ ու անպայման հայրենիքի սիրով ու Հայրենիքի նկատմամբ պատասխանատվության ու պարտականությունների գիտակցությամբ:

Սփյուռքը մեր Հայրենիքի շարունակությունն է, մեր հավելյալ ուժի մաքրության ու կարելիությունների աղբյուրն է: Հզորացնենք Սփյուռքը, սփյուռքյան գաղթօջախները իբրեւ հայկական ռազմավարության հիմնական դերակատարություն ունեցող հայրենիքին հավելյալ ուժ ընձեռող ի պահանջյալ հարկին Հայ Դատի հրամայականներից մեկնելով Հայրենիքին զգոն պահող ուղղություն տվող ինքնուրույն ուժի:

Շնորհակալություն

05/12/2013

Leave a Comment