RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

«Իշխանությունները չունեցան անհրաժեշտ խոհեմությունը»

Posted on June 20, 2001, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրոյցը «Օրրան»- ին

– Ինչպե՞ս կբնորոշեք անցած եռօրյան եւ ըստ Ձեզ` ի՞նչ զարգացումներ են սպասվում:

– Ընդունելով հանդերձ, որ քաղաքական պայքարը յուրաքանչյուր քաղաքական ուժի, քաղաքական խմբակի եւ անձի իրավունքն է, այդուհանդերձ Ազգային Ժողովի նախորդ եռօրյայում պատահածը` թե՛ ամբիոնը գրավելու եւ թե հայհոյախառն ծեծկռտուքի երեւույթները, անընդունելի են: Քաղաքական ուժերը իրենց կեցվածքով եւ պահվածքով պետք է նպաստեն ժողովրդի քաղաքականորեն կազմակերպման, այլապես` էժան պայքարի միջոցների նախընտրությունը կարող է նրանց մեկ ծայրահեղությունից մյուսը մղել, որի արդյունքում տուժելու ենք բոլորս` իբրեւ երկիր եւ ժողովուրդ: Իսկ ինչ մնում է իշխանություններին, ապա պետք է հստակացնել, թե ով` ով է: Ով ի՛նչ է ուզում: Քաղաքական հստակ դիրքորոշումները անհրաժեշտ են նախ հենց իշխանության ներսում կայունություն եւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար. ապա` իշխանությունները պարտավոր են ներքաղաքական հարցերում ցուցաբերել խնդիրներին լուծում բերելու, ներքին կայունությունն ու միասնականությունը ապահովելու կարողականություն, շրջահայացություն եւ վճռականություն:
Երկրի ղեկավարը կամ ղեկավարությունը չպետք է անընդհատ հարցեր դիմագրավողի ու հակազդողի դերում գտնվի: Ներքին կայունության, քաղաքական դաշտի պարզեցման պատասխանատուն ու նախանձախնդիրը առաջին հերթին այդ ղեկավարությունն է:

Որն էլ տարուկես առաջ ազդարարեց ընտրությունների սկիզբը` ողջ ներքին, ինչու չէ նաեւ արտաքին կյանքի տրամաբանությունը ենթարկելով այդ գործընթացին:

– Նախընտրական պայքարը ընդհանրապես դրական երեւույթ է, եթե այն ծառայում է ժողովրդի քաղաքականացմանը, քաղաքականորեն կազմակերպմանը, քաղաքական ուժերի ժողովրդականացմանը, նրանց ծրագրերի շուրջ ժողովրդային գիտակից համակրանքի ձեւավորմանը: Սակայն պատահում է նաեւ, որ քաղաքական ուժերը դեռ կայացած չլինելով, ընկնում են շտապողականութան գիրկը, եւ մակերեսում աղմուկ հանելով ու փոթորիկ առաջացնելու փորձեր կատարելով, ձգտում են ձեւավորել իրենց համար անհրաժեշտ վարկ եւ ժողովրդականություն: Եվ հրապարակը լցվում է ամբոխավարությամբ. չկողմնորոշված մարդիկ մնում են շվար, թվում է, թե բոլորը նույնն են ասում եւ դեռ մարդիկ խոսում են այն երեւույթների դեմ, որոնց ստեղծման գործում դեռ երեկ, մոտ անցյալում իրենք գործուն մասնակցություն ու դերակատարություն են ունեցել:
Նախընտրկան այս ժամանակաշրջանում թվում է, թե բոլորը միմյանց թշնամի են, ոչ ոք հանուն այս երկրի ու ժողովրդի կողք-կողքի գալու, հասկացվելու, զիջելու տրամադիր չէ: Հակասական է, չէ՞: Նրանք, ովքեր առավոտից-իրիկուն խոսում են թուրքի, ադրբեջանցու հետ լեզու գտնելու մասին, ներազգային հողի վրա` միայն անհանդուրժողականություն են ցուցաբերում ու քարոզում:
Մենք դժվար ուղի ենք անցել եւ նույնքան դժվար օրեր է սպասվում մեզ: Առաջին հերթին հենց իշխանություններից է ակնկալվում, որ երկրի մթնոլորտը դրականորեն ձեւավորելու համար սկիզբ դնեն ներքին երկխոսության, քննարկումների: Ոչ ոք չի կարող առանձնաբար երկրի առջեւ ծառացած դժվարությունները հաղթահարելու հավակնություն ունենալ: Մեզ առավել քան երբեւէ պետք է ներքին միություն եւ միասնականություն: Նույնը պետք է ակնկալել նաեւ քաղաքական տարբեր, այս երկրի ներկայով ու ապագայով մտահոգ ուժերից, որպեսզի զգուշանան եւ ՙհոնքը շտկելու փոխարեն աչքը չհանեն: Պետք է գիտակցել, որ մինչ այժմ, եթե ազգային հարցերում արտաքին ճակատի վրա ունեցել ենք հաջողություններ` դա ներքին կայունության հետեւանք է եղել, ի տարբերություն միշտ ներքին անկայունություն ապրող Ադրբեջանի: Իսկ միությունը միայն արդարության եւ պատասխանատվության հիմքի վրա կարող է ձեւավորվել. այս հանգամանքը պետք է միշտ նկատի ունենան թե՛ իշխանությունները եւ թե այս կամ այն կողմ հայտնված քաղաքական ուժերը:

– Այդ ցցուն անարդարություննրից մեկն էլ Ա 1+ – ի փակման պատվերը չէ՞ր:

– Ա1+-ի եթերից զրկվելը վերը հիշված կացության հետեւանք էր: Հետեւանքը մեզ համար անընդունելի է եւ այս մասին ասել ենք մեր կարծիքն ու տեսակետը: Սակայն հետեւանքը դատապարտելով հանդերձ չի կարելի մոռանալ պատճառները: Ա1+- ը իմ նախընտրած հեռուստաալիքը չէ, սակայն օպերատիվ լրատվությունից ու քաղաքական հարցերին անդրադառնալուց բացի, հեռուստաալիքը նաեւ աղանդավորների քարոզչության միջոց էր, երկրի այսօրվա ու մասնավորաբար վաղվա օրվա մասին հուսահատություն ու հոռետեսություն տարածող առանձին ծրագրերով: Սակայն հավատում եմ, որ ժողովրդավարության ու պատասխանատվության ամրապնդումը երկրում ժամանակ է պահանջում, իսկ Ա1+-ի հետ կատարվածը այդ ձեւը չէր:

– Իսկ արադարությո՞ւնը:

– Հուսամ այն չի ուշանա եւ Ա1+-ը կվերադառնա եթեր:

– Իսկ «Առագաստ»-ի` դեպքը, չէ՞ որ այնտեղ ոչ նոր մրցույթը եւ ոչ էլ քարոզչությունը այլեւս որեւէ շտկում չեն մտցնի, արդարության պատրանք չեն ստեղծի:

– «Առագաստ»` սրճարանում տեղի ունեցած սպանության մասին, նույնպես զանազան առիթներով արտահատվել ենք:
Տեղի ունեցածի համար ցավ, վրդովմունք եւ ամոթ եմ զգում, անկախ այն բանից Պողոս Պողոսյանը դաշնակցական է եղել թե ոչ: Մարդ է սպանվել:
Ամոթ եմ զգում ի տես այն բանի, որ մեր դատական համակարգը չցանկացավ, վախեցավ, պատվեր կատարեց կամ ուղղակի փորձեց դուր գալ, սակայն արդարության ու ճշտության հասու չեղավ:
Ամոթ եւ ցավ եմ ապրում ի տես այն բանի, որ մի քանի տասնյակ փաստացի վկաների մեջ չգտանք իրական վկաներ` ճշմարտությունը իր ամբողջ բովանդակությամբ դատարանում լսելի դարձնելու համար: Վկաներ չգտնվեցին ոչ միայն վախի պատճառով, այլ ինչ-որ անիմաստ գողականության օրենքների` տուրք տալու հետեւանքով:
Ամոթ եւ ցավ եմ ապրում ի տես այն բանի, որ կամա կամ ակամա ուզում եմ այդպես հավատալ սպանության մասնակից մարդիկ, չունեցան քաջություն ու ազնվություն, գեթ դատարանում, իրենց անկեղծ ու մարդկային պահվածքով նվազագույն չափով մխիթարելու հանգուցյալի հարազատներին:
Ամոթ եւ ցավ եմ ապրում, որ ինչ-ինչ պատճառներով իշխանությունները չունեցան անհրաժեշտ խոհեմությունը` զուտ քրեական, դատական այս հարցին տալու ամբողջական թափանցիկություն, ինչը պատճառ դարձավ, որ մեր ժողովուրդը շարունակի ապրել իր հուսահատությունը` երկրի դատական համակարգի նկատմամբ: Իշխանությունները չունեցան իրենց իսկ շահի գիտակցությունը եւ պարզ քրեական գործը դարձավ հակաիշխանական քարոզչության համար պատրվակ: Իսկ նախագահի թիկնապահները ու պաշտպանական համակարգը, որի առաքելությունն է պաշտպանել նախագահին, ամենակոպիտ ձեւով հարվածեցին հենց նախագահի վարկին ու հեղինակությանը: Արջի ծառայություն մատուցեցին: Չունեցան նվազագույն բարոյականությունն ու խոհեմությունը, որպեսզի ճշմարտությունը բացահայտելով նախագահին անհարմար վիճակի մեջ չդնէին:
Եվ վերջապես ամոթ եմ զգում նաեւ մեզ համար, որ դեռեւս չկարողացանք այս հարցում արդարությանն ու ճշմարտությանը հասնել:

– Իսկ հոկտեմբեր 27-ի դատական պրոցեսը Ձեզ բավարարո՞ւմ է:

– Դատական պրոցեսը ընթացքի մեջ է եւ այս հանգրվանում չեմ կարող գնահատական տալ, մասնավորաբար չունեմ ինչ- որ կանխատրամադրվածություն ու նախահամոզմունք, որպեսզի եթե ընթացքը իմ տրամադրություններին ու համոզմունքներին չհամապատասխանի` դեմ արտահայտվեմ: Բայց շատ կցանկանայի, որ այս դատական ընթացքը պատասխանի բոլոր անորոշություններին, որպեսզի ներազգային կայնքում փարատվի ավելորդ կասկածամտությունն ու թշնամական մթնոլորտը:

– Կո՞ղմ, թե՞ դեմ եք մահապատժին:

– Ճիշտ չեմ գտնում, երբ մահապատժի հարցը արծարծվում է հոկտեմբերի 27-ի կոնտեքստում: Ինձ համար սկզբունքային հարց է, ես ընդհանրապես դեմ եմ մահապատժին, անկախ նրանից թե տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը կամ ոչ, անկախ նրանից թե վաղը կարող է տեղի ունենալ ավելի կամ նույնչափ կեղտոտ ու ահավոր ոճրագործություն: Իմ մոտեցումը մահապատժի նկատմամբ այլ է եւ այն չի առնչվում առանձին ոճրագործների նկատմամբ ունեցած տրամադրությանս հետ. իսկ հոկտեմբեր 27-ի ոճրագործները արժանի են ամենախիստ պատժի:

ԿԱՐՄԵն ԴԱՎԹՅԱՆ

Leave a Comment