RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Միասին լինենք, եւ հաղթանակը չի ուշանա

Posted on December 9, 2002, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը

ՀՅԴ 112-ամեակին նուիրուած հանդիսութեան ընթացքին Դեկտեմբեր, 2002, Սիդնի, Ավստրալիա

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՅԴաշնակցության 112ամյակի տոնն է այսօր: Հերթական հաշվետվության օր է: Մենք հաշվետու ենք երեք տասնյակից ավելի երկրներում ապրող մեր ժողովրդի եւ նրա առանձին հատվածների առջեւ: Հաշվետու ենք` մեր ստանձնած պարտավորությունների կատարման, մեր հայտարարած նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու եւ գործելու համար:

Դաշնակցությունը կազմակերպական ներկայություն է շուրջ 30 երկրներում: Կազմակերպական իր տարածվածությամբ նա միակն է, գեթ հայկական իրականության մեջ:

Պատահական չէ, որ միայն ՀՅ Դաշնակցությունն է, որ ներկայություն է թե՛ այսպես կոչված դասական, թե՛ խորհրդային Սփյուռքում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում եւ այլուր:

Կազմակերպական այս տարածվածությունը առաջին հերթին հետեւանք է մեր կազմակերպության ազգային էության ու կենսունակության:

Որպէս ազգային կուսակցություն, արդարեւ, ՀՅԴաշնակցությունը ստեղծվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքը բարօր դարձնելու, նրա զարգացումն ու բարգավաճումը ապահովելու համար:

Այո՛, ազգայի՛ն կուսակցություն ենք, բայց հեռու` ազգայնամոլությունից. ց ազգի բարգավաճման միջոցով ձգտում ենք համամարդկային արժեքներին, իսկ ազգի բարօրության ուղիով` մարդկության բարեկեցիկ կյանքին:

Իբրեւ ազգային կուսակցություն, մեզ վիճակված է լինել ազգի հետ եւ նրա կողքին, ո՛ւր էլ որ գտնվի նա, ո՛ւր էլ ապրելիս լինի նրա որեւէ հատվածը: Մենք չենք սահմանափակվի որեւէ պետական սահմաններով ու խոչընդոտող, խանգարող երեւույթներով, մենք շարունակելու ենք լինել ամենուր, որտեղ` մեր ներկայությունը անհրաժեշտ է հայ ժողովրդի համար, որտեղ` ապրում է մեր ժողովուրդը:

Դաշնակցության էությունը պարտավորեցնում է` պատասխանատուություն զգալ մեր ժողովրդի անվտանգության, կազմակերպվածության ու միասնականության համար:

Դաշնակցության համար առաջին հերթին, կարեւորվում է հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումը: Հայրենիքում թե հայրենիքից դուրս` ուր էլ ապրելիս լինի հայությունը, ուր էլ հայտնված լինի նրա նույնիսկ մի փոքրիկ մասնիկը, նրա անվտանգության համար Դաշնակցությունը իրեն պատասխանատու է համարում:

Մենք զինվորներն ենք հայ ժողովրդի եւ որտեղ էլ որ նա ենթակա լինի վտանգի, որտեղ էլ որ նրա իրավունքները ոտնահարվեն, մենք ստիպված ենք այդտեղ լինելու, պայքարի առաջին գծում` մեր կրծքով, մտքով ու կազմակերպվածությամբ պաշտպանելու համար նրան: Իսկ այդ պայքարում ոչ մի արգելք, ոչ մի սահմանափակում չի կարող կաշկանդել, կասեցնել մեր ընթացքը:

Դաշնակցությունը հայ ժողովրդի կազմակերպվածությունն է: Ոչ մի ժողովուրդ, ոչ մի ազգ այնքան իրական, այնքան ամբողջական չի ապրել լինել-չլինելու վտանգը, որքան հայ ժողովուրդը: Ոչ մի ազգ այնքան դառնորեն ու հուսահատորեն չի ապրել անկազմակերպվածության եւ, դրան իբրեւ հետեւանք, անզորության ու անճարության պահերը, որքան հայ ժողովուրդը: Պատմության եւ պայմանների պարտադրանքով` Հ©Յ© Դաշնակցությունը միշտ էլ մարմնավորել է եւ պետք է մարմնավորի բովանդակ հայ ժողովրդի կազմակերպվածությունը, հայ ժողովրդի ուժականությունը:

Ավելի քան 10 տարի է, որ վերջակետ է դրվել սեփական հայրենիքից ՀՅԴ-ի ակամա վտարանդիության եւ այսօր նա Հայաստանում գործող կուսակցություն է, սակայն այդ ընթացքում ոչ միայն չի դադարել Դաշնակցության կենսական դերակատարությունը սփյուռքյան իրականության մեջ, այլեւ նորովի է իմաստավորվել նրա առաքելությունը եւ գործունեությունը Սփյուռքում:

Պետք է գիտակցել, որ Սփյուռքը մեր ուժի բաղկացուցիչ մասն է: Մենք իրավունք չունենք անտեսելու, արհամարհելու կամ պարզապես չկարեւորելու Սփյուռքը` նրա կազմակերպված դերակատարությունը մեր ազգային-պետական նոր երթի մեջ:

Ավարտված չէ Սփյուռքի կազմակերպման գործը. եղածը պահելու, սովորություններով առաջնորդվելու անշնորհակալ գործի փոխարեն, անհրաժեշտ է փնտրել միջոցներ, կազմակերպման նոր ձեւեր` մեր ժողովրդի տարբեր հատվածները, շերտերը իրար շուրջ, մեր շուրջ համախմբելու, միմյանց հզորացնելու գործին ծառայեցնելու համար:

Դաշնակցությունը կոչված է ազգի ողջ ուժականությունն ու ներուժը կազմակերպելու. ազգի ամբողջ կարողականությունն ու բոլոր հնարավորությունները դեպի մեր ընդհանուր նպատակը հունավորելու:

Այո՛, գոյատեւելու, վերապրելու, զարգանալու ու բարգավաճելու որեւէ այլ ուղի գոյություն չունի հայ ժողովրդի համար, բացի` ազգային իրավունքների վերատիրացման տեսլականի եւ դրա իրականացմանը ի խնդիր պայքարի ուղուց:

Եվ վերջապես, մենք պատասխանատու ենք մեր ազգի մեկության, միասնականության պահպանման համար: «Մեկ ազգ, մեկ հայրենիք»նշանաբանը իր կազմակերպական դրվածքով իսկ հնարավորինս իրականացրած համահայկական կուսակցություն է ՀՅ Դաշնակցությունը: Իբրեւ կազմակերպված ուժ Դաշնակցությունը երաշխավորն է մեր ազգի մեկության, միասնականության:

Այս էությունից պարտադրված մենք ներկայություն ենք 30 երկրներում եւ դա նշանակում է, որ այդ երկրներում ապրող մեր ժողովրդի հոգսն ու ցավը նաե՛ւ մեր հոգսն ու ցավն է: Դա նշանակում է, որ այդ գաղութների դժվարությունները, հարցերը նաե՛ւ մեր մտահոգության առարկան են եւ մենք մեզ պատասխանատու ենք զգում Մարսելում հայ դպրոցաշինության հարցի լուծման համար, Աբխազիայում հայության վաղվա օրվա համար, Արգենտինահայության հայապահպանման գործի համար, Ղարաբաղի ազատագրման ամրագրումի համար, Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար, ռուսահայության ֆիզիկական անվտանգության համար, Հայաստանի Հանրապետության պետականության լինելության համար, Արեւմտահայաստանում ապրող մեր ժողովրդի մնացորդացի համար, Վաշինգտոնում հայկական լոբբիի դիմագրաված դժվարությունների համար եւ այսպես շարունակ. Այո, մենք շատ գործ ունենք անելու:

Սփյուռքյան տարբեր երկրներում ապրող հայության ուժն ու կարողականությունը, միտքն ու որակը, հնարավորություններն ու կապերը, բոլորը, մաս են կազմում մեր ուժին: Այսպես է ձեւավորվում մեր ուժը: Մեր ուժը բխում է մեր ժողովրդից եւ ճիշտ այդ պատճառով էլ այն հզոր է եւ հուժկու, բայց եւ միաժամանակ այն բարոյական ուժ է: Դաշնակցության ուժի սնման միակ աղբյուրը հայ ժողովուրդն է: Դաշնակցությունը հայ ժողովրդով է հզոր, իսկ ժողովրդի ուժը բարոյական ուժ է:

Դաշնակցության համահայկական կառույցի ընձեռած հնարավորություններով էր, որ նա հայրենիքում մնաց մաքուր: Ընձեռված այդ կարողականության հետեւանքով էր որ նա կուլ չգնաց մութ ուժերին, հանցագործ ու մաֆիոզ տարրերին եւ հայրենիքում կարողացավ պահել իր բարոյական արժեքները` իբրեւ հիմնական դրամագլուխ:

Ժողովուրդը ինքը չի թողնի, որ մենք սայթաքենք: Շարունակե՛նք մնալ մեր ժողովրդի կողքին, մեր ժողովրդի հետ. շարունակե՛նք ծառայելով ղեկավարել ժողովրդին եւ վստահորեն կմնանք իբրեւ ամենահզոր, ամենաբարոյական, ամենակազմակերպված կուսակցությունը հայկական իրականության մեջ:
Հայրենիքից հեռու այս ափերում, վստահ եմ, ձեզ հիմնականում մտահոգում է մեր հայրենիքում տիրող իրավիճակը, իմանալու համար` թե կա՞ հույս, կա՞ իրավիճակի բարելավում, թե՞ ոչ:

Քաղաքական նկատառումներից ելնելով, հավանաբար, կարելի է ամեն ինչ սեւ կամ վարդագույն ներկայացնել: Սակայն, մենք հեռու ենք նման մոտեցումից:

Հայաստանը ապրում է նախընտրական ժամանակաշրջան: Առջեւում ՀՀ նախագահական ու Ազգային Ժողովի ընտրություններն են` Փետրվարին նախագահական, իսկ Մայիսին` Ազգային Ժողովի: Հայրենիքում քաղաքական կյանքը գնալով ալեկոծվում է, հուզվում ու բեւեռանում: Իսկ Դաշնակցությունը, ամեն ինչից առաջ ու ամեն ինչից վեր, մի շարք հիմնական հարցերում, բոլորից` թե իշխանության եւ թե ընդդիմության ճակատներում հայտնված ուժերից, ակնկալում է պատասխանատվություն ու համագործակցություն:

Ընտրությունները մրցակիցների, իրար ընդդիմադիրների միջեւ պայքար է եւ ոչ ոք իրավունք չունի այն վերածելու թշնամանքի, թշնամիների միջեւ կռվի: Մենք մեր մեջ թշնամիներ պետք չէ փնտրենք:

Հաստատենք, որ քաղաքական կուսակցությունները դեռ ամբողջապես կայացած չեն Հայաստանում: Ժողովուրդը դեռ կուսակցություններին չի ընկալում նրանց գաղափարական-ծրագրային էությամբ: Իսկ ընտրապայքարները առիթ են` ժողովրդին ներկայանալու այնպես, ինչպես որ կանք եւ հնարավորություն ստեղծելու` որ ժողովուրդը իր քվեով համախմբվի մեր շուրջը: Ուստի պետք է խուսափել ընտրապայքարը անբարոյականացնելուց, անմակարդակ դարձնելուց:

Պայքարելով միմյանց դեմ, ընտրապայքարը պետք է կարողանանք պահել գաղափարական-քաղաքական մակարդակի վրա եւ պետք չէ խուսափել երկխոսությունից: Իսկ երկխոսությունը կարող է քաղաքական ուժերին հեռու պահել միմիանց նկատմամբ ծայրահեղություններից, չափազանցված գնահատականներից:

Պետք է գուրգուրել եւ պետք է ամեն գնով պահպանել մեր երկրի կայունությունը: Մեր հաջողությունների հիմնական գրավականը եղել է երկրի կայունությունը: Կան անձիք, ովքեր ժողովրդի մոտ հենարան չգտնելու փաստից հուսահատ ու տեսնելով նաեւ` որ նույնիսկ արտաքին ուժեր, պետություններ, ի տես երկրում առկա կայունության, պատրաստ չեն գրավ դնելու իրենց վրա, այդ մարդիկ փորձում են երկրի կայունությունը վտանգելու գնով ապահովել քաղաքական դաշտում իրենց ներկայությունը. չեն վարանում նույնիսկ արյունահեղության կոչեր հնչեցնելուց: Վանե՛նք այդպիսիներին մեր մեջից:

Այսօր, առավել քան երբեք, Հայաստանին ու հայությանը պետք է օրինական ու ընտրությունների համոզիչ արդյունքներով ձեւավորված իշխանություն. դա պետք է` թե՛ ներքին եւ թե՛ արտաքին ճակատների վրա ամրաքայլ առաջ գնալու առումով: Անհրաժեշտ է համախմբվել` ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովելու համար. ամեն ճիգ ի գործ պէտք է դնել այդ հաջողեցնելու համար, հակառակ պարագայում` ոչ մի իշխանություն չի ընկալվելու լիարժեքորեն, ոչ մի արտաքին ուժ եւ պետություն չի հարգելու մեր պետությանը: Ոչ ոք պետք չէ ունենա այն պատրանքը, որ չմասնակցելով ազատ ընտրություններ ապահովելու գործին, կարող է վաղը-մյուս օրը իր պարտությունը վերագրել ընտրությունների անօրինականության, այն հայտարարելով անարդար: Պարտության ընդունումը եւս ժողովրդավարության համոզմունքների առկայության փաստ է:

Ազգային Ժողովը պետք է ներկայացնի ժողովրդի քաղաքական մակարդակի զարգացման պատկերը: Ազգային Ժողովը հանցագործ հարուստների, անբարո տարրերի տեղը չէ: Հայաստանի քաղաքական ուժերը պետք է կարողանան միասնաբար բացառել հաջորդ Ազգային Ժողովում նման տարրերի ներկայությունը: Պետք է կարողանալ միասնաբար պաշտպանել քաղաքական, հասարակական ազնիվ գործունեություն ծավալելու ատակ ուժերին, մտավորականությանը` ընդդեմ վերոնշյալ անձանց:

Ընտրապայքարը քաղաքական պայքար է. առիթ ու հնարավորություն` որպեսզի քաղաքական ուժերը իրենց գաղափարներն ու համոզումները ժողովրդականացնեն, որպեսզի ժողովրդին քաղաքականորեն կազմակերպեն իրենց շուրջը: Պէտք է խուսափել ամբոխավարությունից, որ դեմ հանդիման պարզ ժողովուրդը մատնվել է անորոշության, շվարումի: Տակավին, երեկվա իշխանավորները ամենից բարձր են գոռում կուռուպցիայի ու թալանի դեմ, առանց դույզն իսկ մտածելու որ իրենք են ստեղծել պետական այս համակարգն ու իրենց կադրերն են ներկայություն ամենուր…Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կուսակցություն իր էության համապատասխան ձեւավորի իր ընտրազանգվածը եւ աչքակապությամբ չզբաղվի:

Համենայնդեպս ընտրություններին մենք ընդառաջ ենք գնալու հետեւյալ սկզբունքներով ու վճռով.

– Քաղաքական դաշտում թշնամիներ չենք որոնելու,

– Ներկայանալու ենք մեր սեփական ծրագրով ու գործով,

– Ընտրապայքարի ընկալեալ չափանիշները չենք խախտելու եւ երկխոսության համար բաց ենք լինելու բոլորին,

– Ամեն ինչից վեր ենք դասելու երկրի կայունության պահպանումը,

– Ամեն ինչ անելու ենք` ապահովելու համար ազատ, արդար ընտրություններ,
– Համագործակցության պատրաստ ենք բոլորի հետ, որպեսզի Ազգային ժողովը ունենա քաղաքական-բարոյական դիմագիծ,

– Ամբոխավարությամբ չենք զբաղվելու:

Վերոնշյալ սկզբունքներով ենք գնալու ընտրություններին ընդառաջ եւ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանելու ենք Ռ. Քոչարյանի թեկնածությունը, որովհետեւ`

-1998 թ. իշխանափոխությամբ հիմք դրվեց պետական քաղաքականության նոր ուղեգծի, որը տարբերվում է իր նախորդներից եւ հատկանշվում է ազգային-պետական շահերից ու արժեքներից բխող սկզբունքների որդեգրմամբ:

– Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, 1997-ին մեզ համոզում էին թե այլ ելք չկա, թե երկրի առաջընթացը կանգ է առել Արցախյան հարցի առկայության պատճառով, Արցախյան հարցից ձերբազատումը համարվում էր հարցի միակ լուծում, փորձ էր արվում մեզ համոզել, որ չզիջելու, չնահանջելու դեպքում` աշխարհը անխնա է լինելու մեր նկատմամբ, սակայն այսօր, հինգ տարի հետո, պարզ է, որ այդ ընթացքում միջազգային ուժերի կողմից մշակվել եւ առաջադրվել է Արցախյան հարցի լուծման նոր տարբերակ, որ մերժվել է Ադրբեջանի կողմից ու հետեւաբար` բանակցային գործընթացում Հայաստանի համար ապահովել առավելության որոշ դիրքեր: Ադրբեջանը թեպետ հետին կարգով դրժում է իր համաձայնությունը Փարիզյան եւ Քի Վեսթյան սկզբունքներին, սակայն փաստը մնում է փաստ` որ մեծ պետությունների ներկայացուցիչների առջեւ նա համաձայնվել է, որ Արցախը մաս կազմի Հայաստանի Հանրապետության:

Այսօր անհրաժեշտ է մեր ժողովրդի սթափ ու վճռական կեցվածքը` որպեսզի արյամբ ու բազում զոհաբերություններով ձեռք բերված հաջողությունները երբեւէ բանակցության սեղանի շուրջ, որեւէ ճնշումների ի հետեւանք, ի չիք չդառնան:

– Հակառակ երկրի ապրած մեծ ցնցումին` հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ դրա առթած խիստ բացասական մթնոլորտին, անցած տարիներում չթուլացավ մեր բանակը. ընդհակառակը` ավելի ու ավելի կազմակերպվեց ու հզորացավ: Բոլորն են գնահատում եւ վկայում, որ մենք ունենք ուժեղ բանակ:

Շարունակե՛նք հզորացնել բանակը: Ադրբեջանի հետ հաստատված զինադադարի շարունակելիության, ինչպես նաեւ` երկրի սահմանների պաշտպանության եւ անվտանգության միակ երաշխիքը ուժեղ բանակի առկայությունն է:

– Ցավ ի սիրտ, նախորդ իշխանությունները փորձեցին իրենց կեցվածքով ու ներազգային քաղաքականությամբ ազգը վերածել առանձին հատվածների, նրանց իրարու դեմ հանելով եւ այդպես փորձելով Արցախյան հարցը ներկայացնել որպես Արցախցիների հարց, իսկ ՀՀ-ի դժվարությունները` Արցախյան պայքարի հետեւանք. վարկաբեկեցին Սփյուռքն ու սփյուռքահային: Երկրի Սահմանադրության մեջ ներառելով կետ, որով ոչ թե արտոնվում, այլ արգելվում էր սփյուռքահային Հայաստանի քաղաքացիություն ստանալը, նրանք սփյուռքահային օտարեցին հայրենիքից, զրկեցին նրան` Հայաստանի քաղաքացիություն ստանալու իր ազգային իրավունքից:

– 1998 թվից սկսյալ, հիմնականում Հայաստան-Սփյուռք զույգ խորհրդաժողովների գումարումը, մարզական համահայկական խաղերի կազմակերպումը եւ «մեկ ազգ, մեկ մշակույթ» նշանաբանով մշակութային միջոցառումների անցկացումը միտում էին դրականորեն փոփոխելու ներազգային մթնոլորտը: Համոզված ենք, որ նման քաղաքականության շարունակությամբ ու երկքաղաքացիության իրավունքի ընձեռումով, ավելի ու ավելի թափ կստանա սփյուռքահայերի տունդարձի ընթացքը, կը բազմանան սփյուռքահայերի ներդրումները` Հայաստանի տնտեսական կյանքի կազմակերպման գործում եւ այդպիսով ավելի եւս կամնրապնդվի ազգի միասնականությունը, նրա երկու հատվածների միջեւ կապը:

– Անցած տարիներում երկիրը ապրեց հոկտեմբերի 27-ի մեծ ոճիրի պատճառած բոլոր բացասական հետեւանքները, ցնցվեց երկիրը: Հարվածը մեծ էր ու ապշեցուցիչ: Սակայն ավելի մեծ էր վտանգը հոկտեմբերի 27-ի հաջորդող օրերին, երբ գիտակցաբար թե անգիտակցաբար շարունակվում էր ահաբեկումը ժողովրդի ու պետության, ուր անպակաս էին սպառնալիքները, փոխադարձ վերագրումներն ու կասկածի մթնոլորտի տարածումը: Սակայն շնորհիվ նախագահի շրջահայաց մոտեցումին, կարելի եղավ շրջանցել ավելի մեծ աղետը` քան հոկտեմբերի 27-ն էր, կարողացանք շրջանցել երկիրը իր առանցքից դուրս բերելու, ժողովրդավարությունը վտանգելու, ազգային միաբանությունն ու ներքին անդորրն ու կայունությունը խախտելու ահռելի վտանգը: Հայաստանի Հանրապետության նախագահը ցուցաբերեց ղեկավարման մեծ շնորհք, սառնասրտություն ու գրագիտություն` չնահանջելով սպառնալիքների առջեւ, միաժամանակ, չտրվելով նաեւ հակաժողովրդավարական գայթակղիչ լուծումների:

– Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ի խնդիր ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ՀՀ-ի նախագահի ելույթը, Հայ Դատի եւ մասնավորաբար Ցեղասպանության հարցով ՀՀ-ի դեսպանատների ու Հայ Դատի գրասենյակների համագործակցությունը` միջազգայնորեն նոր որակ ապահովեց պահանջատիրական մեր պայքարին եւ մոռացության տվեց մոտ անցյալում, նախորդ իշխանությունների պարտվողական եւ դասալիքի կեցվածքը:

– Տնտեսության մեջ դրական տեղաշարժերը, աշխատատեղերի ավելացումը, բնակչության եկամուտների աճի միտումը, աղետի գոտու վերականգնման կշռույթը, կապիտալ շինարարության ծավալները` սոցիալական լարված վիճակի բարելավման նախանշաններն են:

Սակայն մեր հայրենիքում դեռեւս շարունակվում է աղքատության, անգործության առկայությունը, կոռուպցիան համատարած բնույթ է ստացել, իշխանության մակարդակում առկա են կլանային, խմբիշխանական տարրեր, որոնք ճնշող, պարտադրող են: Երկրում չկա հավասարություն ու արդարություն` տնտեսական ազատ պայքարի համար. ներքին արդյունաբերողը եւ մանր ու միջին ձեռներեցները միշտ չէ, որ ապահովված են օրենքով: Տնտեսական աճը հիմնականում ինչ-որ փոքրաթիվ ՙընտրյալների՚ հզորացման է ծառայում եւ չունի սոցիալական ուղղվածություն, ժողովրդի մեծամասնությանը բաժին են հասնում այդ ամենի փշրանքները:

Մենք ժառանգել ենք քայքայված տնտեսություն, կոռումպացված մի պետական համակարգ: Պետական ներկա համակարգն ու դրվածքը, անպատժելիության մթնոլորտը ինքն է մղում կաշառակերության, ազնիվները եւս զոհ են դառնում համընդհանուր կասկածի ու վարկաբեկման մթնոլորտին:

Մենք նաեւ ժառանգել ենք մի Ազգային ժողով, որը լիարժեք չի ներկայացնում մեր հասարակությունը: Կլաններով ղեկավարվող քաղաքական ու խորհրդարանական խմբակցությունները մեծացրել են իրենց ազդեցության ոլորտը իշխանության մեջ, իսկ հանուն երկրի կայունության ու հարատեւության, շատ-շատ բաներ զիջվել են այդ ուժերին:

Այդուամնայնիվ, ապագան մեր առջեւում է. ընդառաջ ենք նոր ընտրությունների` բովանդակությամբ ու որակով նոր իշխանություններ ձեւավորելու համար:

Գնում ենք ընտրությունների այն հեռանկարով եւ յանձնառությամբ, որ դառնալու ենք ամենալուրջ հակակշիռը օլիգարխների, ապահովելու ենք երկրում արդարություն, տնտեսությանը տալու ենք սոցիալական ուղղվածություն եւ մեզանով` հանուն արդարության ու համընդհանուր զարգացման, բոլորը գտնելու են պաշտպանվածություն:

Դաշնակցության համար իշխանությունը նպատակ չէ: Դաշնակցական պատգամավորի, նախարարի ու պետական գործչի համար իշխանությունը չի կարող սեփական կալված, ապրուստի ապահովման միջոց, փող վաստակելու ասպարեզ լինել. մենք իրավունք չունենք նմանվելու ուրիշներին, մեր շարքերը դա թույլ չեն տա: Մեզանով ժողովուրդը իշխանության վրա պետք է տեսնի հայրենիքն ու ժողովրդավարությունը սիրողի, ժողովրդի ու հայրենիքի բարօրության համար աշխատողի, երկրում արդարությունը երաշխավորողի օրինակները: Պետք է վերականգնել ժողովրդի հույսն ու հավատը առ ի իշխանություն, ղեկավարություն, պետություն:
Այդ անելու լավագույն առիթ են առաջիկա ընտրությունները:

Այո, մենք պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, որովհետեւ գտնում ենք, որ նրա անցած հինգ տարիների որդեգրած քաղաքական ուղեգիծը ճիշտ էր եւ անհրաժեշտ է այն հետեւողականորեն շարունակել ու զարգացնել: Անհրաժեշտ է շարունակել երկու ուղղությամբ. երկրում առկա դրական միտումներին նոր թափ ու բովանդակություն հաղորդելով, բացասական երեւույթների դեմ վճռականորեն պայքարելով:

Բայց ընտրությունները նաեւ լավագույն առիթն են, որ Դաշնակցությունը իր սկզբունքները, դավանած արժեքները կարողանա հասցնել մեր ժողովրդին, էլ ավելի մոտենա նրան, բացատրի, հասկանալի դարձնի իր դիրքորոշումներն ու գործողությունները:

Այսօր, հայրենիքում Դաշնակցության առաջնահերթ նպատակներն են.

– ուժեղ, արդար, կազմակերպված հայկական պետության ստեղծում,

– ժողովրդի սոցիալական վիճակի կտրուկ բարելավում, սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքների որդեգրում, ՀՀ քաղաքացիների արժանապատիվ կյանքի երաշխավորում,

– արդյունավետ տնտեսական քաղաքականության որդեգրում, պայքար անօրինականության, կոռուպցիայի, ստվերային տնտեսության, հովանավորչության դեմ, սոցիալական ծայրահեղ բեւեռացման նվազեցում,

– քաղաքական լիարժեք համակարգի կայացում,

– երկրի կայունության պահպանում, հանդուրժողականության, փոխվստահության, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծում,

– ժողովրդավարության հետագա խորացում, օրենքի առաջ բոլորի հավասարության հիմնարար դրույթի հաստատում, քաղաքացիական հասարակության ձեւավորում,

– Արցախի հարցի արդարացի լուծում, արտերկրի հայության շահերի պաշտպանություն, հայության բոլոր հատվածների ներուժի մեկտեղում, համահայկական միասնական քաղաքականության իրականացում,

– 21-րդ դարում նոր տարողությամբ ընթացող ազգերի մրցակցության մեջ հայկական գործոնի հզորացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրագործում:

Եթե մենք կարողանանք այս ուղղություններով քրտնաջան աշխատել, ապա երաշխավորում եմ, որ Հայաստանում Դաշնակցությունը շատ ավելի ուժեղ ու կազմակերպված ներկայություն կդառնա եւ մեր հայրենիքն էլ մի քայլ առաջ կլինի իր զարգացման մեջ, տարածաշրջանում մի գլուխ բարձր կլինի իր կազմակերպվածությամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Ճակատագրական, վճռական ժամանակներ են մեր հայրենիքի, համայն հայության համար: Մնում է` մենք եւս վճռական լինենք եւ մեր կարելին ու անկարելին անենք երկիրը շենացնելու, հզորացնելու, հայության կարողականությունը մեկ եւ նույն նպատակին ուղղելու համար:

Ես Ձեզ վստահեցնում եմ. Դաշնակցությունն իր բուն էությանը հարազատ մթնոլորտի մեջ է այսօր: Մենք մեր առաքելությունը կատարելու ենք նվիրումով ու հաստատակամությամբ:

Միասին լինենք, եւ հաղթանակը չի ուշանա:

Leave a Comment