RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…

Posted on January 3, 2015, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

FotorhrantՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությանը

Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը…

Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել:

Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝ Հայաստանում վերակազմակերպման նախնական քայլերից սկսած, երբ մենք հենվել ենք առաջինը քեզ վրա: Առաջին խմբերը , կոմիտեները ձեւավորվել են նաեւ քո մասնակցությամբ: Հետո սկիզբ առավ Ազգային Ազատագրական պայքարը՝ Ղարաբաղյան պատերազմը, ուր քո ներկայությունը ամենուրեք էր՝ սկսած արտասահմանից զենքի հայթայթման ու փոխադրման գործից, մինչեւ խմբերի մարզման-դաստիարակման ու Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքները:

Արցախյան պատերազմի ընթացքում քանի քանի ընկերներ ենք կորցրել, մենք նրանցից լավը չէինք, բայց դու բոլորից տարբեր էիր: Հիշում ես, այն ժամանակ էլ մենք դեմ էինք, որ Արցախում լինես, կռվի ճակատում, բայց դու քեզ բնորոշ հանգստությամբ մեզ համոզում էիր՝ «մեր ազգի ճակատագիրը այսօր այստեղ է որոշվում, առամնց այս պայքարի հաջողության Հայաստանում քաղաքական գործը անիմաստ է»:
Կռիվ էր, ու այդ կռվում պիտի հաղթեինք՝ Հայրենի պետությանը կառչելով: Այստեղ սակայն եւս շտկելու բան կար, այստեղ եւս պայքարի անհրաժեշտություն կար: Կենսական անհրաժեշտություն էր՝ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների ապազգային գծին զուգահեռ՝ առաջ տանել մերը ու ճամփա հարթել ազգային պատասխանատվության ուղղության համար: Եվ դու ներկա էիր այդ պայքարում եւս, հանրահավաքներ, ելույթներ… Մտքի պայքար էր ու դու քեզ դրսեւորեցիր քո նման: Մենք չափի զգացում ունեինք: Նավապետը ձախող էր, բայց նավը մերն էր ու երբեք ու երբեք ձախող նավապետից ձերբազատվելու համար պատրաստ չէինք նավը խորտակել: Բայց արձագանքը համաչափ չեղավ՝ ձերբակալություններ, թերթերի փակում, կուսակցության նկատմամբ համընդհանուր բռնություններ: Սակայն դու նոր կյանք էիր առել ու զինված էիր անսպառ էներգիայով: Վերջապես քեզանից ձերբազատվելու համար մի ելք կար՝ բանտարկություն, սակայն բանտարկությունը եւս չօգնեց . քո պայքարը շարունակվեց բանտախցից, դատարանի դահլիճից…

Ձախող նավապետը հրաժարվեց, բանտերի դռները բացվեցին, նոր հույսեր համակեցին բոլորիս: Դարձյալ պայքարի բովում էիր, սակայն արդեն ուրիշ պայքարի՝ արդար ու ամուր պետության կառուցման պայքարի բովում: Այս պայքարը եւս տարար մեր դիրքերից, քո դիրքերց՝ ճիշտ դիրքերց: Վեր բարձրացար, բայց չփոխվեցիր, որքան փայլեցիր, այնքան հաստատակամ մնացիր համոզումներիդ ու գաղափարներիդ: Բայց այլեւս միայն մերը չէիր, այլ ժողովրդինը՝ բոլորինը: Դիպուկ ու անխնա քննադատություններդ, խոհեմ ու պատասխանատու ելույթներդ էլ քո անունից չէին, այլ ժողովրդի՝ բոլորի: Ցավեցնելու աստիճան սուր, բայց անչար ու սրտացավ խոսքդ, անսպառ հումորդ ու գործիդ անվերջ նվիրումը պետական գործչի նոր տեսակ ստեղծեցին, բացառիկ, երկրորդը չունեցող տեսակ:

Թեեւ ես խոսելու եմ քո մասին անցյալ ժամանակով, բայց ոչ, ընկեր, դու չես գնացել: Դու այնքան շատ մարդկանց մեջ ես: Դու բոլորին տալիս էիր մտքիցդ ու հոգուցդ մի մասնիկ: Ու այնքան ես տվել, որ հիմա քեզ ճանաչող ու ճչանաճող յուրաքանչյուր մարդու մեջ մի փոքր Վահան կա: Ու դու շարունակելու ես մեզ հետ լինել անընդհատ ու ամենուրեք:

Դու այն ուսուցիչն էիր, որը ոչ թե սովորեցնում է, որովհետեւ պիտի սովորեցնի, այլ սովորեցնում է, որովհետեւ իրենից սովորում են, ուզեն, թե չուզեն՝ սովորում են: Սովորում են մտածել ու մտածել տալ: Սովորում են ապրել ու ապրեցնել: Սովորում են խոսել ու լռել: Սովորում են պայքարել ու չհանձնվել: Սովորում են սիրել. սիրել ընկերոջը ու սիրել անծանոթին, սիրել հայրենիքը ու սիրել աշխարհը ու սիրել ազատությունը:

Դու առանց ափսոսելու շռայլեցիր մարդկանց քո տեսակը: Դու իսկապես վահան էիր, վահան, որին բախվելով ջարդուփշուր էր լինում այն ամենը ինչը վատն էր, վահան, որը պաշտպանում էր մեր ճիշտ տեսակը, վահան, որը թույլ չէր տալիս, որ մանրումեծ նիզակները խոցեն մեր ինքնությունը:

Բայց վահան լինելով հանդերձ , դու նաեւ սուր էիր, բահ ու գրիչ: Դու միաժամանակ սուր էիր, բահ ու գրիչ: Այդպես գրեթե չի լինում, բայց դու էի՛ր: Քո սուրը գիտեր թե ում եւ երբ է զարկում: Քո բահը գիտեր, թո ինչ հող է շենացնում եւ ինչ հող է շենացնելու դեռ: Քո գրիչը գիտեր, թե որն է մտքի արժեքը:

Դու տվեցիր հայրենիքիդ այն ամենը, ինչ կարող էիր ու անգամ չէիր կարող տալ, փոխարենը վերցրիր հայրենիքիդ ցավերը: Ու դու գիտեիր, թե որն է հայրենիքիդ դարմանը: Բայց ավաղ, քեզ համար դարման չեղավ:

Թեեւ ես խոսեցի քո մասին անցյալ ժամանակով, բայց ո՛չ, ընկեր դու չես գնացել: Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես: Ու բոլորս պիտի շարունակենք անել այն ինչ անում էիր դու:

03/01/2015

Leave a Comment