RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Համախմբված աշխատանքով՝ հասնել արդյունքի

Posted on September 26, 2015, by , under Ելույթներ, Լուրեր.

FotorCreated54ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձանաժողովի 6-րդ նիստին:

Մեծարգո նախագահ,
Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր,
Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերջին եռամսյակի նախաշեմին մի հայացք նետենք անցած ինն ամիսների մեր բոլորի համատեղ աշխատանքին եւ արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման իրավունքների արծարծման գործընթացում նշված ժամանակահատվածը եղավ իսկապես աննախադեպ՝ թե՛ ներազգային միասնականության մթնոլորտի, թե՛ միջազգային արձագանքի ու զորակցության տեսանկյունից։

Մենք բարձր ենք գնահատում Սփյուռքի տարբեր կենտրոններում կազմակերպված բազմաբնույթ միջոցառումները՝ տասնյակ, հարյուր հազարավոր հայերի եւ Հայ Դատի օտարազգի պաշտպանների մասնակցությամբ: Այդ միջոցառումների աշխարհագրությունը հիրավի վիթխարի էր եւ ընդգրկում էր տասնյակ պետություններ՝ աշխարհի բոլոր մայրցամաքներում. Ավստրալիայից՝ հարավամերիկյան երկրների մայրաքաղաքներ, Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն քաղաքներից՝ եվրոպական քաղաքակրթության օրրաններ, Ասիայից՝ ընդհուպ Աֆրիկա: Չենք կարող հատուկ չշեշտել Արեւմտահայաստանի մի շարք քաղաքներում եւ Ջավախքում կազմակերպված միջոցառումների կարեւորությունը եւ իհարկե՝ Սիրիայում եւ Իրաքում կատարված մեծածավալ աշխատանքը, որին մասնակցեցին նաեւ այդ երկրների ժողովուրդների քաղաքական, հասարակական ու մտավորական շրջանակները։

Եթե արտասահմանյան միջոցառումներից ամենամեծ արձագանքը արդարացիորեն ստացավ Վատիկանում մատուցված հատուկ պատարագը, ապա ներսում՝ Հայաստանում եւ Արցախում, ամենակարեւորն ու բովանդակալիցն, անտարակույս, տարելիցի բուն օրը եւ դրան նախորդած ու հաջորդած օրերին անցկացված միջոցառումներն էին՝ ավելի քան մեկ միլիոն հայերի եւ այլ ժողովուրդների շարքային եւ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկու հայկական պետությունների եւ համայն հայ ժողովրդի համախմբված աշխատանքը՝ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո եւ «անմոռուկ» խորհրդանիշի ոգով՝ չէին կարող չտալ իրենց պտուղները:

Տարեսկզբին մեր ընդունած Համահայկական հռչակագիրը, Մարդու իրավունքների եւրոպական դատարանի լսումները, Հռոմի Պապի եւ Գերմանիայի նախագահի պատգամները, մի շարք պետությունների ու միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության նորանոր ճանաչումները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով հարուցված դատական գործը լրջագույն ազդեցություն ունեցան ամբողջ աշխարհում հանրային կարծիքի ձեւավորման վրա:

Այսօր նույնիսկ Թուրքիայում ապրող մտավորականներ ու քաղաքական գործիչներ են խոսում Հայոց ցեղասպանության հատուցման անհրաժեշտության մասին։

Բնական է, որ «հատուցում» ասելով բոլորը նույն բանը չեն հասկանում կամ պատկերացնում։ Այստեղ մենք անելիք ունենք: Հստակ ձեւակերպման անհրաժեշտություն կա, թե համայն հայությունը ի՞նչ է պահանջում եւ պահանջելու։ Այո՛, Համահայկական հռչակագրով մենք ուրվագծել ենք մեր պահանջների ընդհանուր շրջանակը, սակայն, անհրաժեշտ է այդ ուրվագիծը ընդարձակել, հիմնավորել եւ վերածել հատուցման պահանջների ընդհանուր փաթեթի: Հենց սա նկատի ունենալով՝ խիստ կարեւորում ենք առնվազն Երեւանում Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնի հիմնումը, որը պետք է իր ավարտին հասցնի միջազգային իրավունքի նորմերին համաձայն՝ Հայոց ցեղասպանության հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրավունքների ձեռքբերման հարցով ամբողջական թղթապանակի պատրաստումը։ Այդ թղթապանակի հիման վրա կկարողանանք միասնաբար ճշտել մեր իրավունքների ձեռքբերման ճանապարհային քարտեզը՝ ըստ հնարավորությունների՝ մեր բոլորի եւ մեզանից յուրաքանչյուրի դերակատարման համապատասխան բաշխումով:

Համահայկական այլ հարցերի կողքին, նաեւ ա՛յս՝ հատուցման հարցի շուրջ, մեր քննարկումները շարունակելու, համընդհանուր մոտեցում ձեւավորելու նպատակով՝ ողջունելի ենք համարում Համահայկական խորհուրդ ստեղծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը։ Խորհուրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի վերաբերյալ մեր տեսակետները ավելի ուշ կհայտնենք, սակայն այս պահին անհրաժեշտ ենք համարում ուշադրության հրավիրել այն հանգամանքի վրա, որ 100-րդ տարելիցի տարածաշրջանային հանձնախմբերը եւս ձեւավորվել են հատուկ նպատակով, հետեւաբար նաեւ՝ հատուկ ձեւաչափով ու լիազորությամբ։ Առ այդ, գտնում ենք, որ Համահայկական խորհուրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի շուրջ Սփյուռքի համայնքներում քննարկումները եւ համընդհանուր մոտեցումներ մշակելու գործընթացը կարող են ավելի երկար ժամանակ պահանջել, քան՝ նախատեսված է ներկայացված որոշման նախագծով։ Ուստի ավելի նպատակահարմար ենք համարում, առաջին հանգրվանում՝ մինչեւ մեկ տարի, կենտրոնանալ համահայկական կառույցների մասնակցությամբ Խորհուրդի կազմման հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի համաձայնեցման վրա, միաժամանակ՝ Սփյուռքի համայնքներում խթանելով տարածաշրջանային նման խորհուրդներ ձեւավորելու աշխատանքները:

Թե՛ Համահայկական խորհուրդի եւ թե՛ Սփյուռքի համայնքներում նման խորհուրդների ձեւավորմանը կնպաստեն 2016 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախացման 25-ամյակի եւ 2018 թվականին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրության 100-ամյակի տօնակատարություններն ու միջոցառումները միասնաբար կազմակերպելու նախաձեռնությունները։

Մենք համաձայն ենք Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին հայտարարության նախագծին։ Հատկապես անհրաժեշտ ենք համարում համազգային ճիգերով դիմագրավել Սիրիայում գտնվող հայության մարտահրավերները։

Ամփոփելով՝ մեկ անգամ եւս արձանագրենք, որ ահռելի ու հիրավի արդյունավետ աշխատանք է կատարվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Զուգահեռաբար՝ հսկայական աշխատանք դեռ ընթացքում է եւ շատ ավելի մեծ ու կարեոր աշխատանք՝ առջեւում:

Այս ընթացքում մենք նաեւ չափազանց կարեւոր բաներ հասկացանք.

Հասկացանք, որ միայն համախմբված աշխատանքով է հնարավոր հասնել արդյունքի: Հասկացանք, որ միայն պետության ու ժողովրդի միասնականությամբ է հնարավոր հասնել արդյունքի: Հասկացանք, որ միայն նվիրումով է հնարավոր հասնել արդյունքի:

Մենք հասկացանք եւ վստահաբար գիտակցեցինք, որ ներքին նեղ խնդիրներն ու տարաձայնությունները չեն կարող եւ չպետք է խոչընդոտ հանդիսանան ազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Մենք հասկացանք եւ վստահաբար գիտակցեցինք, որ մեր աշխարասփյուռ ժողովրդի պոտենցիալը ավելի քան բավարար է մեր Դատին հետամուտ լինելու եւ արդարության հասնելու համար:

Հենց այս գիտակցումով էլ առաջ գնանք:

Leave a Comment