RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Քոչարյանը կարիք ունի ժողովրդի համոզիչ քվեին

Posted on February 20, 2003, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայլուրից դուրս» ծրագրին:

– Այսօր արդեն պարզ է, որ նախագահական ընտրությունները կունենան երկրորդ փուլ: Ինչպե՞ս անցան ընտրությունները:

– Այս ընտրություններն աննախադեպ էին իրենց կազմակերպվածությամբ. լուրջ, հանգիստ եւ իսկապես ազատ, արդար ընտրություններ էին: Այս ընտրությունները իսկապես տարբերվում էին Հայաստանում կայացած մյուս բոլոր ընտրություններից, աննախադեպ էին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:

Պետք է շնորհակալություն հայտնեմ այն 700 հազարից ավելի քաղաքացիներին, որոնք, լսելով նաեւ մեր կոչերը, իրենց վստահության քվեն տվեցին Ոոբերտ Քոչարյանին: Այս ընտրությունները բացառիկ էին նաեւ մեր երկրում մի նոր որակի ժողովրդավարության հաստատմամբ, եւ ես այսօր ուրախ եմ, որ ապրում եմ այսօրվա Հայաստանում, որ պաշտպանել եմ մի թեկնածուի, որը, ստանալով 49 տոկոսից ավելի վստահության քվեներ, այնուամենայնիվ, երկրորդ փուլ է տանում ընտրությունները, քանի որ նա պետք ունի իր ժողովրդի համոզիչ եւ վճռական քվեին:

Հավատում եմ, որ այս ընտրությունների մեջ պարագայական խախտումները տեղի ունեցան նաեւ զանազան ուժերի կողմից, որոնց մեծ մասնագետները գտնվում են մրցակից թիմում: Այն խախտումները, որ գրանցվել են այս ընտրություններում, ի չիք են դառնում այն դեպքում, երբ համեմատում ենք այլ ընտրությունների հետ: Եղել են խախտումներ, սակայն դրանք չէին կարող խնդրո առարկա դարձնել ընտրությունների արդյունքները:

Ես նորից պետք է ասեմ, որ մի նոր որակ է ստեղծվել Հայաստանում, եւ ժողովուրդը սկսում է արժեւորել իր մասնակցությունը:

– 49,8 տոկոս Ռոբերտ Քոչարյանը վաստակել է: Ձեր կարծիքով, ինչո՞ւ մի քանի հազար ձայն պակասեց:

– Ես նույնիսկ ուրախ եմ եւ հպարտությամբ եմ ընդունում այս փաստը, քանի որ, հանուն արդարության եւ ճշմարտության, գնում ենք երկրորդ փուլ, քանի որ համոզված եմ, որ ինչպես մենք, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը այսօր պետք ունի ժողովրդի համոզիչ քվեին: Այդ քվեն նրան անհրաժեշտ է նաեւ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով իր վճռականությունը շարունակելու համար:

Նաեւ` նոր նախագահության շրջանում լիարժեք վստահության քվեն նախագահին պետք է հնարավորություն տա անկաշկանդ քայլեր ձեռնարկելու նոր կադրային քաղաքականություն իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարում, երկրում օրինականության եւ արդարության հաստատման համար: Եվ մթնոլորտն այնպիսին է, որ դա շատ է արժեւորվում:

Զգում եմ, որ քիչ տարբերությունը կարող էր շահարկվել ու խնդրո առարկա դարձնել մեր երկրի հեղինակությունը, եւ ԿԸՀ-ի որոշումը ես ողջունում եմ: Այո, ձայների զգալի մեծամասնությամբ Ռոբերտ Քոչարյանը հաղթել է, բայց նաեւ պետք է ունենալ լիարժեք եւ մեր օրենսդրությանը համապատասխան որոշում:

Համենայն դեպս, ինձ համար այնքան կարեւոր չեն այդ թվերը, որքան երեւույթը:

Այո, մենք կարող ենք նման կեցվածք ցուցաբերել, եւ սա պետք է վարակիչ լինի: Ժողովրդի նկատմամբ հարգանքը, երկրի կայունությունը մեզ պետք է համոզի, որ հաղթողին մենք կարողանանք սրտանց շնորհավորել, եւ մեր երկրում այլեւս լեգիտիմության հարց, օրինականության հարց չդնենք, կարողանանք մի նոր որակի կեցվածքով ներկայանալ միջազգային հանրությանը:

– Կար 8 թեկնածու, որ առավել կամ նվազ պայքարում էին ձեր թեկնածուի դեմ: Այդ փուլը դուք հաղթահարել եք: Սակայն նախորդ հանդիպման ժամանակ էլ Դուք նշեցիք, որ չեք փորձելու նույն ձեւով ներկայանալ` սեւացնելով դիմացինին: Ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու եւ ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մրցակցին ու նրա թիմին:

– ՀՅԴ-ն միշտ մաքուր է մնացել տհաճ երեւույթներից: Մենք այս ընտրապայքարի ժամանակ մեզ պահել ենք քաղաքավարի եւ ծանրակշիռ: Դա թուլության նշան չէ, այլ ճիշտ միջկուսակցական հարաբերություններ ստեղծելու նախանձախնդրությունից է գալիս: Նույնը ասել չեմ կարող դիմացի կողմի մասին: Եղել են նաեւ սպառնալիքներ:
Ո՞ւմ են փորձում վախեցնել: Եթե թալան է եղել` իրենք են թալանել, եթե ընտրակեղծիք եղել է` իրենք են արել: Անհրաժեշտ է, որ նրանք վերանայեն իրենց մոտեցումները, եւ նրան, ում կտա ժողովուրդը իր քվեն, մենք պատրաստ ենք ողջունելու, մենք խնդիր չունենք: Բայց թող չփորձեն վախեցնել եւ սպառնալ որեւէ մեկին: Մենք միշտ պայքարել ենք արդարության համար ու երբեք իշխանության համար սկզբունքներ չենք զիջել եւ մտադիր էլ չենք:
Պետք է գիտակցել, որ կա տարր, որը մեծ դերակատար է եղել թալանի մեջ, մասնագետ` ընտրությունները կեղծելու մեջ, եւ այդ տարրն այսօր փորձում է հավերժացնել իր թալանածն ու անխնա է վարվում այս ժողովրդի հետ, փորձում է խանգարել այս ժողովրդի հանգիստը, որը մենք բավական երկար ժամանակ է, ինչ ձեռք էինք բերել:
Երկիրը մտել է կայունության հանգրվան, եւ այդ ուժերը փորձում են խանգարել` անօրինական ունեցվածքը կորցնելու վտանգից դրդված: Ես պետք է կոչ անեմ բոլոր պատասխանատու քաղաքական ուժերին` իրենց միջից վանել այդ թունավորված, պրովոկատոր տարրը, ու մենք հանգիստ պայքարով շարունակենք մեր ընթացքը:
Ռոբերտ Քոչարյանը այն մարդն է, ով ինքն է ղեկավարում այս երկիրը, ոչ թե, ինչպես այլ պարագայում, այն ղեկավարեն ուրիշները:
Մենք ունենք թեկնածու, որը գիտի, թե ինչ պետք է անել, եւ ունի արդեն փորձ` երկիրը զարգացման նոր փուլով տանելու համար: Եվ նա չի փորձել իշխանությունը օգտագործել ընտրությունների արդյունքը խեղաթյուրելու համար:
Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող մարդկանց շարքերը կավելանան եւ կհամախմբվեն նախագահի շուրջը, ու մենք կհաղթենք, եւ այդ հաղթանակը ոչ մեկի ոչնչացում չի նշանակում: Ես ակնկալում եմ, որ երկրորդ հանգրվանում միասնականության շնորհիվ հաղթանակելու ենք:

– Ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու:

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Առաջին փուլում ավելի կոնկրետացանք քարոզչության վրա: Հիմա կազմակերպական աշխատանքներն ենք ակտիվացնելու մյուս կուսակցությունների հետ եւ մի նոր որակ ենք տալու այդ քարոզարշավին: Ես վստահ եմ, որ ժողովուրդը իր ապագան կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Leave a Comment