RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Դաշնակցությունը հատվածականության թիվ մեկ հակառակորդն է

Posted on December 9, 2015, by , under Ելույթներ, Լուրեր.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը` ՀՅԴ 125 ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովում

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ

Տիկնայք և պարոնայք

ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվող ներկա գիտաժողովը հայ ժողովրդի ճակատագրում մեր կուսակցության ունեցած ամենակարևոր ներդրումը՝ մոտ 100 տարի առաջ Հայաստանի առաջին Հանրապետության և քառորդ դար առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմքերը դնելու պատմական մեծ առաքելությունը նորովի հետազոտելու և մեր հանրությանը ներկայացնելու փորձ է։

Այն հարցը թե ինչո՞ւ հենց Դաշնակցությունը դարձավ մեր զույգ հանրապետությունների հիմնադիր քաղաքական ուժը, մինչ օրս բազմաթիվ, հաճախ իրարամերժ մեկնաբանությունների է արժանանում։ Բայց ինչպիսին էլ լինեն դրանք, դուք որպես պատմագիտության ոլորտի մասնագետներ, մեզնից լավ գիտեք, որ պատմության անվիճելի փաստերը ոչ ոք չի կարող հերքել։ Ուրեմն՝ ժամանակն է, որպեսզի ակադեմիական գիտությունը նույնպես գտնի այս հարցի պատասխանները, որովհետև ներկա բարդ ժամանակներում մեր ժողովուրդը սուր կերպով զգում է իր պետական կեցության արժեչափերի վերաիմաստավորման կարիքը։

Դրա վառ վկայությունը դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեն էր, որի միջոցով մենք մոտեցանք Հայոց պետականության ակունքներին՝ որդեգրելով խորհրդարանական կառավարման համակարգը, ինչը ազգի ու պետության միջև առկա որոշակի անջրպետը հաղթահարելու և ազգին կրկին պետության լիարժեք տերը դարձնելու լուրջ քայլ է։

Հարգելի գիտնականներ։ Հստակորեն թեմատիկ ուղղվածություն ունեցող ՀՅ Դաշնակցությունը և Հայոց պետականությունը՚ գիտաժողովից մենք սպասում ենք ազգային պետականության որոշակի ու հստակ բնորդի՝ Հայաստանի առաջին Հանրապետության պատմության այն առավել բարդ ու վիճահարույց հարցերի խորքային վերլուծությունները, որոնց կարիքը զգում ենք ամեն քայլափոխի։ Դատելով գիտաժողովին ներկայացված զեկուցումների թեմաներից դրանք ընդգրկված են նրա օրակարգում. Առաջին Հանրապետության խորհրդարանական կառավարման փորձ, խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերություններ, և վերջապես մի ցավոտ երևույթի հետազոտություն, որը հայերիս մոտ դժբախտաբար շատ է տարածված՝ հատվածականության հիմնախնդիր։ Այո՜ Հայաստանի առաջին Հանրապետության օրոք նույնպես այս վտանգավոր երևույթը գոյություն ուներ՝ արևմտահայ-արևելահայ կամ՝ ինչպես այն ժամանակներում էին ասում՝ տաճկահայ-ռուսահայ որոշ օտարացումի տեսքով։ Բայց Դաշնակցության էությունը հենց նրանում է, որ ինքը որպես քաղաքական ակնառու երևույթ հատվածականության ամենափաստարկված հերքումն էր և է՜ մեր օրերում։

Դաշնակցությունն ամեն ինչ արեց և այսուհետև նույնպես անելու է մեր ժողովրդին այդ ախտից ազատելու համար։ Դաշնակցությունը հատվածականության թիվ մեկ հակառակորդն է եղել հայ իրականության մեջ և լինելու է այսուհետև, որովհետև իր անվանումն ու գոյության փաստը դրա ամենավառ հերքումն են հանդիսանում։

Նման քաղաքական դիրքորոշման վերջին ու թերևս ամենավառ ապացույցը Ղարաբաղյան պատերազմի տարիներին թշնամու դեմ կռվի ելած հայ ժողովրդի գրեթե բոլոր հատվածների ներկայացուցիչներն էին, ովքեր ուս-ուսի տված կռվում էին մեր շարքերում։ Նրանց պայքարի ու նահատակության գնով ձեռք բերված հաղթանակից հետո ցավալի է տեսնել կենցաղային մակարդակում մեզանում երբեմն նորից գլուխ բարձրացնող հատվածականություն երևույթը, այս անգամ՝ հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն ստեղծելու փորձերի տեսքով։

Ուրեմն՝ ներկա գիտաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի բովանդակությունը ոչ միայն նեղակադեմիական, այլև գիտագործնական ուղղվածություն ունի և մենք, որպես քաղաքական գործիչներ, ձեզանից ակնկալում ենք խորքային գնահատականներ և դրանց վրա հիմնվող՝ արժեքավոր առաջարկներ ու փորձագիտական եզրակացություններ։

ՀՅԴ Բյուրոյի և Դաշնակցության աշխարհասփյուռ ողջ կազմակերպության անունից գնահատում ու կարևորում եմ ներկա գիտաժողովի կազմակերպումը հայրենի գիտության գլխավոր տաճարում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ողջունում և նորանոր հաջողություններ եմ մաղթում նրա մասնակիցներին։

Leave a Comment