RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մենք ձեր քվեով պետք է գնանք Ազգային Ժողով

Posted on May 24, 2003, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարեանի խօսքը արտասանուած ՀՅ.Դաշնակցութեան նախընտրական ակտիւի հանդիպման ընթացքին:

Հայաստանում մենք սկսեցինք գործել իբրեւ կուսակցություն եւ մեր շուրջը համախմբեցինք մարդկանց ու գործեցինք այնտեղ, որտեղ ավելի շատ պաշտպանության կարիք կար: Դա Արցախն էր: Մենք պայքարեցինք նաեւ Հայաստանում ազգային գաղափարախոսությունը տարածելով եւ նոր քաղաքական ուղի բացելով: Մենք հալածվեցինք եւ զրկվեցինք ամեն ինչից, բայց երբեք չփոխեցինք մեր սկզբունքայնությունը, չկորցրեցինք մեր հավասարակշռությունը, մեր վեհությունը եւ հաղթեցինք:
Սակայն գործը կիսատ է:

Այսօր անցած հինգ տարիները վերլուծելով, կարող ենք ասել, որ ինչ-որ մենք արեցինք, ինչ կողմնորոշում էլ որդեգրեցինք, միայն երեք հիմնական նպատակ ունեինք: Երկրի կայունությունը, մեր ազգային միասնականությունը եւ բարոյականությունը:

Այո, երկրի կայունությունը ապահովելու համար մենք մեծ աշխատանք տարանք: Ամենավտանգավոր, ամենափխրուն ժամանակահատվածում, 1999 թվականաի հոկտեմբերի 27-ին, մենք միակ ուժն էինք, որ դիմության եւ ընդդիմության հետ խոսում էինք, փորձում էինք վտանգը կասեցնել, դիալոգ ունեինք բոլորի հետ եւ հաջողվեց երկրում կայունություն ապահովել:

Եթե մենք որոշելել ենք, որ երկու նախարարով մաս ենք կազմում կառավարությանը, ապա ոչ թե իշխանությունն ենք բաժանել ուրիշների հետ, այլ մենք կեցվածք ենք ցուցաբերել, որն անհրաժեշտ էր երկրի համար, եւ դա կայունություն կարող էր ապահովել մեր երկրում:

Մենք մեր ազգային միության վերաբերող յուրաքանչյուր հարցի նկատմամբ ունեցել ենք հստակ տեսակետ, բայց կարողացել ենք երկխոսությունը պահել բոլոր քաղաքական ուժերի հետ` թե դիմության, ե՛ւ թե ընդդիմության դաշտում: Անցած հինգ տարիներում դա հաջողվել է միայն մեզ:

Ժողովուրդը զուգահեռ է անցկացնում, որ եթե իշխանություն ունես, բարձր դիրքերում են, ուրեմն այլեւս նրանից բարոյական կերպար ակնկալել անհնար է: Մենք ապացուցեցինք, որ այո՛, կարելի է լինել իշխանության կողքին եւ մնալ մաքուր: Կարելի է լինել հստակ գաղափարախոսության տեր, բայց չլինել անհանդուրժող, վանող: Մենք կարողացանք դա անել եւ անցած հինգ տարիներում մենք այդ հարցում հաջողեցինք:

Սակայն այսօր գնում ենք ընտրությունների եւ ամեն մի ընտրություն կարեւոր է, երբ ժողովուրդը կարող է առանց ցնցումների իր կյանքը բարելավել: Ամեն մի ընտրություն առիթ է, որ մեր երկրում առաջընթաց տեղի ունենա, մաքրվի իշխանական համակարգը, մաքուր կադրեր գան իշխանության: Եթե ընտրությունները արդար լինեն, ապա ժողովուրդը կկարողանա իր մասնակցությունը բերել եւ ճիշտ քվեարկել: Այստեղ բոլորն էլ ունեն իրենց պատասխանատվության բաժինը` թե պետությունը, թե՛ քաղաքական կուսակցությունները, թե՛ ժողովուրդը: Բայց ես ուզում եմ խոսել մեր պատասխանատվության մասին:

Մեր պատասխանտվությունը կայանում է ժողովրդին չխաբելու, ամբոխավարությամբ չզբաղվելու, թշնամություն չսերմանելու մեջ: Այսօր կա մեկ օրակարգ: Արդա՛ր ընտրություններ: Ոչ թե նաեւ այն պատճառով, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի քվեն խեղաթյուրելու, այլ արդար ընտրություններ են պետք նաեւ, որպեսզի մեր քաղաքական իրականության համապատասխան Ազգային ժողով ձեւավորվի: Արդար ընտրություններ են պետք, որպեսզի քաղաքական ուժերը իրենց կշռի համապատասխան ներկայություն ունենան: Անցած չորս տարիների թերությունն այն էր, որ Ազգային Ժողովը չէր ներկայացնում քաղաքական ճիշտ պատկերը: Այս ընտրություններին մենք պետք է խուսափենք մեր քվեները կորցնելուց, նաեւ պետք է խուսափենք հավելյալ քվեներ ունենալուց: Մենք մեր իրական պատկերով պետք է գնանք Ազգային Ժողով: Որովհետեւ այն քաղաքական ուժերը, որ չեն գիտակցում դա, դրանցում սկսվում է առնետավազք: Գնում կախվում են այն մարդկանց փեշերից, որոնց նկատմամբ թշնամություն ունեին, որոնց հասցեին ինչեր ասես, որ չեն ասել:

Մենք այն քաղաքական ուժն ենք, որ առաջիկա չորս տարվա համար չենք ստեղծված, մենք չենք կարող ամեն ինչ անել այս ընտրություններում հաղթելու համար եւ պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի հաջորդ հանգրվաններում կարողանանք գոյություն ունենալ եւ ժողովուրդ ունենալ մեր շուրջը: Մենք չենք կարող մյուսների նման վարվել:

Նախորդ ընտրություններում մեր եւ ժողովրդի աչքի առաջ բոլոր կողմերից ընտրախախտումներ են եղել, մենք մեր պաշտպանած թեկնածուի հաղաթանակի համար խախտումների կարիք չունեինք, եւ ոմանց կողմից արված խախտումները հարամեցին այդ հաղթանակը:

Այս ընտրության մենք գնում ենք որոշում կայացրած, չթողնել այս ընտրություններին որեւէ խախտում տեղի ունենա, սակայն եւ համոզում ունենք, որ իշխանությունները մեզ հետ են լինելու եւ մեր ցանկությունը իրականություն է դառնալու, քանի որ արդար ընտրություններ անցկացնելը անհրաժեշտ է մեր երկրի եւ մեր ժողովրդի վարկը բարձրացնելու համար: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, մենք նման կոչով էլ ժամանակին ձեռք մեկնեցինք, բայց մեր ձեռքը սեղմող չեղավ:

Կարեւոր է արդար ընտրությունների անցկացումը, ինձ այնքան արդյունքները չի հետաքրքրում, որքան այդ փաստը. արդար ընտրությունները անհրաժեշտ են երկրի նախագահին, մեր քաղաքական վարկը վերականգնելու, մեր ժողովրդի վստահությունը վերականգնելու համար:
Ընտրությունները կայանում են քաղաքական ուժերի մեջ եւ որոշները չխուսափեցին Դաշնակցությանը խայթելու:

Մենք հանուն ընդհանուր մթնոլորտի չպատասխանեցինք, բայց որոշ բաների ուզում եմ անդրադառնալ: Եղան մարդիկ, որ հայտարեցին, որ իրենք հեղափոխական չեն եւ դեմ են հեղափոխականության: Ակնհայտ է, որ դա ուղղված էր մեզ: Մեր հեղափոխականությունը ուղղված է մեր հայրենիքը օտարներից ազատելուն, եւ հպարտ ենք դրանով: Իսկ դուք ի՞նչպես պետք է հեղափոխական լինեիք, պարոնայք, ախր հեղափոխական լինելու համար քաջություն է պետք, ազնվություն է պետք, նվիրվածություն է պետք, դուք ո՞րտեղից ունեք դա: Դուք սովոր եք բռնությանը համակերպվելու, ցանկացած իշխանավորի փեշի տակ թաքնվելու: Միթե դա հեղափոխականին հարիր է: Հեղափոխականը իդեալին նվիրված է, հայ հեղափոխականը, դաշնակցական հեղափոխականը ազգի եւ հայրենիքի զինվոր է: Ասում են նաեւ, որ դուք գաղտնի ժողով եք անում, մենք չենք անում: Երբ գաղտնի ժողով ուզենք անել, դուք այդ մասին չեք էլ իմանա, մենք ժողով ենք անում քննարկում անելու համար, մեր ընկերների, ուզում է գյուղացի, մտավորական, հավասար հավասարի հետ ժողով ենք անում եւ որոշում կայացնում: Մեր ժողովները շոու չեն, ժողով է, քննարկման վայր է: Դուք ձեր կուսակցականների հետ անկեղծ չեք, դուք պարագլուխների ժողով եք անում, որոշում կայացնում եւ հետո գալիս ու շոու եք անում: Մենք շոու չենք անում:

Եվ ասում են, դուք էլ էք իշխանություն, ինչու եք փախչում պատասխանատվությունից: Նույնիսկ երկու նախարար ունենալով մենք պատասխանատվությունից չենք փախչում: Խոսքը անպատասխանատվության մասին չէ, խոսքը չեղածը մեզ վերագրելու մասին է:

Մենք մաքուր ենք եւ այդ պատճառով նաեւ ուժեղ ենք: Համեմատությունների մասին է խոսքը- մենք ունենք ծրագիր, նպատակ, կենսագրություն, քաղաքական կառույց:

Մենք երեկ կամ այսօր չենք ստեղծվել, մի անձի շուրջ չենք ստեղծվել, կամ մեկի կողմից, որը կարող է մի քանի ցուցակ ներկայացնել: Մենք հստակ կառույց ունենք, գիտակ ու ուժեղ շարքեր, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են արցախյան ազատամարտին եւ որոնց պատժելու համար արգելել ենք գնալ Արցախ կռվելու: Այսպիսին են մեր շարքերը, մենք գաղափարական շարքեր ունենք, որոնք վաղվա մեր պատգամավորների տերն են, որոնց հաշվետու են լինելու վաղվա մեր նախարարները:
Դուք ո՞ւմ եք հաշվետու:

Մենք Հայաստանում ձգտում ենք հանդուրժողական մթնոլորտի ձեւավորմանը: Միայն ուժեղ մարդը կարող է հանդուրժել իր մրցակիցների գոյությունը, ամեն մարդ իր չափով պետք է դերակատարություն ունենա: Բայց մենք անգույն, քաղաքական դիմագիծ չունեցող ու հարմարվող կուսակցություն չենք, չենք կարող հանդուրժել օրենքի անտեսումը, հաճախ ամբողաջական օրենքներ անտեսում են նախարարությունները: Անբարոյականությունը հադուրժել մենք չենք կարող, դա մեր էությունը չէ: Մեր երկիրը մաքրելը, կարգի բերելն է մեր գործը:

Ես կոչ եմ անում բոլորին, առանց վախենալու, առանց որեւէ մեկին պարտական լինելու, իրենց ձայնը տան Դաշնակցությանը:
Բայց խոսքս ուզում եմ ուղղել մեր բանակին, մեր զինվորներին ու մեր սպաներին, որոնք ինձ համար եւ մեր ժողովրդի համար ամենահարազատ մարդիկ են: Ես կոչ եմ անում, որ նկատի չունենան այն անօրինական ցուցումը, որը տրվել են իրենց տվյալ ուժի համար քվեարկել: Նրանք պետք է քվեարկեն զինվորի նման, ազատ, քաջաբար եւ վստահ եմ, որ այդ դեպքում կքվեարկեն Դաշնակցության օգտին:

Բոլոր գյուղապետերին, չինովնիկերին, պաշտոնյաներին ուզում եմ ասել, որ չվախենաք աշխատանքից ազատվելու վտանգից արդար քվեարկել: Դա սուտ է, քանի որ այդ ժամանակ իրենք իշխանություն չեն լինի: Ոչ ոք Հայաստանում չի կարող իր համոզմունքների համար հետապնդվի, ոչ ոք չի կարող Դաշնակցության տված քվեի համար հետապնդվի, մենք տերն են ձեր քվեի: Մենք շատ ենք լռել, որովհետեւ մեր երկրում փխրուն է եղել կայունությունը, շատ ենք համակերպվել, որովհետեւ փխրուն է եղել մթնոլորտը, մենք լռել ենք հանուն հայրենիքի, մենք չենք զիջել ոչ մեկին:

Մենք համոզված ենք, որ գնալու ենք Ազգային ժողով, եւ փոխելու ենք մեր կյանքը, եւ այդ կյանքը լինելու է շատ ավելի հանդուրժող եւ ավելի արդար, մենք ունենք մեր մեջ այդ ուժը, որ դա իրականություն կդարձնենք:

Leave a Comment