RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մենք ճիշտ ճանապարհին ենք, եւ հաղթանակը մերն է լինելու

Posted on February 26, 2005, by , under Ելույթներ.

Մենք ճիշտ ճանապարհին ենք, եւ հաղթանակը մերն է լինելու

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը Փարիզի հաւաքին

Վեհափառ Տեր,
Հարգելի հյուրեր, բարեկամներ, ընկերներ,

Չորս տարի առաջ, Ժընեւի մեջ, այսպիսի մեկ միջոցառումով նոր թափ ու կազմակերպվածություն հաղորդեցինք Եւրոպայում Հայ Դատի աշխատանքներին: Չորս տարի առաջ, այդ միջոցառման ավարտին, մենք հայտարարեցինք, թէ առաջին քայլն ենք անում մեծ ճանապարհի: Այժմ, չորս տարի անց, Հայ Դատի գծով մեր, հայկական մյուս ուժերի աշխատանքները Թուրքիան գնահատում է իբր Հայկական Ցունամի Եւրոպայում: Թուրքիայի այս գնահատականը որքան էլ չափազանցված, որքան էլ իր ներքին ուժերը համախմբելու նպատակ հետապնդի, այդուամենայնիվ, ինչ որ չափով ճշմարտության դրոշմ ունի:

Այսօր նույնանման երկրորդ միջոցառումն է: Նոր թափով, նոր ավյունով, նոր ուժականությամբ մեր պայքարը ծավալելու համար նոր շնչառության կարիքը ունենք: Այսor դիմում ենք ձեզ, ձեր օգնությանը: Որովհետեւ Հայ Դատը ամենքինս է, Հայրենիքը ամենքինս է, մեր պայքարն ու գործը ընդհանուր են: Մենք ուժեղ եւ անպարտելի ենք, երբ միասին ենք, երբ կողք կողքի ենք, թիկունք` թիկունքի:

Մեր դեմ պետություն ու պետություններ են աշխատում, իրենց հսկա կարելիություններով` բյուջեով, մարդկային ռեսուրսներով, պետական շահերով, կապերով: Սակայն մենք չենք հուսախաբվում. մենք հոգնող, նահանջող, համակերպվող, հուսահատվող տեսակը չենք: Մենք պետական հնարավորություններին դեմ ենք կանգնում մեր մտքով, մեր հազարավոր ընկերների զոհաբերությամբ, տքնաջան աշխատանքով: Մեր կազմակերպության հարյուրավոր, հազարավոր ընկերներ, համախմբված մեր գրասենյակների ու մարմիների շուրջ, լծված են մեղվաջան աշխատանքի: Մենք մեր թիկունքում, մեզ հետ ժողովուրդ ունենք, մենք մեր ուժը ստանում ենք մեր ժողովրդից` ձեզանից: Այստեղ է մեր ուժի գաղտնիքը: Այդ ուժն է, որ մեզ համարձակություն, կամք ու կարելիություն է ընձեռում` կուրծք դեմ տալու համար բոլոր դժվարություններին:

Ինչ որ արել եւ անում ենք, հավատացած եղեք, կարող ենք հարյուր անգամով ավելին անել ոչ միայն կարող, այլ` պարտավոր ենք հարյուր, հազար անգամ ավելին անել: Մեր պայքարը նպատակ ունի Հայկական Ազդեցիկ ուժ ձեւավորել` մեր կարելիություններն ու հնարավորությունները մեկտեղելով, մեր ազգային կամքը զորաշարժի ենթարկելով եւ նպատակային դարձնելով: Մենք ուժեղ ենք, երբ ի վիճակի ենք մեր ազգային կարողականութիւնը կազմակերպել ու հունավորել համահայկական նպատակների իրականացման ուղղությամբ:

Ուժ դառնալը, հզորանալը նախ մեր Հայրենիքում` Հայաստանում արդարություն ստեղծելով է լինելու: Մեր երկրում պետք է վերանա կոռուպցիան: Այդ պայքարում մենք հետեւողական ենք ու վճռական: Գիտակցում ենք` կոռուպցիան բարձրագոչ խոսքերով չէ որ նահանջելու է: Անհրաժեշտ է կազմակերպված աշխատանք` այդ երեւոյթի պատճառները վերացնելուն ուղղված:

Իրավազուրկ, աղքատության մեջ ապրող ժողովրդից պայքարող, հզոր ազգ կարելի չէ ձեւավորել: Մեր երկրում աղքատության դեմ պայքարը մեր հիմնական առաքելություններից մեկն է: Հանուն ժողովրդավարության պայքարը նոյնպես մեր պայքարն է ազատ, արդար ընտրություններով, ժողովրդային վերահսկողության ենթակա իշխանությունների ձեւավորումով պետք է ստեղծենք զարգացող, հաշտ ու միակամ ազգային պետականություն:

Կոռուպցիայի, աղքատության դեմ պայքարը, ժողովրդավարության հաստատման մեր կամքը անկոտրում է եւ անկաշառ: Հանուն երկրի կայունության ու ընդհանուր ազգային շահերի մենք կարող ենք պատասխանատվություն ստանձնել կարող ենք պատասխանատվություն կրել նաեւ այն սխալների ու անարդարությունների համար, որոնց հետ ոչ մի առնչություն չունենք, բայց մենք չենք կարող հրաժարվել ժողովրդավարական Հայաստանի մեր երազանքից, մենք չենք կաող հրաժարվել կոռոպցիայի, աղքատության հաղթահարման մեր պայքարից:

Մենք երկիր ենք կառուցում, մեր անկախ պետականությունը այլեւս անժխտելի փաստ է: Երկրում կա նաեւ առաջընթաց ու զարգացում, սակայն այս հանգրվանում մեզ օդի պես անհրաժեշտ է ազգային հանդուրժողականություն ու միություն, որպեսզի չխափանվի այս երթը, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին վտանգները, ավարտին հասցնենք Արցախի ազատագրման մեր հաղթանակը:

Ներազգային կեանքում հնչող առճակատման կոչերին մենք պատասխանում ենք երկխոսության, փոխադարձ հանդուրժողականության պատգամով: Ապավինենք միմիանց: Ուժեղը չի խուսափում համագործակցությունից: Մեր նպատակներն իրականացնելիս պատրաստ ենք գործակցել բոլորի հետ:

Համագործակցության, համախմբման նույն կոչով մենք բաց ենք նաեւ Սփյուռքի ուժերի առջեւ: Մեր հետապնդած նպատակները համազգային են ու համաժողովրդական: Մեր պայքարը մեր ժողովրդի պայքարն է, այն հեռու է կուսակցական դասական պայքարներից: Համախմբվենք գործի շուրջ` նույն թիրախներին առավել հուժկու եւ կենտրոնացված հարվածելու համար: Բազմապատկենք մեր կարելիությունները: Հաւատացած ենք` երկքաղաքացիության ընդունումը նպաստելու է ուժի այդ կուտակումին` միաժամանակ հզորացնելով ե՛ւ Հայրենիքը, ե՛ւ Սփյուռքը:

Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ հայրենիք ունենք: Ասել եւ դարձեալ կրկնում ենք` Սփյուռքը, իր կառույցներով պետք է պատասխանատու զգա եւ մասնակցի արդար եւ հզոր հայրենիքի ձեւավորմանը, իսկ հայրենիքը, իր պետականությամբ ու կառույցներով պատասխանատու ու մասնակից` Սփյուռքի առավել կազմակերպման ու հզորացման:

Հայ ժողովրդի պահանջատիրական հետեւողական, համառ պայքարը թեւակոխել է նոր հանգրվան` ներառվելով միջազգային ընդհանուր զարգացումների շրջագծում: Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցը առաջիկա տարիներին, դուրս է գալու հայ-թրքական հարաբերությունների շրջանակից` վերածվելով աշխարհաքաղաքական գործոնի: Այս հաստատման վստահությամբ էր, որ ՀՅԴ աշնակցությունը իր բոլոր կառույցներով, ՀՀ-ի իշխանությունների վրա ունեցած ողջ ազդեցությամբ, փորձեց ձեւակերպել հայության նոր ռազմավարությունն ու մարտավարությունը: Առավելագույն ակտիվ աշխատանք միջազգային կազմակերպություններում, քարոզչական նորագույն մեխանիզմներ, Հայ Դատի գրասենյակների ցանցի ստեղծում, համահայկական համադրված ջանքեր, Սփյուռքի եւ Հայաստանի պետական կառույցների միջեւ աշխատանքի ճիշտ բաժանում եւ դերաբաշխում, հայ համայնքներում ժողովրդային աջակցության ալիքի ծավալում, հայկական ուժի ցուցադրում` ահա մեր առջեւ դրված խնդիրները:

Արդյունքում` Հայկական Ցեղասպանության հարցը երբեւե այսքան արծարծված չի եղել, երբեւե Թուրքիայի նկատմամբ այսչափ ճնշման գործոն չի հանդիսացել, երբեւե միջպետական հարաբերություններում այս կարեւորությամբ ու հրատապությամբ օրակարգի նյութ չի եղել: Այսօր մենք կարող ենք որոշակի գոհունակությամբ արձանագրել մեր առաջին լուրջ հաջողությունները Հայ Դատի պայքարի ճակատում: Խոսքը վերաբերում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, մասնավորաբար Եւրոպայում ձեռք բերված հաջողություններին, ստեղծված գործուն մեխանիզմներին` Վաշինգտոնի եւ Բրուքսելի գրասենյակների աշխատանքներին: Գործուն մեխանիզմներ, որոնք, միաժամանակ, կարեւոր նպաստ են բերում Հայաստանի արտաքին քաղաքականությանը, երկրի վարկի ապահովմանն ու տնտեսական զարգացման գործընթացին:

Ասվածի վկայությունն է ձեր ներկայությունը այսօր եւ այստեղ: Հայրենիքից ու տասնյակ երկրներից եկել ու կանգնել ենք կողք-կողքի, որովհետեւ Հայ Դատը ամենքինս է, պայքարը ընդհանուր է, մեր պետութեան ու ժողովրդի առաջ պատասխանատու ենք յուրաքանչյուրս:

Եւ շնորհակալություն Դաշնակցության անունից ամենքիդ եւ յուրաքանչյուրիդ առանձին: Նաեւ` նրանց, ովքեր այստեղ չեն, բայց մեզ հետ են գործով:

Վստահ եղեք` մենք ճիշտ ճանապարհին ենք, եւ հաղթանակը մերն է լինելու:

Leave a Comment