RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Դաշնակցությունը սոսկ կուսակցություն չէ, այն քաղաքական բանակ է

Posted on March 11, 2005, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը

Քրիստափորի շիրիմին շուրջ տեղի ունեցած երդման արարողութեան ընթացքին

Սիրելի նորագիրներ,

Այսօր, այստեղ, Մեծ յեղափոխականի շիրիմի մոտ, դուք պատրաստվում եք երդվել: Այսօրվանից դուք մաս եք կազմելու ՀՅ Դաշնակցությանը, նրա հիմնադիրներից մեկի եւ Դաշնակցության պատմության առաջին 15 տարիների կյանքի եւ էության ձեւավորման մեջ կարեւոր դերակատարություն ունեցած Քրիստափոր Միքայելյանի շիրիմի առջեւ:

Ձեր երդումի հետ, մենք եւս եկել ենք մեր ուխտը վերանորոգելու, եկել ենք նրա մոտ, մեզ ու իրեն, մեր խղճի ու իր պատվի առաջ անկեղծանալու, նորովի գոտեպնդվելու համար:

Գիտեք, սիրելի նորագիրներ, Դաշնակցության չեն անդամագրվում, այլ` զինվորագրվում են: Դաշնակցությունը սոսկ կուսակցություն չէ, այն քաղաքական բանակ է: Նրան չեն անդամագրվում իբրեւ սովորություն, չեն անդամագրվում անհատական ու խմբակցական շահերի ու կարերայի ապահովման համար, այլ նրան զինվորագրվում են` Հայաստանի ու հայ ժողովրդի ամբողջական ազատագրումի եւ արդարության հաստատման դատին անմնացորդ նվիրվելու համար:

Դաշնակցության հիմնադիրն ու նրա փաստացի ղեկավարը, կուսակցություն չեր ձեւավորել խմբակցական շահերի համար, նա կազմակերպել էր մի քաղաքական բանակ, որպեսզի հայ ժողովուրդը այլեւս «հավելյալ արյան» վճարման պարտադրանքի առջեւ չլինի, որպեսզի հայը թոթափի ստրկության լուծը, որպեսզի հայը կարողանա ապրել ու զարգանալ: Նրա կյանքը դրա վառ վկայությունն էր, երբ նա «Դրոշակի» խմբագիր էր, երբ եւրոպական քաղաքական ուժերի հետ հարաբերական գործի մեջ էր, երբ «Փոթորիկի» կազմակերպիչ ղեկավարն էր, երբ Սուլթանի դեմ խիզախած հեղափոխական մարտիկն էր:

Մենք հավակնում ենք նրա գործի հետնորդը լինել, մենք նրա սկսած գործի շարունակողն ենք: Եւ այսօր այդ գործը թե դյուրին է, թե դժվար: Դյուրին է, որովհետեւ կա հայկական անկախ պետականություն. դյուրին է, որովհետեւ կա հաղթանակ` կա ազատագրված Արցախ. գեթ մասամբ` իրողություն է Միացյալ Հայաստանը: Դժվար է, որովհետեւ մենք ապարում ենք քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակույթաին կյանքի բոլոր բնագավառներում, միջազգային միմյանց հետ կապված, իրարով պայմանավորված բարդ ժամանակներում:

Գաղափարական մարդը հստակություն է սիրում. սիրել կամ ատել, լավ կամ վատ, սեւ կամ ճերմակ. սակայն այսօր մենք հաճախ պարտավորվում ենք սիրո եւ ատելության, լավի ու վատի, սպիտակի ու սեւի միջեւ տարբերակել այլ երանգներ եւս. այսօր հաճախ պարտավորվում ենք նկատի ունենալ կյանքի, քաղաքական պահի զգայնությունները եւս:

Մեզ դյուրին է թվում գաղափարական այն մարտիկի գործը, որ զեն ի ձեռին, ռազմի դաշտում իր դիմաց ուներ հստակ թիրախներ. այսօր սակայն նախ պետք է զանազանել մեր եւ թշնամու դիրքերը միմյանցից, ընդհանուր իրարանցումի մեջ չշփոթել իրական թիրախները, եւ ընձեռված կարելիությունները վերածել զենքի, իրական, ազդեցիկ զենքի: Այսօրվա պայմաններում նախ պետք է կարողանալ գործել, լինել արդիական, լինել կենսունակ, որպեսզի կարողանանք լինել ազդեցիկ, միաժամանակ հարազատ մնալով մեր էությանը ու պահպանելով մեր սկզբունքայնությունն ու նպատակայնությունը:

Հաղթել ենք պատերազմում. այլեւս մերն է Արցախը. սակայն, այսօր, անհրաժեշտ է դեռ հաղթել կռվի քարոզչական ասպարեզում. անհրաժեշտ է բացատրվել աշխարհին, որպեսզի ծուռ հայելու մեջ չներկայացվեն պարզ, շատ պարզ ու հստակ իրողությունները. որպեսզի հնարավոր լինի խուսանավել արտաքին` միջազգային ուժերի պարտադրանքների խութերից:

Ունենք պետականություն, սակայն ամեն օր այդ պետականությունը ճիշտ ուղու վրա դնելու, կոփելու եւ զարգացնելու հրամայականին առջեւ ենք կանգնած, որպեսզի այն չլինի սնամեջ, որպեսզի այն լինի ազգային ու հզոր. որպեսզի այն կարողանա իր շուրջ համախմբել, կազմակերպել հայ ժողովրդի ամբողջ կարողականությունն ու նպատակային դարձնի այն. որպեսզի ընդունակ լինի ապահովելու մեր ժողովրդի ազատ ու անկաշկանդ զարգացումն ու բարգավաճումը: Կերտել ենք պետականություն` սակայն առանց ճշտված ու մշակված հեռանկարի, առանց արդարության, սոցիալական արդարության հաստատման, իսկ առանց այդ բոլորի` այն չի կարող լինել ազգային, չի կարող լինել հզոր ու զարգացող պետականութիւն:

Դաշնակցությունը այլեւս տարագիր չէ, այլ` մեր Հայրենիքում, մեր երկրում ինքնավստահ ու ամուր ներկայություն, պետական, քաղաքական, հասարակական կյանքի մեջ իրական դերակատարութիւն ունեցող քաղաքական, գաղափարական ուժ: Ճիշտ է, մեր հասարակության քաղաքական կազմակերպվածության եւ զարգացման այս հանգրվանում, այլ ուժերի հետ միասին մաս ենք կազմում երկրի ղեկավարման գործին, սակայն միաժամանակ ապրում ենք անբավարարվածության մեծ ինքնազգացողություն: Մի կողմից մեր ծրագիրները, մեր բարոյական արժեքները իրականացնելու պարտաւորութեան` իսկ մյուս կողմում` կարելին անելու, հիմնականում` արտաքին ճնշումներից երկրի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու երկընտրանքի առջեւ ենք կանգնած:

Բայց հարցերի հարցը մենք ենք. պահենք մեր բարոյականությունն ու սկզբունքայնությունը բոլոր ասպարեզներում` պետական դիրքերի վրա գտնվելու ժամանակ, թե քաղաքական խաղերի մեջ. չտրվենք ընդհանրացած ապականված բարքերին ու սովորություններին. կուլ չգնանք երկրում առկա կոռուպցիային ու անարդարությամբ առավելություններ ձեռք ձգած խմբակցություններին եւ վստահ լինենք, որ 115 տարի առաջ մեկնարկված երթը շարունակվելու է, ապագան մերն է լինելու` ազատությանն ու արդարությանը:

Պետական գործին մասնակից ենք` փոխելու համար մեր ժողովրդի կյանքը. պետական գործին մասնակից ենք` որպեսզի ի ցույց դնենք ժողովրդի համար հոգատար, գաղափարական, քաղաքական պետական մարդու օրինակը: Լինենք անհանդուրժող` վրիպումների, սայթաքումների նկատմամբ, որպեսզի չկորցնենք մեր դեմքն ու ինքնուրույնությունը. որպեսզի ապահովենք մեր երկրի ու ժողովրդի հզորության ու բարգավաճման վաղվա օրը:

Ծավալել ենք ընդհանուր պայքար թշնամու դեմ` ցեղասպան Թուրքիայի դեմ, հանուն արդարության եւ Հայկական ցեղասպանության ճանաչման: Մեր իրավունքների վերականգման պայքարը, երբ թվում է թե անխուսափելիօրեն պետք է հանգի հաղթանակով, թշնամու եւ միջազգային ուժերի, օտարի ու այսպես կոչված յուրայինի համագործակցությամբ փորձ է արվում խեղաթյուրելու` մի կողմից ճանաչումը անջատելով պատասխանատվությունից եւ մյուս կողմից, փորձելով մեր պայքարը ներկայացնել իբրեւ ծայրահեղություն. հակա-Թուրքիա պայքարը ներկայացնելով հակաթուրք պայքար: Ռասիզմի ու ծայրահեղության զոհ մեր ժողովրդի դատը պաշտպանողներին վերագրվում է ռասիզմ ու ծայրահեղություն: Մենք հավատում ենք` մեր պայքարը բոլոր ցեղասպանության ենթարկված ժողովուրդների պայքար է, բոլոր ցեղասպան պետությունների դեմ ուղղված պայքար է, այն նաեւ պայքար է թուրք կամ ավելի ճիշտ` Թուրքիայի ժողովրդներին ի նպաստ, որպեսզի Թուրքիայի կողմից ծրագրված ու գործադրված ցեղասպանության մուրը մաքրվի թուրք ժողովրդի կենսագրությունից:

Փոխվել են ժամանակները ու փոխվում են նաեւ պայքարի միջոցներն ու ձեւերը, բայց էությունը մնում է անփոփոխ: Խօսքս աւարտում եմ Քրիստափորի հետեւեալ խօսքերով. «Մեզ վարանումներ չեն հարկավոր, այլ` հավատ: Մեզ խոսքեր չեն հարկավոր, այլ` գործեր: Մեզ թերահավատություն չէ հարկավոր, այլ` եռանդ: Մեզ տատանումներ չեն հարկավոր, այլ` վճռողականություն եւ հանդգնություն»:

Leave a Comment