RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Թուրքիայի այսօրվա պահվածքը ինձ հույս չի ներշնչում, թե այս հարբերություններում կարող է առաջընթաց լինել

Posted on September 26, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազւոյցը «Հորիզոն»-ին:

Սեպտեմբերի 20-21-ը ՀՅԴ Կանադայի ընտանիքի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը հաջորդաբար Տորոնտոյում ու Մոնրեալում կայացած` Հայաստանի վերանկախացման 17-ամյակի տոնակատարությունների գլխավոր պատգամը փոխանցեց:

– Հարավային Կովկասում ռուս-վրացական բախումներն ու դրանց հաջորդած միջազգային քագղաքական ճգնաժամն իրենց բացասական ազդեցությունը ունեցան տարածաշրջանի կայունության վրա: Այսօր` ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպե՞ս կբացատրեք քաղաքական ներկա իրավիճակը:

– Փաստորեն, այն, ինչ տեղի ունեցավ Հարավաին Կովկասում, նոր աշխարհակարգի, նոր բեւեռների ձեւավորման գործընթաց էր: Ռուսաստանը ռազմական այս գործողությամբ փորձում էր նվաճել իր ազդեցության գոտին: Ռուսական այս քայլով, թվում է, թե երկար տարիներ գոյություն ունեցող միաբեւեռ քաղաքական աշխարհի դրությունը դառնում է բազմաբեւեռ: Ես հատուկ նշում եմ «թվում է» բառը, որովհետեւ նշված միջազգային զարգացումները դեռ իրենց ավարտին չեն հասել: Այսինքն` վաղ է
վերջնական որեւէ եզրակացության հանգել, որովհետեւ տարածաշրջանում իրադրությունը փոխվում է ամեն օր:
Բոլորիս հայտնի է ռուսական քաղաքական ազդեցության նախկին դաշտում իրարահաջորդ արեւմտյան հովանավորությամբ կայացած գունավոր հեղափոխությունների պատմագրականն ու ժամանակարությունը: Այսօր, փաստորեն, ռուսական կողմը փորձ է անում սանձել այս «հեղափոխությունները» եւ իսպառ վերջ տալ դրանց կայացման փորձերին: Հետայսու Ռուսաստանի եւ Արեւմուտքի ազդեցությունների շփման գիծը կանցնի Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի սահմաններով:
Այս բոլորը, սակայն, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Մեր երկիրը գտնվում է բավական զգայուն տարածաշրջանում: Ինչպես գիտեք, մեր հյուսիսի հարեւանը` Վրաստանը, իր քաղաքական ուղղվածությամբ փորձում էր ընդգրկվել ՆԱՏՕ-ի մեջ եւ նախկին խորհրդային երկրների շարքից առաջինն էր, որ փորձում էր դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից: Այս բոլորը, սակայն, Հայաստանի համար ստեղծում էին բազմաբնույթ բարդություններ: Վերջին հաշվով, վրացական քաղաքական այդ
ընթացակարի պատճառով մեր երկիրը կտրվում էր իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:
Այսօրվա դրությամբ այդ բարդությունները դեռեւս չեն չեզոքացել: Փաստորեն, Հայաստանի այն ճանապարհը, որով ապահովվում է Հայաստանի վառելանյութի եւ տնտեսական այլ կենսական արտադրությունները վիթխարի տոկոսը, անցնում է Վրաստանով: Այս վերջին իրադարձությունների հետեւանքով, եւ ես կասեմ` ինչ-որ տեղ նաեւ վրացական կենտրոնական
իշխանությունների որոշ մեղսակցությամբ, այս ճանապարհները խափանվեցին: Ռուս-վրացական այս վերջին առճակատման պատճառով, Վրաստանից հետո ամենամեծ վնասներ կրողը եղել է Հայաստանը:

– Ուշագրավ էր կովկասյան ճգնաժամի ժամանակահատվածում Հայաստանի շրջափակումը շարունակող եւ Հայոց Ցեղասպանությունը ուրացող Թուրքիայի Հանրապետության նախաահի այցը Հայաստան: Ինչպե՞ս կբացատրեք
քաղաքական այս զարգացումը:

– Կովկասյան իրադարձութուններին հաջորդած հանգվանում Թուրքիան մի հետաքրքիր նախաձեռնություն հանդես բերեց, որը կոչվում է «Կովկասյան խաղաղության նախագիծ»: Այս ծրագով Անկարան փորձում է ավելի ազդու ներկայություն դառնալ տարածաշրջանում: Այս ձեւով Թուրքիան փորձում է որոշակի փոփոխություն ներմուծել իր արտաքին քաղաքականության մեջ:
Այսինքն` Անկարան դեպի Եվրոպա իր նախկին ուղղվածությունն այսօր փոխում է եւ դրա փոխարեն ստանձնում է Փոքր Ասիայում եւ Կովկասյան տարածաշրջանում քաղաքական կացությունը դասավորողի կամ համակարգողի դերակատարությունը: Մի խոսքով` տեղի է ունենում վերադարձ դեպի քեմալական Թուրքիա: Այսինքն` փորձում է լավ հարաբերություններ մշակել Ռուսաստանի հետ` առանց խզելու իր հարաբերությունները Միացյալ Նահանգերի հետ:
Իհարկե, թուրքական այս նախաձեռնությունը կանգնած է բազմաթիվ հարցականների դեմ հանդիման: Առաջին հերթին, տարածաշրջանում համագործակցության ինչ-որ դաշտ ձեւավորելու համար անհրաժեշտ է դառնում այդ ծրագրում ընդգրկել Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: Եթե նշված պետություններից որեւէ մեկը դուրս է մնում սույն ծրագրից, այդ համաործակցությունը թերի է լինելու եւ, բնականաբար, չի հաջողվելու: Այս ուղղությամբ Թուրքիան այսօր փորձում է հիշյալ նախաձեռնությունից դուրս թողնել Իրանին: Այս մեկը, անշուշտ, ի վնաս Հայաստանի շահերի է:
Առկա է նաեւ այն իրողությունը, որ տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու համար Թուրքիան հարմար երկիրը չի կարող լինել, որովհետեւ նախեւառաջ շրջափակում է Հայաստանը, երկրորդ` հայ-ադրբեջանական հակամարտության գծով շահագրգիռ կողմ է: Քաղաքական իր նոր դերակատարությունը հաջողեցնելու համար Թուրքիան ստիպված էր հարաբերություններ սկսել Հայաստանի հետ: Հայաստանը, իր հերթին, ռուս-վրացական ճգնաժամի հետեւանքով հյուսիսային իր ճանապարհի փակման պատճառով չի կարող դեպի աշխարհ իր ելքի ամբողջական րավը դնել Իրանի ճանապարհի վրա, որովհետեւ այնտեղ էլ կան աշխարհաքաղաքական բարդ գործոններ: Այս բոլորին գումարած` Ռուսաստանն ինքը եւս շահեր ուներ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու կամ սերտացնելու առնչությամբ:
Այս ձեւով պատկերն ավելի քան ամբողջական է դառնում, թե ում շահերն էին համընկնում նման հարաբերությունների նախասկիզբը հաստատելու համար: Ներկա դրությամբ, սա այն պահն է, երբ բոլորը շահագրգռված են նման հարաբերություններ սկսելու: Թեեւ, ասեմ նաեւ, որ Գյուլի` Հայաստան այցելությունից հետո արդեն անցել է ավելի քան 14 օր, եւ ցայսօր Հայաստանի ցուցաբերած բարյացակամ կեցվածքը ճիշտ արձաանք չի գտել Անկարայում: Վերջին օրերի այն
ապատեղեկատվական լուրերը, որ հաղորդում են թուրքական լրատմիջոցները, պարզ ապացույց են, որ Անկարան այս հարցով այնքան էլ բարյացակամ վերաբերմունք չի ցուցաբերում: Թե ապագայում ի՞նչ ընթացք կստանան այս հարաբերությունները` հստակ չէ: Այսօրվա դրությամբ դրանք կրում են ձեւական բնույթ: Թուրքիայի այսօրվա պահվածքը ինձ հույս չի ներշնչում, որ կարող է այս հարաբերություններում
առաջընթաց լինի:

– Բաքվի իշխանությունները երբեք չեն դադարեցրել իրենց ռազմական սպառնալիքները: Տարբեր առիթներով նույնիսկ զինադադարը խախտելու ռազմական քայլեր է ձեռնարկել: Ինչպե՞ս եք բացատրում Բաքվի այս
ընթացքը:

– Անցած մարտի 1-ի հայաստանյան ներքաղաքական դեպքերին հաջորդած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ոտնձգությամբ չի ավարտվում հարցը: Հաճախակի են դարձել սահմանային բախումները: Այս ամբողջը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հույսը դրել է ռազմական միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու վրա: Բաքվի այս
ռազմատենչ քաղաքականության պատճառով Ղարաբաղի բանակցությունները չեն արդյունավորվում:
Պատերազմի վտանգը միշտ առկա է Ղարաբաղում: Սակայն Հարավային Օսիայի փորձը ցույց տվեց, որ զենքով ու պատերազմով անկարելի է լուծել շրջանում առկա ճգնաժամերը: Մենք պետք է այսօր այլ կերպ մոտենանք Արցախյան հիմնահարցին:
Հայաստանը, որը մինչեւ այսօր տերն է եղել Արցախի ժողովրդի կյանքի անվտանգության, ռազմավարական դաշինք պետք է ստորագրի ԼՂՀ իշխանությունների հետ: Այլ հարթության մեջ բանակցությունների նախապայման պետք է ընդունենք խաղաղության դաշնագրի ստորագրումը Արցախի եւ Ադրբեջանի միջեւ: Նման խաղաղության պայմանագիրը,
անհրաժեշտ է, որ ունենա նաեւ միջազգային ուժերի երաշխավորությունը:

– ՀՅԴ-ն այսօր անդամ է կոալիցիոն (համաձայնական) կառավարության: Սակայն միշտ հայտարարել է, թե գոյություն ունեն մի շարք պայմաններ, որոնք պետք է հարգվեն կոալիցիայի մյուս անդամների կողմից: Ի՞նչ պայմաններ են դրանք:

– Բոլոր պայմանները պաշտոնապես արձանագրվել են համաձայնագրում: Համագործակցության համար, մեր երկրի առողջ զարգացման համար նման քաղաքական համաձայնական դաշինքին կամ կոալիցիային մաս կազմելը դրական երեւույթ է: Սակայն մենք ունենք մի շարք կարմիր գծեր, լուսանցքներ: Այդ կարմիր գծերը վերաբերում են Ղարաբաղի հարցին, Հայկական պահանջատիրությանը, հայ-թուրքական հարաբերություններին: Այդ կարմիր գծերի սահմանների խախտումն ինքնաբերաբար վերջ է դնում կոալիցիայում մեր անդամակցությանը: Քանի դեռ մենք կարողանում ենք կոալիցիայում մեր ներկայությամբ
դրականորեն ազդել երկրի տնտեսական-սոցիալական զարգացման գործընթացի վրա, ուրեմն` նման համաձայնական կազմում մեր գոյությունը իմաստ ունի: Այն օրը, երբ կնկատենք, որ մեր ներկայությունն այնտեղ պարզապես ձեւական է, վստահ եղեք, որ մենք այնտեղ չենք լինի: Բայց այսօր արդեն ամիսներ են անցել կոալիցիայի կազմումից, եւ մենք գոհ ենք մեր գործընկերների հետ համաործակցությունից: Ձեռք բերված արդյունքները դրական էին:

– Ընկեր Մարգարյան: Սա Ձեր երրրորդ այցելությունն է Կանադա: Ի՞նչ
տպավորություններ ունեք տեղի հայ գաղութից եւ ի՞նչ պատգամ ունեք փոխանցելու կանադահայությանը:

– Կանադահայությունը յուրահատուկ գաղութ է: Տարբեր շրջաններում հայ համայնքների դիմագրաված դժվարություններն այստեղ գոյություն չունեն: Կանադայի հայության մեջ ես նկատել եմ հայրենասիրության զգացումի
զորությունը: Ավելին, կանադահայությունն այսօր Երեւանում ներկայություն է: Կանադահայությանն այսօր վիճակված է մեծ դերակատարություն մեր համահայկական օրակարգերի լուծման ործում: Կարծում եմ, որ հայրենիքի օժանդակության ուղղությամբ այս գաղութը միշտ ճիշտ ընթացքի մեջ է եղել: Եղել է օրինակելի վերաբնակեցման, Հայաստանի սահմանամերձ գյուղերի օժանդակության հարցերում, Հայ Դատի պայքարում: Կանադայում պետական մակարդակով Հայոց Ցեղասպանության բանաձեւի ճանաչումը այս գաղութի համար մեծ նվաճում էր:

Հարցազրույցը` Վահագն ԳԱՐԱԳԱՇՅԱՆԻ

Leave a Comment