RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Տապալելու ենք այս բովանդակությամբ ստորագրված արձանագրությունները

Posted on November 19, 2009, by , under Ելույթներ.

 

Նոյեմբերի 15-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթ է ունեցել Փարիզում կայացած «ՈՉ»-ի հանրահավաքին, որը նախաձեռնել էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Ռամկավար Ազատական կուսակցությունը` մի շարք այլ կազմակերպությունների համագործակցությամբ:

 

Հարգելի եւ սիրելի ժողովուրդ,
երբ նախապատրաստում էի սույն ելույթի թեզերը, ակամա հիշեցի մի դիպված. ապրիլի 22-ի գիշերը՝ լույս 23-ին, հրատարակվել էր Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միացյալ՝ ձեզ ծանոթ տխրահռչակ հայտարարությունը։

Ապրիլի 23-ի առավոտյան՝ ՀՅԴ Բյուրոյի նիստից հետո, պայմանավորված հանդիպում ունեի մի քաղաքացու հետ։ Տրամադրություն չունեի, բայց նախապես ճշտված ժամադրություն էր եւ խուսափել չկարողացա։ Հանդիպեցինք։ Քաղաքացին, որ կուսակցությանս համակիր մի անձ էր, խնդրում էր անձնական կարեւոր մի հարցով միջնորդություն անել։ Պատասխանեցի, որ քիչ առաջ Բյուրոյի նիստ էր, եւ որոշել ենք կոալիցիայից դուրս գալ, հետեւաբար չենք կարող նման հարցում իրեն օգտակար լինել։ Մտածում էի, որ հուսախաբություն պատճառեցի նրան եւ սպասում էի համապատասխան հակազդեցության։ Բայց, ի զարմանս ինձ՝ նա, վայրկենական ուրախության բացականչությամբ, ցատկեց տեղից ու ասաց. «Բան չկա, ցավդ տանեմ, ձեզ վայել չէր այս տեսակ իշխանության հետ լինել, ես շատ ուրախ եմ, շնորհավորում եմ», ու հեռացավ։

Արդարեւ, հետադարձ հայացք նետելով վերջին մեկ տարվա անցուդարձին՝ պետք է խոստովանել, որ անցած մեկ տարում, կառավարության մաս կազմելու համար, մենք ծանր գին վճարեցինք. հաճախ չհասկացվեցինք մեր համակիրների կողմից, հաճախ անտեղի քննադատությունների թիրախ դարձանք։ Ընդ որում, գործում էինք խիստ աննպաստ տարածաշրջանային իրավիճակում, ներքաղաքական անհանդուրժող, պայթյունավտանգ դրության եւ, դրան ի տես, իշխանությունների վարած հայտնի քաղաքականության պայմաններում։ Բայց մենք մաս կազմեցինք կառավարության՝ այս ամենը հաշվի առնելով եւ երկու հիմնական պատճառներով.

1. Որպեսզի 1998թվականից որդեգրված պետական քաղաքական ուղեգծի մեջ բեկում տեղի չունենա եւ, ի հակադրություն նախորդ իշխանությունների վարած քաղաքական կուրսի, այն մնա անփոփոխ՝ որդեգրված ազգային քաղաքական հոլովույթի եզրում։

2. Ի տես ներքաղաքական գերլարված իրավիճակի՝ թույլ չտալու համար, որ օրըստօրե ահագնացող արտաքին վտանգը սպառնա ազգային ինքնիշխանության։

Վերացակա՞ն էին, արդյոք, մեր մտահոգությունները։ Կյանքը ցույց տվեց, որ՝ ոչ։ Իհարկե, մենք ամբողջությամբ չհաջողեցինք։ Բայց եթե մաս չկազմեինք կառավարության՝ ձախողելու էինք շատ ավելիով, ստանալով առավել ծանր, անդառնալի կորուստներ։

Սակայն, չնայած մեր հետեւողական աշխատանքիներին, արձանագրվեց, ի տես օտար ճնշումների, ազգային քաղաքական ուղեգծից շեղման փաստը. մենք չվարանեցինք եւ անմիջապես լքեցինք կառավարությունը։ Հեռացանք մեր ձեւով՝ մաքուր, հանգիստ, քաղաքակիրթ։ Մենք ազգային պետականության ու ինքնիշխանության գործի զոհասեղանին դրեցինք մեր կուսակցության ե’ւ վարկը ե’ւ հեղինակությունը։ Ի պատիվ մեր հայաստանյան կառույցի՝ այն չմսխեցինք եւ այսօր բաց ճակատով կանգնած ենք հրապարակի վրա։

Այսօր ինձ համար շատ ավելի դյուրին է հանդես գալ, որովհետեւ մի երկու օր առաջ ընդարձակ ելույթ ունեցավ մոտ անցյալում ՀՀ գլխավոր ընդդիմադիր ճակատի՝ Կոնգրեսի, իմա՝ ՀՀՇ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Իր բացատրություններով, իրեն հատուկ գնահատականներով նա մեծապես օգնեց ՀՀ քաղաքական դաշտի իրական ներկապնակի ներկայացմանը՝ առիթ ընձեռնելով նաեւ մեզ՝ եւս մեկ անգամ կատարելու մի շարք հստակեցումներ։
Կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել ԼՏՊ-ի ելույթի մի քանի հաստատումների վրա։

1. Արձանագրում է փաստը եւ ըստ էության հայտնում է իր գոհունակությունը, որ ՀՀ նախագահը, ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսպիսի արձանագրություններ՝ հեռանում է 1998թ. իշխանափոխությամբ սկիզբ առած ազգային ուղեգծից։

2. Ներկայացնում է ազգային ուժերի, ի մասնավորի՝ Դաշնակցության, վտանգը Սերժ Սարգսյանի իշխանության համար, եւ թվում է, թե առաջարկում է համագործակցություն։ Բայց իրականում, իրեն բնորոշ մեծամտությամբ, նախագահ Սերժ Սարգսյանին, այսպես ասած, թույլ է տալիս հանձնվել իրենց, Դաշնակցությունից եւ մյուս ազգային ուժերից պաշտպանվելու եւ իշխանության դիրքը ձեւականորեն պահպանելու համար։

3. Կրկին հայ հասարակությունը տարանջատելով իրատեսականների եւ հայդատականների (բոլորս դեռեւս հիշում ենք նարինջ ուտողների եւ հայաստանցիների բաժանման բանաձեւը)՝ աշխարհի բոլոր նախկին մեղքերը վերագրում է Դաշնակցությանը եւ մյուսներին՝ փորձելով իրեն եւ նախագահ Սերժ Սարգսյանին զերծ պահել պատասխանատվությունից։

Նույնիսկ այսօրվա իրենց պահվածքի ու քաղաքականության համար պատասխանատու է համարվում անցյալը։ Ավելին՝ թերեւս 1990-ականների իր տխրահռչակ բառակույտի գզրոցից հանելով՝ ԼՏՊ-ն մեղադրանք է ներկայացնում մեզ արձանագրությունների դեմ պայքարը ռեալ քաղաքականությունից գաղափարական դաշտ տեղափոխելու համար՝ իր խոսքին կշիռ տալու համար կատարելով հաստատումներ. «Հայ Դատը կամ այլ կերպ՝ պահանջատիրությունը, պետականազուրկ ազգին վայել դավանանք է», այն «ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ», «Քաղաքականության եւ իրավագիտության մեջ պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի, չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով եւ այլն»։

Իրականում ի՞նչ է կատարվում, երկար ժամանակից ի վեր ի՞նչ խաղ է խաղում նա։ Հիշեցնեմ մի քանի ամսվա վաղեմություն ունեցող իրավիճակը:

Հայ-թուրքական հարաբերություններում ՀՅԴ հավասարակշռված, հիմնավոր եւ սկզբունքային դիրքորոշումը եւ դրան հետեւած քաղաքական քայլերը ծանր կացություն էին ստեղծել ընդդիմության ղեկավարությունը ստանձնած ՀՀՇ-ի համար։ Երկրում ձեւավորվում էր նոր ընդդիմադիր դաշտ, որն ուներ ամուր գաղափարական հիմք, հավասարակշռված եւ ծանրակշիռ քաղաքական ուժի հեղինակություն, կայուն եւ հավատարիմ ընտրազանգված։ ԼՏՊ-ի՝ արտաքին աշխարհի պատվերը կատարելու, նրան դուր գալու, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը փաստորեն սատարելու քաղաքականությունը հակասության մեջ էր մտնում իր ընտրազանգվածին բավարարելու խնդրի հետ։ ՀՅԴ վճռական քայլերը, արձանագրությունները չստորագրելուն ուղղված շարժմանը հասարակության լայն աջակցությունը մեկուսացման եւ առաջնորդի լուսապսակի կորստի իրական վտանգ էին ստեղծել վերջինիս համար։

ՀՀՇ-ն կամ Կոնգրեսը, որ արյուն քրտինքի մեջ էր մտել Սերժ Սարգսյանին տապալելու համար, արձանագրությունների նախնական ստորագրումից հետո սեպտեմբեր ամսին, երկար դադարից հետո՝ իրենց դիմումի համաձայն, ստացել էին 4 օր շարունակ հանրահավաք եւ երթ կազմակերպելու թույլատվություն։ Դա զուգադիպել էր արձանագրությունների նախնական ստորագրման եւ ՀՅԴ-ի պայքարի հրապարակ դուրս գալու հետ։ Հետաքրքիր է, ամիսներ շարունակ մեզ պասիվության համար մեղադրող, կեղծ ընդդիմություն որակող ու միաժամանակ սպառնալիքներով համագործակցության հրավիրող ՀՀՇ-ն չմիացավ սկսվող շարժմանը՝ գերադասելով քայլել առանձնաբար։

Չմիացավ՝ հիանալի գիտակցելով, որ թեեւ տարբեր նպատակադրումով՝ բայց նույն իշխանության դեմ ընթացող պայքարը իրենց շահերից պիտի բխեր։ ՀՀՇ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախընտրեց քաշվել հրապարակից, պասիվանալ, միայն ու միայն մի նպատակով՝ փրկել արձանագրությունները՝ թեկուզեւ Սերժ Սարգսյանին պահպանելու գնով։

Ես չգիտեմ՝ ԼՏՊ-ն արդեն իսկ կուլիսների հետեւում հասե՞լ է համաձայնության Սերժ Սարգսյանի հետ, եւ հրապարակով հայտարարվածը ուղղակի ձեռք բերված համաձայնության դրսեւորումն է, թե՞ ոչ։ Թերեւս սա ԼՏՊ-ական հերթական արկածախնդրությունն է։ Չեմ ուզում հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է վերջնականորեն հրաժարվել 1998թ. իր իսկ մասնակցությամբ որդեգրված ազգային ուղեգծից, հոկտեմբերի 10-ի իր հրապարակած ուղերձից, վերջնականապես երես թեքել իր թիմակիցներից եւ հանձնվել ՀՀՇ-ին։ Դժվար է պատկերացնել, բայց ամեն ինչ առջեւում է`«կապրենք՝ կտեսնենք»:

Սիրելի բարեկամներ, խնդրում եմ ձեր հիշողության մեջ վերականգնել 1998 թվականը, քանզի այն ջրբաժան էր ՀՀ պատմության մեջ։ Երկիրը ապաշնորհ եւ գաղափարազուրկ կառավարման շնորհիվ հասել էր ծայրաստիճան հյուծման եզրին, կեղծված էին նախագահական եւ պառլամենտական ընտրությունները, Սփյուռքն ու Հայրենիքը պառակտված էին, Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ էր։ Միայն ազգային տեսլական ունեցող ուժերի համախմբումն էր ունակ վերականգնելու ավերվածը եւ պետության ղեկը ուղղելու նոր ուղղությամբ։ Ժամանակի ղեկավար ուժի՝ ՀՀՇ-ի եւ ՀՀ առաջին նախագահի ձախողումը քաղաքական այդ մտածողության կրախն էր։ 1998-ին ՀՀՇ-ից ու Լեւոն Տեր- Պետրոսյանից անջատվեց ազգային թեւը, ու տեղի ունեցավ ջրբաժանը։

ՀՅ Դաշնակցությունը այդ ծանր օրերին վճռաբար ստանձնեց իր բաժին պատասխանատվությունը։ Մենք հասկանում էինք, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժերի համախմբման մեջ մեր ազդեցության աստիճանը սահմանափակ էր։ Երկրի կառավարման, ժողովրդավարության եւ օրինապաշտության պահպանման բնագավառներում կային երեւույթներ, որ անհարիր էին մեր սկզբունքների հետ։ Բայց մենք հասկանում էինք, որ մեծ հիմնախնդիրը՝ ՀՀ ազգային պետական շահերից բխող ուղեգծի ձեւավորման գործընթացը, ճիշտ զարգացման ընթացքի մեջ է։ Որոշումը գիտակցված էր, որովհետեւ ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի անկախացումից ի վեր ասպարեզ էր իջել իբրեւ գաղափարական քաղաքական ուժ, որը հավատում էր, որ Հայաստանի անկախությունը, անվտանգ գոյությունը եւ հարատեւությունը նոր ստեղծվող պետության հիմքերում դրվող գաղափարախոսության մեջ է, քանզի՝

ա. հնարավոր չէր հարյուրամյակների արհավիրքներից եւ պետության չգոյությունից հետո առանց տեսիլքի եւ երազանքի անկախություն կերտել։

բ. հնարավոր չէր աշխարհաքաղաքական խիստ բարդ իրավիճակում կառուցել պացիֆիզմի, իրավիճակային լուծումների եւ զուտ անձնական բարեկեցության ապահովման խնդիրներ լուծող հասարակական կացութաձեւ եւ երկիր։

գ. հնարավոր չէր հասնել որեւէ հաջողության միայն նախկին Սովետական Հայաստանի բնակչության ներուժին ապավինելով։

դ. հնարավոր չէր որեւէ կարգի զիջումով խաղաղություն մուրալ մեր անմիջական երկու հարեւաններից եւ մնալ արժանապատվություն ունեցող եւ միջազգային հարգանք վայելող պետության կարգավիճակում։
Ավելի քան հարյուրամյա մեր փորձը ուղղակի ստիպում էր ՀՅԴ-ին՝ Հայաստանի պետականաշինության երկար ճանապարհին պայքարել մեր հասարակության գաղափարականացման, ժողովրդին համախմբող, միավորող եւ հուսադրող արժեքահամակարգի վրա հենված պետություն ունենալու համար։ Տվյալ ժամանակաշրջանի ՀՅԴ հիմնական նպատակը երկրի զարգացման ազգային ուղեգիծը անշրջելի դարձնելն էր, նրա ազդեցության հաստատումն էր կյանքի բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականության մեջ, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, տնտեսական, քաղաքական, կրթամշակութային դաշտերում։

Իրատեսակա՞ն է այս տեսակ քաղաքականությունը, արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանելը կարո՞ղ է գնահատվել իբրեւ ծայրահեղ եւ անիրատեսական՝ թողնում եմ ձեր դատին։
Այսօր այս առիթով ուզում եմ անդրադառնալ եւս մի քանի կարեւոր հարցերի. առաջին փաստ է, որ տարածաշրջանում դերակատար միջազգային քաղաքական ուժերի կողմից առկա էր ճնշում՝ նաեւ ՀՀ իշխանությունների վրա, հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման համար, սակայն ինչո՞ւ մենք չկարողացանք դիմակայել արտաքին ճնշումներին։

Որովհետեւ. արտաքին ճնշումն ուներ մեր մեջ ճնշման հավելյալ լծակ։ Դա այսպես կոչված գունավոր հեղափոխության կամ թավշյա հեղափոխության իրականացման սպառնալիքն էր։ Արտաքին ճնշումներին այն պետություններն են կարողանում դիմակայել, որ ի վիճակի են հենվել ներքին ուժերի ու ժողովրդի վրա։ Նման փորձ չարեցին մեր իշխանությունները՝ քաջ գիտակցելով, որ սոցիալական անարդարության մեջ ապրող ժողովուրդը, որ ամեն օր դիմակայում է երկրում տարածված կոռուպցիային, խտրականության երեւույթների դառը հետեւանքներին, որեւէ իշխանության համար հենարան լինել չի կարող։

Մենք հետամուտ ենք լինելու մեր երկրում սոցիալական արդարության եւ ժողովրդավարության հաստատման գործին՝ իբրեւ նաեւ ազգային անհրաժեշտություն, որովհետեւ ազգային հարցեր ունեցող որեւէ ժողովրդի համար սոցիալական արդարության հաստատումը անխուսափելի անհրաժեշտություն է ազգային անկախ ինքնիշխանություն ունենալու համար։

Երկրորդ՝ արձանագրությունների չափ եւ նրանից էլ ավելի վտանգավորը ազգային պառակտումն է։
Մենք զգոն պետք է լինենք։ Ազգային պառակտման հետամուտ է Թուրքիան, որն ուղղակի ցանկանում է սեպ խրել Սփյուռքի եւ Հայրենիքի մեջ, ազգային պառակտմանը կամա-ակամա օգնում են ՀՀ իշխանությունները, որոնք պետական քարոզչամիջոցներով օրեր շարունակ փորձեցին ՀՀ քաղաքացիների, քաղաքական շրջանակների, մտավորականության տեսակետները արձանագրությունների հարցով միակողմանի ներկայացնել։ Ազգային պառակտմանը նպաստում են բոլոր պատասխանատու անձինք՝ միեւնույն ազգի տարբեր հատվածների մասին վերագրումներով լի անպատասխանատու ելույթներով։ Բայց մենք պետք է զգոն լինենք։

Իրականությունն այն է,- եւ դա ձեզ ասում ենք ամենայն պատասխանատվությամբ,- որ մեր ազգի բոլոր հատվածները նույն համաչափությամբ են արձագանքում արձանագրությունների հարցին։ Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մեր հայրենի ժողովուրդը 70% եւ ավելիով դեմ է արձանագրություններին. վկա՝ հոկտեմբեր 9-ին Երեւանում տեղի ունեցած երթը, որն աննախադեպ էր։ Այդպիսի ժողովրդական ներկայության ականատես ենք եղել միայն Ղարաբաղյան շարժման սկզբնափուլում։

Գիտակցաբար եւ ինքնաղեկավարումով պետք է խուսափել՝ պաշտոնական բեմերում կամ առանձին կենցաղային զրույցներում, այն բոլոր արտահայտություններից, որոնք կարող են, այսպես թե այնպես, նպաստել ազգի պառակտմանը։ Մենք մեկ ազգ ենք եւ ունենք մեկ Հայրենիք ու մեկ պայքար, աչքի լույսի պես պահենք մեր մեկությունը եւ զանազանենք իրարից՝ ապաշնորհ իշխանությունների, ապազգային քաղաքական շրջանակների հարցը մեր պետականությունից ու մեր ժողովրդից։ Ապա թե ոչ՝ ճիշտ չենք լինելու, անարդար ենք լինելու եւ, վերջապես, ակամա հակազգային ենք դառնալու։

Երրորդ հարցը, որին կուզենայի անդրադառնալ, այն է՝ չհուսահատվել։ Արձանագրությունների ստորագրումով ամեն բան չի վերջանում, իրականում այն նոր սկիզբ է մեր պայքարի համար, մենք հավատում ենք. մեր պայքարը հաղթանակելու է, արձանագրությունները տապալվելու են վերջնականապես, դա լինելու է առաջիկայում Սահմանադրական դատարանում, ապա՝ Ազգային Ժողովում եւ, վերջապես, կյանքում ամեն օր դրանց իրականացման պահերին։ Բայց մենք ստիպելու ենք, պարտադրելու ենք, մենք ունենք մեր ժողովրդի զորակցությունը, մենք, փաստորեն, տապալելու ենք այս բովանդակությամբ ստորագրված արձանագրությունները։

Չհուսահատվե’լ, շարունակե’լ պայքարը՝ մի կողմից ամեն օր եւ ամենուր շարունակաբար լսելի դարձնելով մեր բողոքի ձայնը ՀՀ իշխանություններին, մյուս կողմից՝ բոլոր միջազգային քաղաքական ասպարեզներում արծարծելով մեր պահանջատիրությունը։ Շարունակել պայքարը, որպեսզի Թուրքիան եւ աշխարհը հասկանան, որ ինչ-որ իշխանությունների, թող լինի հայկական, բայց ժամանակավոր իշխանությունների հետ, համաձայնության գալով չեն կարող լռեցնել հայ ժողովրդի պահանջատիրական ձայնը։ Չեն հաջողելու, որովհետեւ անանց, անքննելի արժեքների եւ համաժողովրդական աջակցության վրա է հիմնված մեր պայքարն ու մեր Դատը։

Leave a Comment