RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մեր ժողովրդի հաւատքով պայքարը մեզ միշտ կը պահեն առաւելութեան մէջ

Posted on March 15, 2011, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱԼԻՔ» օրաթերթին:

Պրն. Մարգարեան, վերջին ժամանակաշրջանում աֆրիկեան, ինչպէս եւ Մերձ. Արեւելքի արաբական երկրներում ընթացող ազատախոհական ու սոցիալ-տնտեսական ընդվզումները բնութագրւում են որպէս դոմինոյական յաջորդականութիւն եւ համարւում նախադէպ` տարածաշրջանի միւս երկրների համար: Ըստ Ձեզ` դրանք կարո՞ղ են նախադէպ լինել առհասարակ մեր տարածաշրջանի եւ մասնաւորապէս, ասենք, Հայաստանի համար:

– Գիտէք, առաջին հերթին, բոլոր ժողովուրդների այսպէս ասած պոռթկումը`անարդարութեան դէմ, բռնութիւնների դէմ եւ սոցիալական ապահովութեան համար տեղի ունեցած, խրախուսւում է, քաջալերւում է, գնահատւում է, եւ այդ առումով`դրանք բոլորը դրական երեւոյթներ են, բայց կայ նաեւ մի հարց, որ պոռթկումը աւելի շատ ընդդէմ երեւոյթ է, այսինքն` ընդդէմ բռնութեան, ընդդէմ անարդարութեան համար կատարւած երեւոյթ է: Բայց, դրա մէջ պակասում է այն հանգամանքը, որ ինչն է գալիս փոխարինելու տւեալ բռնապետութեան, տւեալ անարդարութեան, տւեալ անհաւասարութեան եւ անպայման չէ, որ պոռթկումը բերի դրական արդիւնքի: Սա այն մասն է այս երեւոյթի, որ ինձ անձամբ մտահոգում է, որովհետեւ ես տեսնում եմ տարերային պոռթկումներ, բայց չեմ տեսնում կազմակերպւած յեղափոխութիւններ եւ ճիշտ հէնց այս իմաստով` ես չէի ուզենայ, որ դա տարածաշրջանում կրկնւէր, մանաւանդ մեր երկրում, թէպէտ մեր երկիրը ընդդէմի համար պակաս պատճառ չունի եւ պէտք էլ չունէր հաւանաբար ուրիշներից սովորելու. ընդդէմի համար կայ բաւարար պատճառ`պոռթկալու, ապստամբելու, փոխելու, իսկ փոփոխութիւն մտցնելու անհրաժեշտութիւնը Հայաստանում շատ մեծ է. դրա համար ամէն ինչ էլ հնարաւոր է: Բայց, անկեղծ ասած` ես չէի ցանկանայ, որ դա լինէր պոռթկումի ձեւով. ես կը ցանկանայի յանունի համար պայքար տեղի ունենար, ես կը ցանկանայի, որ մեր ժողովուրդը իմանար ինչն է ուզում փոխարինել եղածով, որովհետեւ հէնց այստեղ է մեր հիմնական խնդիրը, ճիշտ այստեղ է մեր հիմնական ցաւը, մենք նոր ենք ամենամեծ բռնապետութիւնը թօթափել` խորհրդային բռնապետութիւնը թօթափել: Մենք այս ընթացքում էլ մի քանի անգամ փորձել ենք փոփոխութիւններ մտցնել. յաճախ չենք ստացել բաւարար արդիւնք, յաճախ չենք ստացել այն պայմանները, այսինքն`չեն կայացել այն պայմանները, որոնցում մեր ժողովուրդը ունենայ ազատութեան եւ զարգացման համար լիակատար հնարաւորութիւններ: Ինչո՞ւ, որովհետեւ մենք չենք իմացել, թէ ինչն ինչով ենք ուզում փոխարինել եւ ես կը ցանկանայի, որ դրանից մեր երկիրը հեռու մնար, կը ցանկանայի`մեր երկիրը բնականոն զարգացում ունենար, ընտրութեան միջոցով զարգացում ունենար, ընտրութիւններն էլ լինէին յանունի ընտրութիւն, ոչ թէ`ընդդէմի, որովհետեւ ընդդէմը, ասացի, կայ եւ նախորդ ընտրութիւնների ժամանակ էլ միշտ դերակատար է եղել ընդդէմը եւ երբեք`յանունը: Յանունը, որը պէտք է լինի ինչ-որ ծրագրի, ինչ-որ տեսութեան, ինչ-որ մօտեցումի համար ընտրութիւններ: Բաւարար չէ, որ մենք դժգոհում ենք, պէտք է նաեւ իմանանք`դժգոհութեան հիմքերը եւ որ ինչով պէտք է վերանան այդ դժգոհութիւնները: Կը ցանկանայի`մեր երկիրը հեռու մնար այդ ցնցումից:

– Սոչիում օրերս կայացաւ այսպէս ասած հերթական հանդիպում` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նախագահների մակարդակով: Արդեօք որեւէ առաջընթաց Արցախեան հարցի կարգաւորման առումով կարելի՞ է ակնկալել յիշեալ հանդիպման արդիւնքում:

– Ճիշտն ասած`ես լրատւութիւնից եմ տեղեակ, այնքանով, որ հաւանաբար դուք եւ միւսներն են տեղեակ, իսկ լրատւութիւնն ասում է, որ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Նոյնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ շեշտւում էր, որ ինչ-որ ծրագրի շուրջ եղել է համախոհութիւն, որ պէտք է շարունակել. այս անգամ դա էլ չկար: Խօսւեց ընդհանրապէս խորհրդակցութեան մասին: Գիտէք, հարցը, վերջապէս, աշխարհի համար էլ այսօր յստակ է`քանի դեռ Ադրբեջանը իր յոյսը դրել է նաւթի եկամուտների վրայ եւ կարծում է, որ սպառազինելով, հզօրացնելով բանակը`կը կարողանայ զէնքի միջոցով Ղարաբաղի հարցը լուծել, բանակցութիւնների որեւէ փուլում նա համաձայնութեան չի գայ: Պէտք է նա յոյսը կտրի պատերազմից, եւ այդ պատճառով էլ բանակցութիւն սկսելու համար պէտք է նախապայման լինի՛ պատերազմը բացառելը: Սա է, որ պէտք է համաշխարհային հանրային կարծիքը, Մինսկի խումբը կարողանան պարտադրել Ադրբեջանին, որպէսզի բացառւի պատերազմի հաւանականութիւնը, որպէսզի բանակցութիւնները արդիւնք տան: Ապա թէ ոչ`ակնկալել, որ այս պայմաններում կարելի է բանակցութիւններով հասնենք արդիւնքի, կարծում եմ, որ իրատեսական չէ:

Պրն. Մարգարեան, յատկապէս Ձեր վերջին ամիսների ընթացքում արտերկրի գաղթօջախներ կատարած այցերում մեծ կարեւորութեամբ ընդգծել էիք Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների համակարգման մասին: Մասնաւորապէս, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ արտերկրում կարելի է ասել`հակոտնեայ մտքեր ու մօտեցումներ հրապարակւեցին այսպէս ասած Երկպալատ խորհրդարան ձեւաւորելու գաղափարի եւ առհասարակ դրա կազմակերպական հանգամանքների շուրջ: Յստակ`ո՞րն է ՀՅԴ-ի դիրքորոշումը`հնչեցւած մօտեցումների վերաբերեալ:

– Գիտէք, գաղափարը եղել է միշտ, ոչ ոքի կողմից դա նորարարութիւն չէ, որ ասենք թէ` մէկը գիւտ արած լինի. առաջին անգամ կարծում եմ`հայ իրականութեան մէջ բարձրաձայնել եմ ես`իբրեւ Բիւրոյի ներկայացուցիչ եւ ասեմ խնդիրն ինչում է. խնդիրն այն է, որ մենք մէ՞կ ազգ ենք թէ մէկ ազգ չենք: Եթէ մէկ ազգ ենք, որ այսօրւայ դրութեամբ աշխարհով մէկ տարածւած ենք եւ ուզում ենք այս կարելիութիւնը դրական հնարաւորութեան վերածել: Ուզո՞ւմ ենք համահայկական կարողութիւն ստեղծել թէ ոչ. եթէ ցանկանում ենք ստեղծել, պէտք է դրա համար ստեղծենք համապատասխան ձեւ`կազմակերպւածութիւն: Եթէ հարցը համահայկականութեան մասին է, ուրեմն`կառոյցը պէտք է լինի համահայկական: Եւ եթէ ընդունենք`հայկական իրականութեան մէջ առանցքը հայկական պետականութիւնն է, ուրեմն`այդ կառոյցի առանցքն էլ պէտք է լինի Հայաստանի Հանրապետութիւնը, հայկական պետականութիւնը: Դրանից յետոյ ամէն ինչ ուղղակի կը լինի նպատակայարմարութեան հարց: Ուրեմն`մեզ պէտք է համահայկական կառոյց. համահայկակա՛ն կառոյց, որի առանցքում կը լինի Հայաստանի Հանրապետութիւնը: Եթէ այս երկու սկզբունքը մենք ընդունում ենք, լուծումը, յամենայնդէպս, կը գտնենք:
Բոլոր նրանք, ովքեր առաջին հերթին հակադրւում են այդ նոյն գաղափարին, երեւի առաջնորդւել են մարդկային բնազդով. չէ՞ որ ինչ-որ նոր բան են լսում, փորձում են հակադրւել, եւ նաեւ անիմաստ վախերի հետեւանք է դա, ու նաեւ չիմացութեան, չգիտութեան, այսինքն`չգիտեն, որ արդէն պետութիւններ կան, որ իրենց խորհրդարանը ունի այսպէս ասած արտերկրից ընտրւած պատգամաւորներ, իրենց սփիւռքից ընտրւած պատգամաւորներ, այսինքն`այդ փորձը արդէն ուրիշ պետութիւններ օգտագործել են. դա մի բան չէ, որ մենք գիւտ արած լինենք:
Մեզ նման ժողովրդի համար դա տասնապատիկ անգամ անհրաժեշտ է, որովհետեւ մեր արտերկրի հայութիւնը ինչ-որ արտերկրում ապրող ժողովուրդ չէ. դա հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի հետեւանքով ստեղծւած իրավիճակ է, այդ պատճառով էլ` դա մեզ համար շատ աւելի անհրաժեշտ է: Ուրեմն`համահայկական կառոյց, որի առանցքը Հայաստանի Հանրապետութիւնն է: Ազգի մէկութիւնը չպէտք է խախտւի: Այդպիսով`Ազգային ժողովը կընդլայնւի, կը դառնայ համահայկական, ինչ-որ ճշտւած թւով արտասահմանի հայութիւնը պատգամաւորներ կունենայ, այս ձեւը կը կիրառւի`կամ երկպալատ Ազգային ժողով կունենանք եւ երկրորդ պալատի մէջ նաեւ Սփիւռքի ներկայացուցիչները եւս ընդգրկւած կը լինեն. սա նպատակայարմարութեան հարց է, քննութեան նիւթ է, բայց արդէն, ինչպէս ասացի, ամենակարեւորը երկու հարց է, որ որպէս սկզբունք պէտք է ընդունենք. դրանից յետոյ միասին փորձենք գտնել լաւագոյն լուծումը: Այդ անհիմն, անտեղի վախերը կային նաեւ երբ մենք երկքաղաքացիութիւնից էինք խօսում, երբ ասում էինք` երկքաղաքացիութիւնը միայն կը հզօրացնի Հայաստանը եւ չի տկարացնի, որովհետեւ մտածողութեան խնդիր է, միւս մասն էլ անգիտութեան խնդիր է: Վերը նշւած երկու հարցերը եթէ մենք լուծենք, կարծում եմ, որ մենք ճիշտ ուղիով գնացած կը լինենք, եւ կարծում եմ, որ դա այն ընթացքն է, որով մեր պետականութիւնը իսկապէս կը դարձնի համահայկական, մեր ժողովրդի անցեալի, ներկայի եւ ապագայի հաշւին պատասխանատւութեան զգացումով: Եւ չի կարող նա առանձին մնալ համահայկական իրականութիւնից կամ դրա մի մասի պետականութիւնը համարւել. կարծում եմ`հարցերը սկզբունքային են:

– 2011 թւականը Հայաստանի համար ընտրական գործընթացներով է նշանաւորւելու. ՀՅԴ-ն որպէս խորհրդարանական ընդդիմութիւն, ինչպէս պարզ է, շեշտը դնում է արդար ընտրակարգի եւ ժողովրդի քւէի որոշիչ լինելու հանգամանքների վրայ: Ի՞նչ երաշխիքների վրայ է հիմնւելու ՀՅԴ-ն, որպէսզի գոնէ նախորդ ընտրութիւնների համեմատ`ժողովրդական քւէն իրապէս արդիւնաւորւի արդար ընտրութիւններով: Եւ ըստ Ձեզ`հնարաւո՞ր է այս կոնտեքստում համագործակցութիւն`խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմութեան միջեւ:

– Հայաստանում կայ մի հիմնական հարց`մեր հասարակութիւնը քաղաքականացւած չէ եւ քաղաքականօրէն կազմակերպւած չէ: Եւ կուսակցութիւնների հիմնական հարցը հէնց այս հարցն է: Բայց, կուսակցութիւնները չեն զբաղւում հէնց այդ հիմնական հարցով. կուսակցութիւնները փորձում են կամ նիւթականի ուժով այդ քւէները գնել, կամ պետական լծակները օգտագործելով`այդ քւէները ուղղորդել դէպի իրենց, կամ ամբոխավարութեամբ զբաղւել: Ամբոխավարութեամբ ստեղծել մթնոլորտ, տպաւորութիւն, ընդդէմի քւէն օգտագործելով: Այսպէս են տեղի ունենում Հայաստանում այսպէս ասած ընտրութիւնները, եւ բուն հարցը մնում է դարձեալ հարց, այսինքն`քանի մեր ժողովուրդը քաղաքականապէս կազմակերպւած չէ`մենք այս խնդիրը կունենանք:
Ես մտերմիկ զրոյցի մէջ յաճախ եմ ասում`պատկերացնել, որ ֆրանսիացի գիւղացին իր գիւղապետի յորդորով գնայ քւէարկի, այսպէս կամ այնպէս, աներեւակայելի է, բայց Հայաստանում հակառակն է աներեւակայելի. շատ քիչ կարող է պատահել, որ բացառութիւններ լինեն եւ այստեղ է կայանում խնդիրը. առաջին հերթին, Հայաստանի քաղաքացին պէտք է հաւատայ, որ փոփոխութիւնների մէջ ինքը դերակատար է, պէտք է դերակատար լինի եւ կարող է դերակատար լինել. սրան պէտք է ինքը անդրադառնայ: Եւ այդ դերակատարութիւնը, առաջին հերթին, քւէարկութեամբ է արտայայտում եւ այդ իր քւէն չպէտք է պայմանաւորւի վախով: Չպէտք է կաշառւելով`իր քւէն փոխի, չպէտք է ընկնի այսպէս ասած մթնոլորտի մէջ, տպաւորութիւններով քւէարկի, պէտք է դա լինի համոզւած, գիտակցւած քւէ: Այսպէս կարող է մեր երկիրը փոխւել եւ այսպէս կարող է մեր ժողովուրդը տէր դառնալ իր ճակատագրին. հիմնական լուծումը միայն այսպէս կարող է լինել. ուրիշ որեւէ լուծում չկայ:
Հիմա այն շարժումը, որ մենք սկսել ենք, այն նպատակն է հետապնդում, որ նախ ժողովրդին հասկացնել, ժողովրդին բացատրել, ժողովրդին համոզել, որ ինքը պատասխանատու է իր ճակատագրի համար եւ ինքը այդ պատասխանատւութիւնը պէտք է արտայայտի գիտակից քւէարկութեամբ, դրա համար` մենք ասում ենք` կարեւոր է, որ դու համոզւած քւէարկես, կարեւոր չէ, որ մեզ քւէարկես, որովհետեւ այս հանգրւանում հէնց դա է մեր խնդիրը, որ ինքը համոզւած լինի, որ իր ապագան իր քւէով է ճշտւելու: Հիմա կան տարբեր քարոզչութիւններ, որոնք անտեղի մթնոլորտ են ստեղծում, օրինակ`ասում են`կեղծւում է եւ քանի որ այդպէս է`քւէարութեան վրայ յոյս դնելը աւելորդ է: Ես էլ ասում եմ`կուսակցութիւնների գործը հէնց այն է, որ չթողնեն ընտրութիւնները կեղծւեն, իսկ կուսակցութիւնները կարող են չթողնել, որ կեղծւեն ընտրութիւնները, եթէ ունենան իրենց հասարակութեան, իրենց ժողովրդի ամենաակտիւ, ամենասկզբունքային, անկաշառ, հաւատացեալ կամաւորական մի ուժ`իրենց կողքին, որ կարողանան թոյլ չտալ`կեղծւի, որովհետեւ այդպէս չէ, որ կայ մի այնպիսի գերուժ, որ կարող է ամէն ինչ անել, ամէն ինչ կեղծել, ես էլ այդ պարագային`կը հարցնեմ, թէ ինչու նախագահն ընտրւեց 52%-ով, թող ընտրւէր 72%-ով, եթէ այդքան դիւրին էր կեղծելը, եթէ այդքան հեշտ է կեղծելը: Ուրեմն`այդքան հեշտ չէ կեղծելը:
Յաճախ նկատւում է, որ ընտրական պրոցեսի վրայ վերահսկողութիւն բանեցնելու համապատասխան ուժն էլ գոյութիւն չունի կուսակցութիւնների մօտ, որովհետեւ իրենք խնդիր չեն դնում ժողովրդի հետ աշխատել, ժողովրդին կազմակերպել եւ հետեւանքների համար իրենք փորձում են վերացական կամ չափազանցւած պատճառներ ներկայացնել իրենց արդարացման համար:
Դրա համար`այս նպատակը դա է հետապնդում, որպէսզի մենք թոյլ չտանք, որ կեղծեն ընտրութիւնները, որպէսզի մեր ժողովուրդը կարողանայ համոզումով ընտրել եւ ընտրել գիտակցաբար, որպէսզի մենք ունենանք համապատասխան ուժ`ընտրութիւնների կեղծման առաջն առնելու. մենք նախաձեռնեցինք այս շարժումը: Կօգտւե՞նք, դա պատճառ կը դառնայ, որ Դաշնակցութիւնը աւելի բարձր արդիւնքով ներկայանայ այս ընտրութիւններին, եւ, անշուշտ, մենք հաւատացած ենք դրանում: Մենք մինչեւ հիմա ամբոխավարութեան չենք դիմել, մենք ընտրութիւնների մէջ նիւթական հնարաւորութիւններ չենք օգտագործել`քւէ առնելու իմաստով, մենք պետական լծակներ չենք ունեցել, որ կարողանանք օգտագործել, մեր քւէն մաքուր քւէ է, մեր քւէն կազմակերպւած քւէ է, մեր քւէն մեզ հաւատացող, ժողովրդական քւէն է եւ ես հաւատացած եմ, որ եթէ դա է մեր այսպէս ասած կապիտալը, այդ կապիտալը պէտք է հզօրացնել, մեծացնել եւ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում: Մի բան էլ աւելացնեմ`այս ճանապարհը կարող է գնալ այն քաղաքական ուժը, որը չի ծառայում ինչ-որ անհատի ժամանակաւոր կարիերական նպատակի, որովհետեւ ոչ ոք այս ճանապարհը չի գնայ, որ մէկ, երկու, երեք ընտրութիւնների միջոցով ունենայ մի այլ ժողովուրդ, այլ երկիր, այլ հասարակութիւն. դրան միայն կարող է գնալ այն քաղաքական ուժը, որը իրեն շարունակականութեան մէջ է տեսնում: Այն մարդը, որ քաղաքական ասպարէզ է դուրս եկել անհատական կարիերայի համար, մէկ-երկու ընտրութիւններ կը վերջանայ, այլեւս չի ունենայ հնարաւորութիւն`երրորդ ընտրութեան մասնակցելու, դրա համար նա մտածում է անկարելին հնարաւոր դարձնել, նոյնիսկ սատանայի հետ համագործակցելով`հասնել մի տեղ, բայց այն ուժը, որ շարունակականութեան մէջ է իրեն տեսնում, իր գործի արդիւնքը նա չի փորձի ժամանակաւոր նպատակ հետապնդելով`մսխել այն կապիտալը, որը ինքը ստացել է անցեալից եւ պիտի փոխանցի ապագային:
Պատասխանատւութեան բաժինը շատ մեծ է այս պարագային:

– Կարծում եմ` Ձեր խօսքերի վկայութիւնը ՀՅԴ 120-ամեայ գոյութիւնն է եւ այսօր այդ նորելուկ կուսակցութիւնները նոյնիսկ փորձ չեն անում օրինակ վերցնել, դասեր քաղել ՀՅԴ-ի անցած պատմութիւնից:

– Գիտէք, ես կարծում եմ`դա աւելի շատ անկարողութեան հետեւանք է, ոչ թէ`չկամութեան, այսինքն`անկարողութիւնն է մարդկանց պարտադրում գնալ ծայրայեղութիւնների, եւ այդ տեսակ մարդիկ ամենավտանգաւորն են: Երբ հեշտ ճանապարհով ես դու փորձում արդիւնքի հասնել, սատանայի հետ էլ կը համագործակցես, կը գնաս մինչեւ դաւաճանութեան սահման, կը գնաս քեզանից յետոյ ջրհեղեղ սկզբունքով գործ անելու, բայց դա կանի այն մարդը, որ ինքն իր ուժերին վստահ չէ եւ աշխարհը տեսնում է իրենով, իր կարիերայի մէջ է տեսնում աշխարհի իմաստը, իսկ եթէ դու ունես գաղափարական համոզումներ, հաւատք եւ դա շարունակականութեան մէջ է իրեն դրսեւորում, ստացել ես նախկինից եւ պէտք է փոխանցես յաջորդին, այդտեղ պատասխանատւութեան բաժինը այնքան շատ է, որ դու պարտաւոր ես 100 անգամ մտածել եւ նոր`մէկ անգամ քայլ առաջ դնել:

– Ձեր այցը Թեհրան կարելի է բնութագրել որպէս աշխատանքային`յարաբերւելու համար հինաւուրց եւ հայաստանամերձ համայնքի անդամների հետ: Մասնաւորապէս, Իրան-Հայաստան բարեկամական փոխյարաբերութիւնների կոնտեքստում, այսօրւայ իրողութիւնների լոյսի ներքոյ, ինչպիսի՞ն էք պատկերացնում իրանահայութեան դերակատարութիւնը:

– Նախ իրանահայութիւնը ինձ այլապէս էլ շատ հոգեհարազատ երեւոյթ է, բայց ընդհանրապէս իրանահայութիւնը Հայաստանի անմիջական շարունակութիւնն է: Ես իրանահայութեանը այդպէս եմ տեսնում, բոլոր հայերն էլ ինձ համար հայաստանցի են, բայց շատ աւելի իրական, շօշափելի է իրանահայերի հայաստանցի լինելու իրողութիւնը եւ դա պայմանաւորւած չէ հպատակութեան հարցով. դա պայմանաւորւած է հոգեբանութեամբ, մշակոյթով, նիստուկացով, կապերով, պատմութեամբ եւ ներկայով:
Իրանահայութիւնը նախ ամէն ինչով Հայաստանի շարունակութիւնն է, անմիջական շարունակութիւնը: Ես կարծում եմ, որ իրանահայութիւնը արդէն իսկ ինքն իր դերի մէջ է` թէ՛ Իրան-Հայաստան յարաբերութիւնների պահպանման, քաջալերման եւ այդ առումով դերակատարութեան իմաստով, թէ՛ իբրեւ համայնք`Հայաստանի հետ կապեր ունենալու, Հայաստանի հոգեբանական մթնոլորտի մէջ գտնւելու, նրա առօրեայով ապրելու. իբրեւ համայնք էլ այդպիսին է, թէ՛ իբրեւ համայնք, թէ՛ իբրեւ առանձին անձինք, առանձին իրանահայեր`այսօր իրենց ներկայութիւնը Հայաստանում շատ մեծ է եւ դա շատ ոգեւորիչ է:
Քիչ բան կայ, կարելի է ասել, իրանահայութեանն այսպէս ասած ուղղորդելու իմաստով, որովհետեւ կարծեմ`իրենք ուղղորդւած են, իրենք գիտեն ինչ են անում եւ ուր են գնում, բայց ինձ համար նաեւ կարեւոր է, որ իրանահայութիւնը կարողանայ այնպիսի ինքնակազմակերպւածութեան հասնել, որ անհատական նախաձեռնութիւններով Հայաստանում ներկայութիւն լինելուց զատ`նաեւ համայնքային ներկայութիւն կարողանայ դառնալ, իբրեւ համայնք`կարողանայ օգնել իր անդամներին`այնտեղ կայանալու, ոտքի կանգնելու առումով: Սա կարող է նաեւ ունենալ շատ դաստիարակիչ երեւոյթ, քաջալերական երեւոյթի վերածւել նաեւ միւս համայնքների համար, բայց նաեւ իրանահայ այսպէս ասած սփիւռքին դէպի տուն, դէպի Հայրենիք ուղղորդելու իմաստով, քաջալերելու իմաստով, որովհետեւ այս բոլոր երեւոյթները իրար հետ կապակցւած են: Ես տեսել եմ իրանահայեր`երիտասարդ, որ իսկապէս ցանկութիւն են ունեցել, իսկապէս համոզում են ունեցել Հայաստանում ապրելու, բայց կեանքի ինչ-ինչ կենցաղային դժւարութիւնների պատճառով, աշխատանքային դժւարութիւնների պատճառով պարտաւորւել են դէպի այլ ուղղութեամբ ուղղորդւել, հեռանալ. կարծում եմ`համայնքը այստեղ կարող է անելիք ունենալ, որոշ դիւրութիւններ ստեղծել. վերջապէս, իրանահայութիւնը պէտք է մնայ Իրանում, բայց եթէ չպէտք է մնայ Իրանում, պէտք է հաստատւի միայն Հայաստանում:

– Պրն. Մարգարեան, վերջերս մեզ մօտ կայացած «Հայ Դատն այսօր» 8-րդ խորհրդաժողովում, ցաւօք, տարածւած տեսակէտ հնչեց, որ տեղեկատւական պատերազմում Ադրբեջանը յաջողութիւններ է արձանագրում ի հաշիւ նաւթադոլարների. թոյլ տւէք այս տեսակէտի հետ չհամաձայնւել, քանի որ Հայաստանի թիկունքում կայ մի հզօր Սփիւռք`իր հզօր ներուժով, որը հազարաւոր նաւթադոլարներից առաւել զօրեղ է: Ի՞նչ կասէք դուք այս վիճելի հարցի մասին:

– Մենք այս անցած 70-80 տարիների ընթացքում, 90 տարիների ընթացքում Սփիւռքում իբրեւ սփիւռքահայեր, իբրեւ սփիւռքահայ կազմակերպութիւններ` աշխատել ենք առանձին: Մենք ունեցել ենք կազմակերպւածութիւն, որը, ինչպէս ցանկացած երեւոյթ, համեմատական հասկացողութիւն է` մեր դիմաց չունենալով որեւէ կազմակերպւածութիւն եւ դրա համար`ունեցել ենք դիւրին յաջողութիւններ կամ համեմատական հասկացողութեամբ` դիւրին. թէպէտ դա զոհաբերութիւններով է կերտւել, մեծ դժւարութիւններով է կերտւել, բայց հնարաւոր է եղել: Այսօր իրականութիւնը փոխւած է, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է պետական հնարաւորութիւնները օգտագործելով, մեծ հնարաւորութիւններ օգտագործելով`կազմակերպւել նաեւ արտասահմանում`տարբեր երկրներում: Եւ սա, առաջին հերթին, մեզ համար սթափեցնող երեւոյթ է դարձել, պէտք է սթափեցնող երեւոյթ լինի, ուրիշ բանի չպէտք է վերածւի: Հիմա, ճիշտ է, Ադրբեջանը ունի նաւթ, ունի պետական հնարաւորութիւններ, բայց մենք ունենք մի բան, որ Ադրբեջանը չունի, մենք ունենք ժողովուրդ, որ հաւատում է իր պայքարին. նա չունի ժողովուրդ Եւրոպայում, որ հաւատայ իր շարժմանը, որովհետեւ հաւատքը լինում է միայն վեհ գաղափարների նկատմամբ, չի լինում վատի համար, հաւատքը արդար պահանջի, պայքարի համար է լինում: Դա ամենամեծ զէնքն է, անշուշտ. մենք չպէտք է միայն դրանով բաւարարւենք. մենք նաեւ ստեղծագործող ազգ ենք, մենք նաեւ յաջողած ժողովուրդ ենք, պէտք է մտածենք նաեւ ինքնակազմակերպման այնպիսի ձեւերի մասին, որ մեզ կարողանայ մրցակցութեան մէջ պահել միշտ, մենք կարողանանք այդ մրցակցութեան մէջ յաջողել:
Ես հաւատում եմ այդ ինքնակազմակերպման փորձերին, նաեւ Հայաստանի իշխանութիւնների ուղղակի մասնակցութեանը. ինչպէս Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցութիւնն է, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է սկսի մասնակցել այս աշխատանքներին աւելի մեծ հնարաւորութիւններ տրամադրելով, բայց նաեւ մենք ինքնակազմակերպման մի այնպիսի նոր շրջան պէտք է սկսենք, որ մեզ պահի մրցակցութեան մէջ: Պրոֆեսիոնալիզմը անխուսափելի երեւոյթ է, որից մենք չպէտք է խուսափենք, եւ դա հնարաւորութիւնների հետ է պայմանաւորւած:
Ես հաւատում եմ, որ մեր ժողովրդի կենսունակութիւնը եւ հաւատքով պայքարը մեզ միշտ կը պահեն առաւելութեան մէջ: Եւ մենք վհատւելու իրաւունք չունենք. ասեմ աւելին`պատճառ էլ չունենք, մենք ուղղակի պէտք է մտածենք աւելի հզօրանալու մասին:

Հարցազրոյցը վարեց
Արմինէ Էլիազեանը

Leave a Comment