RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Ոչ ոք նրբանկատություն չունեցավ գեթ մեկ անգամ հայտարարելու՝ եթե քննարկման արդյունքում պարզվի, որ մեր ժողովուրդը դեմ է, մենք չենք ստորագրելու

Posted on October 8, 2009, by , under Լուրեր.

«7ՕՐ».- Հոկտեմբերի 8-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնի «Էրեբունիե սրահում, ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Նախաստորագրված արձանագրություններ և հայ-թուրքական հարաբերություններ։ Ազգային-պետական շահեր և մարտահրավերներե խորագրով խորհրդաժողովը, որին ներկա էին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ և այլոք։

Ելույթ ունենալով՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մասնավորապես նշել է, որ քաղաքական խորհրդակցությունների համար սահմանված 6 շաբաթն արդեն անցել է, և վիճարկելի չէ, որ մթնոլորտում բան է փոխվել՝ «հայության գերակշռող մասը՝ պարզ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյան, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մտածում, խոսում և քննարկում են նույն թեման»։

Անդրադառնալով քննարկումների մթնոլորտին՝ Հրանտ Մարգարյանը նշել է, որ գտնվում ենք պատմական ճակատագրական իրադարձության շեմին, սակայն քննարկումները չեն ստացվում, և դրանց ընթացքը վերածվում է առճակատումների, փոխադարձ վիրավորանքների և մասնատման։

Նրա կարծիքով իրավիճակն այսպիսին է, որովհետև դիպել են հայ ժողովրդի բաց նյարդին՝ Ցեղասպանության հարցին։

-Քննարկումը լավ բան է. քննարկման արդյունքը պետք է լինի համախոհությունը կամ մեծամասնության, այս պարագայում՝ ճնշող մեծամասնության բավարարող եզրակացությունը, որի հետ հաշվի կնստեն բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր կարող էին հակված լինել ծայրահեղորեն հակադիր տեսակետների։ Բայց քննարկման առաջին իսկ պահից հայտարարվեց՝ արձանագրությունները փոփոխության ենթակա չեն, և այն կստորագրվի ու վերջ։ Սա ի՞նչ տեսակ քննարկում է։ Խոսում են չոր ուժի դիրքերից։ Ոչ մի փոփոխություն։ Սա առավելագույնն է։ Ոչ ոք նրբանկատություն չունեցավ գեթ մեկ անգամ հայտարարելու՝ եթե քննարկման արդյունքում պարզվի, որ մեր ժողովուրդը դեմ է, մենք չենք ստորագրելու։ Եթե լիներ այս հայտարարությունը, շատ բան այլ ընթացք կունենար։ Վերջապես, եթե ժողովուրդը դեմ է, ի՞նչ իրավունքով եք համարձակվելու ստորագրել։ Այդ պարագայում ձեր ստորագրությունն ի՞նչ արժեք է ունենալու,- ասել է նա։

Ըստ Հ. Մարգարյանի՝ քննարկման ենթակա չէ, որ ստորագրվելիք բանաձևն ունեցավ իր հակազդեցությունը հայրենիքում, բայց հատկապես Սփյուռքում, քանի որ «մարդիկ անիմաստ և ձևական համարեցին քննարկման փուլը և պոռթկացին, ընդվզեցին».

-Իրենց զգացին անզոր և պոռթկացին։ Ժողովուրդը դարձավ անզուսպ և անկառավարելի։ Եղան նաև դեպքեր, արտահայտություններ. երևույթները ծայրահեղորեն էին գնահատում։ Մենք մեզ լավ չզգացինք, բայց սա բաց նյարդի հակազդեցությունն էր։ Սփյուռքում հակազդեցությունը բուռն էր։ Պետք է հարգել ու հաշվի առնել այդ կարծիքը։ Սփյուռքը մեր հայրենիքի շարունակությունն է, մենք ենք։ Չի՛ կարելի նույնիսկ մեր մտքերի մեջ թույլ տալ մասնատել մեր ազգը։ Հիշե՛ք՝ երբ ասվում էր՝ Ղարաբաղը ղարաբաղցիների հարցն է։ Նույն պարագան է։ Մասնատումը սահման չունի, սթափվե՛ք։

Նա համոզված է, որ ոչ մի բան դեռ ավարտված չէ. օրինական քննարկման փուլերը դեռ առջևում են, և ստորագրումից մինչև վավերացում ճամփա կա, և պայքարն արդյունավորվելու է.

-Դեռ չենք սպառել օրինական պայքարի միջոցն ու ժամանակը։ Գիտակցում ենք՝ կան ուժեր, որոնք, ըստ էության, կողմ են արձանագրության՝ առկա տեսքով վավերացմանը, սակայն դարան են մտել՝ մեր պայքարի արդյունքները շահարկելու, իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Մենք վճռական ենք մեր պայքարի մեջ, սակայն մեր պայքարը աթոռակռիվ չէ։ Մենք մեր գինուն ջուր չենք խառնելու։ Մեր պայքարից այս երկիրն ու ժողովուրդը չպետք է վնասվեն։ Մենք պայքարելու ենք և պատրաստակամ ենք նույնիսկ իշխանությունների հետ ելք գտնել, սակայն եթե համապատասխան վերաբերմունքի չհանդիպենք, չենք վարանելու մինչև վերջ առաջ գնալ, գնալ իշխանափոխության։ Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, և չենք գնալու վատն ավելի վատով փոխարինելու ճանապարհով։ Վերջապես ժամանակն է, որ մեր ժողովուրդը գիտակցաբար և կազմակերպված իշխանության բերի մի ուժի, որից հաջորդ պահին ձերբազատվելու պատճառ չի ունենա։ Մեր մոտեցումը պարզ է ու հստակ։ Մենք երկու խաղ չենք խաղում։ Ամեն տեղ հնչեցնում ենք նույն դիրքորոշումը։ «Հայ հեղափոխական դաշնակցությունը. դեմ է այս արձանագրություններին։ Սա ասում ենք մեր փորձառությամբ ու պայքարով՝ տեսնելով ակնհայտ վտանգները, և կսխալվեն բոլոր նրանք, ովքեր ՀՅ Դաշնակցությանը կնայեն իբրև Հայաստանում գործող 60-ից ավելի կուսակցություններից մեկը։ Այդ արձանագրություններին մեզ հետ և առանց մեզ դեմ է մեր ժողովրդի մի կարևոր մասը։ Այս իրողությունը հնարավոր չէ հաշվի չառնել։ Այսօրվա շարունակությունը վաղն է, վաղվա շարունակությունը՝ Հայաստանում և Սփյուռքում։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ, կապրենք, կտեսնենք։

Leave a Comment