RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան: ՀՅԴ-ն կոռեկտ է պայքարելու

Posted on September 8, 2009, by , under Լուրեր.

«ԼՐԱԳԻՐ».– ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը սեպտեմբերի 8-ին Հայացք ակումբում Դաշնակցության մտահոգությունն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ասելով, թե գործընթացն իր առկա տեսքով սպառնում է հայության պառակտմամբ:
«Խնդրո առարկա ենք դարձնում ցեղասպանության հարցը, որ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության հարց է, մեր ազգի համար արժանապատվության հարց է, արդարության հարց է եւ Հայ դատի պայքարի կարեւոր բաղկացուցիչ մասն է: Բայց նաեւ մենք, այս ձեւով որ գնում ենք առաջ, ազգի պառակտման սկիզբ ենք դնում», ասում է Հրանտ Մարգարյանը: Նա նշում է, որ իշխանությունը չպիտի գործի այդ սխալը, որպեսզի Ղարաբաղ ազատագրած սերնդի վրա չլինի այդ սեւ բիծը:
«Անկախ քաղաքական համոզմունքներից, դիրքորոշումներից, մեր ժողովուրդը պետք է ոտքի ելնի, իր ոչն ասի, իր կամքը ցուցաբերի, իր կամքը պարտադրի այս իշխանությանը, եւ իշխանությունը հաշվի նստի այդ կամքի հետ», ասում է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով, առաջիկա 5 շաբաթներին անելու են ամեն ինչ, հասարակությանը բացատրելու, որ սխալ է գործվում հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս գործընթացին համաձայնելով: «Ես չեմ կարծում, որ մեր երկրի իշխանավորները անզգամ են: Եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի եւ կամք ցուցաբերի, դժվար թե, գրեթե անկարելի է, որ մեր իշխանությունները չլսեն ժողովրդի կամքը: Այդ կամքի դրսեւորման չափն է կարեւոր, շեշտադրումն է կարեւոր, վճռականությունն է կարեւոր: Եթե նույնիսկ պատահի, որ, հակառակ այդ ամեն ինչի ստորագրվի, մեր ժողովուրդն իր կամքը ցուցաբերած կլինի ամբողջ աշխարհին: Աշխարհը կհասկանա, որ իշխանությունները ստորագրել են մի բան, որ մեր ժողովուրդը չի ընդունել»-, ասում է Հրանտ Մարգարյանը: Նա նշում է, թե իշխանությունը չի կարող չլսել ժողովրդի կամքը, քանի որ ժողովրդի կամքին չենթարկվող իշխանությունը գնում է ինքնասպանության:

Հրանտ Մարգարյանի խոսքով, ինքը դրական է գնահատում օրինակ Ժառանգություն կուսակցության դիրքորոշումը, թեեւ ունի առանձին վերապահումներ: Հրանտ Մարգարյանի խոսքով, գործակցության հավանական սուբյեկտները շատ են: «Միայն Ժառանգությունը չէ, ուրիշներ էլ կան, բայց որեւէ պայմանավորվածություն, այդ գծով որեւէ աշխատանք առայժմ չկա», ասում է Հրանտ Մարգարյանը: Նա համաձայն չէ Դաշնակցության մանդատը վայր դնելուն, քանի որ մանդատը նվեր չէ, այլ ստացել են ժողովրդի կամքով, հետեւաբար խնդիրը աշխատելն է, թեկուզ փոքրամասնություն լինելով, բայց արժեվորելով: Ի դեպ, մանդատը վայր դնելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը Հրանտ Մարգարյանը չի ցանկացել գնահատել, ասելով, որ համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր համար ունի այդ քայլի հիմնավորվածությունը:

Վերադառնալով հայ-թուրքական կարգավորման ներկայիս բովանդակությանը, Հրանտ Մարգարյանն ասում է, որ դա արժանապատվության, թասիբի խնդիր է մեր ազգի համար: «Մարդ պետք է արժանապատվություն ունենա, որ համակերպվի այդ իրողությանը», ասում է Հրանտ Մարգարյանը: Այդուհանդերձ, Դաշնակցությունն իշխանության մոտեցումների դեմ պայքարելու է կոռեկտ, «բայց ոչ Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի սիրույն»:

«Ուզում եմ ցանկանալ, որ այս խնդրի կարեւորությունը, եթե ուժերն ասում են, որ այս խնդիրը կարեւոր է, եթե իսկապես իրենց համար հերթական առիթ չի, պատրվակ չի, այլ նպատակ հետապնդելու, իսկապես կարեւոր է այդ հարցի շուրջ կենտրոնանալ, աշխարհը չի շրջվի, եթե մենք կարողացել ենք, որ մեկ տարի այս ժողովրդին զբաղեցնել մեկ այլ հարցով, կարող ենք 5 ամիս, 6 ամիս կենտրոնանալ այս հարցի վրա եւ այս հարցով թույլ չտանք տեղի ունենա մի սխալ, որի գինը վճարելու ենք տասնյակ տարիներ», ասում է Հրանտ Մարգարյանը:

Leave a Comment