RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ 120 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում

Posted on December 17, 2010, by , under Ելույթներ.

Հ.Յ.Դաշնակցության օրվա տոնակատարությունների շարքում, հավանաբար, սա իմ եզրափակիչ խոսքն է: Տոնակատարությունները ինքնանպատակ չեն, ինչպես ինքնանպատակ չէ ՀՅ Դաշնակցությունը:

Դաշնակցության ծննունդը պատմական անհրաժեշտություն էր: Ծննունդ առավ, որ ապահովի Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը: Այսօր` 120 տարվա բարձունքից, վստահ կարող ենք ասել` Դաշնակցության գոյությունը արդարացված է, ընթացքն արդյունավետ, ապագան` հուսալի:

Դաշնակցության գոյությունը պայմանավորված է հայ ժողովրդով, նրա ներկայով, անցյալով ու ապագայով: Առանցքն է Դաշնակցությունը, որ հավատարիմ երեք դարերի վրա երկարող իր ընթացքին` ներկան պետք է արձանագրի, իր գործով ինքզինքն շարունակաբար հաստատի, իրենը պարտադրի ժամանակին, պայմաններին, խոչընդոտներին, արգելքներին եւ անկարելիներին:

Մեր` հայ ժողովրդի ներկան հուսալի է: Վերջին դարերի ընթացքում, եւ ոչ մի ժամանակ, մենք այսքան հուսալի իրավիճակում չենք եղել, երբեք մեր մեկնարկային դիրքերն այսքան վստահելի չեն եղել: Երբ մեր ներկան համեմատում ենք վերջին դարերի որեւէ ժամանակահատվածի հետ, անկասկած եւ վստահորեն կարող ենք արձանագրել` երբեք այսքան կայուն մեկնարկային պայմաններում չենք եղել:

Խոսում եմ մեկնարկային դիրքի մասին, որովհետեւ մեր այսօրը, մեր նպատակաների իրականացման առումով, մեզ չի բավարարում: Բայց մենք կամք ունենք, մենք պարտավոր ենք գնալ նորանոր հաղթանակների, պարտավոր ենք թռիչքային վերելք ապահովել մեր երկրի ու ժողովրդի համար:
Այսօր մեր վիճակը հուսալի եմ համարում, որովհետեւ ունենք քաղաքականապես կազմակերպված, Հայ Դատը հետապնդող, Քաղաքական կացություններ ստեղծող, միջազգային քաղաքական մթնոլորտի վրա ազդող կազմակերպված Հայկական Սփյուռք:

Եվ իրողություն է, որ այդ գործում մեծ է Դաշնակցության դերը: Եվ ավելի մեծ`անելիքը:
Հայկական Սփյուռքը քաղաքականացված է, որովհետեւ ազգային-քաղաքական հստակ նպատակների համար կազմակերպեցինք այն՝ քանզի նրա կազմակերպումը ինքնանպատակ չհամարեցինք: Կազմակերպեցինք Հայ Դատի պայքարի համար: Կազմակերպեցինք, համոզված լինելով, որ գալու է վաղվա օրը, այսօրվա օրը` Անկախության օրը, Անկախ Պետականության թեւ ու թիկունք դառնալու, Հայրենիք վերադառնալու օրը: Կազմակերպեցինք, համոզված լինելով, որ գալու է ազգովի հզորանալու, հավիտենականանալու նոր մեկնարկի ժամանակը:

Սփյուռքի Քաղաքական կազմակերպման գործի առանցքում դրեցինք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը` իբրեւ ազգային ազատագրական պայքար, իբրեւ հայկական գործոնի միջազգայնորեն հաստատման, գնահատման, մեր ազգային խոցված արժանապատվության վերականգման միջոց: Ճիշտ է` հաճախ բախվեցինք միջազգային մեղսակից լռության պատին, բայց մենք ազգային ազատագրական պայքարի էինք դուրս եկել, մեր երթը անկասելի էր… Փշրեցինք լռության պատերը, եւ այսօր եթե ունենք քաղաքականացված Սփյուռք, եթե ունենք միջազգայնորեն գործոն դերակատարություն, ապա պարտական ենք, առաջին հերթին, մեր նորօրյա ազգային ազատագրական պայքարի կենդանի ու անմահացած բոլոր հայորդիներին: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընկածներից` մինչեւ Լիզբոն եւ Արցախ: Փառք ու պատիվ բոլոր բոլորին:

Հզորանալու հուսալի մեկնարկային պայմաններում ենք, որովհետեւ առկա է, արդեն 20 տարի փաստացի իրականություն է Հայկական Անկախ Պետականությունը:

Եթե Դաշնակցության գոյության պատճառը Հայաստանն է ու hայ Ժողվուրդը, եթե նրա անվտանգ գոյությունն ու զարգացումն է մեր սրբության սրբոցը, ապա այդ նպատակին հասնելու ամենակարեւոր միջոցը Հայկական Անկախ Պետականությունն է: Դաշնակցությունը իր պատմության ամենատխուր պահին, Հայկական Ցեղասպանությունից անմիջապես հետո կամ դրան զուգահեռ ծնունդ տվեց Անկախ Պետականությանը: Հենց միայն այս փաստն առանձնաբար բավարար է, որ Հ.Յ.Դաշնակցությունը հպարտությամբ կանգնի պատմության դատաստանի առջեւ: Այսօրվա մեր Անկախ Պետականությունը շարունակությունն է մեր կերտած Անկախության եթե չլիներ 1918 թվականի անկախությունը, մեծ հավանականությամբ չէինք ունանա նաեւ այսօրվա անկախ Հայաստանը: Գուցե նույնիսկ չէինք լինի եւ մենք: Չգիտեմ:

Հ.Յ.Դաշնակցության դերը մեծ է մերօրյա պետականաշինության, պետականակերտման գործում: Իշխանության կազմում, թե ընդդիմության մեջ մեր գործը ուղղված է եղել նույն նպատակին` հայոց պետականության կայացմանը եւ հզորացմանը :

Այո, մենք վերելքի մեկնարկային նպաստավոր դիրքում ենք այսօր:

Եվ որպեսզի վերելքը լինի թռիչքային, մեզ պետք է վերակազմակերպում Սփյուռքում, արդարություն, ժողովրդավարություն եւ ազգային հզոր կազմակերպվածություն Հայրենիքում ու վերջապես միեւնույն նպատակի ու գերխնդիրների շուրջ համախմբվածություն, միասնականություն:

Սփյուռքի վերակազմակերպման մասին.

Սփյուռքը նոր իրականություններ է դիմագրավում, գլոբալիզացիայի արդյունքում համայնքային կազմակերպված կյանքից հեռանում են ու հետզհետե օտարանում ավելի մեծ թվով հայորդիներ, մասնավորաբար` երիտասարդներ: Կազմակերպված գաղութներում տեղի են ունենում ներքին նոր տեղաշարժեր` առաջացնելով նոր պահանջներ: Ի հայտ են գալիս նոր եւ հետեւաբար անկազմակերպ գաղութներ, որոնք պետք է մաս կազմեն հայկական ուժականության: Եւ մենք չենք կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ: Ցավոք սրտի, նաեւ ականատես ենք դասական Սփյուռքում հաստատված նոր հայերի, որոնք համարկումի խնդիր ունեն կազմակերպված մեր համայնքների հետ, իսկ մեր համայնքները այդ հայորդիներին իրենց գրկի մեջ ընդունելու խնդիր: Ժամանակն է ընդլայնել մեր ազգային կազմակերպվածության ցանցը, առաջացնել կազմակերպական նոր ձեւեր, ազգի առանձին շերտերին ինքնակազմակերպվելու ու ինքնաղեկավարվելու հնարավորություններ պետք է տալ: Պետք է ազատվենք կաղապարներից, սովորամոլությունից, ծիսակատարություններից, եւ փոխենք մենք մեզ, որ կարողանանք տեր կանգնել մեր առաքելության ավելի ու ավելի մեծ թվով հայերի ներգրավելով ազգային կազմակերպության մեջ եւ մրցակցության պայմաններում նվաճենք ժողովրդին առաջնորդելու իրավունքը:

Համայնքի մեր առօրյա կյանքում պետք է ապրենք նաեւ համահայկական օրակարգերով` մեզ համարելով համահայկական մեծ ընտանիքին մաս: Հատվածականությունը, ընդհանուրից անջատվելը, ազգի մեջ բաժանարար գծեր անցկացնելը միմյանց փոշիացնելու ուղի են, վտանգելու են ազգի ուժականությունը, վտանգելու են բոլորիս ներկան ու ապագան£ Ազգը տկարանալու է, իսկ հատվածը լուսանցք է մղվելու:
Կազմակերպվենք, վերակազմակերպվենք իբրեւ մեկ ամբողջական ազգ: Մեզ արտերկրում համարենք հայրենիքի, հայրենիքում մեր ժողովրդի առանցքի շարունակությունը, համախմբվենք համահայկական օրակարգերի շուրջ:

Որոնք են այդ օրակարգերը. Հայկական Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղված մեր երթին տալ նոր ուժականություն: Նպատակը` մինչեւ Մեծ Եղեռնի 100-ամյակ հասնել Ցեղասպանության միջազգային ճանաչման, պարտավորեցնել Թուրքիային ընդունելու եւ տեր կանգնելու իր պատասխանատվությանը: Սփյուռքում կուտակած բարոյական կապիտալով մասնակից լինել, դերակատար դառնալ Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ ու քաղաքական կյանքին: Այս առիթով արդեն հնչեցրել ենք համահայկական Ազգային Ժողովի կազմության առաջարկություն:

Քաղաքական կազմակերպված աշխատանքով ստեղծել միջազգային նպաստավոր հանրային կարծիք Արցախի, Ջավախքի հարցերով: Տեղական ազդեցություններն օգտագործելով` նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման, նրա տնտեսական եւ ընդհարապես զարգացման համար:

Հայրենիքում մեր անելիքի մասին. Պետականությունը պետք է լինի ազգային եւ արդար, որպեսզի մնա հարազատ իր կոչմանը, առաքելությանը: Բայց մեր երկրում, օրվա իշխանությունների պատճառով, վտանգված է ազգային ուղեգիծը եւ չկա արդարություն:

Դաշնակցությունը մեծ ներդրում է ունեցել երկիրը իր ազգային ուղեգծի մեջ պահելու հարցում, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է ազգային ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ եւ այդ ամենով առաջնորդվող, այդ ամենը հարգող ու գործադրման ունակ, անհրաժեշտ քաղաքական կամք, պայքարի վճռականություն, հետեւողական նկարագիր ունեցող քաղաքական ղեկավարություն: Այս ամենը պետք է Հայաստանի ու հայ Ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան երաշխավորելու համար:

Մեր ժողովրդի զարգացման բնական պայմաններն են արդարությունն ու ազատությունը, օրենքի ու կարելիությունների սահմաններում հավասարությունը Այդ ամենը մեր երկրում դեռեւս թերի է, հիվանդ, հիմնական լուծումների կարոտ: Համոզված ենք` լուծումները բերելու է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ հավատում է սոցիալական արդարության, ունի ծրագիր, անցել է պատմության քննությունը` բռնության, անարդարությունների դեմ պայքարը եղել է նրա կենսակերպը, մտածելաձեւն ու դավանանքը: Հ.Յ.Դաշնակցությունը այդ բոլոր հարցերի համար ունի լուծումներ, մենք փոխելու ենք մեր կյանքը:

Մենք փոխելու ենք իրավիճակը` ընթանալով բացառապես մեր բացած ճանապարհով, մեր ժողովրդի իրական կյանքն ու պայմանները նկատի ունենալով: Ուրիշի խաղը մենք չենք խաղալու, ուրիշի ճշտած կշռույթով չենք շարժվելու: Ու ամենակարեւորը` մեր ուղեգծին` ազգային ուղեգծին չենք դավաճանելու:
Բայց հարցերի հարցը Ազգի մեկության, համախմբվածության, միասնականության պահպանումն է:
Միասնականություն, որն, անշուշտ, միօրինակություն, տափակություն ու միաձեւություն չի նշանակում: Միեւնույն նպատակին հասնելու հարցում մեզ համախմբվածություն է պետք: Միասնականությունը միակարծություն չէ. մենք ապրելու ենք մեր կյանքը, հաճախ մրցակցության ու նույնիսկ պայքարի մեջ, սակայն նույն նպատակին ենք ձգտելու տարբեր ուղիներով: Մեզ համար, բոլորիս համար անընդունելի պետք է լինի այն ամենը, ինչ կարող է մեզ հեռացնել մեր նպատակից:

Հայկական Անկախ Պետականության հզորացումն ու ամրապնդումը մեր գերխնդիրն է: Այն էական միջոց է ազգի անվտանգ գոյության, զարգացման եւ ազգային երազների իրականացման համար:
Այս հանգրվանում, մեր գերխնդիրն է Արցախի փաստացի ազատագրումը միջազգայնորեն ամրագրելը: Ազգը պետք է համախմբվի, միասնականություն ցուցաբերի այս հարցում:

Արցախը մեր արժանապատվությունն է, մեր պետականության ազգային էության ու ընթացքի երաշխավորը: Մենք դեռ պատերազմի մեջ ենք: Ճիշտ է պատերազմն այսօր տեղի չի ունենում սահմանի երկայնքով, սակայն պատերազմ է, որն ընթանում է բանակցությունների սեղանի շուրջ: Այն աննկատ է ու բթացնող, սակայն պատերազմ է£ Այնտեղ են նաեւ միջազգային ուժերը, որոնք, ճիշտ է, ոչ մի շահագրգռվածություն չունեն, թե Արցախը Հայաստան կլինի, թե Ադրբեջան, Լաչինը Հայաստանին կմնա, թե Ադրբեջանին, նույնպես` Զանգելանը, բռնագրավված Շահումյանը, Գետաշենը, բայց նրանք ունեն շահեր, տարածաշրջանում հետապնդվող նպատակներ: Մի կողմում Ադրբեջանն է ու Թուրքիան, նավթն է ու իսլամական աշխարհը, մյուս կողմում մենք ենք ու մեր սարերը, մեր ժողովրդի միակամությունը կամ պառակտումը: Մեզ պետք է Ղարաբաղի հարցում համախմբվածություն, միասնականություն: Մեկ անգամ մենք միասնական եղանք եւ արձանագրեցինք Արցախի դե ֆակտո ազատագրումը, մեզ դարձյալ միասնականություն է պետք այն դե յուրե եւ վերջնակնորեն նվաճելու համար:

Ցանկացած հարցի հետապնդում մեր իրականության մեջ պետք է ունենա զսպման կարմիր գիծ, ոչ մի կերպ չպետք է վտանգվի Արցախի պայքարը: Արցախի հարցում պետական քաղաքական շրջանակները պետք է ուղղակի զգան ժողովրդային աջակցությունն ու չհամարձակվեն նահանջելու մեր այսօրվա դիրքերից:
Արցախը ազատագրված հայրենիք է: Մենք վաղուց միայն կորուստներ ենք արձանագրել. սա մեր երկար սպասված հաղթանակն է: Արցախը մեր ազգի իրական վերածնունդն է: Արցախի ազատագրումը հիմնական քայլ է դեպի միացյալ Հայաստանի կերտում:Միասնականություն, որ խախտվում է առաջին հերթին Հայաստանի ներկա իշխանությունների վարքագծի պատճառով: Մեր իշխանական վերնախավը չունի հարազատ ժողովրդի քաղաքական հենարան եւ ապավինում է այլ ուժերի, տարրերի, որոնց համար գերխնդիրը այլ է` սեփական շահն ու նյութական առավելությունների ապահովումը: Արդյունքում ամեն օր խորանում է ժողովուրդ-իշխանության միջեւ առկա անջրպետը: Օրըստօրե բարդանում է իրավիճակը, վերնախավը ամեն օր ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում այդ ուժերից կամ տարրերից£ Որքան կախվածությունը մեծանում է, այնքնան դժվարանում է երկրում արդարության եւ ժողովրդավարության հաստատման գործը: Մինչդեռ անհրաժեշտ է, քաղաքական կամք ու սկզբունքային կեցվածք դրսեւորել, հետեւողականորեն հետամուտ լինել արդարության եւ ազատության հաստատման, ինչը կապահովի ժողովրդական աջակցութուն եւ միաժամանակ հայտնի տարրերի կախվածությունից ձերբազատում:
Միասնականություն, որ խախտվում է նաեւ որոշ քաղաքական շրջանակների կողմից: Դրոշակ դարձնելով ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները` նրանք, սակայն, մի նպատակ ունեն` հասնել իշխանության: Համակարգի բարելավումը չէ նրանց նպատակը, որովհետեւ նրանց համար ոչ թե հայտարարված հարցերն են իրական, այլ երկրի վերջին շրջանի քաղաքական ուղեգիծը: Միասնականությունը խախտվում է նաեւ, երբ փորձ է արվում ազգի մեջ արհեստականորեն պառակտում սերմանել, բաժանարար գծեր քաշել:

Սակայն մենք վստահ ենք մեր ուժերին եւ հավատում ենք մեր ժողովրդի ողջամիտ բանականությանը, ազգային մտավորականությանն ու առանձին քաղաքական ուժերի: Մենք ստեղծելու ենք մթնոլորտ, կացություն, որ ազգային գերխնդիրների շուրջ հայությունը մնա միասնական ու համախմբված:

Սիրելի ներկաներ,

Երկար ու դժվար է եղել ՀՅ Դաշնակցության 120-ամյա երթը: Վստահ եղեք` մենք կես ճանապարհին չենք մնալու:

Մենք կամք, վճռականություն եւ արթուն միտք ունենք եւ ի վերջո հասնելու ենք համայն հայության նպատակների իրականացմանը: Ուրեմն` փառք մեր ընթացքը կերտողներին: Կեցցե Դաշնակցությունը:

Կեցցե ազատ, անկախ, միացյալ Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Leave a Comment