RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Դաշնակցությունը նոր կառավարությունում ավելի ազդու տեղերի է հավակնում

Posted on April 3, 2008, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Հաջորդ կոալիցիոն կառավարությունում Դաշնակցությունը ցանկանում է ավելի ազդու տեղերում ներկայացված լինել: Պաշտոնների շուրջ ընթացող բանակցություններում իրենց պահանջները այսպես ձեւակերպեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա հերքեց, թե Դաշնակցությունը արտգործնախարարի կամ սփյուռքի նախարարի պաշտոններն է պահանջում: Սփյուռքի նախարարը, Դաշնակցության կարծիքով, չպետք է լինի կուսակցական:

«Իսկ ոստիկանապետի՞,» – այս հարցին Հրանտ Մարգարյանը արձագանքեց. – «Բնական է, որ ցանկացած կուսակցություն ուզենա ավելի ազդու տեղերում ներկայություն ունենալ»:

«Ազդու տեղերը», նրա խոսքերով, «ուժային նախարարություններն են, բնականաբար, տնտեսական-ֆինանսականներն են»:

«Պաշտպանության նախարարի մասին խոսում էիք, որ ունեք լավ կադրեր, օրինակ` Արթուր Աղաբեկյանի [ներկայումս` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ] անունն էր հնչում: Դա դեռ ուժի մե՞ջ է», – այս հարցին Հրանտ Մարգարյանը պատասխանեց. – «Մենք հիմա էլ ունենք լավ կադրեր, ոչ միայն պաշտպանության նախարարության, նաեւ մյուս նախարարության համար»:

Կադրային հարցերը, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի խոսքերով, քննարկվում են, բայց հստակություն եւ կոնկրետ պայմանավորվածություններ պաշտոնների բաժանման շուրջ չկան:

«Մենք պայմանական ենք մասնակցում կառավարության ձեւավորմանը` մեր դրած պայմաններով ենք մասնակցում», – ասաց դաշնակցական գործիչը` հավելելով. – «Նորընտիր նախագահը կամք ունի դրսեւորելու»:

«Ապագան թե ինչպես կլինի` ինձ շատ չի մտահոգում, որովհետեւ եթե լավ լինի` մենք լավի հետ ենք, եթե պետք է, մեր կամքին հակառակ, վատը լինի` մենք միշտ էլ ունենք այն քաղաքական կամքը մեր ճիշտ տեղը գտնելու այս քաղաքական իրավիճակի մեջ», – հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

Նա հնարավոր համարեց Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից, եթե իրենց քաղաքական պահանջները չկատարվեն. – «Անպայման այդպես է լինելու: Եթե այն, ինչ պայմանավորվել ենք, չհաջողվի, մենք անպայման դուրս ենք գալու»:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին` Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը ասաց, թե դրանք, «ողբերգական լինելով հանդերձ, կանխագուշակելի էին»:

«Կար պարզ ցանկություն` արտաքին, ոչ հայկական ուժերը Տեր-Պետրոսյանի միջոցով փորձում էին Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել», – կարծում է Հրանտ Մարգարյանը: – «Վերջին հաշվով, մի բան էր` այս երկիրը խեղճացնել, այս երկիրը դնել տկար դիրքերի մեջ: Խեղճ, տկար երկիրը արտաքին միջամտության համար պարարտ հող է»:

Այն հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. – «Մեզ համար դատելը, իսկապես, դժվար է այս պահին, չենք էլ շտապում: Կարելի է նաեւ մի 20 օր բանտ նստել, ոչինչ, մինչեւ որ հարցերը հստականան, եւ ես հուսով եմ, որ այդտեղ սխալ բան տեղի ունեցած չի լինի»:

Ներկայիս կոալիցիոն կառավարությունում Դաշնակցությանն են հատկացված կրթության եւ գիտության նախարարի եւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնները: Դաշնակցական է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, սակայն նա զբաղեցնում է Հանրապետական կուսակցությանը հատկացված պաշտոնը:

Աստղիկ Բեդեւյան

Leave a Comment